HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյանը հայտարարեց, որ ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է եղել, այլ Էդվարդ Գրիգորյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին ամբաստանյալ Պավել Մանուկյանն անակնկալ հայտարարություն արեց:

Նա հայտարարեց, որ ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, մինչդեռ դրա համար մեղադրվում է ամբաստանյալ Արմեն Բիլյանը: Վերջինիս առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես, ըստ Պավել Մանուկյանի, կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակը, ինչպես ձևակերպեց Պավել Մանուկյանը, ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է:

Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ: Ազատության մեջ է նաև ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը:

Հայտարարությունն անելուց հետո Պավել Մանուկյանը, դիմելով Էդվարդ Գրիգորյանին ու Մխիթար Ավետիսյանին, հարցրեց, թե արդյոք ինքը ճիշտ է ասում: Դահլիճում ներկաներին լսելի չեղան ամբաստանյալների պատասխանները: Դատավոր Մակյանն էլ հիշեցրեց, որ դատարանը ամբաստանյալների ցուցմունք տալու փուլում չի գտնվում:

Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ավետիսյանն ու Մխիթար Ավետիսյանն ասացին, որ Պավել Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում:

Պավել Մանուկյանի հայտարարությունը, կարծես թե, անակնկալ էր ոչ միայն դահլիճում ներկաների, այլ նաև դատավարության մասնակիցների համար:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Մանուկյանի արած հայտարարությունը ոչ թե Սասնա ծռերի միասնական հայտարարությունն է, այլ միայն` Մանուկյանինը:

Դատական նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter