HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները «չեն տեսել», թե ով է խոշտանգել կալանավորին

30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց  եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Խոշտանգման գործով դատաքննությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին, որ նա 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մինչև վկաների հարցաքննությունը սկսելը, դատավորը հրապարակեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի դիմումը դատարանին` այն մասին, որ ամբաստանյալի ներկայացուցիչ  Իրինա Գազարովան ճնշում է գործադրում վկաների վրա:

Դիմումի մեջ նշված էր, որ նախորդ նիստի ավարտին ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբանը վկաների հետ միասին է լքել դատարանի շենքը` բարձրացնելով ձայնի տոնայնությունը: «Ակնհայտ է, որ վկաներին սովորեցնում է վկայության նյութը»,- նշված էր Արա Ղարագյոզյանի ներկայացրած դիմումի մեջ:

Դատավորը հայտնեց, որ ինքը չի կարող որևէ պատասխանատվության ենթարկել փաստաբանին, դրա համար պետք է դիմել Փաստաբանների պալատ: Հավելեց նաև, որ Գազարովային վաղուց է ճանաչում, և նրա կողմից որևէ ճնշում դատական կողմերի նկատմամբ չի նկատել:

Դիմումի հրապարակումից հետո վկայությամբ հանդես եկավ հոգեբույժ Մանվել Նանայանը, ով նշեց, որ դեպքի օրն ինքը «Նուբարաշեն»-ում այցելել է Արմեն Աղաջանյանին: «Ինձ սմենի պետն ասաց, որ կալանավոր են ընդունել, անհնազանդություն է դրսևորել, նրա նկատմամբ ուժ են կիրառել, գնա նայի»,- ասաց վկան, հետո հավելեց, որ Արմեն Աղաջանյանի դեմքին՝ այտերի հատվածում, նկատել է արյան զեղում. «Ասացի պետք է ընդհանուր զննում իրականացնեք, Արմենը հրաժարվեց, հանեց որովայնի վրայի պարկը ցույց տվեց, ասաց` թե կարաս, օգնի»:

Համաձայն վկայության` Արմենի այս խոսքերից հետո բժիշկը դուրս է եկել խցից` իր մոտ արձանագրելով, որ Արմեն Աղաջանյանը հրաժարվել է իր ծառայությունից: Ըստ վկայի ցուցմունքի` այդ մասին տեղեկացրել է նաև ՔԿՀ-ի բուժանձնակազմին` նշելով, որ կալանավորի որովայնի վրա պարկ է ամրացված, նեղ մասնագետի կարիք ունի։

Արմեն Աղաջանյանի մայրը` Գայանե Աղաջանյանը, իր ցուցմունքի մեջ նշել էր, Արմեն Աղաջանյանի մարմնի վրա հաստ աղիքից արտաթորանքը հեռացնելու համար հատուկ պարկ է ամրացված եղել, հարվածից հետո պարկը եւս վնասվել է։

Այսօր վկայությամբ հանդես եկավ նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի աշխատակից Արտյոմ Սահակյանը, ով նշեց, որ 2018թ․ մարտի 16-ին ինքն է ընդունել Արմենին, նշեց, որ Արմեն Աղաջանյանն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել աշխատակիցներին. «Ասաց հին բերդից բան չի մնացել, հետո առաջ գնաց, Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ հին բերդին բարևում են, բարևելուց հետո ներս մտան, որից հետո հայհոյանքներ հնչեցին»: Վկան վստահ է, որ հայհոյանքները հնչեցրել է Արմեն Աղաջանյանը, սակայն ինքն ականատես չի եղել, ուղղակի ենթադրում  է՝ ՔԿՀ-ի աշխատակիցը նման ձևով չի վարվի:

Տուժողի իրավահաջորդ Գայանե Աղաջանյանը չհամաձայնեց վկայի ցուցմունքի հետ և հարց հնչեցնելու ժամանակ նշեց, որ ինքը տեսել է ամբողջ տեսանյութը, որտեղ որդու պահվածքի մեջ չի նկատել անհարգալից վերաբերմունք:

Այսօրվա նիստին վկաների հարցաքննությունն ավարտեց, հաջորդ նիստին կզննվի տեսանյութը, ինչպես նաև ցուցմունքով հանդես կգա ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը: Նիստի օր է նշանակվել փետրվարի 19-ը:

Հիշեցնենք, որ Արմեն Աղաջանյանի մեղսունակությունը ճանաչելու համար ՔԿՀ-ից նրան տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» և մի քանի օր հետո լոգարանում կախված են գտել: Ծնողները պնդում են, որ այս խոշտանգման գործն ավարտվել է Արմեն Աղաջանյանի սպանությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter