HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամտային հարկի համահարթեցումը նոր նախագծով հետաձգվում է երկու ամսով

ՀՀ ֆինանսների նախարարությունը www.e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Այն մի շարք դրույթներով տարբերվում է ավելի վաղ ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից։

Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև առավել շատ քննարկվող եկամտային հարկի վերաբերյալ։ Նախ նշենք, որ թե՛ նոր ներկայացված, թե՛ նախորդ նախագծով առաջարկվում է եկամտային հարկի համահարթեցում։ Ներկայում գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 % (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28 % (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամև 36 % (2 միլիոն դրամից բարձր): Առաջարկվում է անցնել համահարթ տարբերակին՝ բոլորին հարկել 23 % եկամտային հարկով։

Ավելի վաղ ներկայացված նախագծով առաջարկվում էր եկամտային հարկի համահարթ տարբերակին անցնել արդեն 2019 թվականի հուլիսի 1-ից՝ սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս:

Արդեն նոր նախագծով այս ժամկետը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը։ «Անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից՝ սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս»,- նշված է նոր նախագծում։ Այսպիսով, եկամտային հարկի համահարթեցումը այս նախագծով հետաձգվում է երկու ամսով։

Միևնույն ժամանակ, կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության առաջարկը մնացել է նույնը։ «Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը»,- նշված է նոր նախագծում։

Ըստ ֆինանսների նախարարության հիմնավորման՝ ներկայում Հայաստանում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 %, բավական բարձր է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ինչպես ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշների բարելավման, այնպես էլ աղքատության մակարդակի կրճատման վրա:

«Ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման, քանի որ տնտեսապես ավելի ձեռնտու է վճարել շահութահարկ և շահաբաժնի հարկ, քան եկամտային հարկ՝ ավելի բարձր դրույքաչափերով։ Արդյունքում, թեև եկամտային հարկի համակարգը անվանական առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութագրվում ընդգծված պրոգրեսիվությամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմնական մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում»,- նշված է նոր նախագծում:

Մասնավորապես, դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով:

Ըստ նույն տվյալների՝ եթե անցում կատարվի եկամտային հարկի համահարթ տարբերակին, ապա մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի փոփոխվելու՝ ինչպես հարկվել են 23%-ովայնպես էլ շարունակվելու են հարկվել։ Շահում են դրանից բարձր ստացողները։ Եվ ստացվում է, որ համահարթեցման արդյունքում վարձու աշխատողների 65 %-ի եկամտային հարկը չի փոփոխվում, իսկ 35 %-ինը, որ առավել բարձր աշխատավարձ ստացողների խումբն է, նվազում է։  

Նշենք, որ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման ամփոփումից հետո կներկայացվի կառավարություն։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կհանձնվի Ազգային ժողովի դատին։  

Կարդացեք նաև`  

23% եկամտային հարկ՝ բոլորի համար. ով է շահում, ով՝ տուժում

Նաիրի Սարգսյան. «Եկամտային հարկի համահարթեցման համար աղքատների «ջանից են քերում»»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter