HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանների պնդմամբ՝ «7-ի գործով» դատախազները ժամանակին հրաժարվել են այն մեղադրանքից, որն այսօր վերագրվում է Քոչարյանին

«Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխություն է արվել, և դրա բովանդակությունը լրացվել է 2008 թվականի մարտի իրադարձություններից շուրջ մեկ տարի անց` 2009 թվականի ապրիլին: Փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 300 հոդվածը վերախմբագրվել է, օրենսգրքում ավելացվել են 300.1, 300.2 հոդվածները:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր դատարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրա խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում իրենք՝ պաշտպանները, դատարանին ներկայացրել են օրենսգրքի փոփոխության արդյունքում հայտնի «7-ի գործով» անցնող անձանց մեղադրանքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի վերը նշված փոփոխությունը «7-ի գործով» մեղադրող դատախազները, ըստ պաշտպանական կողմի, համարել են հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող, և նկատի ունենալով հանգամանքը, որ ըստ Քրեական օրենսգրքի «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող» օրենքը հետադարձ ուժ չունի՝ հրաժարվել են «7-ի գործով» մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի մեղադրանքից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Քոչարյանին վերագրվող արարքը ևս 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ է, այսինքն` նույն ժամանակահատվածի, երբ Քրեական օրենսգրքում դեռևս փոփոխություններ տեղի չէին ունեցել և դրանում առկա չէր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Ուստի, պաշտպանների պնդմամբ, Քոչարյանին ևս, ինչպես «7-ի գործով» անցնող անձանց, չէր կարող վերագրվել մի հոդված, որն անձի վիճակը վատթարացնող է:

Նշենք նաև, որ չնայած նախկինում «7-ի գործով» մեղադրանքներից հրաժարվելու հանգամանքին՝ Հատուկ քննչական ծառայությունն ու Դատախազությունը համարում են, որ Քոչարյանին 300.1 հոդվածի վերագրումը նրա վիճակի վատթարացում չէ, քանի որ նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որն անվանվում էր «պետական իշխանությունը յուրացնել», իր մեջ պարունակում էր սահմանադրական կարգի տապալման հանցակազմը:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց նաև, որ այսօրվա նիստի ընթացքում նոր տեսանյութեր են ներկայացրել դատարան՝ մոտ 15 ձայներիզ:

«Տեսանյութերի մի մասը վերաբերում է «Մարտի 1-ին», դրանից առաջ ու հետո առկա նյութերին, իսկ մի մասը՝  ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին և վերջերս տրված որոշ հարցազրույցների, որոնց դեպքում խնդիր ենք տեսնում արդար դատաքննության հետ կապված»,- ասաց Քոչարյանի պաշտպանը՝ հավելելով, որ այդ տեսանյութերը դատարանում չեն հետազոտվել:

Նիստի ընթացքում, ըստ Արամ Օրբելյանի, նորից անդրադարձ է կատարվել Քոչարյանի անձեռնմխելիության հարցին:

«Անդրադարձ եղել է, որովհետև այդ հարցն այդպես էլ վերջնական կարգավորում չի ստացել, քանի դեռ չունենք վերջնական որոշում: Վճռաբեկ դատարանն իր հայտնի որոշմամբ չի անդրադարձել անձեռնմխելիության վերջնական որոշմանը, ինքը որոշակի մեկնաբանություն է տվել և ուղարկել Վերաքննիչ դատարան՝ քննելու»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նշենք, որ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու որոշում կայացրած Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում է նաև դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս եղել է այն դատախազների կազմում և ստորագրել այն որոշման տակ, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ Քրեական նախկին օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով:

Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանին ներկայացվել են նաև մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ դատական գործերով կայացված դատավճիռներ (խոսքը շուրջ 60 գործի մասին է, հեղ.), որոնցով հաստատվում է, որ մարտի իրադարձությունների ժամանակ ոչ բոլոր հատվածներում է, որ իրավիճակը խաղաղ է եղել, ինչպես ներկայացվում է մեղադրանքում:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նաև նրան գրավով ազատ արձակելու միջնորդություն: Պաշտպանները գրավի չափ չեն նշել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter