HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ամբաստանյալը հրաժարվում է դատաքննության արագացված կարգից

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Լևոն Գասպարյանը հրաժարվում է արագացված դատաքննությունից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցած դատական նիստին Լևոն Գասպարյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը, որպեսզի ցուցմունք տա:

Նշենք, որ ըստ այս գործի նյութերի`2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը, ով այս գործով ամբաստանյալն է, ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Գասպարյանը , սակայն, պնդում է, որ ինքը լրագրողի նկատմամբ բռնություն չի գործադրել, որ այլ փորձել է նրան թույլ չտալ նկարահանում իրականացնել միայն ստեղծված իրավիճակն էլ ավելի չլարելու համար:

Թեև այս պնդմանը`Լևոն Գասպարյանը դատարանում արագացված դատաքննություն է պահանջել, որի պայմաններում  քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում, ուստի Գասպարյանը հնարավորություն չի ունեցել ցուցմունք տալու, բացատրելու իր  արարքի նպատակն ու դրդապատճառները

 Արագացված դատաքննության շրջանակներում դատարանն արդեն հասել  էր ճառերի փուլին, մեղադրող դատախազը միջնորդել էր Գասպարյանի նկատմամբ պատիժ սահմանել  3 տարի ժակետով ազատազրկումը:

Այսօրվա նիստին մեղադրող դատախազը Գասպարյանի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ խնդրեց, և դատական նիստը հետաձգվեց:

Նշենք նաև, որ որ վերը նշված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալ  Ջուլիետա Կոկոլյանի նկատմամբ դատարանը հետախուզում է հայտարարել:  Երկու ամբաստանյալների՝ Կոկոլյանի և Գասպարյանի վերաբերյալ գործը մեկ վարույթով ուղարկվել էր դատարան, սակայն դատաքննությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր, քանի որ Ջուլիետա Կոկոյանը նիստերին չէր ներկայանում: Վերջինիս պաշտպանը նշում էր, որ Կոկոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Դատարանը կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացրել որը, սակայն, հնարավոր չի եղել ապահովել, քանի որ ամբաստանյալի հաշվառման հասցեում ոչ ոք չի բնակվում: Ուստի դատավորը ամբաստանյալ Լևոն Գասպարյանի գործը անջատելու և առանձին վարույթում քննելու վերաբերյալ որոշում է կայացրել, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ, ինչպես արդեն նշեցինք, հետախուզում հայտարարել:

Լուսանկարում դատավոր Գագիկ Պողոսյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter