HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հաշվապահներին ու փաստաբաններին շրջանառության հարկի դաշտից «դուրս մղելու» առաջարկը դժգոհությունների ալիք է բարձրացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ֆինանսների նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այս փաթեթը ավելի վաղ ներկայացված փոփոխությունների փաթեթի լրամշակված տարբերակն է։

Նախագիծը հրապարակելուց ոչ երկար ժամանակ է անցել (հրապարակվել է երեկ՝ հունվարի 23-ին), սակայն մասնագիտական հանրությունն արդեն հասցրել է իր բացասական գնահատականը տալ շրջանառության հարկին վերաբերող փոփոխություններից մեկին։ Նախատեսվում է շրջանառության հարկ վճարողների ցանկից «դուրս մղել» հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև՝ բուքմեյքերական ընկերություններին։

Ներկայում Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները։

Այժմ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այս ցանկում ավելացնել նաև տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողներին (խոսքը բուքմեյքերական ընկերությունների մասին է), ինչպես նաև՝ հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին։

Ֆինանսների նախարարությունը առաջարկում է նաև սահմանել, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել նաև խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ մատուցողները։

Նշված առաջարկները հաշվապահների, խորհրդատվական ու իրավաբանական ծառայություններ մատուցողների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել։ Դժգոհությունների հիմնական փաստարկն այն է, որ շրջանառության հարկից դուրս գալով՝ այս սուբյեկտները մտնում են ընդհանուր հարկային դաշտ և վճարելու են ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ, որը ենթադրում է նրանց համար հարկային բեռի զգալի ավելացում։ Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել նշված ծառայությունների թանկացմանը, իսկ հակառակ տարբերակում նշված ոլորտում գործող սուբյեկտների մաքուր շահույթն է նվազում։

Նշվում է, որ սրա հետևանքով այս ոլորտները կարող են ստվերային դաշտ մտնել՝ թերհայտարարագրելով իրենց եկամուտները։ Մյուս կողմից էլ՝ ծառայությունների թանկացումը կարող է հանգեցնել նրանց հաճախորդների թվի կրճատմանը։ Իսկ այս փոփոխության դրական կողմը կարող է լինել մեկը՝ պետական բյուջեի մուտքերի ավելացումը։

Ի դեպ, այս ոլորտում աշխատող մի շարք քաղաքացիներ նշում են, որ e-draft.am կայքում ամբողջ փաթեթին դեմ են քվեարկել այս մեկ կետի պատճառով։

«Դի Ջի Բիզնես Ըդվայս» խորհրդատվական ընկերության հիմնադիր Դավիթ Գլջյանի հաշվարկներով՝ նախատեսվող փոփոխությունը ենթադրում է, որ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողները պետք է հասույթի 25-30 %-ի չափով հարկ վճարեն։ «Հաճախորդից ստացվող գումարի 16.67 %-ը պետք է վճարվի որպես ԱԱՀ՝ գումարած շահութահարկը։ Ստացվում է, որ 25-30 %-ով հարկվում է։ Մեր օրինակով եմ ասում՝ հաճախորդների համար չես կարող գինը բարձրացնել, որովհետև նրանք ՓՄՁ ներկայացուցիչներ են։ Նրանք վճարում են 30, 50 կամ 100 հազար դրամ, և այդքանից ավելին չես կարող պահանջել։ Խոշոր հաճախորդների համար ԱԱՀ-ն խնդիր չէ, քանի որ այն հաշվանցվում է։ Բայց ՓՄՁ-ի համար սա խնդիր է։ Եվ ստացվում է, որ այդ գումարը հաշվապահապական կամ իրավաբանական ընկերությունները իրենց գրպանից են վճարելու։ Օրինակ, եթե այսօր հաճախորդը վճարում է 30 հազար դրամ, դրանից մենք 5 %-ն ենք հարկ վճարում՝ 1500 դրամը։ Նոր փոփոխությունների դեպքում վճարելու ենք մոտ 5 հազար դրամ ԱԱՀ՝ գումարած դրան մնացած 25 հազար դրամից (ծախսերը հանած) ստացվող շահութահարկը, որը կոպիտ հաշվարկներով կկազմի 2500 դրամ։ Միասին՝ մոտ 7500 դրամ։ Այսինքն՝ եթե հիմա հաճախորդից ստացվող 30 հազար դրամի դիմաց վճարվում է 1500 դրամ, նոր փոփոխություններից հետո կվճարվի՝ 7500 դրամ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դ. Գլջյանը։

Նաև ոլորտի մյուս մասնագետները սպասում են Ֆինանսների նախարարության մեկնաբանությանը, թե ինչ հիմնավորմամբ է նման առաջարկություն արվել. «Հարցում եմ ուղարկել նախարարություն, հիմնավորումն եմ պահանջել, հուսով եմ՝ կարձագանքեն»։

Հավելենք, որ ինչպես ավելի վաղ ներկայացված նախագծով, այնպես էլ նոր փաթեթով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ։ Հիշեցնեք, որ ներկայում գործող Հարկային օրենսգրքի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է մինչև 58.35 միլիոն դրամ: Այս փոփոխությամբ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է չեղարկել այն մինչև 58.35 միլիոն նվազեցնելու որոշումը։

«Խնդիրը կայանում է նրանում, որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է»,- նշված է նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter