HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գիշերամիզությամբ զորակոչված զինծառայողները դժգոհում են. առողջական ու հոգեբանական խնդիրների են բախվում

Հայաստանի զորամասերից մեկի զինծառայող Ն.Ս.-ն գիշերային անմիզապահության խնդրով 2018 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչվել է ԶՈւ: Ն.Ս.-ն մեզ հետ զրույցում պատմեց, որ զորակոչվելուց հետո դիմել է և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն արդյունքներ դեռևս չկան:

Վարչապետի օգնական Արփի Դավոյանը, որն այժմ պատգամավոր է, խոստացել է հարցին դրական լուծում տալ, նախարարությունից էլ արձագանքել են՝ կզբաղվեն խնդրով: Զինծառայողը, սակայն, ասում է՝ որքան երկար տևի իր և նման խնդիր ունեցող տղաների զինծառայությունը, այդքան կվատթարանա իրենց առողջական վիճակը:

«Էս խնդիրը խանգարում է մեզ թե՛ զինծառայության, թե՛ կյանքի համար, էստեղ գալուց հետո մեզ մոտ դեպի վատը լիքը բան է փոխվել: Ժամկետայիններ մեզ հետ չկան, կան պայմանագրայիններ, բնական է՝ մենք մեզ վատ ենք զգում, որ բոլորը գիտեն մեր խնդրի մասին: Էդ մասին գիտեն նույնիսկ քաղաքում, երբ արձակման թերթիկ են տալիս, քաղաք ենք գնում,  բոլորը գիտեն, թե ինչի համար ենք էնտեղ ծառայում ու մի տեսակ են մեզ նայում»,- պատմում է զինծառայողը:

 Զինծառայողը հիգիենայի պայմաններից չի դժգոհում, ասում է՝ ամեն առավոտ կարողանում են լոգանք ընդունել:

«Լողանալուց հետո 20-25 րոպե, որ ռազվոդի ենք կանգնում, անընդհատ մրսում ենք, հիվանդանում»,- պատմում է նա:

Զինծառայողի խոսքով՝ իրենց զորամասում 20 զինծառայող կա, մեկի մոտ զորակոչվելուց հետո հոգեկան շեղումներ են նկատվել, վերջինս վաղաժամ զորացրվել է: Տեղեկացնենք նաև, որ նման խնդիր ունեցող զինծառայողների զինծառայությունն անցնում է զորամասերի պահպանության և սպասարկման դասակներում:

ՊՆ 404 հրամանի մասին

Նախկինում գիշերամիզությունը, թերքաշ, գերքաշ լինելը համարվում էր զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հանգամանք, սակայն նախկին կառավարության՝ ապրիլի 12-ին ընդունած որոշմամբ՝ այս և մի քանի այլ հիվանդությունների առկայությամբ զորակոչիկները ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինծառայության համար: Այս որոշումը գործում է նաև պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանի նշանակվելուց հետո: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել էին, որ 193 զինակոչիկ ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվել է ԶՈւ, որոնցից 120-ն, ի դեպ, նախկինում, այդ առողջական խնդրով պայմանավորված՝ տարկետում են ստացել: Այս որոշման համաձայն՝ սահմանափակումով պիտանի են ճանաչվում նաև սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումների, ախտանշանային և այլ հոգեկան խանգարումների, էպիլեպսիայի, արյան համակարգի հիվանդությունների՝ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզներ, հեմոսարկոմա, լիմֆոգրանուլեմատոզ, հեմոռագիկ դիաթեզներ, պարբերական հիվանդությունների որոշ կատեգորիաների դեպքում:

Խնդիրը հոգեբանական տեսանկյունից

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ Խաչատուր Գասպարյանը նկատում է, որ կա խմբային մի ֆենոմեն, որ կարող է ծաղրական դրսևորմամբ չդիտվել որպես հիվանդություն:

«Տեսեք՝ մատնացույց չեն անում մարդու, ով տեսողության խնդիրներ ունի, ակնոց է կրում, բայց այս հիվանդության դեպքում մատնացույց անում են, հոգեբանության լեզվով դրան կոչում են ստիգմա՝ խարանային վերաբերմունք: Կան մի շարք միջոցներ, որոնք պետք է ձեռնարկել, որպեսզի հակախարանային միջավայր ձևավորվի»,- ասում է հոգեբանը: Վերջինիս համոզմամբ՝ նման առողջական խնդիրներ ունեցող անձանց զորակոչելն այդքան էլ ճիշտ որոշում չի եղել, սակայն «պատճառը հասկանալի է, պարզապես դրա մասին բոլորն էլ լռում են»:

«Բայց ունենք այն, ինչ ունենք, 404 հրամանի համաձայն՝ նման կատեգորիայի անձինք պետք է զորակոչվեն, պետք է հակախարանային դաստիարակություն ձևավորել, պետք է զորամասերում անձնակազմի հետ աշխատանքներ տարվեն,  հասարակության մեջ նախնական աշխատանքներ տարվեն»,- ասաց նա:

Խաչատուր Գասպարյանի կարծիքով հրամանը բավականին խնդրահարույց է, կան նաև հոգեկան առողջության շատ դեպքեր, որոնց առկայությամբ չէր կարելի զորակոչել:

«Սակայն քանի դեռ հրամանն ուժի մեջ է, ստիպված ենք այդ մասին մտածել, յուրաքանչյուր նման զորամասի անձնակազմի հետ պետք է աշխատանքներ տանել, իսկ հրամանը պետք է վերանայվի, որպեսզի զորակոչվելուց հետո հարց չառաջանա, թե ինչքանով էր նպատակահարմար վերջիններիս զորակոչելը»,- ասաց Գասպարյանը:

Խնդիրը իրավական տեսանկյունից

 «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» խորհրդի նախագահ, փաստաբան Դավիթ Վարդիկյանի համոզմամբ՝ նախկին կառավարության ընդունած որոշումն իրավաչափ չէ.

«Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշումը չի հետապնդում իրավաչափ նպատակներ, քանի որ անհասկանալի է, թե որոնք են այն հիմնավորումները, որ նախինում ոչ պիտանի համարվող անձինք տվյալ որոշման համաձայն դարձել են, թեև սահմանափակումով, սակայն պիտանի զինվորական ծառայության համար: Տվյալ հիվանդությունը և ծառայությունը անհամատեղելի են»,- ասաց նա:

Վարդիկյանը տեղեկացրեց, որ իրենց են դիմել նման խնդիր ունեցող մի շարք զինծառայողների հարազատներ՝ դժգոհելով, որ զորամասում բոլորը գիտեն զինծառայողների առողջական խնդիրների մասին, ինչն էլ հոգեբանական խնդիրներ է առաջացնում վերջիններիս մոտ:

Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված եղել տվյալ կատեգորիայի անձանց զինված ուժեր զորակոչելու անհրաժեշտությունը, ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվել զինվորական ծառայության նրանց պիտանելիության հարցը:

 «Եթե հաշվի առնենք, որ նախկինում նրանք ենթակա չէին զինվորական ծառայության, արդյոք իրականացվե՞լ են գիշերամիզությամբ տառապող անձանց զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումներ, արդյոք այդ կատեգորիայի անձանց զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ համապատասխան մասնագիտական քննարկումներ եղե՞լ են»,- իր զարմանքը հայտնեց փաստաբանը:

Ավելի վաղ մենք նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե արդյոք սպասվո՞ւմ է 404 որոշման փոփոխություններ, և հնարավո՞ր է, արդյոք, այլ առողջական խնդիրներով անձինք ևս զորակոչվեն ԶՈւ, ինչին նախարարությունից պատասխանել էին.

«Ներկայումս իրականացվում են կառավարության՝ ապրիլի 12-ի 404 որոշման կիրարկման արդյունավետության մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքներով, ըստ անհրաժեշտության, կքննարկվի լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը»:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանություններ (1)

Զինծառայող
Այո իրականում ԾՀՕԿ ասվածը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը որը մենք ակնկալում էինք ծառայության անցնելուց առաջ։ Իրականում մենք ծառայություն մատուցելու ընդացքում նաև կատարում ենք տարբեր ֆիզիկական աշխատանքներ որոնք վատ են անրադառնում մեր առողջության վրա և փոխարենը բուժվենք ավելի է խորանում մեր առողջական խնդիրները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter