HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորի բնակիչը դատի է տվել իր նախկին գործատու «Վիվասել-ՄՏՍ»-ին

Եղեգնաձորի բնակիչ, «Վիվասել-ՄՏՍ»-ի նախկին աշխատակից Միհրան Գալստյանը դատի է տվել «Վիվասել-ՄՏՍ»-ին:

Միհրան Գալստյանը 2007թ. սեպտեմբերի 26-ից աշխատել է  «Վիվասել-ՄՏՍ»-ում («Ղ- Տելեկոմ» ՓԲԸ) որպես Տեխնիկական վարչության կայանային շահագործման բաժնի հեռահաղորդակցության տեխնիկ:

Միհրանը պատմում է, որ աշխատելով գրեթե տասը տարի՝ բարեխղճորեն կատարել է աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ վերջիններիս կատարման ընթացքում հաճախ վտանգի ենթարկելով առողջությունն ու կյանքը:

2008թ.-ի ապրիլ ամսից սկսած Միհրան Գալստյանին կցվել են ծառայողական ավտոմեքենաներ (NIVA (VAZ- 21214), UAZ-315192 և CHEVROLET-NIVA (VAZ-2123)), որոնք նա վարել է աշխատանքի ընթացքում:  

«Երևանում աշխատող իմ գործընկերները, ունենալով նույն աշխատանքային պարտականությունները, դրանց կատարման ընթացքում վարորդական աշխատանք չեն կատարել՝ վարձատրվելով նույնքան, որքան ես: Թերևս պետք է նշեմ, որ ի տարբերություն ինձ՝  Երևանում աշխատող իմ գործընկերները, ունենալով նույն աշխատանքային պարտականությունները, դրանց կատարման ընթացքում վարձատրվել են նաև հերթապահության, արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին կատարած աշխատանքի դիմաց: Ինչպես գիտեք՝ նրանք բազային կայաններ հասել են «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին պատկանող մեքենաներով, որոնք ունեցել են առանձին վարորդներ»,- նշում է Միհրանը:

Վարորդի աշխատանքը, որը նա կատարել է աշխատանքային պարտականությունների հետ միաժամանակ, բարդացրել է Միհրանի աշխատանքը, որովհետև մեքենա վարելը հոգնեցուցիչ է, թույլ չի տալիս հանգստանալ: Հաճախ ստիպված է եղել իր պարտականություններից զատ, առանց հանգստի, և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ժամերին լարված վարել ավտոմեքենան և լուծել մեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրները: 

Այսպիսով՝ 2008թ. ապրիլից մինչև 2017թ. ապրիլ ամիսը Միհրանը կատարել է վարորդի աշխատանք, սակայն իր կատարած վարորդական աշխատանքը ոչ մի կերպ չի փոխհատուցվել կամ վարձատրվել:

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի որոշման հիման վրա 2017թ. ապրիլի 18-ին Միհրանին ազատել են աշխատանքից և լուծել աշխատանքային պայմանագիրը: Միհրանը դարձել է գործազուրկ՝ խնամքի տակ ունենալով երկու մանկահասակ երեխա, ինչպես նաև՝ նորաստեղծ ընտանիքի տան համար վերցված վարկային պարտավորություն, որը ստանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում աշխատելու երաշխիքով:

Աշխատանքից ազատվելուց հետո Միհրանը դիմել է Ռալֆ Յիրիկյանին՝ խնդրելով իրեն փոխհատուցում տալ 9 տարի շարունակ իր կատարած վարորդական աշխատանքի համար:

Ռալֆ Յիրիկյանը Միհրանի պահանջն անընդունելի է համարել և հայտնել, որ որևէ պարագայում չի բավարարվելու, որովհետև աշխատանքային պայմանագիրը չի նախատեսել Միհրանի՝ ընկերությունում բացի տեխնիկի աշխատանքից նաև վարորդի աշխատանք կատարելու պարտականությունները:

«Լիովին համամիտ եմ, իմ աշխատանքային պայմանագիրը չի նախատեսել վարորդի աշխատանքը, որը փաստացի ես կատարել եմ 9 տարի շարունակ: Ավելին, հենց այդ չվարձատրված աշխատանքն է պատճառն իմ պահանջի»,- հաջորդ նամակում նշել է Միհրան Գալստյանը:

Ինչ վերաբերում է Միհրանին տրամադրված ծառայողական ավտոմեքենային, Ռալֆ Յիրիկյանը հայտնել է, որ այն ծառայողական պարտականությունները կատարելու համար է եղել, որի առկայությունը ոչ մի դեպքում չի կարող համարվել, որ Միհրանն աշխատել է ընկերությունում որպես վարորդ: «Ձեր վրա որևէ ողևոր կամ բեռ տեղափոխելու աշխատանքային պարտականություն չի դրվել, և Ձեզ մեքենա տրամադրվել է բացառապես հարմարության և աշխատանքի արդյունավետության ապահովման նկատառումներով: Ձեր տրամաբանությամբ՝ որևէ ձեռագիր փաստաթուղթ կազմելու կամ լրացնելու համար աշխատողը կարող էր պահանջել գրագրի, համակարգչի օգտագործման համար համակարգչային օպերատորի, կայանների սպասարկման համար որևէ գործիք կամ պահեստամաս կրելու համար բեռնատարի աշխատավարձ»,- մանրամասնել է Ռալֆ Յիրիկյանն իր պատասխանում:

«Ձեր տրամաբանությամբ ընկերության իրավաբանը, ով կարողանում է ավլել, պետք է ընկերությունում անվարձահատույց կատարեր հավաքարարի աշխատանք, այս կամ այն բաժնի պետը, ով կարողանում է ճաշ եփել, պետք է անվարձահատույց կատարեր խոհարարի աշխատանք, հաշվապահը պետք է անվարձահատույց կատարեր բեռնակրի աշխատանք, վարորդը պետք է կատարեր ընկերության այս կամ այն վարչության պետի քարտուղարուհու աշխատանքը»,- հակադարձում է Միհրան Գալստյանը:

Միհրան Գալստյանը պատմում է, որ իր աշխատանքային պարտականությունները ենթադրել են կայանների պլանային և վթարային սպասարկում: Այդ սպասարկումն իրականացնելու համար ինքն ունեցել է անհրաժեշտ գործիքներ, տասնյակ կիլոգրամների հասնող սարքավորումներ և պահեստամասեր, որոնք իրեն կցված մեքենայով տեղափոխել է կայան: Կայանների սպասարկման նպատակով հեռահաղորդակցության տեխնիկի/ինժեների հետ կայան է մեկնում նաև տեխնիկ-ռիգեր, անհրաժեշտության դեպքում՝ էլեկտրիկ կամ էլեկտրամեխանիկ, ովքեր ևս ունեն իրենց աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը:

Այսինքն` Միհրանն իրեն կցված ավտոմեքենանով տեղափոխել է նաև այլ աշխատակցի/ների: Նմանապես, ոչ միայն տեղափոխել է անձամբ իմ աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ գույքն ու սարքավորումները, այլ նաև մյուս ուղևորներինը: Եվ պնդումը, թե իր վրա ուղևոր կամ բեռ տեղափոխելու պարտականություն չի դրվել, Միհրանի խոսքով, իրականությանը չի համապատասխանում:

«Եթե ձեզ թվում է, թե, օրինակ, UAZ-315192 մակնիշի մեքենայով արտաճանապարհային տեղանքում կամ թեկուզ ասֆալտապատ ճանապարհներով երթեւեկելը հարմար կարող է համարվել, ապա սխալվում եք: Ես գրեթե մեկ ու կես տարի այդ մեքենայով սպասարկել եմ ամբողջ Սյունիքի մարզը: Պարզ լինելու համար նշեմ, որ Կապան քաղաքը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից, որտեղ ես բնակվում եմ, մոտավորապես 200 կմ հեռավորության վրա: UAZ-315192 մեքենայով Կապան հասնելու համար պահանջվում է 4 ժամ, վերադարձի համար՝ ևս 4 ժամ: Ինչպես կարող եք նկատել՝ միայն Եղեգնաձորից Կապան ճանապարհն անցնելու համար ծախսվում է ամբողջ աշխատանքային 8 ժամը: Իսկ, օրինակ, Մեղրի հասնելու համար Կապանից կպահանջվի ևս 2 ժամում 80 կմ անցնել: Այսինքն՝ Մեղրի, Ագարակ, Նռնաձոր կամ դրանց շրջակա տարածքները հասնելու և վերադառնալու համար ես ծախսել եմ ավելի քան 12 ժամ՝ վարելով խիստ անհարմարավետ, իսկ երբեմն՝ վտանգավոր ավտոմեքենա: Ասվածը վերաբերում է նաև մնացյալ 5 մեքենաներին, որոնք ինձ կցված են եղել 9 տարիների ընթացքում»,- մանրամասնել է Միհրանը՝ Ռալֆ Յիրիկյանին ուղղված պատասխան նամակում:

Ընկերությունը պնդում է, որ մեքենան անձամբ վարելն ապահովում է աշխատանքի արդյունավետությունը, ինչին ի պատասխան՝ Միհրան Գալստյանը բացատրել է, որ վարորդի լարված, խիստ հոգնեցուցիչ ու վտանգավոր աշխատանքն աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության վրա կարող էր ազդել միայն բացասաբար այդ պարագայում, և այդ ազդեցությունը չեզոքացվել է միայն իր առողջության, անվտանգության և հանգստի հաշվին:

«Ինչո՞ւ նույն աշխատանքային պարտականությունները կատարող Երևանի իմ գործընկերները ոչ միայն մեքենա չեն վարում, այլեւ դրա իրավունքն անգամ չունեն եւ չեն ունեցել, իսկ ես ստիպված եմ եղել 9 տարի շարունակ անվարձահատույց կատարել նաեւ վարորդի աշխատանք»,- հարցրել է Յիրիկյանին Միհրան Գալստյանը:

Մերժումը ստանալուց հետո Միհրան Գալստյանը դիմել է դատարան: Նա պահանջում է 25 մլն 587 հազար դրամ՝ որպես վարորդ իր կատարած աշխատանքի համար, ինչպես նաև 3 մլն 458 հազար դրամի փոխհատուցում վտանգավոր պայմաններում իր կատարած աշխատանքի դիմաց: Ի դեպ, սկզբնական շրջանում Միհրան Գալստյանի պայմանագրում այդ մասին նշում չի եղել, որ վտանգավոր պայմաններում կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն է նախատեսված, այդ կետը հետո է ավելացել պայմանագրում: Միհրանն էլ դրա համաձայն փոխհատուցում է պահանջում նաև նախկին տարիների համար, երբ կատարել է նույն աշխատանքը, սակայն հավելավճար չի ստացել վտանգավոր պայմաններում աշխատելու համար:

Այսօր գործով դատաքննություն էր ընթանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Վիվասել-ՄՏՍ»-ի ներկայացուցիչ Վահագն Բաղրամյանը դատարանում պատասխանեց Միհրանի հնչեցրած վերջին հարցին: Ասաց, որ դա ընկերության քաղաքականությունն է եղել՝ մարզերում բոլոր աշխատակիցներին մեքենաներ կցել, իսկ Երևանում՝ առանձին հաստիքով վարորդ ունենալ: Ավելին, Վահագն Բաղրամյանն ասաց, որ Միհրան Գալստյանի պայմանագրում հատուկ նշվում է, որ նա իր աշխատանքի արդյունավետ ապահովման համար այլ բնույթի աշխատանքներ ևս պետք է կատարի: Իսկ 2013-ին կնքած և 2015թ. վերակնքած պայմանագրերում հստակ նշվում է, որ տեխնիկը մեքենայով պետք է կայանին մոտենա:

«Հետք»-ի հետ զրույցում Միհրան Գալստյանն ասաց, որ պայմանագրում այս «լղոզված արտահայտությունը» մտցրել են 2013 թվականին՝ միայն դատական մեկ այլ դեպքից հետո, երբ Սյունիքի մարզի աշխատակիցներից մեկը գրեթե նույնաբովանդակ պահանջով դիմել էր դատարան: Նրա հայցը ՀՀ դատական ատյաններում մերժվել է, և գործն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Վահագն Բաղրամյանը նաև նշեց, որ որևէ մեկը չի ստիպել Միհրան Գալստյանին մեքենան վարել, և եթե նա չէր ուզում, կարող էր հրաժարվել մեքենայից: Ավելին, ինչու նա իր դժգոհությունների մասին գրավոր չի հայտնել ընկերության ղեկավարությանը: Ինչին ի պատասխան, Միհրան Գալստյանն ասաց, որ կաշկանդված է եղել, քանի որ ընտանիք է կերակրել այդ աշխատանքով, իսկ եթե հրաժարվեր կատարել իր վրա դրված պարտականությունները, մեծ հավանականությամբ իրեն կարող էին հեռացնել: Ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ փաստաբան Արմեն Օհանյանը նշեց, որ Աշխատանքյաին օրենսգիրքը վաղեմություն չի սահմանել այսպիսի դեպքերում, քանի որ հենց նման դեպքերն են, որ հաշվի են առնվել, որպեսզի աշխատակիցը գործատուից կախվածությունից դուրս լինելու պարագայում կարողանա պաշտպանել իր իրավունքները թեկուզ տարիներ անց:

Գործատու ներկայացուցիչը նաև նշեց, որ նախկին օրենսդրությամբ նախատեսված չէր վտանգավոր պայմաններում աշխատելու կետով ևս վճար առանձնացնել պայմանագրում, սակայն, միևնույն է, Միհրանին վճարվել է այդ գումարը, և դա ներառված է եղել աշխատավարձի մեջ:

Վահագն Բաղրամյանը հայցվոր Միհրան Գալստյանի բոլոր պահանջներն անհիմն որակեց և դատարանին խնդրեց մերժել հայցը: Մինչդեռ հայցվոր կողմը պնդեց, որ փաստացի Միհրան Գալստյանը կատարել է վարորդի աշխատանք և դրա դիմաց չի վճարվել: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Միհրան Գալստյանի պաշտպան Արմեն Օհանյանը նշեց, որ ՍԴ-ի որոշմամբ հաստատվել է, որ այլևս ստրակատիրությունը տեղ չունի և փաստացի կատարված աշխատանքն այսուհետ պետք է վճարվի: Ինչ վերաբերում է վտանգավոր պայմաններում աշխատելու պահանջին, ապա նախկին պայմանագրում չի նշվել, թե որքանն է աշխատավարձի դրույքաչափը եղել, որով էլ հասկանալի լիներ, որ նա նաև հավելյալ է վճարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter