
«Ձեր «բուծիկներն» ուրիշ տեղ բուծեք» (տեսանյութ)
Այսօր «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Մարգարյան հիվանդանոցի դիմացի պուրակում:
Հունվարի ընթացքում ապամոնտաժվեցին Աբովյան փողոցի խանութներն ու կրպակները, սակայն այդ նույն խանութները տեղափոխվում են Մաշտոցի այգի (Մաշտոցի, Կողբացու, Արամի և Բյուզանդի փողոցների միջնամաս): Այս պահին էլ այնտեղ ընթանում են շինարարական աշխատանքները, դրված են խանութների հիմքերը, նույնիսկ երևում են ապագա խանութների բրենդները:
Բացի շինարարններից՝ կառույցի հետ առնչվող այլ անձիք այնտեղ չկային: Իսկ շինարարներին հատկացված փոքր սենյակի դռան վրա միայն գրված էր «Սահակյանշին»:
«Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գայանե Մելքումյանը նշեց, որ իրենք երկու օր առաջ են իմացել այս շինարարության մասին և դեռ չեն հասցրել պաշտոնական նամակով դիմել քաղաքապետարան: Սակայն այսօր նրանք տարածել են հաղորդագրություն, որով պահանջում են Երևանի քաղաքապետարանից դադարեցնել տեղի շինարարությունը: Այս ամենը նրանք որակում են որպես խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում:
Նախաձեռնության անդամները բերել էին նաև պաստառներ, որով պահանջում են հեռու մնալ կանաչ տարածքներից. «Ձեր «բուծիկներն» ուրիշ տեղ բուծեք»:
Տարածքի բնակիչներից մեկը՝ Կարինե Մնացականյանը նշեց, որ ժամանակին այդ տարածքում եղել են բազմաթիվ ծառեր, որոնք, սակայն հատվել են: Տեղի բնակիչներից շատերը հեռացել են, իսկ բողոքելու մեջ իմաստ չեն գտնում. «ով ա մեզ բանի տեղ դնում, ինչ ուզում՝ էն էլ անում են»:
Գ. Մելքումյանը նշեց, որ շատ լավ լուսաբանվեց Աբովյանի խանութների ապամոնտաժումը, բայց թե որտեղ են դրանք տեղափոխվում, լռում են:
Մեկնաբանել