HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու քաղաքացիական գործի շրջանակներում հաշտության եզրեր չգտնվեցին. գործը դատարանում է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանի՝ Վահագն Գրիգորյանի խոսքով՝ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վերաբերյալ արված արտահայտության համար նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը չի կարող պատասխանատվության կանչել Վանեցյանին. վերջինիս կողմից ուղիղ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ հայտարարություններ չեն արվել ու առհասարակ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած քաղաքացիական հայցով Արթուր Վանեցյանը պատշաճ պատասխանող չէ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աիդա Դավթյանի, այսօր տեղի ունցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը՝ կապված լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կոնգրես» հյուրանոցի թեմայով Վանեցյանի արած հայտարարության հետ:

Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության հրապարակումից հետո, հիշեցնենք, վերջիններս հանդիպել էին լրագրողների հետ, ու Արթուր Վանեցյանն ասել էր բառացիորեն հետևյալը.

«Ռոբերտ  Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ ասում է՝ մենք ոչինչ չունենք, փաստորեն կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքը: Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպել, որ 6 մլն դոլար փող տա իրենց, իրանք էլ վերցնեն, տանեն: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան: Էդ ունեցվածքի հետ կապված՝ թե որտեղից է եղել, ապօրինի հարստացումը, իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացման համար է հարուցվել քրեական գործ»:

Վերը նշված արտահայտությունների համար է, որ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դիմել է դատարան: Ըստ հայցվոր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի՝ Արթուր Վանեցյանի արած արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն և վիրավորանք են պարունակում, արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը:

Ալավերդյանը նկատեց՝ Վանեցյանի արած արտահայտությամբ հայցվորին վերագրվել է նաև փողերի լվացման հանցագործություն, և սա այն դեպքում, երբ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:

Հայցվորը դատարանից խնդրում է Արթուր Վանեցյանին պարտավորեցնել հերքել իր կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:

Նշենք, որ հայցվորի և պատասխանողի միջև հաշտության եզրեր չգտնվեցին: Հայցվորի խոսքով՝  հաշտություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ պատասխանող Վանեցյանը կհերքի իր հնչեցրած արտահայտությունները: Պատասխանող կողմն էլ նկատեց` ստացվում է, որ հաշտվելու պայմանը հայցվորի կողմից ներկայացված հայցի բավարարումն է:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ որ հայցն ամբողջությամբ անհիմն է ու մերժման ենթակա:

Ըստ Վահագն Գրիգորյանի՝ Արթուր Վանեցյանի մատնանշված արտահայտությունները ուղղված չեն հենց Սեդրակ Քոչարյանի դեմ, վերջինս միայն ենթադրել է, որ  դրանք իր դեմ են ուղղված:

Այս կապակցությամբ, ըստ փաստաբանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերից մեկով դիրքորոշում է հայտնել, որ միայն ենթադրությունը կամ կասկածը, որ հրապարակային արված արտահայտությունը զրպարտչական բնույթի է,  բավարար չէ հաստատված համարելու, որ որևէ կոնկրետ անձի հասցվել է վնաս:

Ըստ Վահագն Գրիգորյանի՝ գործում պետք է լինեն այնպիսի  տվյալներ, որոնցից սովորական ընթերցողը կզգա, որ դրանում առկա հանգամանքները վերաբերում են անմիջականորեն դիմումատուին, կամ  հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախը:

Տվյալ դեպքում, ըստ Գրիգորյանի, իր համար չհիմնավորված է պնդումը, թե սովորական ընթերցողը, Վանեցյանի արած արտահայտություններին ծանոթանալով, կզգա, որ դրանք վերաբերում են հենց Սեդրակ Քոչարյանին:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ այս հայցով ոչ պատշաճ պատասխանող լինելու հանգամանքին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ հայցն, ըստ էության, կարող էր լինել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ըստ Գրիգորյանի՝ հայցվորն իր հայցադիմումի մեջ էլ ընդունել է արտահայտությունների կատարման պահին Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի կարգավիճակ ունենալու հանգամանքը:

«Քաղաքացուն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը: Պարոն Վանեցյանն այստեղ պատշաճ պատասխանող չի կարող հանդիսանալ, հայցը կարող էր հարուցվել Հայաստանի Հանրապետության դեմ, միևնույն ժամանակ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատասխանողի փոփոխության դեպքում հայցային վաղեմության ժամկետը, պետք է որ լրացած լինի»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ հայցի առարկա հանդիսացող արտահայտությունները, որոնք արել է Արթուր Վանեցյանը, չունեն բավականաչափ կոնկրետություն և չեն հանդիսանում փաստացի տվյալներ, մինչդեռ զրպարտության վերաբերյալ գործերով պետք է մատնանշել պատասխանողի կողմից փաստացի տվյալներ ներկայացնելու հանգամանքը:

Անդրադառնալով Վահագն Գրիգորյանի առարկություններին՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշեց, որ իրենք որպես ֆիզիկական անձ են ներկայացրել հայցադիմումը, իսկ եթե դիմումում նշվել է նաև «ԱԱԾ տնօրեն» արտահայտությունը, ապա դա միայն անձին նույնականացնելու համար է նշվել:

Նկատի ունենալով Վանեցյանի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը՝ Ալավերդյանը միջնորդեց, որ Արթուր Վանեցյանը կանչվի դատարան՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու:

Ըստ Ալավերդյանի՝ Վանեցյանից պետք է հստակեցնել հետևյալ հարցերի պատասխանները. Արդյոք «Քոչարյանների ընտանիք ասելով՝ նա նկատի չի՞ ունեցել նաև Սեդրակ Քոչարյանին, արդյոք նրա արած արտահայտությունները չե՞ն վերաբերել Սեդրակ Քոչարյանին, արդյոք Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել որպես մասնավոր անձ, թե՞ ԱԱԾ տնօրեն, արդյոք Վանեցյանը տեղյակ չի եղել, որ Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է«Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր»:

Պաշտպանն իր խոսքում նշեց, որ իր տեղեկություններով՝ Սեդրակ Քոչարյանը վերը նշված հյուրանոցի սեփականատեր է:

Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ, ըստ էության, Ալավերդյանի կողմից ներկայացված միջնորդությունը ապացույցների ձեռքբերմանն ուղղված միջնորդություն է, սակայն դեռևս դատարանը ապացուցման բեռի բաշխում կողմերի միջև չի կատարել, և նման պայմաններում ապացույցի վերաբերելիության և ոչ վերաբերելիության մասին եզրակացություններ անել ինքը չի կարող: Գրիգորյանը Արթուր Վանեցյանի անունից նշեց, որ վերջինս դատարանում ցուցմունք տալու առաջարկը չի ընդունում: Դատարանը մերժեց հայցվորի միջնորդությունը՝ Վանեցյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու վերաբերյալ:

Դատական նիստի ընթացքում տևական ժամանակ քննարկվում էր հարցը՝ արդյոք՝  «Քոչարյանների ընտանիք» արտահայտություն ասելիս կարելի է հասկանալ կոնկրետ Սեդրակ Քոչարյանին: Վանեցյանի ներկայացուցիչ Գրիգորյանը պնդում էր, որ ընտանիքը լայն հասկացություն է, և հայցվորի տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում ստացվում է, որ Քոչարյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է դատական հայց ներկայացնել խնդրի առարկա հանդիսացած արտահայտությունների համար: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն էլ պնդում էր, որ, այո, Քոչարյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող էր հայցով դիմել դատարան:

Ալավերդյանը պարբերաբար հարց էր ուղղում՝ Վահագն Գրիգորյանը համամիտ չէ՞, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը «Քոչարյանների ընտանիքի անդամ է»:

Փաստաբանը դատարանին միջնորդեց այսօրվա նիստն ընդմիջել, որպեսզի դատարան ներկայացնի Սեդրակ Քոչարյանի ծննդյան վկայականն, ինչպես նաև համապատասխան տվյալներ նրա՝ «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր լինելու վերաբերյալ: Նիստն այսօր ընդմիջվեց և կշարունակվի փետրվարի 25-ին:

Նշենք, որ կողմերն այս դատական նիստի ընթացքում որևէ կերպ չանդրադարձան այն հանգամանքին, որ մամուլի ասուլիսից ու Քոչարյանի հարցից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով:

Հայցվոր կողմը այս հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին չպատասխանեց, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ Արթուր Վանեցյանը Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ չի արել հայցի առարկա հանդիսացող արտահայտություններ, հետևաբար դրա ճիշտ կամ սխալ լինելը երկրորդական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter