HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կառավարությունում պետք է բացառել գործառույթների կրկնությունը

Նախարարությունների օպտիմալացման նպատակը ուղղակի կրճատումներ անելն ու փող խնայելը չէ, այլ դրա նպատակներից մեկը պետական կառավարման համակարգում աշխատողներին պատշաճ աշխատավարձով ապահովելն է: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ասում է, որ մասնավոր սեկտորում 800 հազար, 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը երբեք չի գա աշխատելու պետական կառավարման համակարգում՝ 200-300 հազար դրամ աշխատավարձով: Ուստի անհրաժեշտ է խրախուսել աշխատանքը պետական կառավարման համակարգում և դա կարելի է անել աշխատավարձերի բարձրացմամբ: Սակայն պետական կառավարման համակարգի ուռճացված լինելու պատճառով հնարավոր չի լինի այդ ամենը կյանքի կոչել:

«Եթե մենք ունենք 18 հազար աշխատող և ուզում ենք բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, ապա դրա համար պետք է օգտագործենք մի հսկայական դրամագլուխ՝ նախապես իմանալով, որ մեր պետական կառավարման համակարգը չունի այդքան աշխատողների կարիք: Այն աշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար, որոնց կարիքը մենք ունենք, ստիպված ենք բարձրացնել նաև նրանց աշխատավարձը, որոնց կարիքը մենք չունենք»,- ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարությունում պետք է բացառել գործառույթնների կրկնությունը, այսինքն՝ տարբեր գերատեսչություններ չպետք է իրականացնեն նույնանման երկու կամ ավելի գործառույթներ: Որպես օրինակ՝ վարչապետը նշեց տրանսպորտի և տարածքային կառավարման նախարարությունները, որոնք երկուսն էլ զբաղվում են ճանապարհների վերանորոգման հարցերով: Փաշինյանը նշեց նաև սփյուռքի նախարարության գործոնը՝ ընդգծելով, որ այդ գերսատեսչությունը իրականացնում է մշակութային, կրթական, տնտեսական գործառույթններ, որոնցով զբաղվում են նաև համապատասխան նախարարությունները: Գործառույթների կրկնությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բացասական ազդեցություն է ունենում կառավարության աշխատանքի որակի վրա:

Խոսելով մշակույթի նախարարությունը կրթության նախարարությանը միացնելու մասին՝ վարչապետն առաջնահերթ նշեց, որ Հայաստանը առաջին պետությունը չէ, որտեղ այդ կրթության և մշակույթի նախարարությունները միասին են գործում: Որպես օրինակ՝ նա նշեց, Ավստրիան, Գերմանիան, Նիդերլանդները, Իսլանդիան, Ֆինլանդիան և Կիպրոսը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մշակույթը խնդիր ունի երկրում մարդկանց կրթվածության մակարդակը բարձրացնելու, և այս առումով կրկին գործառությունների կրկնություն է ստացվում: Այնուամենայնիվ Փաշինյանը շեշտեց, որ մշակույթի նախարարությունում որակ ստեղծող կադրերը չեն կորցնելու իրենց աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter