HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կաթնային արտադրանքներում բուսական յուղի առկայության մասին նշումը պարտադիր է դարձել

Հունվարի 16-ից ուժի մեջ է մտել 033/2013՝ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգը. Եվրասիական տնտեսական միությունում կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների վրա այսուհետ պետք է պարտադիր նշվի դրանցում բուսական յուղի պարունակության մասին: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:

Արդեն ուժի մեջ մտած փոփոխությամբ՝ սահմանվել են  կաթնային արտադրանքի մակնշման վերաբերյալ ավելի խիստ պահանջներ: Մասնավորապես, փոփոխվել են ապրանքի փաթեթի վրա եղած տեղեկատվության տրամադրման կանոնները, ինչպես նաև՝ սահմանվել է այնպիսի բառերի կիրառում, որոնք հստակ բնութագրում են արտադրանի հումքի որակական առանձնահատկությունները և չեն մոլորեցնում սպառողին:

Օրինակ՝ կաթնամթերք արտադրողը պարտավոր է անպայման նշել կաթ պարունակող ապրանքի մեջ ոչ կաթնային, բուսական յուղի առկայության մասին: Մակնշման հատուկ առանձնացված մասում պարտադիր պետք է լինի «Պարունակում է բուսական յուղ/ յուղեր» գրառումը:

Այն պետք է լինի հստակ, տեսանելի և հեշտ ընթեռնելի՝ գրված հատուկ տառատեսակով և գույնով: Միևնույն ժամանակ, կոնկրետ գույներ սահմանված չեն. արտադրողն իրավունք ունի ընտրել դրանք՝ իր ապրանքի փաթեթին համապատասխան:

Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքի անվանումը պարտադիր պետք է սկսի՝ «Կաթ պարունակող արտադրանք՝ կաթնային յուղի փոխարինիչով...» նշումով՝ հստակեցնելով նաև, թե ինչ տեխնոլոգիայով է պատրաստված տվյալ ապրանքը: Օրինակ՝ «...պատրաստված թթվասերի, կաթնաշոռի և այլ տեխնոլոգիայով» և այլն:

Մակնշման մեջ չի թույլատրվում այնպիսի բառերի կիրառում, որոնք կարող են շփոթեցնել և տեխնիկական կանոնակարգով նախատեսված են միայն բացառապես կաթնային արտադրանքների համար, օրինակ՝ «պանրային», «պանրանման», «թթվասերիկ», «կաթնաշոռիկ» և այլն: 

Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքի ցանկում բացառություն են կազմում միայն բուսասերուցքային սպրեդը, բուսասերուցքային հալեցված խառնուրդը, ինչպես նաև՝ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստած պաղպաղակը: Նրանց մակնշման վրա վերոնշյալ փոփոխությունները չեն տարածվում: Թե ինչ սկզբունքով են դրանք դուրս մնացել կաթնային ապրանքների ցանկից, հայտնի չէ:

ՄՄ ՏԿ 033/2013-ում կատարված փոփոխությունները, ըստ ԵՏՀ-ի, կօգնեն սպառողներին ճիշտ կողմորոշվել, տարբերակել խանութում վաճառվող ապրանքները և չընկնել մոլորության մեջ:

Հիշեցնենք, որ փոփոխությունները կատարվել էին 2017թ․ նոյեմբերի 10-ի № 102 որոշմամբ և ուժի մեջ մտել դեռևս 2018թ։ հուլիսի 16-ին: Մինչ օրս արտադրողների համար սահմանված էին անցումային շրջանի դրույթներ:

Դրանց համաձայն՝ մինչ 2019թ. հունվարի 16-ը կաթ արտադրող ընկերությունները կարող էին նախկին տեխկանոնակարգի պահանջներով կաթնային յուղի փոխարինիչով ապրանքներ արտադրել և իրացնել, եթե ունեին մինչեւ 2018թ. հուլիսի 16-ը տրված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը:

Իսկ մինչև 2019թ. հունվարի 16-ը արտադրած, սակայն ժամկետի մեջ եղած կաթնային ապրանքները կարող են իրացվել՝ մինչեւ ժամկետի ավարտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter