HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նաիրի Սարգսյան. «Եկամտային հարկի համահարթեցման համար աղքատների «ջանից են քերում»»

Նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով, որոնք դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում, նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։ Այս նախագիծը հասցրել է հանրության և մասնագիտական շրջանակների դրական ու բացասական գնահատականներին արժանանալ։ Նախատեսվող հարկային փոփոխությունների շուրջ «Հետք»-ը զրույցել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

 

Պարոն Սարգսյան, այսօր գործող Հարկային օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը որքանո՞վ է հրատապ։

Հարկային օրենսգիրքը փոփոխությունների անհրաժեշտություն ունի, բայց ոչ այս ֆորմատով։ Այն արմատապես վերանայման ու փոփոխման կարիք ունի։ Նախ այն շարադրված է շատ երկար ու անհասականալի լեզվաոճով։ Խութերն այնքան շատ են, որ տնտեսավարողներին ու հաշվապահներին «փորձանքի» մեջ են գցում։ Այս օրենսգիրքը չի պարունակում մարդկանց վիճակը հեշտացնող ու բարելավող դրույթներ։ Այդ խութերը այնպես են ստեղծված, որ տնտեսվարողները սխալվում են, և հարկային մարմինը պատժիչ քաղաքականություն է իրականացնում։ Հարկային օրենսգիրքը, մինչև ուժի մեջ մտնելը՝ մինչև 2018 թվականը, արդեն, եթե չեմ սխալվում, երեք անգամ փոփոխման ենթարկվեց։ Այն ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանում Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ հայտարարեց՝ եկեք հիմա Հարկային օրենսգիրքն ընդունենք այս տեսքով, հետո փոփոխություններ կիրականացնենք։ Այսինքն՝ սա հապճեպ ընդունված որոշում էր։  2018թ. մեզ համար շատ լավ փորձաշրջան էր Հարկային օրենսգիրքը կիրառելու և թերությունները տեսնելու առումով։ Բայց արդյունքում որևէ միջոցառում չի ձեռնարկվում։ Նախատեսվում էր օրենսգրքի հրատապ հարցերի փոփոխություն իրականացնել 2018թ. սեպտեմբերին և արմատական փոփոխություններ՝ դեկտեմբերին։ Ինչպես տեսանք, 2018թ. որևէ փոփոխություն տեղի չունեցավ, և որոշակի փոփոխություններ սպասվում են այս տարվա փետրվարին, եթե ԱԺ-ն ընդունի Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծը։

Նախագծի հեղինակները սա անվանում են բարեփոխումների փաթեթ։ Ըստ Ձեզ՝ այդ փոփոխություններն իսկապե՞ս բարեփոխումներ են։ Խոսենք եկամտային հարկի օրինակով։ Եթե բոլորի համար սահմանվում է 23 % եկամտային հարկ (հետագայում նվազելու միտումով), ապա ստացվում է, որ մինչև 150  հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազում, իսկ դրանից բարձրի դեպքում՝ նվազում է։  Եվ ստացվում է, որ վարձու աշխատողների միայն 35 %-ի համար է եկամտային հարկի բեռը նվազում։

Փոփոխությունների այս փաթեթը ընդհանրապես չի կարելի համարել բարեփոխումների փաթեթ։ Որպես փոփոխությունների ակնկալվող արդյունք Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է աղքատության կրճատումը։ Այսինքն՝ այս փոփոխությունները պետք է նպաստեն աղքատության կրճատմանը։ Ես միշտ շեշտել եմ՝ հիմա ո՞վ է ավելի աղքատ՝ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողը, թե 2 մլն դրամից բարձր ստացողը։ Ակնհայտ է սրա պատասխանը. չի կարելի 2 մլն դրամ ստացողի հարկերը կրճատել, 150 հազար դրամ ստացողինը չկրճատել, մի բան էլ՝ նրա ծախերն ավելացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացման արդյունքում և ասել, որ այս փոփոխությունները հանգեցնելու են աղքատության կրճատմանը։ Այսինքն՝ չկա հստակ հիմնավորում։

Առաջ է քաշվում նաև այն փաստարկը, որ եկամտային հարկի համահարթ տարբերակում բացարձակ թվով, այսպես թե այնպես, մինչև 150  հազար դրամ աշխատավարձ ստացողն ավելի քիչ է վճարելու, քան դրանից բարձր աշխատավարձ ստացողները։

Աշխարհում գոյություն ունի վերաբաշխման սկզբունք։ Պետությունը պետք է միշտ համահարթեցնողի դերում լինի՝ հօգուտ աղքատների։ Պետք է հարուստներին ավելի շատ հարկի, որ հարուստների և աղքատների միջև եղած անդունդը ավելի չխորանա։ Եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը, որ ներդրվեց և հիմա գործում է, այս սկզբունքի հիման վրա է կառուցվել։ Իսկ համահարթ տարբերակը այս խնդիրը չի լուծում։

Դուք հաշվարկներ կատարե՞լ եք և ունե՞ք առաջարկներ, թե ինչ դրույքաչափեր կարելի է սահմանել եկամտային հարկի արդյունավետ տարբերակ ստանալու համար։

Մենք առաջարկում ենք մինչև 400  հազար դրամը հարկել 15-20 %-ով,  իսկ 400 հազար դրամից սկսած՝ ավելի բարձր դրույքաչափեր սահմանել՝ սկսած 30 %-ից։ Կամ նվազագույն սպառողական զամբյուղի չափով աշխատավարձը չհարկել և դրանից հետո եռաստիճան համակարգ սահմանել։

Այդ դեպքում պետական բյուջեն կորուստներ չի՞ ունենա։ Եթե այո, ապա ինչո՞վ եք առաջարկում լրացնել այդ կորուստները։

Կարող ենք եկամտային հարկի դրույքաչափերը այնպես փոփոխել պրոգրեսիվ սկզբունքով, որ ինքն իրենով արդեն կորուստները լրացնի։ Իսկ եթե կորուստներն ամբողջությամբ չլրացվեն, նույնպես կարելի է ակցիզային հարկի մեջ փոփոխություններ կատարել։

Ֆինանսների նախարարության ներկայացրած փաթեթում առաջարկվում է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում բյուջեի հարկային եկամուտների կորուստը, որը տարեկան կկազմի շուրջ 27.5 մլրդ դրամ, լրացնել որոշ հարկատեսակների բարձրացմամբ, օրինակ՝ ակցիզային հարկի։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս քայլն արդյունավետ։

Դեմ չեմ ակցիզային հարկի բարձրացմանը, ցանկի ընդլայնմանը, բայց այն պետք է արդար սկզբունքով  իրականացվի։ Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման իմաստն այն է, որ եթե քաղաքացին գիտակցում է, որ առողջությանը դրանք վնաս են տալիս, բայց գնում է, ապա ավելի բարձր գին են սահմանում, որ ավելի քիչ օգտագործի, և պետությունն էլ դրանից շահի։ Այսինքն՝ սա որոշ չափով նաև քաղաքականություն է՝ ուղղված ծխելը և ալկոհոլային խմիչքի օգտագործումը սահմանափակելուն։ Բայց անհասականալի է, օրինակ, լիմոնադի ակցիզային հարկի բարձրացումը, որի արդյունքում լիմոնադը ևս թանկանալու է։ Մասնագետները կասեն, որ այս անհասանալի նյութերով խմիքչները ևս առողջությանը վնասում են, դա պարզ է։ Բայց այս ապրանքները ընդհանրապես չպետք է լինեն ակցիզային հարկով հարկվող ապրանքների շարքում։ Գումարած դրան՝ 150 հազար դրամ ստացողների եկամտային հարկը չի նվազում, բայց նրանց ծախսերը փաստորեն ավելանում են, քանի որ ակցիզային հարկի բարձրացման արդյունքում ապրանքները թանկանալու են։ Մարդը ստանում է նույն եկամուտը, նրա համար հարկը չի փոփոխվում, բայց ծախսն աճում է, քանի որ հարուստների հարկերը նվազեցնելու համար թանկանում են այն ապրանքները, որոնցից օգտվում է նաև նա։ Այսինքն՝ համահարթեցման համար աղքատների «ջանից են քերում»։

Ներկայացված փաթեթում ուշագրավ դրույթները շատ են, մեկ հարցազրույցում չենք կարող բոլորին անդրադառնալ։  Բիզնեսով զբաղվողները քննարկում են նաև արտոնագրային հարկը, որով հարկվողները, անկախ շրջանառության չափից, վճարում են հաստատուն վճար։ Հիմա առաջարկվում է 2020թ. վերացնել արտոնագրային հարկի համակարգը ու նրանց տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ։ Ըստ Ձեզ՝ այս համակարգի մասնակիցների իրական շրջանառությունը հնարավո՞ր է վերահսկել։

Արտոնագրային հարկի չեղարկումը բավականին վտանգավոր առաջարկ է։ Արտոնագրային հարկը սահմանվել է դժվար վերահսկելի ոլորտների համար։ Աշխարհում ընդունված է, որ բոլոր դժվար վերահսկելի ոլորտներում, որտեղ հնարավոր չէ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայությունների վերջնական արդյունքը հարկել, այդ դեպքում կիրառում են ֆիքսված հարկադրույք։ Այսինքն ՝ բոլորը այդ դեպքում վճարում են նույն չափի հարկ։ Մեր ներկայիս արտոնագրային հարկի թերությունն այն է, որ գոտիանականության տարանջատում չունենք։ Օրինակ՝ ատամնաբուժարանը, որը գործում է Երևանի կենտրոնում, հարկվում է նույն չափով, որքան, օրինակ, Չարբախում գտնվող ատամնաբուժարանը։ Բայց կենտրոնում գտնվող բիզնեսները ավելի մեծ եկամուտներ են ունենում, քան քաղաքի ծայրամասում գտնվողները։ Հիմա Ֆինանսների նախարարությունն առաջարկում է չեղարկել ատրոնագրային վճարով հարկումը և հարկել վերջնական եկամուտները։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ դրանք այն ոլորտներն են ու այն մասնագետները, որոնց շրջանառությունը չեն կարող վերահսկել։ Օրինակ՝ վարսավիրին, ատամնաբույժին, ավտոտեխսպարակման աշխատողներին դիմելիս մենք արդեն ունենում ենք մեր նախընտրած մասնագետներին և երկար տարիներ դիմում նրանց։ Մի անգամ մարդն ընտրում է վարսավիր և կարող է՝ տարիներով իր հաճախորդը դառնալ։ Ու ձևավորվում են մտերմիկ հարաբերություններ, ընկերություն։ Եվ այս դեպքում եկամուտների թերհայտարարագրման շատ մեծ ռիսկ ունենք։ Այսինքն՝ նույն վարսավիրը կամ ատամնաբույժը իրենց ծանոթին կարող են ՀԴՄ կտրոն չտրամադրել ու թաքցնել իրական եկամուտները։ Այսինքն՝ այս փոփոխությունը չի աշխատելու։ Այս ոլորտներում գործող սուբյեկտները իրենց շրջանառության 10-20 %-ը, հազիվ թե, ցույց տան։

Արտոնագրային հարկ են վճարում նաև խաղային ոլորտի մասնակիցները՝ խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները։ Նախատեսվում է նրանց տեղափոխել շահութահարկի դաշտ։ Ֆինանսների նախարարությունից ասում են, որ նրանց հարկերը բավականին կբարձրանան և հավաստիացնում, որ խոսքը հավակնոտ թվերի մասին է։ Այդ մասին մեր հոդվածի արձագանքներից հասկացանք, որ մարդիկ ողջունում են այս առաջարկը։ Ձեր կարծիքով՝ հարկային մարմինները կկարողանա՞ն վերահսկել այս դաշտը։

Այո, բուքմեյքերական ընկերություններին ցանկանում են բերել շահութահարկի դաշտ։ Դրան մենք կողմ ենք, որովհետև դա այն ոլորտն է, որին հնարավոր է վերահսկողության տակ պահել ու իրական շրջանառությունը տեսնել։ Հիմա շատ են օնլայն խաղադրույքները, և գումարները նստում են բանկային հաշիվներին, վճարային համակարգերում եղած հաշիվներին, ու այդ գումարները հիմնականում փախչելու տեղ չունեն։ Կարծում ենք՝ հնաարավոր է վերահսկել։ Նույնիսկ, կարելի է խաղային ոլորտի հարկերն այնքան բարձրացնել, որ Հայաստանում նրանց մի մասը չկարողանան գործել։ Այս ոլորտը մեր ազգին տանում է կործանման։ Ազգի կեսն այսօր գործազուրկ է, ու պարապությունից մարդը խաղադրույքներ է կատարում։ Կարելի է պարզապես արտոնագրային հարկ վճարող ոլորտների ցանկից առանձնացնել այս ոլորտն ու այլ հարկային դաշտ տեղափոխել։ Ընդհանրապես, շատ լավ տարբերակ է հարկային քաղաքականությունը մշակել ըստ ոլորտների։ Այսօր բոլորին ասում ենք՝ եկեք վճարեք 20 % ԱԱՀ, 18 %  շահութահարկ, 5 % շրջանառության հարկ, այնինչ կարելի է գործունեության ոլորտները տարանաջատել:

Նախատեսվում է շահութահարկը նվազեցնել` 20 %-ից դարձնելով 18 %: Որքանո՞վ սա կթեթևացնի տնտեսվարողների հարկային բեռը։

Հիմա՝ 2018 թվականի արդյունքները ամփոփելիս, տնտեսվարող սուբյեկտները առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն շահաբաժինները հարկելու մասին։ Առաջին անգամ շահութամասի՝ դիվիդենդների հարկի բեռը զգալու են այս տարի, երբ բաշխելու լինեն 2018 թվականի շահույթը։ Մինչև այսօր բոլոր տնտեսվարողների համար շահութահարկի դրույքաչափը եղել է 20 %: Ֆինանսների նախարարությունից հիմա դրական կողմն են ներկայացնում։ Ասում են՝ մենք 20 %-ը դարձնում ենք 18 %: Բայց, իրականում, չի նվազում շահութահարկի հարկային բեռը։ Այսինքն՝ 20 %-ը դարձնում են 18 %, բայց դրան գումարվում է դիվիդենդների 5 % հարկը։ Գումարային՝ ստացվում է, որ առաջ 20 % էր՝ կդառնա 23 %: Աշխարհում միշտ օրենքները փորձում են շրջանցել այնպես, որ շահաբաժինների հարկ չվճարեն։ Շահաբաժինը տվյալ կազմակերպության տարեկան շահույթից բաժնետերերի մասնաբաժինը ստանալու երևույթն է։ Բաժնետերն է որոշում՝ այդ շահույթը ուզում է ստանալ, թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նա կուտակում է գումարը հինգ տարի և վերջում ստանում։ Այսօր շահաբաժինները հարկվում են, եթե դիվիդենդը վճարվում է բաժնետիրոջը, այդ պրոցեսի ընթացքում է նա հարկվում։ Բայց աշխարհում նման փորձ կա՝ մարդիկ գտնում են կազմակերպություններ, որոնք կամ չեն հարկվում, կամ ցածր տոկոսադրույքներով են հարկվում, օրինակ՝ միկրոձեռնարկությունները, և գումարները փոխանցում են այդ ընկերությանը։ Այսինքն՝ բաժնետերերը կարող են այնպես անել, որ դիվիդենդի հարկ չվճարեն։ Հետևաբար, այս փոփոխությունն անարդյունավետ է։ Միանշանակ, մանևրելու տեղ կա։

Ասացիք, որ տրամաբանական կլինի հարկումը՝ ըստ գոտիականության։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։

Մենք ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիր։ Առաջարկում ենք շահութահարկի դրույքաչափը սահմանել ըստ տարածքների՝ Երևանում և հարակից գոտիներում ավելի բարձր, քան մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող մարզերում։ Դրանով բիզնեսի մի մասը կտեղափոխվի մարզեր։ Հիմա սահմանամերձ համայնքներում ունենք հարկերից ազատման որոշում, բայց դա բավարար չէ։ Կամ մեկ այլ տարբերակ։ Ունենք արդյունաբերության ոլորտներ, որոնք այսօր Հայաստանում առավել մրցունակ են և տարիներ շարունակ աշխարհում ներկայացել են որպես բիզնեսի այդ ճյուղում առաջատար կազմակերպություն։ Օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը վերջին տարիներին ակնհայտորեն զարգացել է։ Միջազգային ներդրողների ուշադրությունը դեպի այս ոլորտներ գրավելու համար կարելի է շահութահարկի ցածր դրույքաչափեր կիրառել։ Եվ այսպես կարելի է ուսումնասիրել ու ըստ ոլորտների արդյունավետ տոկոսադրույքներ որոշել։ Բայց մեզ մոտ մշակվել է Հարկային օրենսգիրք, ու բոլորի համար նույն հարկային դրույքաչափն ու խաղի կանոններն են սահմանվել։

Առաջարկվում է նաև շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝  115 մլն դրամ։

Կարող եմ ասել, որ այդ որոշումը հասարակության բավականին բարձր ճնշումների ներքո ընդունվեց, քանի որ պլանավորված էր շեմն իջեցնել մինչև 58.35 մլն դրամ։ Մենք առաջարկում ենք շրջանառության հարկի շեմ չսահմանել։ Կարելի է մանրածախ առևտրի ոլորտը հարկել 5 %-ով։ Դա կբերի գների թանկացման, բայց շուկան կկարգավորվի, հարկային եկամուտները կավելանան, ու հնարավոր կլինի արդեն մտածել թոշակներն ու պետական ոլորտի աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Այսօր գները արհեստականորեն իջած են։

Եվ վերջին հարցը՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ընտանեկան ձեռնակատիրության համար, ու ի՞նչ արդյունք կտան դրանք։

Տարեկան մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող և բացառապես ընտանիքի անդամ  հանդիսացող աշխատակազմով  և հիմնադիրներով կազմակերպությունները իրավունք ունեն առանց որևէ տեսակի հարկման գործությունեություն ծավալել՝ բացառությամբ յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5 հազար դրամ եկամտային հարկը։ Եվ ունենք նաև ինքնազբաղված անձանց մասին օրենք, ըստ որի՝  կոշկակարները, դերձակները և այլն, չեն հարկվում։ Հիմա առաջարկում են այս երկուսը միացնել իրար՝ 18 մլն շեմը դարձնել 20 մլն դրամ և ազատ թողնել դաշտում արտադրողներին, ինչպես նաև` մինչև 20 մլն դրամ շեմը չհարկել Երևանից դուրս առևտուր կազմակերպողներին։ Նախ մենք ընհանրապես դեմ ենք առևտրականներին որևէ հարկային արտոնություն տրամադրելուն, որովհետև տնտեսական աճի հիմքը արտադրողներն են, ոչ թե՝ առևտրականները։ Բացի այդ, հարկեր չվճարելու համար խոշոր կազմակերպությունները կարող են «տրոհվել» մի քանի փոքր ձեռնարկությունների ու խուսափել հարկերից։ Եվ մենք կկորցնենք այդ ոլորտներից հավաքագրվող հարկերը։ Պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ և՛ փոքրը, և՛ միջինը, և՛ խոշորը հարկվեն։ Դեմ չեմ պրոգրեսիվ, հօգուտ աղքատների բեռի նվազեցմանն ուղղված հարկային քաղաքականությանը, բայց ոչ այս տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter