
Հովիկ Աբրահամյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից:
Դատարանը այսօր կայացրած որոշումով բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Հենրիկ Աբրահամյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:
Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել