HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանել է «Հետք»-ի հոդվածը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանել է «Հետք»-ի՝ «Նախագծային անճշտությունների պատճառով Ալավերդիի վարչական տարածքում արդեն 8-րդ ամիսն է՝ ձախողվում է Մ-6 միջպետական ճանապարհի վերանորոգումը» հոդվածը, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Հարգելի խմբագրություն, 2019թ-ի հունվարի 16-ին «Հետք» ինտերնետային կայքում հրապարակված «Նախագծային անճշտությունների պատճառով Ալավերդիի վարչական տարածքում արդեն 8-րդ ամիսն է՝ ձախողվում է Մ-6 միջպետական ճանապարհի վերանորոգումը» վերտառությամբ հոդվածի բազմակողմանիությունն ու օբյեկիվությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք աշխատանքների պատվիրատուի՝ նախարարության արձագանքը նույնպես հրապարակել «Հետք» ինտերնետային կայքում։

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  վերականգնման և բարելավման ծրագրի II փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվել են 2017թ նոյեմբերի 30-ին։

Պայմանագրերում հստակ նշված է, որ աշխատանքների մեկնարկի օր է սահմանվում այն օրը, երբ պատվիրատուն կապալառուին կհանձնի ճանապարհի՝ երրորդ կողմի իրավունքներից ազատ առնվազն 2 կմ երկարությամբ հատված։ Միաժամանակ պայմանագրով սահմանված է, որ պատվիրատուն կապալառուին պետք է հանձնի առնվազն 2կմ` վերջինիս կողմից ընդունման նամակը ստանալու օրից 180 օրվա ընթացքում, իսկ շինհրապարակն ամբողջությամբ՝ 600 օրվա ընթացքում։

Սա պայմանավորված է հողերի օտարման և տարաբնակեցման առկա խնդիրների լուծման գործընթացների համար անհրաժեշտ ժամանակով։

Առ այսօր այս ժամանակացույցը պատվիրատուի կողմից չի խախտվել։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ մայիսի 29-ին` լոտ-1 և լոտ-2 տեղամասերի կապալառուներին հանձնելով երրորդ կողմի իրավունքներից ազատ համապատասխանաբար՝ 3,5կմ և 2,58կմ հատվածներ։ 2018թ հոկտեմբերին կապալառուներին հանձնվել են ևս երկու՝ 4,24կմ և 6,68կմ հատվածներ։ Ներկայում լոտ-1 և լոտ-2 տեղամասերի ավելի քան 70%-ը հանձնված է կապալառուներին։ Շինհրապարակն ամբողջությամբ կապալառուներին կհանձնվի մինչև 2019թ մարտի վերջ։ Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետն է 900 օր՝ սկսած մեկնարկի օրից, այսինքն՝ 2020թ նոյեմբերի 14-ը։

Ինչ վերաբերում է նախագծին, ապա իսկապես ծագել են նախագծային խնդիրներ  և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշնլ» համատեղ ձեռնարկությունն իր պայմանագրային պարտավորությունների շրջանակներում դրանք աստիճանաբար լուծում է։ Նախագծային խնդիրները գործնականում չեն կարող բացառվել  նման լայնամասշտաբ ծրագրերում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախագծային աշխատանքներն իրականացվել են 2014-2015 թվականներին, ավարտվել են դեռևս 2015թ ապրիլին, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվում են 3,5 տարի հետո։

Շինարարական աշխատանքները դեռևս դանդաղ են ընթանում, սակայն դա պայմանավորված է հողերի օտարման, նախագծային շտկումների և չընդհատվող երթևեկության պայմաններում աշխատելու հետ կապված խնդիրներով։

Անդրադառնալով 2019թ հունվարի 10-ին կայացած՝ Ալավերդի համայնքի ավագանու և ճանապարհի լոտ-1 և լոտ-2 տեղամասերի ղեկավարների  հանդիպման ընթացքում արծարծված հարցերին և նրանց կողմից «Հետքին» տրված հարցազրույցին՝ հարկ է նշել հետևյալը

Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչի հետևանքով աշխատանքների տեմպերը և արդյունավետությունը նախատեսվածից ցածր են։ Սա հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի և հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետև՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։  Ընդ որում, նոր ենթահիմքի և հիմքի տեղադրումն արգելվել է տեխնիկական հսկողության կողմից, քանի որ լոտ-2 տեղամասի կապալառուն չի ներկայացրել հողապաստառի պահանջվող խտացման համար անհրաժեշտ օպտիմալ խոնավությունն ապացուցող լաբորատոր փորձարկումների արդյունքները։

Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից դեպի Նեղոց գյուղ գնացող հատվածի աջակողմյան լանջին առկա այգիների խնդիրը հետևյալն է։

Հողերի օտարման տարաբնակեցման ծրագրի խորհրդատուն ճանապարհի օտարման գոտում գտնվող բոլոր հողակտորներն ուսումնասիրել և գրանցել է Ալավերդու քաղաքապետարանի հողաշինարարի հետ համատեղ: Վերջինս խորհրդատուին չի տեղեկացրել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողերն ապօրինաբար օգտագործվում են համայնքի բնակիչների կողմից։ Արդյունքում այդ համայնքային հողերը գործող կարգով օտարվել են, և համայնքը ստացել է համապատասխան փոխհատուցում։ Հողերի ապօրինի օգտագործողների առկայության դեպքում օտարման այլ գործընթաց է նախատեսվում, որը ներկայում ընթացքում է և քանի դեռ ավարտված չէ, շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։

Մնացած հարցերը կապված են պատվիրատուի, տեխնիկական հսկողության և կապալառուների փոխհարաբերությունների հետ, կարգավորվում են համապատասխան պայմանագրային դրույթներով։

Ամփոփելով, հարկ է նշել, որ դեռևս շինարարության նախատեսված տևողության  մեկ քառորդն է անցել, և ներկա փուլում ծրագրի ձախողման մասին հայտարարություններն առնվազն տեղին չեն։

Հարկ ենք համարում ավելացնել նաև, որ ավտոճանապարհների  վերականգնման և բարելավման աշխատանքներն օբյեկտիվորեն ենթադրում են որոշակի ժամանակավոր անհարմարություններ բնակչության և երթևեկության մասնակիցների համար, ինչի առնչությամբ հայցում ենք վերջիններիս ներողամտությունը»։   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter