HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս». ըստ Հասմիկ Սարգսյանի՝ իրեն ասել է գողության գործով հետաքննիչը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Դավիթ Բալայանի, փետրվարի 4-ին կհրապարակի գողության մեջ մեղադրվող երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքի գործով որոշումը:

Բողոքով, հիշեցնենք, Սարգսյանի պաշտպանները վիճարկում են նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում Սարգսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Նշենք, որ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Վերջինս այժմ պնդում է, որ ոչ թե 10, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Սարգսյանի՝ 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել Ոստիկանության Սիսիանի բաժնում իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ներքո:

Նշենք, որ եթե Հասմիկ Սարգսյանին վերագրվող գողոնի չափը 4000 դրամ լիներ, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:

Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, և դատարանների կողմից սահմանվել է փորձաշրջան: 10 000 դրամի գողության գործի շրջանակներում Սարգսյանին մեղավոր ճանաչելով՝ դատարանը դրա համար սահմանված պատժին գումարել է նաև պատժի չկրած մասը: Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սարգսյանի նկատմամբ պատիժ է սահմանվել հինգ տարի ժամկետով ազատազրկումը:

Դատարանում այսօր հետազոտվեցին գործում առկա ապացույցները, հարուցված քրեական գործի շրջանակներում Սարգսյանը մի քանի ցուցմունք է տվել, առերես հարցաքննվել իր գործով հետաքննիչի և Ոստիկանության Սիսիանի բաժնի այլ հետաքննիչների հետ:

Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանի և  Հասմիկ Սարգսյանի միջև տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ Հասմիկ Սարգսյանը պնդել է, որ Ստեփանյանն իրեն հորդորել է գրել 10 հազար դրամի գողության մասին՝ նշելով, թե չի դատվելու, և գործը կարճվելու է, քանի որ Սարգսյանը 4 երեխա ունի:

Սարգսյանի պնդմամբ՝ Ստեփանյանը հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին՝ պահանջելով, որ ընդունի մեղքը:

«Մի երկու տարի կնստես՝ կհելնես, գողական աղջիկ կդառնաս»,- ըստ Հասմիկ Սարգսյանի՝ իրեն ասել է Մանասեր Ստեփանյանը:

Վերջինս, սակայն, հերքել է Սարգսյանի հայտնած տեղեկություններն ու պատմել, որ  2017 թվականի հուլիսի 6-ին ոստիկանության Սիսիանի բաժնում նույն քաղաքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը հաղորդում է տվել իր բնակարանից գողություն կատարելու դեպքի առթիվ:

Բաժին ներկայացած Հովհաննիսյանն, ըստ Ստեփանյանի ցուցմունքի, հայտնել է, որ իր բնակարանի դռան կողպեքը կոտրել են, մտել ներս ու դրամապանակից գողացել երկու հատ 5000 դրամանոց:

Ըստ Ստեփանյանի ցուցմունքի՝ Մարիետա Հովհաննիսյանը հայտնել է, որ գողության մեջ կասկածում է իր ընկերուհի Հասմիկ Սարգսյանին. գողության օրը նա զանգահարել էր իրեն ու տեղեկացրել, որ բացակայելու է տանից:

Ըստ հետաքննիչի ցուցմունքի՝ այն բանից հետո, երբ ոստիկանություն բերված Հասմիկ Սարգսյանն իմացել է Մարիետա Հովհաննիսյանի՝ գողության մեջ իրեն կասկածելու մասին, խոստովանել է, որ, ինքն է կատարել հանցանքը, ասել, որ 2 հատ 5000 դրամանոց է գողացել:

Ստեփանյանը պնդել է, որ ինքը Հասմիկ Սարգսյանին չի հայհոյել, նրա նկատմամբ սպառնալիքներ չեմ հնչեցրել, չի համոզել, որ ցուցմունք տա այն մասին, որ 10 000 դրամ է գողացել, նրան չի ծաղրել:

Հասմիկ Սարգսյանը առերեսվել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Պետրոս Ալեքսանյանի հետ: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ մի քանի օր անց իրեն նորից կանչել են ոստիկանություն: Ըստ Սարգսյանի ցուցմունքի՝ հետաքննիչ Պետրոս Ալեքսանյանն, իր աշխատասենյակում, սեղանի վրայից վերցնելով փայտյա քանոնը, այն պահել է իր կոկորդին և ասել. « բոլ ա, հերիք ա, մեզ հանգիստ թող, հերիք ա գողություն անես, կմտցնեմ կոկորդդ»:

«Նա այդպես զայրացել էր ինձ վրա, քանի որ ես, գտնվելով փորձաշրջանի մեջ, կրկին գողություն եմ կատարել, ես չգիտեմ նա կատակ էր անում, թե ինչ, սակայն բավականին ջղայնացած էր: Ես հուզվեցի եւ դուրս գալով նրա աշխատասենյակից՝ մտա հետաքննիչ Ռազմիկի աշխատասենյակ, որտեղ  լրացուցիչ բացատարություն տվեցի»,- առերես հարցաքննության ժամանակ ասել է Հասմիկ Սարգսյանը: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ այս դեպքից մի քանի օր անց իրեն նորից են կանչել ոստիկանություն, որտեղ ինքը գնացել է 9-ամյա դստեր հետ:

Այստեղ, ըստ Սարգսյանի առերես հարցաքննության անձանագրության, ինքը՝ Սարգսյանը, սկսել է գոռգոռալ ու հարցնել, թե ինչո՞ւ են իրեն ասել, որ գործը կարճվելու է, բայց հերթական անգամ կանչել են ոստիկանություն:

«Այդ պահին ինձ մոտեցավ Պետրոս Ալեքսանյանը, ձեռքը բարձրացրեց, որ հարվածի, սակայն քանի որ երեխաս լացեց, նա չհարվածեց ու երեխայիս դիմելով՝ ասաց, որ կատակ է անում ինձ հետ»,- առերես հարցաքննության ժամանակ պատմել է Հասմիկ Սարգսյանը:

Հետաքննիչ Պետրոս Ալեքսանյանը, սակայն, հայտնել է, որ Սարգսյանի պատմածը սուտ է, որ ինքը գողության դեպքի քննությամբ չի զբաղվել, քանոնը վզին դնելով՝ սպառնալիքներ չի հնչեցրել, չի փորձել հարվածել Սարգսյանին:

Գործով ցուցմունք է տվել նաեւ տուժող Մարիետա Հովհաննիսյանը և պնդել, որ իր դրամապանակում եղել է 10 000 դրամ, և Սարգսյանը դեպքից որոշ ժամանակ անց իրենց զանգահարել ու խնդրել է, որ ասի, թե դրանում եղել է ոչ թե 10, այլ 4000 դրամ, սակայն ինքը հրաժարվել է սուտ ցուցմունք տալուց:

Նշենք՝ Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ ինքը ստիպված է եղել գողություն կատարել, քանի որ այդ օրը տանը ուտելու ոչինչ չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter