HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ուսուցում ոչ մայրենի լեզվով. եզդիների կրթությունը Հայաստանում

Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի հիմնական դպրոցի 7-րդ դասարանում է սովորում ազգությամբ եզդի Էդգար Շամոյանը։ Սիրում է դպրոցը, չնայած ասում է՝ լավ չի սովորում, իսկ բարձրագույն կրթություն ստանալու մասին դեռ չի մտածում։

Էդգարը պատմում է, որ դասերից հետո սիրում է ֆուտբոլ կամ չլիկ-դաստա խաղալ։ Նա ունի երկու դասընկեր:

Կանիաշիր կամ Սանյառ գյուղն ամբողջովին եզդիաբնակ է։ Մեկհարկանի դպրոցը գյուղի ծայրամասում է՝ մաշված ազբեստե տանիքով, ժանգոտված ցանկապատով։ Հիմնադրվել է 1983թ.-ին, ըստ տնօրեն Անահիտ Բոյաջյանի ՝ շինությունը նախատեսված չի եղել դպրոցի համար, սակայն հետագայում հարմարեցվել է։

Դպրոցում դասաժամերն անցկացվում են երկկոմպլեկտ համակարգով, այսինքն՝ երկու դասարանների աշակերտներ նույն դասասենյակում են դասն անցկացնում:

28 աշակերտ ունեցող դպրոցի բոլոր ուսուցիչները հայ են, բացառությամբ մեկի՝ եզդիերենի ուսուցիչ Ազիզ Բուբոյանի։ Տնօրենի պնդմամբ՝ ուսուցչի թափուր տեղերի համար եզդի մասնագետներ չեն դիմում, աշակերտներն էլ ցանկություն չեն հայտնում ուսուցչի մասնագիտություն ձեռք բերել:

Ազիզ Բուբոյանն արդեն 5 տարի է՝ եզդիերեն է դասավանդում, մասնագետ չէ, սակայն մանկավարժի որակավորում ունի, Գիտությունների ազգային ակադեմիայում ամեն տարի վերապատրաստման դասընթացների է մասնակցում, քանի որ Հայաստանի բուհերում ազգային փոքրամասնությունների համար մասնագիտացված կրթության ծրագրեր չկան։

Մինչեւ դպրոց գնալը եզդի երեխաները հայերեն չեն հաղորդակցվում, մինչդեռ առաջին դասարանում իրենց մայրենին սովորելու փոխարեն հայերեն այբուբենն են անցնում, իսկ եզդիերենը սկսում են սովորել երկրորդ դասարանից։

Մեկ դասագրքում տարբեր առարկաներ են՝ պատմություն, գրականություն, կրոնի պատմություն։

Էդգար Շամոյանի մայրը՝ տիկին Խազալը, չի դժգոհում, ասում է՝ եթե հայերի մեջ են մնում, պիտի համակերպվեն ու ապրեն հայերի նման։ «Երեխեքը, որ նոր էին դպրոց գնում, դժվար էր, հայերեն չէին հասկանում, բայց տառերը սովորում էին, մենք հետները նստում էինք, որ սովորեն»։

Հիմա Էդգարն ու իր դասընկերները կարողանում են հայերեն եւ եզդիերեն վարժ կարդալ, թեեւ եզդիերեն պատմությունները երբեմն հայերեն դժվարությամբ են շարադրում։

Կանիաշիրի եզդիները քրիստոնյա չեն, բայց կրթական ծրագրով պարտադիր անցնում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Անահիտ Բոյաջյանի պնդմամբ՝ ոչինչ հնարավոր չէ փոխել, քանի որ դպրոցը հայկական է, իսկ առարկաները պարտադիր են բոլորի համար։ Կանիաշիրի նման Ալագյազ խոշորացված համայնքի ինը բնակավայրերում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցումը պարտադիր է։

Դպրոցի աշակերտ Շիրազ Եմիշյանի հայրը՝ Մուրադ Եմիշյանը, կարծում է, որ դպրոցում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն, որ սովորողը մտածի կրթության մասին եւ շահագրգռված լինի ուսումը շարունակելու։ Ծնողը դժգոհում է կրթության համակարգից, կարծում է՝ ամեն ինչ թողնում են երեխայի ցանկության վրա. «Համակարգը թույլ չի տալիս ցածր գնահատականներ դնել, նույն դասարանում երեխային թողնել։ Երեխան գիտի՝ ոնց էլ սովորի, դպրոցն ավարտելու է»,- նշում է նա:

Մուրադ Եմիշյանի խոսքով՝ դպրոցի շենքի խոնավության պատճառով աշակերտները հաճախ են հիվանդանում, դասերից բացակայում։

Կանիաշիր գյուղը Ալագյազ խոշորացված համայնքի մեջ է, որի մաս են կազմում եւս 10 եզդիաբնակ գյուղեր։ Ըստ համայնքի դպրոցների տնօրենների տրամադրած տվյալների՝ ինը գյուղի դպրոցներում սովորում է 320 աշակերտ։ Բացի եզդիներից նաև քուրդ բնակչություն ունեցող Ջամշլու գյուղի դպրոցում աշակերտների թիվը 39 է, սակայն տնօրեն Թեմուր Խուդոյանը նշում է, որ չի կարող հստակ ասել՝ քանիսն են եզդիներ, քանիսը՝ քրդեր։ Ինը դպրոցներից միայն Սադունց գյուղում են երկու հայ աշակերտ սովորում։

Եզդի աշակերտների թիվը՝ ըստ համայնքների

 

Դպրոցի կիսաքանդ տանիքն ու ճաքճքած պատերը. նորոգման համար ծրագրեր չկան

Կանիաշիրի դպրոցը կառուցումից ի վեր չի վերանորոգվել, սեփական ուժերով աշխատակազմը կարողացել է դիմային տասը պատուհանները փոխել: Ձմռանը դասասենյակները ջեռուցվում են դիզվառելիքի վառարաններով։ Տիկին Անահիտը կատակում է, որ դիզվառելիքն իրենց «ֆրանսիական օծանելիքն է» դարձել։

Դպրոցը սպորտդահլիճ չունի, ձմռանը պարապմունքներն անցկացնում են դասասենյակներում։ Միջոցառումների դահլիճի առաստաղը բորբոսնած է, հոսանքի լարերն էլ քայքայվել են։ Ջրամատակարարում եւ ջրահեռացման համակարգ չկա, սանհանգույցը դպրոցից դուրս է՝ մի քանի մետրի վրա՝ առանց դուռ եւ առանց տանիք մի շինությունում։

«Անձրեւաջրերը հեռացնող խողովակները փտել են, հնարավորություն չկա դրանք փոխելու, քայքայվել է տանիքը, եւ անձրեւաջրերը հեշտությամբ ներս են լցվում։ Ինձ մի տասը տարի պետք է, որ դպրոցի խնայողությունների հաշվին տանիքը վերանորոգեմ, բայց առաջիկայում վերանորոգման ծրագիր չկա»,-ասում է Կանիաշիրի դպրոցի տնօրենը։

 

Կրթությունը Ֆերիկում

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղը եւս ամբողջությամբ եզդիաբնակ է։ 240 բնակիչ ունեցող գյուղում դպրոց է հաճախում 44 աշակերտ, ի տարբերություն Կանիաշիրի՝ այստեղ դպրոցը մի քանի տարի առաջ վերանորոգվել է, ջեռուցումը կատարվում է էլեկտրաէներգիայի միջոցով։

Այստեղ եւս եզդի աշակերտներին դասավանդում են հայ ուսուցիչներ։

Դպրոցի տնօրեն Լեւոն Պողոսյանը կարծում է, որ եզդիներն ուղղակի չեն սիրում սովորել, ցանկության դեպքում էլ ընտանեկան ավանդույթները թույլ չեն տալիս ուսումը շարունակել։ Ըստ նրա՝ այդ պատճառով էլ եզդիաբնակ գյուղերի դպրոցներում մանկավարժների հիմնական մասը հայեր են։

Այս գյուղում ընդունված է աղջիկներին վաղ ամուսնացնել։ Եզդիերենի ուսուցիչը Ֆերիկի համայնքապետ  Ռուստամ Հասանյանն է, նրա կարծիքով՝ գյուղը պահպանելու համար կարեւոր է աղջիկների ամուսնությունը, սակայն միևնույն ժամանակ ափսոսում է, որ դպրոցում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աղջիկները դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ամուսնանում են։

Այս գյուղի դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանված է ուսումնական պլանից, իսկ երգ, տեխնոլոգիա, երաժշտություն, շախմատ, ֆիզկուլտուրա առարկաները, մասնագետներ չունենալու պատճառով չեն անցնում։

Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի կարծիքով՝ եթե համալսարաններում բացվեն ազգային փոքրամասնությունների համար նախատեսված բաժիններ, ապա բուհերում սովորելու ցանկություն ունեցողների թիվը կավելանա։

Կրթության եւ գիտության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների համար մասնագիտացված ծրագրեր չեն իրականացվում։

Միաժամանակ տեղեկացրել են, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը պատրաստակամություն է հայտնել եզդի մտավորականների խորհրդի հետ քննարկելու «Եզդիերեն լեզու, գրականություն եւ պատմություն» կրթական ծրագրով մասնագետներ պատրաստելու հնարավորության հարցը։

 

Նյութը՝  Ամալյա Մարգարյանի, Գայանե Ենոքյանի

Պատրաստված է «People in need» ծրագրի շրջանակում transition_lg_mfa (1).jpg (3 KB)

 

Մեկնաբանություններ (1)

Lut Lebental
Hart breaking to know that the super rich elite (but in fact pure maffia) in this country is doing everything to launder dirty money and refuse to pay taxes... I hope they will be punished by been taking away all their undeserved wealth and that the poorer population will soon get a better life!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter