HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ուլիսի» ֆուտբոլային ոդիսականը. ԱԱԾ-ի թիրախում հայտնված ու «սպրդած» մարզիչները

սկիզբը

Ամփոփելով նախորդ հոդվածում ներկայացվածը՝ արձանագրենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Արարատ»-«Ուլիս» (3-1) խաղի վրա ուլիսցիներից խաղադրույք են կատարել եւ գումար շահել կիսապաշտպան, գործով վկա Արման Թությանը (ընդհանուր 1100 դոլարի խաղադրույք պատվիրելով՝ շահել է 816 դոլար), ինչպես նաեւ ադմինիստրատոր Արա Ազարյանը, որը շահումից (1000 դոլարի խաղադրույք պատվիրելով՝ շահել է 670 դոլար) բաժին է հանել (100 դոլար եւ 15.000 դրամ) պաշտպան, ինքնագոլի հեղինակ դարձած Հայկ Հունանյանին. երկուսն էլ հետագայում ներգրավվել են իբրեւ մեղադրյալ:

Մյուս ֆուտբոլիստների՝ Տիգրան Դավթյանի, Կարեն Ավետիսյանի ու Արթուր Հակոբյանի ներգրավվածությունը խաղի հաշիվը կեղծելուն, կարծես թե, չի ապացուցվել, քանի որ նրանք գործով անցել են որպես վկա (Դավթյանն ու Ավետիսյանը մասնակցել են ամբողջ խաղին, Հակոբյանը մնացել է պահեստայինների նստարանին):   

Սակայն խաղից հետո կայացած հեռախոսազրույցում Ազարյանն ու Հունանյանը խոսել են առաջինի պատվիրած խաղադրույքից գոյացած 670 դոլար շահումը բաժանելու մասին:

Հունանյան- Հիմա յանի էդ որ 1000-ը գնացել ա:
Ազարյան- Հա:
Հունանյան- Քանի՞ բանի ա բաժանում, Արո ձյաձյա:
Ազարյան- Իրա ասելով՝ յանի ինքը (նկատի ունի Ա. Թությանին- հեղ.), Կարենչիկը, Արթուրը, դու, ես: 

Հետագայում՝ 2015-ի դեկտեմբերին, Ա. Ազարյանը մեղադրվել է այն բանում, որ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մարզչին եւ մարզիկներին կաշառք է տվել: Ամբողջ հարցն այն է, որ «կաշառք ստացած մարզիկներից» միայն Հ. Հունանյանն է մեղադրյալի աթոռին նստել: Չնայած ավելի ուշ քննիչը «մարզիկներ», «մի քանի մարզիկներ» ձեւակերպումները դարձրել է «մարզամրցումների այլ մասնակիցներ», կրկին անհասկանալի է, թե ովքեր են նրանք, որ, ըստ մեղադրանքի, նույն Ազարյանի հետ պայմանավորվել են կաշառքի վերաբերյալ, բայց մեղադրյալ չեն դարձել: Գաղտնալսումների եւ ցուցմունքների մանրամասների համադրումը հուշում է, որ մեծ սկանդալի վերածված այս գործով իրականում պետք էր կատարել առավել մանրակրկիտ ու ամբողջական քննություն, որի պարագայում մեղադրյալների թիվը, մեր համոզմամբ, ավելի մեծ կլիներ: Այլ կերպ ասած՝ կան հարցեր, որոնք մնացել են անպատասխան, դրանց կանդրադառնանք նաեւ ստորեւ:

Խաղադրույքներ, որոնց իրականացումը չի ապացուցվել    

Վերը նշված խաղից երկու օր անց՝ նոյեմբերի 30-ին կայացած «Արարատ-2»-«Ուլիս-2» (2-1) մրցավեճի վրա, ըստ ցուցմունքների եւ գաղտնալսումների, ցանկացել են խաղադրույք կատարել Արման Թությանը, Հայկ Հունանյանը, Կարեն Ավետիսյանը, Արթուր Հակոբյանը, Պապին Թեւոսյանը, Տիգրան Դավթյանը: Այդուհանդերձ, չի ապացուցվել, որ նրանք խաղադրույք են կատարել (բացի Թեւոսյանից ու Դավթյանից՝ մյուսները մասնակցել են հանդիպմանը): Ֆուտբոլիստները նշել են, որ ո՛չ առանցքային վկա, խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանի մոտ, ո՛չ էլ այլ վայրում գումար չեն դրել խաղի վրա, Պետրոսյանն էլ հաստատել է, որ ինքը խաղադրույք չի ընդունել, քանի որ betfair.com կայքում «Արարատ-2»-«Ուլիս-2» հանդիպումն առկա չի եղել:

Սակայն միայն ֆուտբոլիստները չէ, որ առաջին խմբի առաջնության այս հանդիպման միջոցով գումար շահելու ցանկություն են ունեցել: «Ուլիս-2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը,  ինչպես նոյեմբերի 28-ին, այս անգամ էլ «տղերքի» անունից (հայտնի չէ, թե կոնկրետ ովքեր են եղել նրանք) դիմել է Է. Պետրոսյանին: Նոյեմբերի 30-ին՝ «Արարատ-2»-«Ուլիս-2» խաղի մեկնարկից 50 րոպե առաջ, նա զանգել է Պետրոսյանին:

Ազարյան- Ապեր, տղերքն ասում են՝ թող մեր 1500 դոլարը իքս երկու ըլնի, էլի:
Պետրոսյան- Արո ձյա, ճիշտն ասած, ոչ մի տեղ խաղը չի տալի, չգիտեմ՝ տղերքն ասել է՞ին քեզ:
Ազարյան- Չէ, հենց նոր ինձ կանչին ասին՝ մի հատ զանգի ասա, թող իքս երկու դնի:
Պետրոսյան- Չէ, Արո ձյա, չեմ կարում խփեմ, որովհետեւ, հորս արեւ, ոչ մի տեղ խաղը չի տալի, հըլը խաղը սկսի, մի հատ նայեմ, հենց տա, զանգեմ քեզ ասեմ՝ տվեց, խփե՞մ:
Ազարյան- Լավ, լավ, լավ:
Պետրոսյան- Կրելու ե՞ն բայց:
Ազարյան- Դե եսիմ, ըտենց են ուզում իրանք:

Հետագայում մեկնաբանելով այս խոսակցությունը՝ Պետրոսյանն ասել է, թե պատվիրատուներն ուզել են 1500 դոլար դնել այն բանի վրա, որ չեն պարտվի «Արարատ-2»-ին (արարատցիները հաղթել են 2-1), բայց խաղադրույք կատարելու հնարավորություն չի եղել:      

«Արարատ-«Ուլիս» եւ «Արարատ-2»-«Ուլիս-2» հանդիպումներն «Ուլիս» ակումբի պատմության մեջ վերջինն էին, քանի որ 2015/16 մրցաշրջանի աշնանային փուլն ավարտվեց, իսկ գարնանայինը սկսվելու էր մարտին, բայց, ինչպես արդեն նշել ենք, 2016-ի փետրվարին ՀՖՖ-ն «Ուլիսին» զրկեց արտոնագրերից: Բայց ԱԱԾ-ի գաղտնալսումներից տեղեկանում ենք, որ Աշտարակի մարզադաշտում տեղի ունեցած «Արարատ-2»-«Ուլիս-2» խաղը կարող էր եւ չկայանալ. ադմինիստրատոր Արա Ազարյանը խաղից առաջ Էդգար Պետրոսյանին հայտնել է, թե տրանսպորտի խնդիր կա, ու ինքը չի ուզում ամեն գնով թիմին տանել Աշտարակ. «Ես կարամ էդ բազան տանեմ, ուղղակի պիտի ասեն՝ էդ խի՞ ա շահագրգռված, որ անպայման ուզում ա տանի: Դրա համար ես չեմ ուզում բան անեմ: …վերջացել ա, բռնենք էս խաղը կրենք, գոնե կրելով բան անենք, բայց բռնել ա (նկատի ունի «Ուլիս-2»-ի մարզիչ Արտյոմ Ադամյանին) էն երկու լակոտին ա վռատար կանչել»: Ինչպես տեսնում ենք, Ազարյանը դժգոհում է, որ Ադամյանը թույլ դարպասապահների է հրավիրել՝ խաղին մասնակցելու համար: Այս առումով արժե հիշել, որ Ազարյանն ու 1500 դոլարի խաղադրույք կատարել ցանկացող «տղերքը» մտադիր էին հաղթել կամ գոնե չպարտվել արարատցիներին:

Հետաքրքիր է Ազարյանի եւ պաշտպան Հայկ Հունանյանի զրույցը «Արարատ-2»-«Ուլիս-2» խաղի նախորդ օրը:

Հունանյան- Որ մենք սաղս նորմալ մեր թիմով խաղացինք, կկրենք՝ իմ կարծիքով:
Ազարյան- 100 տոկոսով կկրեք, ինձ էլ ա թվում: Ես չնայած ստրախովկի հմար ուզում էի մտածեի, ասում էի՝ տենամ «Արարատ» ո՞վ կա, կարա՞նք կապենք «Արարատին», ինչ-որ մի երկու ֆուտբոլիստի մի երկու կոպեկ փող խոստանանք, էն էլ ոնց մտածում եմ, մարդ չեմ գտնում:
….
Ազարյան- Եթե տենամ՝ թույլ սաստավ ա դնում, կասեմ՝ էլի՞ ք.. ես ուտում, Արտյոմ: Ասելու եմ հաստատ: Լսի, լավ պահ ա, էլի, եթե իմանանք չի քաշի մեզի, կարելի ա լավ փող աշխատել…
….
Ազարյան- Ես Էդգարին զգուշացրի, ասի՝ Էդգար, որ հանկարծ Ադամյանը կզանգի, քո մոտ ստավկա կանի, նախօրոք ինձի կասես, էլի, ինչ ա արել: Բա վարիանտ չկա չասեմ, Արո ձյա, չասողի (հայհոյանք) (Է. Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ չնայած ճանաչում է Ադամյանին, նա իր միջոցով երբեք խաղադրույք չի կատարել- հեղ.):

Մարզիչներ Արտյոմ Ադամյանն ու Սուրեն Չախալյանը չեն հարցաքննվել

Արժե առանձին անդրադառնալ Արտյոմ Ադամյանին, ում անունը գործով անցնողների կողմից շոշափվել է թե՛ գաղտնալսված խոսակցություններում, թե՛ ցուցմունքներում, սակայն ԱԱԾ քննիչներ Սմբատ Ստեփանյանն ու Գարեգին Մելիքջանյանն ամբողջ նախաքննության ընթացքում, չգիտես ինչու, նրան, ի տարբերություն մյուսների, չեն հրավիրել վկայություն տալու: Սա տարօրինակ է:

1670252_w2 (1).jpg (59 KB)

Ա. Ադամյանը՝ դեռեւս «Ուլիսում» խաղալու ժամանակ

Արտյոմ Ադամյանը 2015-ի օգոստոսին ակումբի հետ պայմանագիր է կնքել որպես «Ուլիս-2» թիմի գլխավոր մարզչի օգնական: Գլխավոր մարզիչն էլ Գագիկ Սիմոնյանն էր, ով, սակայն, սեպտեմբերից ստանձնել է առաջին թիմի՝ «Ուլիսի» գլխավոր մարզչի պարտականությունները, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնող Սուրեն Չախալյանը հեռացել էր թիմից: Երբ սեպտեմբերին Սիմոնյանը փաստացի տեղափոխվել է առաջին թիմ, նրա օգնական Ադամյանը դարձել է «Ուլիս-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Ավելին՝ թե՛ նոյեմբերի 28-ին, թե՛ նոյեմբերի 30-ին ուլիսցիներին Ադամյանն է դուրս բերել խաղադաշտ, քանի որ երկու խաղին էլ մասնակցել են հիմնականում երկրորդ թիմի ֆուտբոլիստները:

Հատված Հայկ Հունանյանի բացատրությունից. ««Ուլիսի» վերջին 4 խաղերում նրա կազմում հիմնականում հանդես են եկել «Ուլիս-2»-ի խաղացողները (ինքն էլ դրանցից մեկն էր- հեղ.), քանի որ «Ուլիսում» հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստները մեկնել էին Հայաստանից»: Դարպասապահ Պապին Թեւոսյանի բացատրությունից. «Խաղերից առաջ կոնկրետ խաղի վերաբերյալ մեր մարտավարությունը որոշում էր, ինչպես նաեւ մեզ ցուցումներ էր տալիս «Ուլիսի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սիմոնյանը: Այն դեպքերում, երբ «Ուլիսի» կազմում ընդգրկվում էին առաջին խմբում հանդես եկող «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստները, այդ խաղերի համար մարտավարությունը որոշում էր այդ թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Ադամյանը»: Գագիկ Սիմոնյանի բացատրությունից. «Հաշվի առնելով, որ «Արարատ»-«Ուլիս» խաղի ժամանակ «Ուլիսի» կազմի ֆուտբոլիստները եղել են «Ուլիս-2»-ի հիմնական ֆուտբոլիստներ՝ խաղի կազմը եւ մարտավարությունը ես քննարկել եմ «Ուլիս-2»-ի գլխավոր մարզիչ Արտյոմ Ադամյանի հետ»:    

Չի հարցաքննվել նաեւ Սուրեն Չախալյանը, ով թիմը ղեկավարել է մինչեւ 2015-ի սեպտեմբեր: ՈւԵՖԱ-ի զեկույցում հայտնված կասկածելի խաղերից մեկը 2015-ի օգոստոսի 9-ի «Շիրակ»-Ուլիս» (3-2) հանդիպումն է: Հյուրերի գլխավոր մարզիչը հենց Չախալյանն էր:

11889463_1632827586957652_2644795865904614752_n.jpg (66 KB)

Հանդիպման ժամանակ «Ուլիսը» հաշվի մեջ առաջ է անցել շիրակցիների ինքնագոլի շնորհիվ, սակայն առաջին կեսի վերջնամասում հաշիվը հավասարվել է՝ 1-1: Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ են փոխանակել, բայց խաղավարտին շիրակցիները հաղթանակ են կորզել 11-մետրանոց հարվածի շնորհիվ՝ 3-2: ՈւԵՖԱ-ն խաղի մասին գրել է. «Խաղադրույքային ապացույցների համակարգված հետազոտությունը ցույց է տալիս, որ առկա են վստահելի ցուցանիշներ, որ այստեղ տեղի են ունեցել խաղադրույքային մանիպուլյացիաներ: Նկատված կասկածելի խաղադրույքները, թե «Ուլիսը» կպարտվի խաղում, հաշվի մեջ առաջ անցնելով, եւ մասնավորապես երկրորդ խաղակեսում, չեն կարող պատճառաբանվել որպես սովորական մարզական գործոն: Ընդհանուր առմամբ, նման ոչ նորմալ խաղադրույքները ցույց են տալիս, որ այս խաղի արդյունքը մանիպուլացվել է՝ խաղադրույքային շահույթ ապահովելու նպատակով: Հարկ է նշել, որ այս թիմերի միջեւ նախորդ հանդիպումը 2014 թվականին նույնպես կասկածի տակ էր առնվել (20.09.2014, «Շիրակ»-Ուլիս»՝ 1-2), երբ երկրորդ խաղակեսում նկատվել էին կասկածելի խաղադրույքներ: Հետեւաբար, նմանատիպ կասկածելի խաղադրույքների ի հայտ գալն այստեղ ակնհայտորեն կասկածի տակ է դնում խաղի արդյունքի ազնվությունը»:      

Մարզիչ Առուշանյանի ու Ազարյանի տարաձայնությունը գումարի շուրջ

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ «Ուլիս-2» թիմի գլխավոր մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ով, իր ասելով, ակումբում աշխատել է առանց պայմանագրի, քանի որ մարզչական արտոնագրի ժամկետը լրացած է եղել:

Առուշանյանն, ըստ Է. Պետրոսյանի, Ազարյանի միջոցով էր ծանոթացել իր հետ: «Ազարյանն ինձ տեղեկացրել էր, որ շահույթից որոշակի մասնաբաժին էր տալիս ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին»,- դեռեւս իր բացատրության մեջ հայտնել էր Պետրոսյանը: Իսկ արդեն վկայություն տալիս նա նշել է, որ Առուշանյանն իրեն դժգոհել է, թե Ազարյանն արդար չի բաշխում շահումը, եւ խնդրել, որ Պետրոսյանը գումարն անձամբ իրեն տա: Ըստ Պետրոսյանի՝ քանի որ իր համար տարբերություն չկար, թե ում կտա փողը, «Ուլիս», «Գանձասար-Կապան» եւ օտարերկրյա մի շարք ակումբների մասնակցությամբ խաղերի արդյունքներից գոյացած Ազարյանի 2000-2500 դոլար շահումն իրենց հանդիպման ժամանակ տվել է Ռ. Առուշանյանին: Վերջինս առերեսման ժամանակ հերքել է, թե ինքը նման գումար է ստացել:

Պետրոսյանը նաեւ հայտնել է, որ Առուշանյանն իր մոտ միայն 2 հանդիպման վրա է գումար դրել, որոնցից մեկում է հաղթել ու շահել 300 դոլար, շահումն անձամբ իրենից է ստացել: Առուշանյանը, սակայն, շեշտել է, որ Պետրոսյանի մոտ խաղադրույք է կատարել 3 անգամ, որից 2-ը՝ իր մարզած «Ուլիս-2»-ի խաղերի վրա (05.10.2015, «Շիրակ-2»-«Ուլիս-2»՝ 3-3, 20.10.2015, «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2»՝ 9-0): Դրանց շնորհիվ նա շահել է ընդհանուր 650 դոլար: Երրորդ խաղն արտասահմանյան է եղել, Առուշանյանն այդտեղ պարտվել է: «Խաղադրույք կատարել եմ առանց մարզիչների կամ մարզիկների հետ նախօրոք պայմանավորվածության, ինչպես նաեւ առանց խաղերի ելքերի մասին նախօրոք իմանալու եւ ստացած շահույթը ոչ մեկի չեմ տվել»,- ցուցմունքում հայտնել է «Ուլիս-2»-ի մարզիչը:

Իր հերթին Պետրոսյանը վկայության մեջ տեղեկացրել է. «Մի քանի անգամ Ռուբենն ինձ ասել է, որ երկու թիմերում ինչ-որ խառը վիճակ է, եւ ինչ-որ խաղեր են պայմանավորված անցկացնում, սակայն չի նշել, թե կոնկրետ որ խաղերը ով է անցկացնում եւ ով կա դրա մեջ: Սակայն ես էլ, լուրջ չվերաբերվելով նրա խոսակցություններին, ուշադրություն չեմ դարձրել: Նշեմ, որ չի եղել դեպք, որ Ռուբենը մատնանշի ինչ-որ ֆուտբոլիստի, որին պետք է գումարներ տան՝ խաղերի ցանկալի արդյունքներն ապահովելու համար»: Նոյեմբերի 28-ին եւ 30-ին կայացած «Արարատ-Ուլիս» եւ «Արարատ-2»-«Ուլիս-2» հանդիպումների վրա, Է. Պետրոսյանի հաղորդմամբ, Առուշանյանը խաղադրույք չի կատարել:

Անհասկանալի է, թե ինչ հիմքով է մեղադրվել գլխավոր մարզիչը

Մեղադրյալ դարձած մյուս մարզիչը Գագիկ Սիմոնյանն է, ով, ինչպես ասվեց, պաշտոնապես «Ուլիս-2»-ի գլխավոր մարզիչն էր, սակայն 2015-ի սեպտեմբերից ստանձնել էր «Ուլիսի» ղեկավարումը: Սիմոնյանի պարագան առանձնահատուկ է նրանով, որ նրա անունը՝ իբրեւ խաղադրույք կատարած կամ պայմանավորված խաղերին մասնակցած անձ, վկաներից կամ մեղադրյալներից ոչ մեկ չի հայտնել, այսինքն՝ նրա դեմ ոչ մեկ ցուցմունք չի տվել: Գլխավոր մարզչին մեղադրանք է առաջադրվել՝ հիմք ընդունելով, թերեւս, հեռախոսազրույցների գաղտնալսումները:

DSC_4860.jpg (359 KB)

Գագիկ Սիմոնյանն ի սկզբանե չի ընդունել մեղքը, հիմա էլ չի ընդունում: «Հետքի» հետ զրույցում նա պատմում է, որ նոյեմբերի 28-ի «Արարատ»-«Ուլիս» խաղից առաջ՝ շուրջ մեկ ամիս, թիմի հետ կապ չի ունեցել, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով ֆուտբոլիստները չէին մարզվում, ակումբն էլ նրանց հանդեպ պարտքեր էր կուտակել: Ինչպես ասվեց վերեւում, ուլիսցիներին այդ եւ նոյեմբերի 30-ի խաղում ղեկավարել է երկրորդ թիմի մարզիչ Արտյոմ Ադամյանը, ում ֆուտբոլիստներով հիմնականում համալրված էր առաջին թիմը: Սիմոնյանն ասում է, որ չմարզվելու հանգամանքը կարող է փաստել նաեւ Աշտարակի մարզադաշտի ղեկավարությունը, որտեղ պարապում էր «Ուլիսը»:

Գլխավոր մարզչի պատմելով՝ «Արարատ»-«Ուլիս» հանդիպումից առաջ մտել է հանդերձարան, ֆուտբոլիստներին շնորհակալություն հայտնել գավաթի խաղարկությունում «Բանանցին» հաղթելու համար, նաեւ նշել, թե «Արարատի» դեմ պետք է պաշտպանական ֆուտբոլ խաղալ, թիկունքում կիպ գործել, որպեսզի մրցակիցը գրոհելու քիչ հնարավորություններ ունենա, միաժամանակ ասել է, որ գոլ խփելու առիթ իրենք կունենան: Ըստ նրա՝ այս ամենը կարող են հաստատել նաեւ ֆուտբոլիստները: Մարզիչը շեշտում է, որ իր ընտրած մարտավարությունը չէր կարող նպաստավոր լինել գումար շահելու տեսնակյունից այն դեպքում, երբ Արա Ազարյանն ու մյուսները խաղադրույք էին կատարել նվազագույնը 4 գոլ խփվելու վրա: Ցուցումներից հետո Սիմոնյանը բարձրացել է տրիբունա:

Քանի որ ԱԱԾ-ն գաղտնալսել է նաեւ «Ուլիսի» հովանավոր Վալերի Օգանեսյանին, իրավապահների տրամադրության տակ են հայտնվել նրա խոսակցությունները տարբեր անձանց հետ (նաեւ Գ. Սիմոնյանի): Դրանց հիմնական թեման, ըստ էության, ակումբի աշխատողներին ունեցած պարտքերի մարումն է, կա նաեւ զրույց ոմն Արմենի հետ, ով, թերեւս, ՀՖՖ այն ժամանակվա առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն է: Նրան Օգանեսյանը հայտնել է, որ աշխատավարձերի վճարումն ընթացքի մեջ է, տեղեկացրել է նաեւ, թե որոշում է կայացրել ակումբը վաճառել, գումար չի ուզում, ուղղակի ցանկանում է վերագրանցել այլ անձի անունով, ով ծախսեր կանի ակումբում: «Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա, կգա ֆեդերացիա, կուզի ակումբ գնել, հաշվի առ»,- զրուցակցին ասել է Օգանեսյանը: 

8467854.jpg (83 KB)

Գաղտնալսվել են նաեւ Գ. Սիմոնյանի հետ խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել «Արարատ»-«Ուլիս» խաղից առաջ, դրա ընթացքում եւ հետո: Դրանցից եւ այլ անձանց հետ հեռախոսազրույցներից պարզ է դառնում, որ Օգանեսյանը խաղադրույք է կատարել այս հանդիպման վրա: «Ուլիսի» հովանավորի ցանկությունն էր խաղում 3,5 գոլից ավելին տեսնել, այսինքն՝ նվազագույնը 4 գոլ: Այդ նպատակով նա Սիմոնյանից հետաքրքրվել է մարտավարությամբ, մասնավորապես՝ բաց ֆուտբոլով (որպեսզի շատ գոլեր լինեն), «Ուլիսի» դարպասապահի խաղով (անհրաժեշտ էր, որ վերջինս թույլ լիներ): Սիմոնյանն էլ, ի պատասխան, հայտնել է, թե իբր հարձակողական, բաց ֆուտբոլ են խաղում, դարպասապահին էլ գուցե փոխեն (փոփոխություն, սակայն, չի կատարվել):

Վերհիշելով այդ դրվագը՝ նա պատմում է. «Տրիբունայում կողքիս նստած էր Արթուր Մինասյանը՝ «Արարատից»: Նույնիսկ Արթուրին ասեցի՝ հըլը սրան նայի (նկատի ունի Վ. Օգանեսյանին- հեղ.), ուզում ա ինձ ֆուտբոլի մեջ դավաճան հանի»: Ըստ Սիմոնյանի՝ ամեն դեպքում, Օգանեսյանը ժամանակին մեծ գումարներ էր ներդրել «Ուլիսում», թիմը նախորդ առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո դուրս էր եկել եվրոպական ասպարեզ, ու ինքը չէր ցանկանում նրան կոպտել՝ ասելով «դավայ եղի»:

Ցուցմունքում էլ գլխավոր մարզիչը նշել է, որ Օգանեսյանը՝ որպես վերադաս, իրավունք ուներ տեղեկանալու ակումբի գործերից. «28.11.2015 թ. խաղի ժամանակ նա ցանկություն է հայտնել, որ մեր թիմը բաց, հարձակողական խաղ խաղա: Հստակ կարող եմ նշել, որ նրա կողմից տրված ոչ մի ցուցում այդ խաղի վերաբերյալ չի կատարվել: Նշեմ նաեւ, որ Վալերի Օգանեսյանի կողմից որեւիցե նյութական կամ այլ առաջարկություն չի արվել խաղը տանուլ տալու հետ կապված»:

«Արարատի» 3-1 հաշվով հաղթանակը միանգամայն ձեռնտու էր «Ուլիսի» հովանավորին, խաղից հետո նա Սիմոնյանին հայտնել է, որ 5000-6000 դոլար է շահել: Վերջինս էլ ասել է, թե 3-0 հաշվի ժամանակ ինքն է Ադամյանին հրահանգել ուժեղ հարձակվողներ դուրս բերել դաշտ, որ գոլեր խփեն: Սակայն թե՛ նախաքննության ժամանակ, թե՛ դատարանում Գագիկ Սիմոնյանը հայտնել է, որ խաբել է Օգանեսյանին: «Թող Արտյոմ Ադամյանին հարցնեն՝ ես իրեն զանգե՞լ եմ խաղի ժամանակ»,- ասում է գլխավոր մարզիչն ու հավելում, թե եթե խաբելու համար քրեական պատիժ է հասնում, թող պատժեն: «Օգանեսյանի բոլոր հանձնարարություններին վերաբերվել եմ ոչ լուրջ, ուղղակի նրան միշտ ասել եմ, որ անում են, ինչպես նա է ասում, սակայն նման բան չեմ արել եւ միշտ փորձել եմ այնպես անել, որ ակումբս հաղթի յուրաքանչյուր խաղում: Այդ խաղում թիմի կազմը եւ մնացած բոլոր որոշումները կայացրել է Արտյոմ Ադամյանը»,- քննությանը հայտնել է Սիմոնյանը: 

Ակումբի գլխավոր մարզիչը պնդել է, որ «Արարատ»-«Ուլիս» հանդիպման ժամանակ խաղադրույք չի կատարել, նաեւ այլ անձի ցուցում չի տվել կամ խնդրել նման բան անել: «Ասեմ ավելին՝ որպես կանոն, ֆուտբոլային խաղի վրա եւ սպորտային այլ ձեւերով խաղադրույքներ չեմ կատարում»,- ցուցմունք է տվել Սիմոնյանն ու ավելացրել, որ իր ճանաչած այլ անձանց (բացի Օգանեսյանից) կողմից խաղադրույքներ կատարելու մասին տեղյակ չի եղել: Գլխավոր մարզիչը առաջին անգամ ԱԱԾ հրավիրվելուց եւ «Ուլիսի» մասնակցությամբ պայմանավորված խաղերի վերաբերյալ բացատրություն տալուց է միայն տեղեկացել, որ ակումբում իսկապես նման բաներ են կատարվում:

«Հետքի» հետ զրույցում նա պատմում է, որ դեռ մինչեւ ԱԱԾ հրավիրվելն ինքը զրուցել էր Արտյոմ Ադամյանի հետ. «Ասում եմ՝ Արտյոմ, սաղ քաղաքը խոսում է, որ «Ուլիսը» խաղեր է ծախում, նման բան կա՞, ասում է՝ չէ, ու երդվում է»: Բայց 2015-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը (9-0), որն ՈւԵՖԱ-ն համարել է կապանցիների կողմից կեղծված, հարցեր է առաջացրել նաեւ «Ուլիսում»: Խաղի առաջին 10 րոպեներին ուլիսցիները 2 գոլ էին խփել, առաջին կեսն այդպես էլ ավարտվել էր՝ 2-0: Սիմոնյանն ասում է, որ դրանից հետո Ադամյանը զանգել էր իրեն ու ասել, թե թիմը դուրս է բերում դաշտից՝ պատճառաբանելով, որ խաղը վաճառված է: Սիմոնյանն արգելել է նման բան անել ու զանգել է Օգանեսյանին, վերջինս էլ տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Եվ միայն դեկտեմբերին ԱԱԾ-ում բացատրություն տալուց հետո է Սիմոնյանն իր ծանոթի միջոցով պարզել, որ ուլիսցիները խաղադրույքներ են կատարում Էդգար Պետրոսյանի մոտ: Վերջինս էլ նրան տեղեկացրել է, որ «Գանձասար-Կապան-2»-ի հետ խաղից առաջ իր մոտ «Ուլիս-2»-ից ցանկացել են 10.000 դոլարի խաղադրույք պատվիրել, սակայն ինքը չի ընդունել (հիշենք, որ, որպես կանոն, Պետրոսյանը գումարը դնում էր իր գրպանից՝ վերադարձնելու պայմանով):

Սիմոնյանի ու Օգանեսյանի հետ հեռախոսազրույցներում որեւէ կերպ չի երեւում, որ մարզիչը եւս խաղադրույք է կատարել կամ որեւէ այլ նյութական շահ է ունեցել, մյուս կողմից՝ քննությանը հայտնի չեն դարձել այլ անձանց հետ նման պայմանավորվածություններ (ինչպես ասվեց, Սիմոնյանի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել), ու այսքանից հետո ԱԱԾ քննիչը գլխավոր մարզչին մեղադրել է այն բանում, թե իբր նա նոյեմբերի 28-ի եւ 30-ի խաղերի արդյունքների վերաբերյալ նախօրոք պայմանավորվել է Արա Ազարյանի հետ ու, վերջինիցս ստանալով գումարներ, մի քանի մարզիկների հետ միասին ապահովել խաղերի ցանկալի ընթացքն ու արդյունքը: Շեշտենք, որ մեղադրանքում որեւէ խոսք չկա Օգանեսյանի հետ զրույցների մասին, այսինքն՝ պիտի ենթադրենք, որ դրանցում ԱԱԾ-ն որեւէ փաստարկ Սիմոնյանի դեմ չի գտել:

Այս գործով ձերբակալություններին, առաջադրված մեղադրանքներին, քրեական հոդվածներին, կալանավորումներին ու հետագա զարգացումներին դեռ կանդրադառնանք, սակայն, վերադառնալով Գ. Սիմոնյանին, նշենք, որ նրան մեղադրանք առաջադրելուց հետո քննիչ Սմբատ Ստեփանյանին «օգնության է եկել» մի հեռախոսազրույց, որը հետո օգտագործվել է գլխավոր մարզչի դեմ: Այլ կերպ ասած՝ այդ զրույցի գաղտնալսումը կարելի է համարել «ամենածանր» փաստարկը Սիմոնյանի դեմ:

13174706.jpg (114 KB)

2016-ի հունվարի 25-ին, երբ Սիմոնյանը մեղադրյալի կարգավիճակում էր եւ կալանքի տակ, գաղտնալսվել է նրա հեռախոսազրույցը խաղադրույքներ ընդունող, գործով վկա Էդգար Պետրոսյանի հետ. Սիմոնյանն ասել է, թե Պետրոսյանը բան պիտի տար Արա Ազարյանին ու Արման Թությանին, ապա հավելել, որ իր անունից կզանգեն Պետրոսյանին՝ այն վերցնելու համար:

«Հետքի» հետ զրույցում Գ. Սիմոնյանն ասում է, որ եթե ԱԱԾ-ն այդ զանգը համարում է իր դեմ փաստ, թող բոլորն իմանան, թե ինչ է ինքն ասել. «Բուքմեյքերի հետ խոսակցությունը անգիր հիշում եմ սկզբից մինչեւ վերջ: Ասում եմ՝ սաղ մեջքիս հետեւից արեցիք, սաղդ կերաք, ինձ բերիք գցեցիք էստե՞ղ: Ես դատարանում էլ ասել եմ՝ պարոն դատավոր, թող դնեն, լսենք, թե ինչպես եմ ասել»:

Ինչպես նշվեց վերեւում, Սիմոնյանը Էդգար Պետրոսյանին հանդիպել է իր ծանոթի միջոցով՝ առաջին անգամ ԱԱԾ-ում բացատրություն տալուց հետո, երբ իմացել է, որ «Ուլիսի» աշխատողներն իսկապես ներգրավված են խաղադրույքների մեջ, իսկ դրանք ընդունում է Պետրոսյանը: Հետագայում տված ցուցմունքում գլխավոր մարզիչը հայտնել է. «Էդգարը ինձ հայտնեց, որ Արա Ազարյանը, Ռուբեն Առուշանյանը, Արման Թությանն ու եւս մի քանի անձինք, որոնց անունները չեմ հիշում, իր մոտ խաղադրույքներ են կատարել «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերի 2014-2015 թթ. հանդիպումների վրա: Խոսակցության ժամանակ իմացա նաեւ, որ Արայի եւ Արմանի կողմից կատարված խաղադրույքներից գոյացած շահույթների մի մասը դեռ գտնվում է Էդգարի մոտ, որը նա պետք է հետագայում տար Արային եւ Արմանին: Ես ասացի, որ այդ գումարները նա չտա ոչ մեկին, մինչեւ մենք պարզենք, թե ինչ է կատարվում, որից հետո հեռացել ենք, եւ այլեւս չեմ տեսել Էդգարին: Բերդում գտնվելու ժամանակ հիշեցի գումարների մասին եւ ցանկացա դրանք վերցնել ինձ՝ բերդի ծախսերի համար, քանի որ կալանավորվել էի Արայենց պատճառով: Էդգարն ասում էր նաեւ, որ Արմանը խաղադրույքներ է կատարել միայն իր համար, իսկ Արան խաղադրույքներ կատարելիս Էդգարին միշտ ասել է, որ ինքն ապահովում է իր համար ցանկալի արդյունք խաղադրույք կատարած խաղի համար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ես ոչ մի խաղադրույք չեմ կատարել, ոչ մի պայմանավորված խաղ չեմ կազմակերպել, խաղի ցանկալի արդյունք ապահովելու համար խաղի ընթացքում եւ դրանից առաջ ոչ մի գործողություն չեմ արել, միայն ձեզ մոտ գալուց հետո եմ իմացել, որ նման բաներ են կատարվում»:

Պետրոսյանին հանդիպել է Գագիկ Սիմոնյանի եղբայրը՝ Երվանդը, սակայն բուքմեյքերը հրաժարվել է նրան գումար տալ, ինչի մասին հետագայում պատմել է ցուցմունքում. «Ես նրան ասացի, որ ոչ մի գումար չունեմ Գագոյին փոխանցելու, քանի որ նա ինձ մոտ երբեւէ խաղադրույք չէր կատարել: Երվանդին ասացի, որ Գագոյին փոխանցի, որ Արմանի գումարների հետ ոչ ոք կապ չունի՝ բացի իրենից, քանի որ նա իր համար անձամբ էր կատարում խաղադրույք, իսկ ինչ վերաբերում է Արայի շահումներին, ասացի, որ գումարները տվել եմ Արային եւ Ռուբենին, Գագոյի անունը երբեւէ ոչ ոք ինձ մոտ չի շոշափել՝ կապված նրան գումար տալու կամ ինչ-որ պայմանավորվածության հետ»:       

Քրգործի առանցքային վկայի այս ցուցմունքն իրականում լրացուցիչ փաստարկ է ոչ թե Գ. Սիմոնյանի դեմ, այլ նրա օգտին:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter