HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խաղադրույքներն՝ ընդդեմ ազնիվ խաղի. հայկական ֆուտբոլի «մութ երեսը»

սկիզբը

Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ նամակից հետո ԱԱԾ-ն դատարանից թույլտվություն է ստացել գաղտնալսել «Ուլիս» ակումբի հովանավոր Վալերի Օգանեսյանին (ՌԴ քաղաքացի), ֆուտբոլիստներ Պապին Թեւոսյանին, Գոռ Մարտիրոսյանին, Հայկ Հունանյանին, ինչպես նաեւ խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանին եւ քաղաքացի Գարիկ Բոշյանին: Նրանցից Հունանյանն ու Պետրոսյանը հետագայում հայտնվել են մեղադրյալի աթոռին, իսկ մյուսները ներգրավվել են իբրեւ վկա:

Սակայն շեշտենք, որ խաղադրույքներ ընդունող Է. Պետրոսյանը տեւական ժամանակ եղել է վկա, ընդ որում՝ նրա ցուցմունքներն առանցքային դեր են ունեցել գործում: Էդգար Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ 2014-ի աշնանից մինչեւ 2015-ի աշուն ինքը Երեւանում աշխատեցրել է «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, ծանոթ է եղել իր մոտ խաղադրույքներ կատարող «Ուլիսի» աշխատակիցների հետ, սակայն նրանց կողմից «Ուլիսի» խաղերի ելքի վրա կատարված խաղադրույքներն ընդունել է betfair.com կայքի միջոցով, քանի որ, ըստ Պետրոսյանի, «Տոտոն» Հայաստանի առաջնության վրա խաղադրույքներ չէր ընդունում:

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու խաղ՝ 2015-ի նոյեմբերի 28-ին կայացած բարձրագույն խմբի «Արարատ»-«Ուլիս» (3-1) եւ նոյեմբերի 30-ին կայացած առաջին խմբի «Արարատ-2»-«Ուլիս-2» (2-1) հանդիպումները: Հենց սրանց վերաբերյալ են տվյալներ ձեռք բերել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում:

Գաղտնալսումների միջոցով բացահայտվել է, թե ինչպես են խաղացողներն ու «Ուլիս» ակումբի մյուս աշխատակիցները խաղադրույքներ կատարում սեփական թիմի ելույթների վրա: Խոսակցությունների վերծանումները, վկաների ու մեղադրյալների ցուցմունքները կարդալիս պարզ է դառնում, որ պրոֆեսիոնալ սպորտի ներկայացուցիչ համարվող որոշ անձանց համար տարբեր խաղերի, այդ թվում՝ սեփական թիմի հանդիպումների վրա խաղադրույքների միջոցով փող աշխատելը սովորական երեւույթ է: Այստեղ ավելորդ է խոսել մարզական էթիկայի, ազնիվ մրցակցության ու պրոֆեսիոնալիզմի մասին: 

Արման Թությանը շահել է սեփական թիմի պարտությունից

«Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպման վրա խաղադրույք կատարողներից մեկը եղել է «Ուլիսի» կիսապաշտպան Արման Թությանը, ով հետագայում որպես վկա իր ցուցմունքում նշել է. «Խաղից առաջ տեսնելով, որ թիմի կազմը շատ թույլ է, ես մեր թիմի մյուս տղաների ու Արա Ազարյանի հետ եկանք այն եզրահանգման, որն խաղն ավարտվելու է «Արարատի» հաղթանակով, որից հետո ես որոշեցի խաղադրույք կատարել, որ առաջին խաղակեսում «Արարատը» կհաղթի 2 գոլի տարբերությամբ (առաջին կեսն ավարտվել է «Արարատի» օգտին՝ 2-0- հեղ.)… Էդգարը ինձ համար կատարեց 900 դոլարի խաղադրույք, որով ես շահեցի, որքանով որ հիշում եմ, 684 դոլար: Նշված խաղադրույքը կատարել եմ միայնակ»:

Իրականում Ա. Թությանը կատարել է ընդհանուր 1100 դոլարի խաղադրույք (900-ը նրա համար, որ առաջին կեսում կխփվի նվազագույնը 2 գոլ, 200-ն էլ նրա համար, որ «Արարատը» առաջին կեսում 2 գնդակի առավելություն կունենա): Թությանի ընդհանուր շահույթը կազմել է 816 դոլար: Նա միայնակ է գործել, քանի որ, ըստ ցուցմունքի, խաղընկերները (տվել է Հայկ Հունանյանի եւ Արթուր Հակոբյանի անունները) փոշմանել են:

76f9f6a3f88c1c32a13ca4bef5f.jpg (69 KB)

Ահա մի հատված խաղից առաջ նրա եւ Հ. Հունանյանի զրույցի գաղտնալսումից.

Թության- Ասում եմ, ընգեր, տայմը 1,5 բոլշեն (նկատի ունի, որ առաջին կեսում նվազագույնը 2 գոլ կխփվի):
Հունանյան- Տայմը 1,5 բոլշե՞ն: Արմ ջան, էտի շատ վատ բան ա, կյանք: Էտի նշանակում ա՝ մենք 2 գոլ պիտի թողենք էլի:
Թության- Հա, ի՞նչ գիտես չենք խփի, է:
Հունանյան- Արա, դե, ընգեր, հորս արեւ, բա որ խոսքի չկարենանք խփենք, պտի՞ թողնենք, ջիգյար:
Թության- Հա, «Արարատը» քո ասելով էդքան լոխ ա, չի կարենա խփի՞:
Հունանյան- Դե, մի երկու հատ կարող ա չկարենա, խի՞ պտի կարենա որ: Ու նույն բանն ե՞ն, Արման, ասում (նկատի ունի մյուս խաղընկերներին- հեղ.):
Թության- Ապեր, սաղս խոսքի էտի համաձայն էինք, ես քեզի զանգում եմ, ոնց որ… չեմուչումդ կապել ես, հա՞:
Հունանյան- Չեմուչումդ կապելս ո՞րն ա… Կարող ա՞ ջոկել ես լակոտ ենք:

Արման Թությանը «Արարատ»-«Ուլիս» խաղին իր թիմի մեկնարկային կազմում չի եղել, փոխարինման է մտել 61-րդ րոպեին, երբ թիմը 0-3 հաշվով պարտվում էր: Այսինքն՝ անմիջական ազդեցություն իր կատարած խաղադրույքի իրականացման վրա չի ունեցել: Ըստ էության, այս հանգամանքից ելնելով, ԱԱԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:

Թությանի խոստովանությամբ՝ ինքն ու Հունանյանը նաեւ որոշել էին 500-ական դոլար դնել այն բանի վրա, որ նոյեմբերի 30-ի «Արարատ-2»-«Ուլիս-2» խաղում իրենց թիմը չի պարտվի 2 գնդակի տարբերությամբ, ինչն իրականություն է դարձել. խաղն ավարտվել է 2-1՝ հօգուտ «Արարատ-2»-ի, սակայն, ըստ Թությանի, ինքը ո՛չ Էդգար Պետրոսյանի մոտ, ո՛չ էլ այլ վայրում այս խաղի վրա խաղադրույք չի կատարել: «Նշված խաղադրույքը ցանկանում էի կատարել իմ ենթադրությամբ, քանի որ գիտեի թե՛ մեր թիմը, թե՛ հակառակորդինը եւ գիտեի ու հասկանում էի, որ չենք կարող պարտվել խոշոր հաշվով»,- ցուցմունք է տվել նա:

Բայց ամսի 30-ի հանդիպման վրա խաղադրույք կատարելու մասին Հունանյանի հետ խոսելիս Թությանը նշում է նաեւ ակումբակիցներ Արթուր Հակոբյանի ու Կարեն Ավետիսյանի անունները, որոնք հետո ցուցմունքներում հերքել են իրենց մասնակցությունը.

Թության- Հորս արեւ, գիտե՞ս ինչ ա տալի 1,9 կաեֆիցենտը:
Հունանյան- Ի՞նչ:
Թության- Որ երկու գոլով չենք կրվի:
Հունանյան- Լուրջ ե՞ս ասում:
Թության- Հորս արեւ:
Հունանյան- Յա, բա դրանից էլ հիասքանչ բան:
Թության- Ասե՞նք Վարդանին… դնի:
Հունանյան- Ըհը, ըհը:
Թության- Տղերքն էլ սաղ համաձայն են, ես, դու, Կարենչիկը, Արտուրիկն ենք հըլը որ:    

Նշենք, որ այդ հանդիպմանը Թությանը, Հ. Հունանյանն ու Կ. Ավետիսյանը մասնակցել են ամբողջ 90 րոպե, իսկ Ա. Հակոբյանը՝ միայն առաջին խաղակեսը: Ըստ Է. Պետրոսյանի՝ Թությանն իր միջոցով նաեւ օտարերկրյա ֆուտբոլային տարբեր հանդիպումների վրա է խաղադրույքներ կատարել, ինչը փաստվել է նաեւ գաղտնալսմամբ:

Մի քանի ֆուտբոլիստներ պնդել են, որ խաղադրույքներ չեն կատարել

Գաղտնալսված ֆուտբոլիստներից դարպասապահ Պապին Թեւոսյանը որպես վկա հայտնել է, որ Էդգար Պետրոսյանի մոտ շատ խաղադրույքներ է կատարել, բայց միայն մեկ անգամ է գումար դրել Հայաստանի առաջնության խաղի վրա («Փյունիկ-2»-«Ալաշկերտ-2»), իսկ ընդհանրապես 2015/16 մրցաշրջանում «Ուլիսի» եւ «Ուլիս-2»-ի մասնակցությամբ հանդիպումների վրա խաղադրույք չի կատարել: Իր ցուցմունքում նա տվել է Տիգրան Դավթյանի անունը, ով «Արարատ»-«Ուլիս» (3-1) խաղում եղել է հյուրերի դարպասապահը: Մեկնաբանելով իր եւ Դավթյանի գաղտնալսված զրույցը՝ Թեւոսյանը հայտնել է, որ Տիգրանն, իր ասելով, խաղադրույք էր կատարել այդ հանդիպման վրա, սակայն պարտվել է: Դավթյանը սա իր ցուցմունքում հերքել է՝ ասելով, թե կյանքում խաղադրույք չի կատարել, իսկ Թեւոսյանի հետ կատակել է: Այդուհանդերձ, երկուսն էլ չեն հերքել, որ ցանկացել են 500-ական դոլար խաղադրույք կատարել «Արարատ-2»-«Ուլիս-2» հանդիպման վրա, ինչն ապացուցվում է գաղտնալսմամբ: Բայց երկուսն էլ պնդել են, որ փաստացի խաղադրույք չեն կատարել այդ խաղի վրա (հանդիպմանը նրանք չեն մասնակցել):  

Գաղտնալսված մյուս դարպասապահը՝ Գոռ Մարտիրոսյանը, կրկին որպես վկա նշել է. «Ընդհանրապես խաղադրույք չեմ կատարել եւ չեմ կատարում մինչ օրս, քանի որ դա ֆուտբոլիստի համար նախ վայել չէ, համ էլ, ըստ պայմանագրի, ֆուտբոլիստն իրավունք չունի խաղադրույք կատարել»: Վկայի կարգավիճակում ցուցմունք են տվել նաեւ «Ուլիսի» ֆուտբոլիստներ Վիգեն Ավետիսյանը, Կարեն Ավետիսյանը, Արթուր Հակոբյանը: Վերջին երկուսի անունները շոշափվել են գաղտնալսված խոսակցություններում եւ ցուցմունքներում, սակայն երկուսն էլ, ինչպես Վ. Ավետիսյանը, հայտնել են, թե երբեւէ խաղադրույք չեն կատարել որեւէ խաղի վրա:   

Գործարքների մեխանիզմը

Չնայած, ինչպես ասվեց, Թությանը միայնակ է խաղադրույք կատարել, բայց նա այդ հարցում միակը չի եղել: Էդգար Պետրոսյանի՝ Արա Ազարյանի, Հայկ Հունանյանի եւ Ռուբեն Առուշանյանի հետ ունեցած հեռախոսազրույցների գաղտնալսումների ու նշվածների տված ցուցմունքների արդյունքում պարզվել է, որ «Ուլիսի» այս աշխատակիցները եւս խաղադրույքներ են կատարել իրենց թիմի հանդիպումների վրա:

Առանցքային վկա (հետագայում՝ մեղադրյալ) Է. Պետրոսյանը եւ «Ուլիս-2» թիմի ադմինիստրատոր Ա. Ազարյանը ծանոթներ են եղել (Ազարյանի որդին Պետրոսյանի ընկերն է եղել): Պետրոսյանը նախաքննությանը հայտնել է, որ Ազարյանի հետ ծանոթացել է 2015-ի աշնանը, եւ վերջինս հետաքրքրվել է խաղադրույքներ կատարելու հնարավորությամբ, ինչից հետո ասել է, թե նախօրոք տեղյակ է լինում «Ուլիս-2»-ի խաղերի ելքից (իր հերթին Ազարյանը պնդել է, թե Պետրոսյանն է առաջարկել համագործակցել, ինքն էլ համաձայնել է): Ըստ Պետրոսյանի՝ Ազարյանի հետ պայմանավորվել են այսպես. խաղադրույքների գումարը ինքը կդնի իր գրպանից, հաղթանակի դեպքում Ազարյանին կտա միայն շահումը, մայր գումարը կպահի իրեն, իսկ եթե պարտվի, Ազարյանը կվերադարձնի դրված գումարը:

Այս մեխանիզմը գործել է նաեւ մյուսների դեպքում: Սակայն Էդգար Պետրոսյանը նշել է, թե քանի որ անձամբ ֆինանսական լավ վիճակում չի եղել, պատվիրատուների խաղադրույքները հիմնականում չի կատարել (գումար չի դրել), սակայն շահելու դեպքում նրանց ամբողջությամբ վճարել է շահումները: Այն, որ ինքն այս դեպքում որեւէ շահույթ չէր ունենա, Պետրոսյանը բացատրել է, թե իր նպատակը եղել է betfair.com կայքում բացված անձնական հաշվի շրջանառության մեծացումը:  

Ըստ նրա՝ Արա Ազարյանը 2015/16 մրցաշրջանում «Ուլիսի» մասնակցությամբ 3-4 խաղի վրա է խաղադրույք կատարել իր միջոցով (հետագայում հիշատակել է նաեւ օտարերկրյա մի քանի հանդիպումների մասին): Դրանց թվում են եղել ՈւԵՖԱ-ի կողմից առանձնացված «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2» (9-0) եւ «Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպումները, որոնցից առաջինում, ըստ ՈւԵՖԱ-ի եզրակացության, կապանյան թիմը կեղծել է հաշիվը, իսկ երկրորդ խաղը որակվել է կասկածելի: Պետրոսյանի ցուցմունքի համաձայն՝ հենց «Արարատ»-«Ուլիս» խաղի մասին է Ազարյանն իրեն հայտնել, թե ֆուտբոլիստների հետ նախօրոք պայմանավորվել է հաշվի վերաբերյալ («Ուլիսի» մյուս հանդիպումների դեպքում, որոնց վրա Ազարյանը խաղադրույք է կատարել, նման բան վերջինս չի ասել): Պետրոսյանի խոսքերով՝ ինքը, սակայն, չի հավատացել, որ տեխնիկական աշխատող Ազարյանը կարող է ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների վրա:

Վկայի մեկ այլ ցուցմունքում «Արարատ»-«Ուլիս» հանդիպման մասին Էդգար Պետրոսյանը նշել է. «Արա Ազարյանը ինձ տեղեկացրել է, որ խաղից առաջ ինքը նախապես պայմանավորվել է «Ուլիս» ակումբի ֆուտբոլիստներ Հայկ Հունանյանի, Արմանի, ինչքան որ հիշում եմ, նրա ազգանունը Թության է, Արթուրի, Կարենի հետ (նկատի ունի Արթուր Հակոբյանին ու Կարեն Ավետիսյանին- հեղ.), որից հետո առաջարկել է նրանցից յուրաքանչյուրի համար կատարել 1000 դոլարի խաղադրույք: Ցանկանում եմ ավելացնել՝ Ազարյանն ինձ տեղեկացրել է, որ նախօրոք իրենք պայմանավորվել են, թե ինչպես է տվյալ հանդիպումն ավարտվելու, սակայն ես ներկա չեմ եղել նրանց պայմանավորվածությանը եւ վստահ չեմ՝ նա ինձ ճի՞շտ տվյալներ է հայտնել, թե՞ ոչ»:

Նշենք, որ Է. Պետրոսյանը 9 անգամ ցուցմունք է տվել որպես վկա, 1 անգամ էլ՝ մեղադրյալ (այս վերջին դեպքում հարցերին չի պատասխանել): Չնայած վկայի ցուցմունքները հիմնականում միանման են, որոշ դրվագներում կան տարբերություններ: Մասնավորապես՝ չնայած վերը նշված օրինակում նշում է ֆուտբոլիստներ Հայկի, Արմանի, Արթուրի ու Կարենի անունները, հետագայում Հայկի անունը չի հիշատակում. «Ասել է, որ 1000 դոլար դնեմ Արմանի համար, 1000 դոլար իրա համար եւ, որքանով որ հիշում եմ, 1000 դոլար էլ Կարենի կամ Արթուրի համար կատարեմ նույն խաղադրույքը… Սակայն նա ինձ չի ասել, որ Արմանը, Կարենը կամ Արթուրը կամ էլ մյուս տղաներն ազդելու են խաղի ելքի վրա»:

Ներկայացված տարբերությունների ֆոնին արժե առանձնացնել Պետրոսյանի առաջին ցուցմունքը, որն «ամենաթունդն» է եղել. դրանում Ազարյան-ֆուտբոլիստներ կապի մասին վկան իր ձեռքով գրել է. «Ազարյանն ինչպես խաղերի ժամանակ, այնպես էլ խաղերից առաջ ինձ տեղեկացրել է, որ ինքը կարող է ազդել ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզիչների վրա իր կողմից կատարած խաղադրույքի կողմից: Ավելացնեմ, որ Ազարյանը հանդիպումներից առաջ ինձ տեղեկացրել է, որ «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստները տեղյակ են, թե ինքը ինչքան խաղադրույք է կատարել եւ ինչի վրա: Եղել է դեպք, երբ նա ինձ ասել է, որ իր կողմից կատարված խաղադրույքի դրական արդյունքի հասնելու համար իր ուզած ֆուտբոլիստներն են խաղադաշտում խաղալու, դարպասապահը լավ խաղացող չի, եւ դա իր օգտին է: Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ազարյանը նախօրոք ֆուտբոլիստներին տեղեկացնում էր, թե ինչ եւ ինչքան խաղադրույք է կատարելու, եւ, ըստ ինձ, նա խաղացողներին ասում էր, թե ինչ անեն, որպեսզի իր կողմից կատարված խաղադրույքը դրական ելք ունենա: Շահումը ստանալուց հետո ենթադրում եմ, որ նա այդ գումարից մասնաբաժին պետք է տար այլ մարդկանց: Թե ում ինչքան գումար է տվել եւ ինչ եղանակով, տեղյակ չեմ»:         

«Ես տղերքին պտի նշմար անեմ»

«Արարատ»-«Ուլիս» հանդիպումը կայացել է 2015-ի նոյեմբերի 28-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

ararat-ulysses.jpg (130 KB)

Խաղը մեկնարկել է 14:00-ին: Խաղից րոպեներ առաջ՝ 13:44-ին, Արա Ազարյանը զանգել է Էդգար Պետրոսյանին: Հատված հեռախոսազրույցի գաղտնալսումից.  

Ազարյան- Հեսա մտնում են ռազդեվալկա, ես Արմանչիկին (նկատի ունի Ա. Թությանին- հեղ.) ասել եմ՝ տղերքի հետ մի հատ խոսա, էլի, հենց խոսա, Արմանչիկը սաաբշենի ղրգի, մի բան խփի… ինձ ղրգի սաաբշենի, լա՞վ:
Պետրոսյան- Լավ, Արա ձյա… հենց ղրգի: Քո համար ի՞նչ եմ խփում (խփել ասելով՝ նկատի ունի խաղադրույք անելը- հեղ.):
Ազարյան- Դե կասի Արմանչիկը: Ես սկամեյկա եմ նստելու, չենք զանգվելու, էլի, իրար:

13:59-ին Ազարյանը նորից է զանգել.

Ազարյան- Էս տղերքը չզանգի՞ն քեզ:
Պետրոսյան- Չէ:
Ազարյան- Արա, կպել են ինձի, ասում են՝ ինչ կլինի, զանգի ասա թող դնի, էլի, 3,5 մեկը (նկատի ունի խաղադրույքը, որ հանդիպմանը 3,5 գոլից ավելի կխփվի, այսինքն՝ կլինի նվազագույնը 4 գոլ- հեղ.)…
Պետրոսյան- Ինչքա՞ն:
Ազարյան- 3,5, ինչքա՞ն կարաս:
Պետրոսյան- Հեսա հասնեմ մի հատ տալդա տեղ նստեմ ստեղ ու…
Ազարյան- Ինձի սաաբշենի կգրես, հա՞:

14:06-ին Արա Ազարյանը կրկին զանգել է.

Ազարյան- Ինչ-որ բան կարում ե՞ս…
Պետրոսյան- Դրել եմ, որ խփեն, հիմա սպասում եմ իրանց պատասխանին:
Ազարյան- Ես ուղղակի սկամեյկա չեմ գնացել նստել, սպասում եմ զանգիդ, նոր էթամ նստեմ սկամեյկա, էլի: Ինչքանի՞ց կզանգես:
Պետրոսյան- Դրել եմ, ես հիմա դրել եմ, որ խփեն, իրանց ասել եմ խփել:
Ազարյան- Հա էլի, որ ես տղերքին պտի նշմար անեմ, էլի: 
Պետրոսյան- Լավ:
Ազարյան- Լավ, ապեր:
Պետրոսյան- 1000 է՞ին ուզում բոլշե:
Ազարյան- Հը՞: Հա:

Վերը հիշատակված ֆուտբոլիստներից «Արարատ»-«Ուլիս» խաղում հյուրերի մեկնարկային կազմում են եղել դարպասապահ Տիգրան Դավթյանը, պաշտպաններ Կարեն Ավետիսյանն ու Հայկ Հունանյանը: Արդեն 12-րդ րոպեին Հունանյանը գոլ է խփել, բայց ոչ թե «Արարատին», այլ սեփական թիմին: ՀՖՖ-ն ԱԱԾ-ի խնդրանքով առանձնացրել է հանդիպման կասկածելի պահերը, որոնց թվում է Հունանյանի ինքնագոլի դրվագը: 42-րդ րոպեին, արարատցիներից Գեւորգ Նռանյանը հաշիվը դարձրել է 2-0: Այս դրվագը ֆեդերացիան եւս կասկածելի է որակել. ««Արարատի» ֆուտբոլիստը փոխանցում է կատարում սեփական կիսադաշտից դեպի «Ուլիսի» կիսադաշտ, որի ժամանակ «Ուլիսի» պաշտպանների՝ կանգնած դիրքում գտնվելու պատճառով «Արարատի» ֆուտբոլիստը միայնակ առաջ է շարժվում եւ գնդակը փոխանցում «Ուլիսի» տուգանային հրապարակ, որտեղ խաղընկերը գրավում է դարպասը»: 60-րդ րոպեին էլ Մհեր Սահակյանը 3-րդ գոլն է խփել: ՀՖՖ-ն մեկնաբանել է. ««Արարատի» ֆուտբոլիստը մեծ հեշտությամբ «Ուլիսի» տուգանային հրապարակում անցնում է «Ուլիսի» ֆուտբոլիստին, որից հետո գնդակը փոխանցում է խաղընկերոջը, ով էլ իր հերթին գոլի հեղինակ է դառնում: Այդ գրոհի ժամանակ «Ուլիսի» մյուս պաշտպանները եւ դարպասապահն ուղղակի կանգնած հետեւում են, թե ինչ է տեղի ունենում»:

Այդուհանդերձ, խաղադրույք կատարածների համար 0-3-ը բավարար չէր շահումն ապահովելու համար, անհրաժեշտ էր եւս մեկ գոլ: 61-րդ րոպեին «Ուլիսի» կազմում փոխարինման է դուրս եկել Արման Թությանը, 63-րդին՝ Վիգեն Ավետիսյանը, որն էլ խաղավարտին (90-րդ րոպե) հաշիվը դարձրել է 3-1: Բինգո:

Ինչպես է բաժանվել շահումը

Էդգար Պետրոսյանի ասելով, սակայն, ինքն իրականում խաղադրույք չէր կատարել. «Արա Ազարյանը խնդրել էր, որ ես, եթե չեմ սխալվում, 2000-3000 դոլար խաղադրույք կատարեմ 3,5-ից ավել գոլ գործակցով, ես պատասխանեցի, որ կարող եմ 1000 դոլար խաղադրույք կատարել, ինչին նա համաձայնեց: Շահույթը կազմելու էր 670 դոլար, սակայն ես խաղադրույք չեմ կատարել, իսկ Ազարյանին տեղեկացրել եմ, որ կատարվել է: Խաղն ավարտվել է 3-1՝ հօգուտ «Արարատի», եւ Ազարյանի խաղադրույքն աշխատել է, ու նա պետք է ստանար 670 դոլար, որից, եթե չեմ սխալվում, տվել եմ 400 դոլարը, իսկ մնացածը պարտք եմ մնացել: Այսինքն՝ Ազարյանից ստացել եմ 1000 դոլար խաղադրույքի պատվեր, սակայն այն չեմ կատարել եւ իմ անձնական միջոցներից եմ շահումը տվել»:

USD.jpg (117 KB)

Հետագա ցուցմունքներում, սակայն, Պետրոսյանը մնացած 270 դոլարի մասին նշել է, թե 200-ը Ազարյանին չի տվել, քանի որ վերջինս պարտք էր իրեն, իսկ 70-ի վերաբերյալ մի անգամ ասել է, թե Ազարյանը թողել էր իր մոտ, որ հետո դրանով խաղադրույք կատարի, մեկ այլ դեպքում էլ հայտնել է, թե դա թեյավճար էր նրա կողմից: 

Արա Ազարյանը կասկածյալի կարգավիճակում ցուցմունք տալիս խոստովանել է, որ Էդգարին պատվիրել է 2000-3000 դոլար խաղադրույք կատարել, սակայն դրվել է միայն 1000-ը, ինչի արդյունքում շահել է 670 դոլար: Հայտնել է, որ Պետրոսյանից ստացել է 400 դոլար, որից 100 դոլարն ու 15.000 դրամը տվել է Հայկ Հունանյանին: Մեղադրյալ դառնալուց հետո Ազարյանը պնդել է այս ցուցմունքը: Իր հերթին Հ. Հունանյանը կասկածյալի կարգավիճակում հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց մեղադրյալ դառնալուց հետո հայտնել է, որ խաղերի վերաբերյալ ոչ մեկի հետ նախօրոք չի պայմանավորվել, խաղադրույք չի կատարել. «Միայն կարող եմ ասել, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբներին ինձ զանգահարեց Արա Ազարյանը եւ խնդրեց, որ հանդիպենք: Նույն օրը հանդիպեցինք, եւ Ազարյանը ինձ փոխանցեց 100 դոլար եւ 15.000 դրամ գումար: Նշեմ, որ ես նրան չհարցրեցի, թե ինչ գումար էր դա, քանի որ նրան մի քանի ամիս առաջ պարտքով 100 դոլար էի տվել եւ մտածեցի, որ վերադարձնում է, իսկ 15.000-ի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այլ գումար ոչ մեկից չեմ ստացել»: Այլ հարցերի Հունանյանը չի պատասխանել: Ամիսներ անց մեղադրյալ Ազարյանը փոխել է ցուցմունքը. «Նոր եմ վերհիշել՝ ես Հայկին ընդհանրապես գումար չեմ տվել, եւ մեր հանդիպման իմաստը կայացել է նրանում, որ Հայկն ինձնից հարցնում էր, թե ակումբը մնալու է, թե փակվելու, եւ խորհուրդ էր հարցնում՝ տեղափոխվի մեկ այլ ակումբ, թե ոչ»:

Շարունակելի                         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter