HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ակումբային ֆուտբոլի ամենամեծ սկանդալը կամ «Ուլիսի» ոդիսականը

2015-16 թթ. ձմռանը մեծ հնչեղություն ստացավ երեւանյան «Ուլիս» ֆուտբոլային ակումբի 4 աշխատակիցների ձերբակալությունը, որոնք կասկածվում էին ֆուտբոլային հանդիպումների ելքի վրա ազդելու նպատակով կաշառք տալու եւ ստանալու մեջ: Նրանք էին ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզիչներ Գագիկ Սիմոնյանն ու Ռուբեն Առուշանյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Սա աննախադեպ երեւույթ էր հայկական ֆուտբոլում, բայց մեծ աղմուկ բարձրացնելուց կարճ ժամանակ անց գործն անուշադրության մատնվեց ոչ միայն ֆուտբոլային աշխարհի, այլեւ մամուլի կողմից, այնինչ այս պատմությունն իր ավարտին հասավ միայն վերջերս՝ 2018-ի դեկտեմբերին՝ տեւելով 3 տարի: Ինչպե՞ս ծագեց սկանդալը, ո՞ւմ նախաձեռնությամբ իրավապահները խոշորացույցի տակ առան «Ուլիսին», ի՞նչ ընթացք ու ավարտ ունեցավ պատմությունը, եւ արդյոք բացահայտվեցին պայմանավորված խաղեր կազմակերպելու իրական եւ բոլոր կազմակերպիչները: Այս հարցերի պատասխանները կփորձենք տալ ստորեւ՝ ձեռքի տակ ունենալով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված գործի 6 հատորները:

Նամակ ԱԱԾ-ին

2015-ի նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նամակ է ուղարկում ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ հայտնելով, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնություններում, ինչպես նաեւ գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի զեկույցի համաձայն, առկա են եղել պայմանավորված խաղեր: Հայրապետյանը նշել է 6 հանդիպման մասին.

20.09.2014 - «Շիրակ»-«Ուլիս»՝ 1-2 (բարձրագույն խումբ, 2014/15 մրցաշրջան)
20.10.2015 - «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2»՝ 9-0 (առաջին խումբ, 2015/16 մրցաշրջան)
25.10.2015 - «Ուլիս»-«Ալաշկերտ»՝ 0-3 (բարձրագույն խումբ, 2015/16 մրցաշրջան) 
27.10.2015 - «Արարատ-2»-«Բանանց-2»՝ 1-2 (առաջին խումբ, 2015/16 մրցաշրջան)
28.10.2015 - «Ուլիս»-«Բանանց»՝ 0-3 (գավաթի խաղարկություն, 2015/16 մրցաշրջան)
01.11.2015 - «Միկա»-«Ուլիս»՝ 1-0 (բարձրագույն խումբ, 2015/16 մրցաշրջան)

2014/15 եւ 2015/16 մրցաշրջաններում բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցել է 8 ակումբի 8 թիմ («Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Միկա», «Շիրակ», «Ուլիս», «Փյունիկ»), որոնց դուստր թիմերն էլ մասնակցել են առաջին խմբի առաջնություններին: Հայրապետյանի ներկայացրած ցանկում բացակայում է Երեւանի «Փյունիկի» անունը, չնայած ՈւԵՖԱ-ի կողմից կասկածելի համարվող խաղերից մեկն էլ եղել է «Փյունիկ-2»-ի մասնակցությամբ (02.11.2015 - «Փյունիկ-2»-Գանձասար-Կապան-2»՝ 2-0 (առաջին խումբ, 2015/16 մրցաշրջան)): Ինչո՞ւ ՀՖՖ նախագահը չի նշել այս հանդիպման մասին. գուցե այն պատճառով, որ իր ընտանի՞քն էր դրա սեփականատերն այդ ժամանակ:

UEFA-FFA.png (125 KB)

Հետագայում հարուցված քրգործի փաստաթղթերում, սակայն, տեսնում ենք, որ ՈւԵՖԱ-ն ՀՖՖ-ին հայտնել է 7 պայմանավորված խաղի մասին: Դրանցում Հայրապետյանի ներկայացրած «Շիրակ»-«Ուլիս» (1-2, 2014 թ.) խաղի փոխարեն նշված է այլ հանդիպում՝ «Շիրակ»-«Ուլիս»՝ 3-2 (09.08.2015, բարձրագույն խումբ, 2015/16 մրցաշրջան), եւ, ինչպես ասվեց, «Փյունիկ-2»-ի մասնակցությամբ խաղը:  

Այդուհանդերձ, պետք է շեշտել, որ ՈւԵՖԱ-ն նշված հանդիպումներում, վերլուծելով խաղային ու գոլային դրվագները, ինչպես նաեւ հանդիպումների վրա կատարված խաղադրույքները, կասկածելի է համարել կոնկրետ թիմի գործողություններ, այսինքն՝ այնպես չէ, որ մեղադրվել են մասնակից երկու թիմերն էլ: Ընթերցողներին մանրամասների մեջ չխճճելու համար միայն կներկայացնենք, թե որ հանդիպման ժամանակ որ թիմն է, ըստ ՈւԵՖԱ-ի, աչքի ընկել կասկածելի գործողություններով կամ կեղծել խաղի հաշիվը:

09.08.2015 - «Շիրակ»-«Ուլիս»՝ 3-2 («Ուլիս», ՈւԵՖԱ-ն հիշեցրել է, որ նույն թիմերի մասնակցությամբ 2014 թվականի հանդիպումն էլ է կասկածելի եղել)
20.10.2015 - «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2»՝ 9-0 («Գանձասար-Կապան-2»)
25.10.2015 - «Ուլիս»-«Ալաշկերտ»՝ 0-3 («Ուլիս») 
27.10.2015 - «Արարատ-2»-«Բանանց-2»՝ 1-2 («Արարատ-2»)
28.10.2015 - «Ուլիս»-«Բանանց»՝ 0-3 («Ուլիս»)
01.11.2015 - «Միկա»-«Ուլիս»՝ 1-0 («Ուլիս»)
02.11.2015 - «Փյունիկ-2»-Գանձասար-Կապան-2»՝ 2-0 («Գանձասար-Կապան-2»)

ՀՖՖ նախագահն ԱԱԾ տնօրենին ուղղված նամակում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կասկածները հաստատվելու դեպքում դրա կազմակերպիչների, ինչպես նաեւ մասնակիցների արարքները համապատասխանում են ՀՀ ՔՕ 201 հոդվածով սահմանված հանցակազմին, ինչպես նաեւ այդ հանցավոր խմբերի դեպի Հայաստան հետագա մուտքերը կանխելու նպատակով խնդրում ենք ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բոլոր ներգրավված անձանց պարզելու եւ նրանց օրենքին համապատասխան պատասախանատվության ենթարկելու համար»:

ԱԱԾ-ն անցնում է գործի

2015-ի նոյեմբերին ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը դատարանից թույլտվություն է ստանում գաղտնալսել Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի հովանավոր Վալերի Օգանեսյանին (ՌԴ քաղաքացի), ֆուտբոլիստներ Պապին Թեւոսյանին, Գոռ Մարտիրոսյանին, Հայկ Հունանյանին, ինչպես նաեւ խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանին եւ քաղաքացի Գարիկ Բոշյանին: Նրանցից Հունանյանն ու Պետրոսյանը հետագայում հայտնվում են մեղադրյալի աթոռին, իսկ մյուսները ներգրավվում են իբրեւ վկա:  

ԱԱԾ գործողություններին դեռ կվերադառնանք, բայց մինչ այդ անդրադառնանք «Ուլիս» ակումբին:

«Ուլիսի» ոդիսականը՝ ամփոփ

««Ուլիս» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն (Ուլիս, Ուլիսես՝ Ոդիսեւսի լատիներեն տարբերակը) հիմնադրվել է 2006-ի ապրիլին: Ակումբը նույն թվականից իր «Ուլիս» թիմով սկսել է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը, ուներ նաեւ դուստր թիմ՝ «Ուլիս-2» (նախկինում՝ «Շենգավիթ»), որը մասնակցում էր առաջին խմբի առաջնությանը: 2006-2010 թթ. ակումբի նախագահը Գառնիկ Հայրապետյանն էր, 2010-2014 թթ.՝ Արտակ Հարությունյանը, ով նախկին պաշտոնյա Ալեքսան Հարությունյանի կրտսեր եղբայրն է: «Ուլիսն» այս ընթացքում բավական հաջող ելույթներ ունեցավ Հայաստանի առաջնությունում: 2009 եւ 2010 թթ. թիմը զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ 2011-ին դարձավ չեմպիոն՝ ընդհատելով «Փյունիկի» 10-ամյա (2001-2010 թթ.) հեգեմոնիան (այն ժամանակ առաջնությունն անցկացվում էր գարուն-աշուն մրցակարգով եւ համընկնում էր օրացուցային տարվան, իսկ 2012/13-ից անցկացվում է աշուն-գարուն մրցակարգով): 2014-ի մարտ-հուլիսին ակումբի նախագահը Գագիկ Գալստյանն էր, որին փոխարինեց Գենրիխ Կազանջյանը: Վերջինիս օրոք՝ հենց 2014-ի հուլիսին, ՀԿ-ն հիմնադրեց ««Ուլիս» ֆուտբոլային ակումբ» ՓԲԸ:

Նոր ղեկավարության օրոք առաջին իսկ (2014/15) մրցաշրջանի աշնանային հատվածում «Ուլիսն» առաջատարն էր, ու թվում էր, թե գալիք ամռանը երկրորդ անգամ է դառնալու Հայաստանի չեմպիոն: Դրանում մեծ էր թիմի հովանավոր, ռուսաստանցի Վալերի Օգանեսյանի ներդրումը, որն արտասահմանից հրավիրել էր մեծ թվով լեգեոներների, որոնք էլ կարողանում էին արդյունք ապահովել: Սակայն 2014-ի վերջում ակումբում սկսված ֆինանսական խնդիրների պատճառով թիմը վերջնարդյունքում իրենից առաջ թողեց Հայրապետյանների «Փյունիկին», որը 14-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: «Ուլիսը» զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչով էլ իրավունք ստացավ 2015-ի ամռանը մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկությանը, սակայն առաջին իսկ փուլից դուրս մնաց պայքարից: Թիմի եվրոպական ելույթներից առաջ արդեն լուրեր կային, որ Օգանեսյանը լեգեոնականների մի մասին «Ուլիսից» տեղափոխելու է Ռուսաստան՝ Արմավիր քաղաքի «Տորպեդո» ակումբ: Այդպես էլ եղավ. երեւանյան թիմը, դուրս մնալով ԵԼ-ից, զրկվեց նաեւ արտասահմանցի որակյալ խաղացողներից ու ստիպված էր 2015/16 մրցաշրջանն սկսել ավելի թույլ կադրերով: Հասկանալի էր, որ Օգանեսյանն իր ուշադրությունը բեւեռել էր ռուսական «Տորպեդոյի» վրա, որի նախագահն էր դարձել: Պատահական չէ, որ 2015-ի օգոստոսին ««Ուլիս» ՖԱ» ՀԿ-ն նույնանուն ՓԲԸ-ն ամբողջությամբ վաճառեց երեւանցի Անուշավան Սարգսյանին:

2015/16 մրցաշրջանը կիսատ մնաց «Ուլիսի» համար, քանի որ 2015-ի վերջում ծագած սկանդալից հետո՝ 2016-ի փետրվարին, ՀՖՖ արտոնագրման կոմիտեն ակումբին զրկեց ներքին առաջնություններում եւ եվրոպական ասպարեզում հանդես գալու իրավունք տվող արտոնագրերից, ինչի հետեւանքով էլ «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերը դուրս մնացին Հայաստանի առաջնություններից:

Ավելի ուշ՝ 2018-ի հունվարին, դատարանը ՊԵԿ-ի պահանջով սնանկ ճանաչեց ««Ուլիս» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն, իսկ մայիսին նույն բախտին արժանացավ համանուն ՓԲԸ-ն:   

Շարունակելի                 

Լուսանկարում՝ Վ. Օգանեսյանը, Ռ. Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter