
Հայաստան ստարտափ ակադեմիայի 3-րդ շրջանի ամփոփումը
Հունվարի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայաստան ստարտափ ակադեմիայի 12 շրջանավարտները ներկայացրին իրենց ստարտափները։
Հայաստան Ստարտափ Ակադեմիան (ՀՍԱ) 12 շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագիր է, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքի և փորձի շնորհիվ զարգացնել Հայաստան ստարտափ էկոհամակարգն ու ստեղծել մի միջավայր, որտեղ առաջ կգան համաշխարհային մակարդակով ասելիք ունեցող տեխնոլոգիական ստարտափներ։
Հայաստան ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։
Հայաստան ստարտափ ակադեմիայի 3 շրջաններին մասնակցել են 52 ստարտափ և 121 ձեռներեց։ Վերջիններս մասնակցել են ավելի քան 400 անհատական հանդիպումների, 117 դասընթացի ու սեմինարի, որոնք վարել են 60-ից ավելի մասնագետներ և մենթորներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Ավստրալիայից մինչև Սիլիկոնյան հովիտ։
Արդյունքում՝ նոր փորձ են ձեռք բերել ինչ-որ ժամանակ արդեն իսկ գործունեություն ծավալած 13 ստարտափներ, հիմնադրվել են 28 նոր ընկերություններ, որոնցից 25-ը մինչև հիմա ակտիվ գործում են։
Ակադեմիայի 3-րդ շրջանին մասնակցության հայտ է ներկայացրել 40 ստարտափ, ընտրվել է 17-ը, ավարտել է 12-ը։ Այս շրջանի մասնակից ստարտափներից 4-ը կմասնակցեն Սիլիկոնյան հովտում կայանալիք մեկշաբաթյա ծրագրի։ 12 ստարտափներն են՝ IMPEL-H1 Heart Monitoring System, Illuria security, Risksensor, Robin by Expper Technologies, EasyDMARC, RetentionForce, AnteoHealth, Puzl, Petto, DoHirus, Cryptondx, Altered Silicon։
IMPEL-H1 Heart Monitoring System-ն ալգորիթմների համակարգ է, որը թույլ է տալիս հետևել սրտանոթային համակարգի աշխատանքին և բացահայտել խնդիրները 99 % ճշգրտությամբ։
Robin by Expper Technologies-ը հաճախորդներին սպասարկող Ռոբոտ է, որը արհեստական բանականության միջոցով կարող է զրուցել հաճախորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Risksensor-ն արհեստական բանականության օգտագործմամբ ստեղծված ֆինանսական ռիսկի կառավարման գործիքակազմ է։ Այն նախատեսված է սպեկուլյատիվ եկամուտ վաստակող անհատ թրեյդերի համար։
EasyDMARC-ն էլեկտրոնային նամակագրական համակարգի անվտանգությունն ապահովող համալիր լուծում է։ Այն թույլ է տալիս, որ կոնկրետ բրենդի, ընկերության անունից նամակներ ուղարկեն միայն ղեկավարության կողմից իրավասու մարդիկ, կազմակերպություններն ու ծառայությունները։
Puzl-ն ապրանքները դասակարգող ռոբոտների համար նախատեսված արհեստական բանականության հարթակ է՝ հիմնված ամպային համակարգերի վրա։
RetentionForce-ը մարքեթինգային ավտոմատացման և հաճախորդների սպասարկման գործիքակազմ է գեղեցկության սրահների համար:
Illuria security-ին տեղեկատվական անվտանգությունն ապահովող ավտոմատացված համակարգ է, որը թույլ է տալիս բացահայտել և չեզոքացնել կիբեր-հարձակումները։
AnteoHealth-ը առողջապահական թվային հարթակ է, որն օգնում է վիրտուալ կապ հաստատել լավագույն բուժմասնագետների հետ հաշված րոպեների ընթացքում եւ ստանալ բուժման ծրագիր՝ բջջային հավելվածի միջոցով:
Petto-ն սարք և համակարգ է, որը արհեստական բանականության շնորհիվ կապ է ստեղծում մարդու և իր բույսի միջև՝ թույլ տալով հաղորդագրություն գրել միմյանց բջջային հավելվածի միջոցով։
DoHirus-ը հարթակ է, որը թույլ է տալիս անհատներին հրապարակել կարճաժամկետ աշխատանքներ, և աշխատանք փնտրողներին գումար վաստակել՝ կատարելով ներկայացված աշխատանքները։
Cryptondx-ը հարթակ է, որը տրամադրում է ամբողջական տեղեկատվություն կրիպտոարժույթների և կրիպտոշուկաների մասին։
Altered Silicon՝ երբ գերհամակարգիչները համադրվում են կրիպտոմայնինգի հետ: Altered Silicon-ը առաջարկում է HPC վարձակալություն, որոնք իրականացնում են մայնինգ HW ակսելերատորների ազատ եղած ժամանակ՝ շնորհիվ յուրահատուկ կերպով ստացված IP-ների: Արդյունքում` թանկարժեք HW ակսելերատորները գեներացնում են եկամուտ ամեն օր՝ քսանչորս ժամ շարունակ։
Մեկնաբանել