HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը հավաստիացնում է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը Հայաստանում է

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվում, նա չի ընդունում իր վերաբերյալ մեղադրանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Հակոբյանը:

Նշենք, որ Հարությունյանի վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գործը քննվում է 2015 թվականից, ապա դրա վարույթը կասեցվել էր: Այժմ գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է: 

«Ըստ էության մեղադրանք ընդունելն էլ անտրամաբանական կլինի, որովհետև այնպիսի անհեթեթ մեղադրանք է վերագրվում, որ դա ընդունելն անհնար է»,- ասաց փաստաբանը: 

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանին վերագրվում է իբրև 10 լիցենզիաներ վաճառելու դիմաց կաշառք ստանալու արարք: Այդ լիցենզիաները ոչ մեկին որևէ բանի համար պիտանի չեն եղել, դրանցով ընդամենը հնարավորություն է եղել կոնկրետ վայրում ինչ-որ հետազոտություն կատարել: Դրանք չեն տրվել հետագայում հանք շահագործելու, այդ հանքն այլ սուբյեկտների համեմատ արտոնյալ պայմաններով ձեռք բերելու համար»,-ասաց Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ այդ պայմաններում ոչ մի տրամաբանություն չկա, որ նմանօրինակ լիցենզիաների համար, որևէ անձ 14 միլիոն դոլար գումար վճարի:

2018 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Դա կաշառքի գործ է:

«էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս առնչությամբ պաշտպանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարությունները, իր կարծիքով, բացասական իմաստով կարող են ազդեցություն ունենալ քննության ընթացքի վրա:

Հարցին՝ հայտարարությունը, որ Նիկոլի Փաշինյանի խոսքում մատնանշված պատգամավորը կկալանավորվի, կապ ունի՞ Արամ Հարությունյանի կալանքի որոշման հետ, պաշտպանը պատասխանեց, որ դրանք հնարավոր չի իրարից անջատ դիտարկել:

Լրագրողներից մեկի հարցին՝ Հակոբյանը քաղաքական ենթատեսքտ տեսնո՞ւմ է կալանքի որոշման մեջ, պաշտպանը պատասխանեց, որ չի ուզում նման հայտարարություններ անել, և եթե նման հայտարարություն կատարելու ցանկություն լինի, իր վստահորդի համաձայնությամբ կխոսի:

Պաշտպանը հաստատեց, որ նախքան մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունենալը Արամ Հարությունյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են դուրս գալ Հայաստանից:

«Նման խնդիր եղել է, պարոն Հարությունյանն օրինական կարգով, իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց որևէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը հանրապետությունից»,- ասաց Հակոբյանը:

Պաշտպանը նշեց, որ օրենքով միայն կասկածյալի և մեղադրյալի ելքն է, որ կարող է սահմանափակվել համապատասխան որոշման առկայության դեպքում:

Տեղի ունեցածի վերաբերյալ, ըստ պաշտպանի, իրենք քննություն իրականացնող մարմնին հաղորդում են տվել, իսկ եթե պարզվի, որ վարույթն իրականացնող մարմինն է սահմանափակել նրա ելքը Հայաստանից, ապա, ըստ Հակոբյանի, դեպքի առթիվ քննություն պետք է իրականացնի այլ իրավասու մարմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter