HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սառնարանը միացնենք, ի՞նչ դնենք մեջը» 

-Վարսիկ, Ձմեռ պապին նամակ գրե՞լ ես:

-Հը-ըն:

-Ինչի՞:

9-ամյա Վարսիկը հարցս անպատասխան է թողնում, չեմ հասցնում որսալ հայացքը, գլուխն արագ կախում է, ուղղում է տետրն ու շարունակում գրել: Լրագրային փոքր սեղանի մոտ նստած դասերն է պատրաստում: Դա տնակի միակ սեղանն է:

Երեկոյան Գյումրու այս ծայրամասային թաղամասում աղմուկ չկա, անգամ շան հաչոց չի լսվում: Ձյունն ընդգծում է այն տխրությունը, որ սառցաբեկորի պես կախված է փայտե ու երկաթե տնակներում: Իսկ տխրությունն ավելի է խտանում, երբ ներս ենք մտնում դրանցից մեկը:

Արմենուհին արկղը տեղավորում է վառարանի հետևում: Ամուսինը՝ Ռաֆոն, Գյումրու «չուլոչնիի» արտադրամասից կտորների մնացորդներ է բերում վառարանի համար: Մեր այցի պահին վառելիքը միայն այդ մնացորդներն էին:

Առաջարկում են նստել: Արմենուհին շորի թևքով մաքրում է տնակի երկու աթոռներից մեկն ու ինձ առաջարկում նստել: Մյուս փոքր աթոռին Վարսիկն է նստած: Սկզբից բոլորս լռում ենք: Ու այդ լռությունը մռայլության է վերածվում: Իրավիճակը փրկում է կատուն՝ վառարանի մոտով այս ու այն կողմ է անում: 4-ամյա Հասմիկի կատուն է: Հետո բոլորս նայում ենք Վարսիկին:

-Ամեն օր Վարսիկին ասում եմ, որ պիտի լավ սովորի,- ասում է 2 երեխաների մայրը:

Արմենուհի Դավթյանը 33 տարեկան է, 3-րդ կարգի հաշմանդամ: Շիրակի Մայիսյան գյուղից է: 10 տարեկան էր, երբ հայրը մահացավ, դրանից 4 տարի անց էլ՝ մայրը: Մորաքույրն է խնամել:

Ռաֆոյի հետ պատահական են ծանոթացել Գյումրիում: 2005-ին ամուսնացել են: Ռաֆոն 36 տարեկան է: 11 տարեկան էր, երբ մայրը մանկատուն էր հանձնել, մի քանի տարի անց էլ մահացել էր հայրը: Ռաֆոն ասում է, որ տարիներ հետո մայրը երեխաներին բացատրել էր, թե չէր կարող պահել իրենց մշտական աշխատանք չունենալու ու սոցիալական վատ պայմանների պատճառով:

«Ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել հրաժարվել էրեխեքից, որ տուն տան, հիմի մեր է, ի՞նչ անի»,- ասում է Արմենուհին:

Ռաֆոն 15 տարեկանում մանկատնից դուրս է եկել: «Հեչ մի բան էլ չասացին, ասացին՝ տարիքդ առել ես, դուրս արի»,- հիշում է նա ու ավելացնում, թե, ի տարբերություն աղջիկների, մանկատնից դուրս եկած տղաներին հիմնականում կացարանով չեն ապահովում, ապա շարունակում է, թե ճիշտ են անում, որ աղջիկներին տուն են տալիս, որովհետև տղաները կարողանում են հոգ տանել իրենց մասին: 

Մանկատնից հետո Ռաֆոն զբաղվել է անապասնապահությամբ, հետո՝ պահակությամբ: Հիմա էլ հիմնականում գերեզման է փորում. ամռանը՝ 3 հազար, ձմռանը 4 հազար դրամ է ստանում, պատահում է, որ կանչում են փայտ կտրելու, կոյուղու խողովակներ անցկացնելու:

Արմենուհին ասում է, որ ամուսինը ծանր աշխատանք չի կարող անել, նա էլ հաշմանդամություն ունի, բայց կարգ ստանալու համար չեն կարողացել դիմել: Հիվանդության էպիկրիզը փողոցում վատանալու պատճառով կորցրել է, իսկ նոր էպիկրիզ ստանալու համար մի քանի օր պետք է պառկի հիվանդանոցում: Ռաֆոն ասում է՝ դրա համար 50 հազար դրամ են ուզել հիվանդանոցից, բայց այդքան գումար չունի:

4 տարի առաջ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանները Ռաֆոյի հորաքրոջ ընտանիքն են: Պատմում է, որ շատ մտերիմ էին: Ավետիսյանների որդու՝ Արմենի հետ հաճախ էր գնում վերանորոգման աշխատանքների: Ավետիսյանների  գույքի մի մասն էլ հիմա իրենց տնակում է:

Փայտյա փոքր տնակը բաժանել են երեք մասի՝ փոքր հյուրասենյակ, ննջասենյակ և խորդանոց: Միայն հյուրասենյակում լույս կա, իսկ հոսանքի լարերը առաստաղից կախված են:

Արմենուհին ասում է, որ տնակում մկները շատ են, դրա համար էլ կատու են պահում: Երբ հարցնում ենք, թե սառնարան ունեն՝ սնունդը պահելու համար, Ռաֆոն ասում է, թե ունեն, բայց չեն միացնում: Թե ինչու չեն միացնում, ցածրաձայն է պատասխանում. «Միացնենք, ի՞նչ դնենք մեջը»: Սառնարանը որպես պահարան են օգտագործում:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Վարսիկն անընդհատ գրում էր:

-Վարսիկ, ասում ես՝ ինչի՞ նամակ չես գրել Ձմեռ պապին,- նորից վերադառնում ենք անպատասխան հարցին:

Վարսիկը դարձյալ լռում է, Արմենուհին ասում է, թե անցած տարի հեծանիվ էր ուզել, Ձմեռ պապը չէր բերել, էս տարի էլ հեռախոս էր ուզում, բայց նամակ չգրեց:

-Դե, որովհետև Ձմեռ պապ չկա,- հանկարծ լսվում է Վարսիկի ձայնը: Այն ավելի շատ բարկացած է:

Մեր բոլոր փորձերը Վարսիկին հակառակը համոզելու անօգուտ էին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter