HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թատրոնի ներսում գործող եռօրյա «ուտոպիական» բար-սրճարանը՝ լուսանկարներով․ ARTsakh Fest

Դիմա Եգորովը Մոսկվայից է, մասնագիտությամբ՝ զբոսավար, զբոսաշրջության նախագծերի մենեջեր։ 2007 թվականից գրեթե ամեն տարի այցելում է Արցախ։ Այնպես պատահեց, որ այս տարվա այցելությունը համընկավ ARTsakh Fest փառատոնի օրերին, եւ Դրամատիկական թատրոնի՝ ժամանակին դեռ գործող բուֆետի դռները բացվեցին՝ վերածվելով բար-սրճարանի, որտեղ օրվա ընթացքում հավաքվում էին ARTsakh Fest փառատոնի մասնակիցները, արցախցիները, խմում, զրուցում, կիսվում օրվա տպավորություններով։

Բարը նաեւ աշխատատեղի էր, որտեղ, չնայած, ընդամենը 6 աթոռ կար, մեկ սեղան եւ թատերական ռեկվիզիտ-բազկաթոռը, բայց զուգահեռ հնչող բլյուզը, թույլ լուսավորությունն ու օդի մեջ տարածված կոնյակի սուր հոտը հնարավորություն էին տալիս հաղթահարել փոփոխված եղանակը, աշխատել, քննարկել համատեղ գործողությունները, կատակել, մինչեւ ուշ գիշեր զրուցել ամենատարբեր լեզուներով։

Եռօրյա գործունեության պատմություն ունեցող բարի «հիմնադիր» Դիման առավոտյան մտնում է ներս՝ ցանց-տոպրակի մեջ արցախյան նուռը, բաժանում դրանք երկու մասի, որպեսզի նռան թարմ հյութը պատրաստ լինի առաջին «հաճախորդի» համար։ Դիման «դասական» բարմենի պես հարցեր է տալիս, միջամտում փառատոնի մասնակիցների՝ բարի շուրջ ծավալած զրույցներին, ներս է հրավիրում միջանցքում կանգնած գերմանացուն, լեհին, ֆրանսիացուն, պատմում հայկական գինու և ութ տարվա թնդայնություն ունեցող կոնյակի մասին։

«Դեռ վաղուց էի մտածում, որ Արցախում թեյը ինքնաեռից պիտի խմել․ երբ իմացա փառատոնի մասին, որոշեցի այդ միտքը կյանքի կոչել։ Հյուրատանը, որտեղ ես էի բնակվում, ամերիկացի մի ճամփորդ կար՝ Մարկուսը, հենց իր հետ էլ փառատոնի նախորդ օրը եկանք թատրոնի շենք, որպեսզի տարածքն ուսումնասիրենք, հասկանանք՝ հնարավոր է թեյախմության անկյուն ստեղծել, թե ոչ»,- պատմում է Դիման։

Մեկ օրվա ընթացքում թատրոնի բուֆետի տարածքը վերածվում է այլընտրանքային բար-սրճարանի, որն անշուշտ դասական սրճարանային տրամադրությունից տարբերվող, թատերական ռեկվիզիտներով, բեմական վարագույրներով ձեւավորած մի այլ տրամադրություն է հաղորդում. այդպես անտեսում ես անհարմարությունը, կոտրված ապակիներից թափանցող քամին ու նստատեղ չունենալու հնարավորությունը։

«Երբ թատրոնի աշխատակիցը բացեց դուռը, ուղղակի հիացած էինք այս հին պահարան-բարով, որը ժամանակին ծառայել է թատրոնի աշխատակիցների համար։ Մեկ օրվա ընթացքում երեք տղաներով մաքրեցինք տարածքը, փորձեցինք թատրոնի ռեկվիզիտների ու աֆիշաների միջոցով տրամադրություն հաղորդել։ Էլեկտրիկները հոսանք անցկացրին, երաժշտության հնարավորություն եղավ․․․ Նույնիսկ wi-fi ունենալը, որն անհավանական էր թվում, ստացվեց։ Սնունդը որոշեցինք բերել տեղի սրճարաններից մեկից, իսկ բարի պատասխանատվությունը վերցրեցինք մեզ վրա․ մատուցում ենք կոնյակ, գինիներ եւ փառատոնի համար նախատեսված երկու կոկտեյլները»,- հավելում է Դիման։

Փառատոնի ավարտից հետո բուֆետի դռները նորից փակվեցին։ Ստորեւ «ուտոպիական» բար-սրաճարանը՝ լուսանկարներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter