
Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են
Արմավիրի մարզի մի շարք համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ որոշ համայնքներում ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն, նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել է տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք:
Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը զարմացավ, որ իրենց համայնքի ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ հնարավոր են դեպքեր, երբ ավագանու անդամները որոշումը ստորագրեն համայնքապետարանից դուրս, օրինակ՝ տանը: Սակայն փաստեց, որ բոլոր դեպքերում ավագանու անդամների փոխարեն այլ մարդ չի ստորագրել:
«Գյուղի ժողովուրդ են, հնարավոր է` չսպասեն ստորագրելուն, դուրս գան, բայց բոլոր դեպքերում իրենք են ստորագրում»,-ասաց Մանվել Օհանյանը:
Մարզի Շենավան համայնքում ամենից հաճախ «փոխվում» է ավագանու անդամ, 38-ամյա Սահակ Սիմոնյանի ստորագրությունը: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է: Ավագանու գրեթե բոլոր որոշումների տակ դրված նրա ստորագրությունը տարբերվում է, այդ թվում՝ նույն օրը կայացրած որոշումների:
Ակնհայտորեն տարբերվում են նաև ավագանու մեկ այլ անդամի` Մկրտիչ Միքայելյանի ստորագրությունները: Վերջինս անկուսակցական է: Շենավանի համայնքապետից պարզաբանում ստանալ չհաջողվեց, նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Նշենք, որ Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը 2017թ. տարեվերջին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց համացանցում տարածված լուսանկարների պատճառով: Համայնքապետը երկու այլ տղամարդու հետ լուսանկարվել էր երկու անկենդան սպիտակագլուխ անգղի հետ: Պարզվեց, որ նշված գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում, և դրանց որսն արգելված է: Արթուր Մկրտչյանը պնդում էր, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին. դրանց տեսել է ճանապարհին ընկած:
Արթուր Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ մեղքը չի ապացուցվել:
Նույն պատկերն է նաև Մրգաշատ համայնքում: Այստեղ տարբերվում են ավագանու անդամ Վոլոդյա Հակոբյանի ստորագրությունները: Վերջինս միակը չէ, ավագանու այլ անդամների ստորագրություններում ևս տարբերություններ կան:
Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ որոշումների տակ ավագանու անդամները ստորագրում են տեղում: Նա ևս զարմացավ, որ ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: «Վոլոդյա Հակոբյանն ամենաակտիվ մասնակիցն է, ո՞նց կարող է ստորագրությունը տարբերվել»,-ասաց Գ. Դանիելյանը:
Զրույցի ընթացքում Մրգաշատի համայնքապետն, այնուամենայնիվ, ասաց, որ երբեմն որոշումներն ուղարկվում են ավագանու անդամների տուն` ստորագրելու:
Մարզի Վանանդ համայնքում նույնպես ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: Մասնավորապես, խոսքը ավագանու երեք անդամների ստորագրությունների մասին է՝ Այլազ Սլոյանի, Արթուր Թովմասյանի և Քրիստինե Խլղաթյանի:
Վանանդ համայնքն ունի ավագանու 5 անդամ, սակայն նիստերին հիմնականում մասնակցում են վերը նշված երեք անդամները:
Նշենք, որ ավագանու անդամների փոխարեն ստորագրելը Արմավիրի մարզում նորություն չէ: Օրինակ, Շահումյանի Թ/Ֆ արդեն նախկին համայնքապետ Արթուր Յայլոյանը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի ավագանու անդամ Հակոբ Մերուժանի Դանիելյանի` 2015թ. սեպտեմբեր ամսից սկսած` հանրապետությունից բացակայելու, ավագանու նիստերին և կայացրած որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պայմաններում, նրա փոխարեն ստորագրելով` կեղծել և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը համայնքապետին մեղավոր էր ճանաչել:
Մեկնաբանել