HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն․ դրանց թիվը 1,3 անգամ աճել է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ այս տարվանից պետությունն իր վրա կվերցնի չարորակ ուռուցքների վիրահատության ծախսերը՝ ավելացնելով, որ մտադիր են նաև անվճար դարձնել ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան։

«Հետք»-ն ուսումնասիրել է չարորակ նոյագոյացությունների ցուցանիշներն Ալավերդիում և պարզել, որ 2011-2017թթ․ տվյալներով (2018թ․ տվյալները դեռևս չեն հրապարակվել)՝ դրանց թիվը 1,3 անգամ աճել է։

Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն։ Հիվանդների կեսից ավելին կանայք են։

Տարեկան միջինը 110 հոգու մոտ կյանքում առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվում։ Դրանց մեջ ամենատարածվածներից են կրծքագեղձի, շնչափողի, բրոնխի, թոքի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները։



Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգ Հարություն Միքայելյանն ասում է, որ տարիներ առաջ իրենց բժշկական կենտրոնը չուներ բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ նույնիսկ նորագոյացությունները լիարժեք ախտորոշելու համար։

«Առաջ չունեինք մամոգրաֆիա, նորմալ ռենտգեն ապարատ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիայի ապարատ չունեինք, սա գիտե՞ք ինչ է։ Օրինակ, մարդու ստամոքսը ցավում էր, չգտեին՝ խոց է, թե ինչ»,- պատմում է Հ․ Միքայելյանը։ Նա ասում է, որ վերջին 10 տարին է, ինչ ունեն սոնոգրաֆիայի սարք և 1 տարի է՝ մամոգրաֆիայի։

«Համակարգչային տոմոգրաֆիան շատ թանկ հաճույք է, իհարկե, բայց որ Վանաձորում էլ լինի, մեզ հերիք է»,- ասում է օնկոլոգը՝ նշելով, որ քիմիաթերապիայի համար գնում են Վանաձոր, իսկ վիրահատությունների դեպքում` ուղղորդում են Երևան։

Ըստ նրա՝ Ալավերդու բնակիչներն ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը․ հայ ազգին բնորոշ չէ դիմել բժշկի մինչև «դանակը ոսկորին չհասնի»։

2011-2017թթ ընթացքում Ալավերդիում գրանցված չարորակ նոյագոյացությունների կեսից ավելին՝ 52․95 %, գրանցվել է կանանց մոտ։ Դրանց մեջ գերակշռում է հատկապես կրծքագեղձի քաղցկեղը, որն Ալավերդիում ամենաշատ հանդիպող չարորակ նորագոյացությունների ցանկում երկրորդն է՝ 15․95 %:

Հարություն Միքայելյանն ասում է, որ կրծքագեղձի քաղցկեղի աճի տենդենց կա ամբողջ Հայաստանում, ոչ միայն Ալավերդիում։

Նա ևս փաստում է, որ իր հիվանդների մեջ շատ են կանայք՝ 40-50 տարեկան։

«Հայ կինը մնում է հայ կին․ ասում է՝ ամուսինս պետք է գա, Ռուսաստան է, և բուժում չի անցնում, մինչև ամուսինը չգա»,- նշում է բժիշկը։

Ամենատարածված չարորակ նորագոյացություններից երրորդը շնչափողի, բրոնխի, թոքի քաղցկեղն է՝ 15․2 %: Հ․ Միքայելյանն ասում է, որ լավ կլիներ պետությունը գումար հատկացներ, որ Ալավերդիում տարին գոնե մեկ անգամ մարդիկ թոքերը նկարեին։

Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

Oncology in Alaverdi
Infogram

Նա պատմում է, որ երբեմն խնդիրներ են առաջանում անվճար բժշկական օգնության համար տրված ուղեգրերի հետ․ հիվանդներին Երևանում երբեմն մերժում են անվճար հիմունքով ընդունել՝ հայտնելով, որ «անվճարի լիմիտը լրացել է»։

«Լավ է, որ ես կարող եմ տալ անվճար բաց ուղեգիր, որով մարդիկ կարող են գնալ իրենց ուզած տեղը։ Բայց, օրինակ, ես գրում եմ անվճար համակարգչային տոմոգրաֆիայի ուղեգիր, մեկ էլ տեսնում եմ՝ մարդիկ հետ են գալիս։ Հարցնում եմ՝ ինչի ես հետ եկել, ասում է ՝մերժել են, ասել են՝ տեղ չկա, լիմիտը լրացել է։ Բայց իմ հիվանդները ժամանակ չունեն սպասելու․ ստացել են 5 կուրս քիմիա, պետք է անցնեն տոմոգրաֆիան, որ տեսնենք՝ քիմիան շարունակենք, թե վիրահատենք»,- ասում է օնկոլոգը։

Նա նաև փաստում է, որ թեև տրամադրվելիք դեղերն ու քիմիաթերապիան անվճար են, սակայն Հայաստանում դրանց որակն այնքան էլ բարձր չէ․ քիմիաթերապիայի համար անհրաժեշտ լավ դեղերը, ըստ նրա, արժեն 30-50 հազար ԱՄՆ դոլար՝ 1 հիվանդի համար։

«Քիմիան, որ ստանում են Հայաստանում․․․ Ես կարող եմ ասել՝ սիգան էլ է ձուկ, կիլկան էլ է ձուկ, ասետրինան էլ է ձուկ։ Մենք այսօր «ասետրինա» քիմիայի դեղ չենք ստանում։ Պետությունը զարգացած է, լավ էլ գիտենք դեղերի անունները, համա՝ այսօր բյուջեն թույլ չի տալիս, որ մենք այդ դեղը բերենք․ սրսկում ենք այն, ինչ որ մեր գրպանում, մեր բյուջեում ունենք»,- ասում է նա։

- Իսկ մերը, ո՞րն է, «կիլկա՞ն» է (հեղ․)

- Մե՞րը․․․ մերը հույսն է,- ժպիտով եզրափակում է օնկոլոգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter