
Նիկոլ Փաշինյան. «Ալիևի հետ քննարկման հիմնական առանցքը եղել է այն, ինչի մասին հրապարակային խոսում ենք»
Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված չի եղել: Այս մասին իր ֆեյսբուք ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն միջոցառումներին, որին մասնակցում են ինքը և Իլհամ Ալիևը, առնվազն չպետք է խուսափեն հանդիպումներից:
«Ինչպես ասել եմ, սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, և սրանք բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ և պաշտոնական հանգրվան չեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ասաց, որ հանդիպումը նախաձեռնվել է Դավոսի տնտեսական համաժողովի կազմակերպիչների կողմից, որոնք, իմանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միևնույն վայրում են, առաջարկել են ոչ պաշտոնական հանդիպում ունենալ:
Խոսելով հանդիպման բովանդակության մասին՝ վարչապետն ասաց, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը.
«Քննարկել ենք նաև, թե ինչ հնարավորություններ և անհնարինություններ կան բանակցային գործընթացում: Սակայն կոնկրետ դետալ չենք քննարկել, ուղղակի մտքեր ենք փոխանակել, սա նաև ինչ-որ առումով բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորություն է: Այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք հրապարակային»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իր և Ալիևի հանդիպումները մեկնաբանողները այլևս չեն փորձի դավադրություններ փնտրել: «Դա իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում է՝ մեր կառավարությունը կամ ես անձամբ որևէ դավադրության մեջ ներքաշվեմ»,- եզրափակեց Փաշինյանը:
Մեկնաբանել