
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններից մեկ օր առաջ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեռևս գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ մեկտեղ Վարդան Մինասյանը զբաղեցնում էր ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը, որից Մինասյանը կրկին հրաժարվել է:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ հավաքականին»,- հրաժարականից հետո ասել է մարզիչը:
Հատկանշական է, որ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմումներ է ներկայացրել ՀՖՖ նախագահի և գործկոմի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է:
Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային ընտրանու ղեկը երկրորդ անգամ ստանձնել էր այս տարվա ապրիլի 10-ին: Նրա գլխավորությամբ հավաքականը սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Ազգերի լիգայի խաղարկությունում և 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ սեպտեմբերի 9-ին հյուրընկալվելիս, մեղմ ասած, դժգույն խաղով 2:0 հաշվով զիջեց Մակեդոնիայի ընտրանուն:
Մեկնաբանել