HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ուլիսի» սկանդալն ընդամենը այսբերգի գագաթն է. ԱԱԾ-ի քրգործը շատ հարցերի պատասխան չի տվել

սկիզբը

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ սկանդալային պատմությունը կարելի է մասամբ փակված համարել, բայց անպատասխան են մնում կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն նախաքննության ընթացքին, այլեւ, որ ավելի կարեւոր է, «խոշոր ձկներին»:

«Ուլիս» ակումբի աշխատակիցներից մի քանիսին գաղտնալսելուց, ապա բացատրություններ վերցնելուց հետո՝ 2015-ի դեկտեմբերի 21-ին, ԱԱԾ քննչական վարչության քննիչ Սմբատ Ստեփանյանը որոշել է հարուցել քրեական գործ ՔՕ 201 հոդվածի («Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը») 2-րդ եւ 3-րդ մասերի հատկանիշներով:

Ըստ քննիչի որոշման՝ «Ուլիս-2» թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանը բուքմեյքեր Էդգար Պետրոսյանին հայտնել է, որ նախապես իմանալու է «Արարատ»-«Ուլիս» (3-1, 28.11.2015) եւ «Արարատ-2»-«Ուլիս-2» (2-1, 30.11.2015) հանդիպումների արդյունքները, ինչից հետո պայմանավորվել է Պետրոսյանի հետ իր ունեցած ինֆորմացիայի հիման վրա խաղադրույք կատարել եւ այդպես ապօրինի գումար վաստակել: Ըստ քննիչի՝ 1000-3000 դոլարի խաղադրույքներից (ըստ քրգործի՝ կատարվել է 1000 դոլարի խաղադրույք ամսի 28-ի խաղի վրա) ստացված ապօրինի շահույթը (670 դոլար) Պետրոսյանը փոխանցել է Ազարյանին, ով էլ համապատասխան մասնաբաժիններ է տվել ակումբի մի քանի ֆուտբոլիստների (գործով մեղադրյալ է դարձել նրանցից միայն մեկը) եւ «Ուլիս-2»-ի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին՝ խաղերի ցանկալի արդյունքն ապահովելու դիմաց:

Ինչպես նշել ենք նախորդ հոդվածներում, բուքմեյքեր Է. Պետրոսյանը տեւական ժամանակ եղել է այս գործով առանցքային վկան, այդ կարգավիճակում նա ցուցմունք է տվել 9 անգամ, առերեսվել է նաեւ Ռ. Առուշանյանի հետ:      

Քրեական գործի հարուցումից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 23-ին, իբրեւ կասկածյալ ձերբակալվել է Արա Ազարյանը, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ «Ուլիս» թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը: Դեկտեմբերի 25-ին նրանք երկուսն էլ ներգրավվել են իբրեւ  մեղադրյալներ: Ազարյանը մեղադրվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակից երեւանյան «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերի մի քանի մարզիկների եւ մարզչին (քննիչը նկատի է ունեցել ոչ թե Ռ. Առուշանյանին, ում անունը նշվել է քրգործ հարուցելիս, այլ Գ. Սիմոնյանին) կաշառք տալու մեջ (ՔՕ 201 հոդվածի 1-ին մաս), իսկ Սիմոնյանը, ում անունը քրգործ հարուցելու որոշման մեջ չկա՝ կաշառք ստանալու մեջ (ՔՕ 201 հոդվածի 3-րդ մաս): 

Ազարյանը կասկածյալի կարգավիճակում ցուցմունք տալիս խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել «Ուլիսի» հանդիպումների, այդ թվում՝ նոյեմբերի 28-ի խաղի վրա, նաեւ չի թաքցրել, որ ամսի 28-ի հանդիպման խաղադրույքից գոյացած 670 դոլար շահումից 100 դոլար եւ 15.000 դրամ տվել է ֆուտբոլիստ Հայկ Հունանյանին, իբրեւ մեղադրյալ էլ պնդել է այս ցուցմունքը: Այսքանով հանդերձ, առաջադրված մեղադրանքը նա չի ընդունել (հայտնել է, թե խաղադրույքները ներքին համոզմամբ է կատարել, պայմանավորվածություններ չի ունեցել): Գ. Սիմոնյանը եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ թե՛ որպես կասկածյալ, թե՛ որպես մեղադրյալ:

Դեկտեմբերի 25-ին դատարանի որոշմամբ Գագիկ Սիմոնյանը կալանավորվել է 2 ամսով, ամսի 26-ին նույն ժամկետով կալանք է ընտրվել նաեւ Արա Ազարյանի նկատմամբ:

1.jpg (43 KB) 2.jpg (33 KB)

Արա Ազարյանն ու Հայկ Հունանյանը

Ամանորյա տոներից հետո՝ 2016-ի հունվարի 11-ին, որպես կասկածյալ ձերբակալվել են «Ուլիս-2» թիմի պաշտպան Հայկ Հունանյանն ու նույն թիմի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Հունվարի 12-ին Հունանյանը մեղադրվել է ՔՕ 201 հոդվածի 3-րդ մասով (ըստ մեղադրանքի՝ ցանկալի արդյունք ապահովելու դիմաց կաշառք է ստացել մի քանի մարզիկների ու մարզիչ Գ. Սիմոնյանի հետ), հաջորդ օրն էլ Ռ. Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի 1-ին մասով (ըստ այդմ՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար կաշառք է տվել «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերի մի քանի մարզիկների):

Հունանյանը որպես կասկածյալ ցուցմունք չի տվել, բայց մեղադրյալ դառնալուց հետո մասամբ ընդունել է մեղքը: «Ինձ մեղավոր եմ ճանաչում մասամբ, միայն այն բանի համար, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնց հետ խոսացել եմ խաղերի վերաբերյալ»,- հայտնել է «Ուլիս-2»-ի խաղացողը, հավելել, որ պայմանավորվածություններ չի ունեցել եւ խաղադրույքներ չի կատարել 2015 թ. նոյեմբերի 28-ի ու 30-ի խաղերի վրա, բայց նաեւ խոստովանել է, որ գումար է ստացել Ա. Ազարյանից: Իր հերթին մարզիչ Ռ. Առուշանյանն իբրեւ կասկածյալ խոստովանել է, որ «Ուլիս-2»-ի հանդիպումների վրա խաղադրույք կատարել է, սակայն դրանք չեն եղել վերոնշյալ նոյեմբերյան մրցավեճերը: Ավելացրել է, որ խաղադրույք կատարելիս պայմանավորվածություններ չի ունեցել, խաղերի ելքը չի իմացել, ոչ մեկի գումար չի տվել:

Հունվարի 13-ին դատարանը որոշել է Հ. Հունանյանին կալանավորել 2 ամսով, իսկ Ռ. Առուշանյանին՝ 1 ամսով, չնայած վերջինիս դեպքում նույնպես քննիչը միջնորդել էր 2 ամսվա համար: Դատարանը նման որոշման հիմքում դրել է ոչ թե Առուշանյանի վատառողջությունը, ինչի մասին փաստել է նրա պաշտպանը, այլ քննիչի ներկայացրած ապացույցների քանակական եւ որակական կազմը:

Առաջ անցնելով՝ նշենք, որ հետագայում Ա. Ազարյանի ու Գ. Սիմոնյանի կալանքի ժամկետները երկարացվել են երկու անգամ (2-ական ամսով), նրանք 6 ամիս՝ 2015-ի դեկտեմբերից մինչեւ 2016-ի հունիս, անցկացրել են կալանքի տակ: Իսկ ահա Հ. Հունանյանի կալանքը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը 2016-ին մարտին չնայած բավարարել է, չի մերժել նաեւ Հունանյանի պաշտպանի միջնորդությունը գրավի կիրառման մասին, ինչի արդյունքում ֆուտբոլիստը 1 մլն դրամ գրավով ազատ է արձակվել՝ կալանքի տակ մնալով միայն 2 ամիս:

«Ուլիս-2»-ի մարզչի օգնականն անմեղսունակ է ճանաչվել

Մի փոքր այլ է եղել Ռուբեն Առուշանյանի պարագան: 1 ամսվա կալանքից հետո դատարանը երկարացրել է դրա ժամկետը 2 ամսով, չնայած մեղադրյալի պաշտպանը հայտնել է, որ նա հոգեպես վատառողջ է: Այդուհանդերձ, քննիչ Ստեփանյանը որոշել է Առուշանյանի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել: Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ Առուշանյանին իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է ճանաչել մեղսունակ, միաժամանակ մասնագետները նշել են, որ հիվանդության սրացման փուլից դուրս գալու համար նա կարիք ունի ստացիոնար հարկադիր բուժման, որից հետո կարող է կանգնել դատի եւ քննության առաջ: Այս եզրակացությունից հետո քննիչը որոշել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:

Մինչեւ հայտնի կդառնար ստացիոնար փորձաքննության արդյունքը, դատարանը եւս մի անգամ 2 ամսով երկարացրել է Առուշանյանի կալանքը: Բացի դրանից՝ քննիչ Սմբատ Ստեփանյանն ազատվել է ծառայությունից, նախաքննությունը հանձնարարվել է Գարեգին Մելիքջանյանին: Օրեր անց փորձաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն անմեղսունակ է ու չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, միաժամանակ նրան պետք է հարկադիր բուժում: Քանի որ փորձագիտական հանձնաժողովները հակասական եզրակացություններ են տվել, քննիչ Մելիքջանյանը նշանակել է կրկնակի ստացիոնար փորձաքննություն, որով էլ հաստատվել է, որ Առուշանյանն անմեղսունակ է: Մինչեւ կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատարանը հերթական անգամ 1 ամսով երկարացրել էր Ռ. Առուշանյանի կալանքի ժամկետը, սակայն եզրակացությունը ստանալուց հետո դատախազի որոշմամբ կալանքը վերացվել է (օրենսդրությամբ արգելվում է անմեղսունակ անձանց նկատմամբ խափանման միջոցի կիրառումը): Առուշանյանը կալանքի տակ մնացել է 5 ամիս:  

Հաշվի առնելով փորձագիտական եզրակացությունը՝ 2016-ի հունիսին քննիչը քրգործից Ռուբեն Առուշանյանի մասով առանձնացրել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: ԱԱԾ-ից «Հետքին» հայտնել են, որ 2017-ի հուլիսին դատարանը որոշել է Առուշանյանին ազատել ՔՕ 38-201 հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից, փոխարենը նրա նկատմամբ նշանակել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՝ ըստ բնակավայրի: Ինչպես տեսնում ենք, Ռ. Առուշանյանի մեղադրանքը փոխվել է. եթե սկզբնապես նա մեղադրվում էր ՔՕ 201 հոդվածի 1-ին մասով (ըստ քրգործի՝ ցանկալի արդյունքն ապահովելու համար կաշառք էր տվել «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերի մի քանի մարզիկների), ապա նոր մեղադրանքը նշանակում էր, որ նա օժանդակել է կաշառք ստանալուն:   

Նոր մեղադրանքներ

Վերադառնալով մյուս 3 մեղադրյալներին՝ Արա Ազարյանին, Գագիկ Սիմոնյանին եւ Հայկ Հունանյանին, նշենք, որ առաջին երկուսի կալանքը վերացվել է 2016-ի հունիսին. հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նրանք մեղադրվում են միջին ծանրության հանցագործության մեջ, իսկ այդ դեպքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը 6 ամիսն է: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

2017-ի հունվարի 23-ին քննիչ Գ. Մելիքջանյանը նոր մեղադրանքներ է առաջադրել: Այսպես՝ Արա Ազարյանը, ինչպես Ռուբեն Առուշանյանը, մեղադրվել է ոչ թե կաշառք տալու, այլ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ (ՔՕ 38-201 հոդվածի 3-րդ մաս, հնարավոր պատիժը՝ ա. 300.000-500.000 դրամ տուգանք, բ. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը 3 տարով, գ. 2-3 ամսով կալանք, դ. առավելագույնը 3 տարվա ազատազրկում): Ըստ մեղադրանքի՝ Ազարյանն օժանդակել է, որ Գ. Սիմոնյանը, Հ. Հունանյանն ու մարզամրցումների այլ մասնակիցներ որպես կաշառք բուքմեյքեր Էդգար Պետրոսյանից առավելություններ եւ գումար պահանջեն ու ստանան: Ազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, պնդել է նախորդ ցուցմունքները, հարցերի չի պատասխանել:

Գլխավոր մարզիչ Գ. Սիմոնյանն ու ֆուտբոլիստ Հ. Հունանյանը կրկին մեղադրվել են կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ (ՔՕ 201 հոդվածի 3-րդ մաս): Սիմոնյանն իր մեղադրանքը չի ընդունել, պնդել է նախորդ ցուցմունքները, հարցերի չի պատասխանել: Իսկ ահա Հունանյանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել՝ ընդունո՞ւմ է մեղքը, թե՞ ոչ, նա եւս հարցերի չի պատասխանել:

Քննիչ Մելիքջանյանն, ի տարբերություն իր նախորդի, նախաքննության մեկնարկից ավելի քան մեկ տարի անց՝ 2017-ի հունվարի 23-ին, որոշել է վկա, բուքմեյքեր Էդգար Պետրոսյանին իբրեւ մեղադրյալ ներգրավել: Կաշառք տալու հոդվածը Ազարյանի ու Առուշանյանի փոխարեն առաջադրվել է նրան (ՔՕ 201 հոդվածի 1-ին մաս, հնարավոր պատիժը՝ ա. 300.000-500.000 դրամ տուգանք, բ. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը 3 տարով, գ. 2-3 ամսով կալանք, դ. առավելագույնը 3 տարվա ազատազրկում): Ըստ այդմ՝ Պետրոսյանն արհեստավարժ մարզամրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով որպես կաշառք մարզամրցումների մասնակիցներին տրամադրել է առավելություններ եւ տվել է գումար: Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, հարցերի չի պատասխանել:

Արժե նշել, որ դեռ վկայի կարգավիճակում ցուցմունք տալիս Պետրոսյանը ներկայացրել է betfair.com կայքում իր հաշիվ մուտք գործելու տվյալները, սակայն ԱԱԾ մասնագետը չի կարողացել մտնել այնտեղ, քանի որ բուքմեյքերի հաշիվն արգելափակված է եղել: Այսպիսով՝ ԱԱԾ-ն չի կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել առանցքային վկան իր այդ հաշվով: Հիշեցնենք, որ հենց betfair.com-ի միջոցով է բուքմեյքերը խաղադրույքներ կատարել «Ուլիս» ակումբի աշխատակիցների համար: Հաշվի արգելափակումը Պետրոսյանը մեկնաբանել է այսպես. կայքի կանոնները չիմանալու պատճառով երկրորդ հաշիվը բացելիս փորձել է նույն կենսորոշիչ տվյալները մուտքագրել, ինչ առաջինի դեպքում, եւ կայքը ոչ միայն չի թույլատրել նոր հաշվի բացումը, այլեւ արգելափակել է եղածը: Վկայի ասելով՝ «այն այլեւս հնարավոր չէ օգտագործել կամ բացել, եւ դա կարող են միայն բացել betfair.com-ի՝ Լոնդոնում գործող գլխամասից»: Այս հանգամանքը, կարծես, էական նշանակություն է ունեցել հետագայում՝ ի վնաս Պետրոսյանի:

Վալերի Օգանեսյանը չի հարցաքննվել

Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, ըստ քրգործի, հեռախոսազրույցների գաղտնալսումից պարզ է դարձել, որ «Ուլիսի» հովանավոր Վալերի Օգանեսյանը նոյեմբերի 28-ի «Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպման վրա խաղադրույք է կատարել ու շահել 5000-6000 դոլար: Սակայն ամենամեծ աբսուրդն այն է, որ ԱԱԾ-ն այդպես էլ չի կարողացել ՌԴ քաղաքացի Օգանեսյանից ցուցմունք ստանալ: Հիշեցնենք, որ 2015-ի ամռանն այս անձը «Ուլիսից» մի շարք լեգեոներների տեղափոխել էր ՌԴ Արմավիր քաղաքի «Տորպեդո» ակումբ, որի նախագահն էր դարձել: Այսինքն՝ Օգանեսյանը մնացել էր ֆուտբոլի մեջ, նրա տեղն էլ պարզել դժվար չէր: 2016-ի ապրիլին ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն իր ռուսաստանցի գործընկեր Միխայիլ Շիշովին միջնորդել է իբրեւ վկա մի շարք հարցերի շուրջ հարցաքննել Վ. Օգանեսյանին: Մարուքյանին փոխարինած Միքայել Համբարձումյանը նույն տարվա նոյեմբերին կրկին դիմել է Շիշովին՝ խնդրելով արագացնել միջնորդության կատարումը:

2017-ի հունվարի 24-ին քննիչ Մելիքջանյանն Ա. Ազարյանի, Հ. Հունանյանի, Գ. Սիմոնյանի եւ Է. Պետրոսյանի մասով գործն անջատել է, քանի որ նախաքննությունը նրանց վերաբերյալ ավարտել էր, իսկ Օգանեսյանի մասով գործը մնացել է: Որոշման օրվա դրությամբ ԱԱԾ-ն ՌԴ-ից պատասխան չէր ստացել: ԱԱԾ-ին հարցրել էինք, թե արդյոք Օգանեսյանի մասով քննությունը կասեցվել կամ կարճվել է: «Հանցավոր գործունեության հետ առերեւույթ հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են ծառայությունից:            

Մեղադրյալներն ընդունել են մեղքն ու համաներվել

2017 թ. փետրվարի 9-ին գործը մտել է դատարան եւ մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին: Գրեթե 2 տարի քննելուց հետո՝ 2018 թ. դեկտեմբերի 19-ին, դատարանը կարճել է վարույթը՝ հիմք ընդունելով նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքը: Հարկ է շեշտել, որ բոլոր 4 ամբաստանյալներն էլ դատարանում ընդունել են իրենց մեղքն ու միջնորդել, որ համաներում կիրառվի, ինչը եւ տեղի է ունեցել:  

DSC_4870.jpg (86 KB)

Սակայն նրանցից Գագիկ Սիմոնյանը, ով շարունակում է պնդել, որ անմեղ է, «Հետքի» հետ զրույցում ասում է, որ համաներման համաձայնել է միայն մեկ բանի համար՝ որպեսզի վերադառնա մարզչի աշխատանքին: Նա ըստ հերթականության ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել անցնող ձմռան ընթացքում: Համաներման հնարավորության մասին իմանալուց հետո գնացել է ֆուտբոլի ֆեդերացիա՝ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի մոտ, հետաքրքրվել, որ եթե գործը կարճվի, կարո՞ղ է վերականգնել մարզչի իր արտոնագիրը: Նիկողոսյանն էլ ասել է, որ դա կախված է նրանից, թե ինչ ձեւով է կարճվում գործը: Այնուհետ իր պաշտպանի հետ Սիմոնյանը ՀՖՖ-ում նորից հանդիպել է Ա. Նիկողոսյանին ու ֆեդերացիայի իրավաբանին, քննարկել ստեղծված իրավիճակը: Եկել են այն եզրահանգման, որ համաներման դեպքում մարզիչը կարող է վերականգնել արտոնագիրը, ինչից հետո Սիմոնյանը հրաժարվել է անպայման արդարացվելու մտքից:

Դատարանը որոշում է կայացրել դեկտեմբերի 19-ին, Սիմոնյանն ակտը ստացել է հունվարի 18-ին՝ բողոքարկման մեկամսյա ժամկետը լրանալուց մեկ օր շուտ: Նույն օրվա երեկոյան նրան զանգել են ֆեդերացիայից ու հայտնել, թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասում է, որ պետք է արդարանա, ինչը գործնականում անհնար էր, քանի որ բողոքարկման համար ժամանակ գրեթե չէր մնացել: Սիմոնյանը նորից գնացել է ֆեդերացիա, հանդիպել փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հետ, տեղեկացրել, որ եթե հարցը չլուծվի, ՀՖՖ շենքի առաջին հարկում հացադուլ է անելու: Նրան ընդունել է Ա. Վանեցյանը, ով ինչպես հայտնի է, նաեւ ԱԱԾ տնօրենն է: Սիմոնյանի պատմելով՝ իր ներկայությամբ Վանեցյանը զանգահարել է ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյոք իր մեղքը հիմնավոր է եղել: Դրանից հետո ասել է, որ իրենք կզանգեն Սիմոնյանին: «Ես ասացի՝ եթե կգտնեք մի բան, որում ես մեղավոր եմ, գնամ նստեմ»,- պատմում է մարզիչը:

Գագիկ Սիմոնյանը պնդում է, որ ԱԱԾ-ն խոշոր գումարներին չի անդրադարձել

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը շեշտում է, որ ոչ միայն անմեղ է, այլեւ ԱԱԾ-ն չի կարողացել որեւէ կերպ հիմնավորել իրեն առաջադրված մեղադրանքը (այս մասին գրել ենք նախորդ հոդվածում): Գ. Սիմոնյանը նաեւ նշում է, որ նախաքննություն իրականացրած մարմինն անդրադարձել է միայն ակումբի աշխատակիցների կողմից կատարված համեմատաբար փոքր խաղադրույքներին: Ըստ Սիմոնյանի՝ երբ կալանքի տակ գտնվելիս իրեն տարել էին քննիչի մոտ, վերջինս միացրել է Վալերի Օգանեսյանի եւ ՀՖՖ գործկոմի այն ժամանակվա անդամ Կարեն Հարությունյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը (սրա սղագրությունը քրեական գործում չկա): Հարությունյանը ժամանակին Ռուբեն Հայրապետյանի «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրենն էր, հետո մի որոշ ժամանակ դարձավ դրա նախագահ: Ֆուտբոլային աշխարհում բոլորը գիտեն, որ Հարությունյանը ՀՖՖ նախկին նախագահի ամենամերձավոր մարդկանցից է:

Կալանքից ազատվելուց հետո Սիմոնյանը հանդիպել է նրան: «Երբ ես դուրս եկա, զանգեցի Վալերին, ասի՝ դու ու Կարենն ե՞ք: Հետո մի քանի հոգի զանգեցին ինձ՝ թե Կարենը քեզ ուզում է տեսնի, ասի՝ թող գա տեսնի: Կարենը եկավ Քոչարի փողոց՝ մեր տան մոտ, ասաց՝ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ասի՝ ավելի լավ, որ կապ չունես, բայց անողի էլ, ինձ գցողի էլ... որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, բայց ես եմ գնացել»:

VO-KH.jpg (66 KB)

Վալերի Օգանեսյանն ու Կարեն Հարությունյանը

ԱԱԾ-ն չի մեկնաբանել, թե ինչու է քրգործից բացակայում Վ. Օգանեսյանի եւ Կ. Հարությունյանի զրույցի գաղտնալսման սղագրությունը: Ավելին՝ կառույցը չի էլ հերքել, որ նման սղագրություն կա, պարզապես բավարարվել է ընդհանրական պատասխանով. «Ինչ վերաբերում է քրեական գործով առանձին քննչական գործողությունների կատարման, դրանց արդյունքում ստացված տեղեկությունների բովանդակության, քրեական գործի նյութերում կոնկրետ փաստական տվյալների առկայության կամ բացակայության վերաբերյալ հարցադրումներին, ապա, հաշվի առնելով, որ քրեական գործը դեռեւս գտնվում է նախաքննության փուլում, նման տվյալների մանրամասն հրապարակումը նպատակահարմար չի հանդիսանում»:

Գ. Սիմոնյանն ասում է, որ հետագայում տեղեկացված անձից իմացել է, որ ֆուտբոլային սկանդալին ներգրավված (Արա Ազարյանին ու նրա հետ կապ ունեցածներին չհաշված) այլ անձանց մասով գործը «փակել է» նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկը, ով ուժային համակարգից էր: Թե ովքեր են եղել այլ անձինք, Սիմոնյանը միայն ենթադրում է, բայց եւ շեշտում է, որ իրականում այս ամբողջ պատմության մեջ խոսքը ոչ թե մի քանի հարյուր կամ հազար դոլարի մասին է, ինչպես երեւում է քրեական գործի փաստաթղթերում, այլ մի քանի միլիոնի: Այդ մասին մարզիչն իմացել է պատահաբար. նախ՝ երբ առաջին անգամ բացատրություն տալու նպատակով կանչվել է ԱԱԾ, հարց է հնչեցվել, թե «էդ ի՞նչ միլիոններ եք դրել»: Հարցադրումից Սիմոնյանն ընկալել է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Հետո նույն բանը լսել է փաստաբանից, ով զարմացած բացականչել է, թե «գիտե՞ս ի՜նչ թվերի մասին ա խոսքը»:

Ըստ Գագիկ Սիմոնյանի՝ պատմության առանցքում ոչ թե 2015-ի նոյեմբերի 28-ի կամ 30-ի  խաղերի («Արարատ-«Ուլիս», «Արարատ-2»-«Ուլիս-2») վրա ուլիսցիների դրած մի քանի հարյուր դոլարներն են, այլ շուրջ 2,5 միլիոն դոլար ընդհանուր գումարը, որ ինչ-որ անձանց կողմից դրվել է Հայաստանի առաջնության տարբեր տուրերի 5 հանդիպումների վրա: Ընդ որում՝ խաղադրույքները կատարվել են Հայաստանից դուրս: Սիմոնյանի ասելով՝ նշված խոշոր խաղադրույքից ստացվել է շատ ավելի մեծ եկամուտ: Նա նաեւ շեշտում է, որ քրգործում շոշափվող մի քանի հարյուր կամ հազար դոլարի համար ՈւԵՖԱ-ն «թուղթ» չէր ուղարկի ՀՖՖ: Եվ ուրեմն ինչո՞ւ գործում չեն երեւում խոշոր գումարները: «Բացահայտումը կարեւոր է ֆուտբոլը մաքրելու ու նաեւ ինձ համար, թե ում պատճառով եմ 6 ամիս նստել»,- ասում է Գ. Սիմոնյանը:

«Հետքը» հարցում էր ուղարկել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՈւԵՖԱ-ն իր զեկույցում ներկայացրած կեղծված կամ կասկածելի խաղերի վերաբերյալ նշել է, թե ընդհանուր որքան խաղադրույք է կատարվել դրանց վրա: Հարցրել էինք նաեւ, թե արդյոք ՀՖՖ-ն եվրոպական կառույցից տեղեկություն ստացել է, որ տեղական 5 մրցավեճերի վրա կատարվել է մոտ 2,5 մլն դոլարի խաղադրույք: Եվ եթե ստացել է, արդյոք այդ ինֆորմացիան փոխանցել է ԱԱԾ-ին:

Մեր հարցմանը պատասխանել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը. «ՀՖՖ-ն ստացել է ՈւԵՖԱ-ի վերլուծությունը՝ կապված Ձեր կողմից հիշատակված խաղերի հետ, եւ օրենքով սահմանված կարգով այն փոխանցվել է իրավապահ մարմիններին: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՖՖ-ին ուղղված վերոնշյալ գրությունը ՈւԵՖԱ-ն համարում է գաղտնի, եւ այն հրապարակային դարձնելու իրավունք չունենք»: ԱԱԾ-ն նույնպես զերծ է մնացել 2,5 մլն դոլարի խաղադրույքի տեղեկությունը մեկնաբանելուց՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը:

Ի՞նչ գումարներ են դրվել betfair.com-ում

Քրեական գործում առկա փաստաթղթերի մեջ են ոչ միայն ՈւԵՖԱ-ի վերլուծությունները կասկածելի կամ կեղծված հանդիպումների ընթացքի մասին, այլեւ հետազոտությունները խաղադրույքների վերաբերյալ:

ՈւԵՖԱ-ն հետազոտել է ոչ միայն նախաղային, այլեւ խաղերի ընթացքում (օնլայն ռեժիմով) կատարվող խաղադրույքները, որոնք կատարվել են թե՛ բուքմեյքերական հայտնի ընկերությունների, թե՛ betfair.com առաջատար բորսայի միջոցով, որից օգտվել է նաեւ ԱԱԾ-ում հարուցված գործով անցնող Էդգար Պետրոսյանը: Նշենք, որ բուքմեյքերական բորսայում իրար դեմ խաղում են խաղադրույք կատարողները, այսինքն՝ դա յուրօրինակ գրազ է: ՀՖՖ-ին ուղարկած ՈւԵՖԱ-ի թղթերում տեսնում ենք, թե խաղերից յուրաքանչյուրի վրա մեկնարկից առաջ որքան գումար է դրվել betfair.com-ում: Այսինքն՝ այդ թվերը չեն ներառում բուքմեյքերական ընկերությունների միջոցով կատարված խաղադրույքները:

Betfair-logo.jpg (53 KB)

ՈւԵՖԱ-ն betfair.com-ում խաղարկված գումարները համեմատել է նույն մրցաշրջանի նույն մրցաշարում (բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնություններ, գավաթի խաղարկություն) արդեն կայացած հանդիպումների վրա կատարված խաղադրույքների միջին ցուցանիշի հետ:

20.09.2014 - «Շիրակ»-«Ուլիս»՝ 1-2 (խաղարկվել է ընդհանուր 17.195 եվրո, այնինչ 2014/15 մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղերից յուրաքանչյուրի վրա այդ օրվա դրությամբ միջինը դրվել էր 15 անգամ փոքր գումար՝ 1.160 եվրո)
20.10.2015 - «Ուլիս-2»-«Գանձասար-Կապան-2»՝ 9-0 (ընդամենը 310 եվրո, որը 2015/16 մրցաշրջանում առաջին խմբի առաջնության միջինից (1.314 եվրո) բավականին ցածր է)
25.10.2015 - «Ուլիս»-«Ալաշկերտ»՝ 0-3 (ընդամենը 41 եվրո, այնինչ 2015/16 մրցաշրջանում բարձրագույն խմբի առաջնության խաղերի վրա այդ օրվա դրությամբ միջինը դրվել էր 778 եվրո) 
27.10.2015 - «Արարատ-2»-«Բանանց-2»՝ 1-2 (408 եվրո, կրկին փոքր գումար, եթե հաշվի առնենք, որ 2015/16 մրցաշրջանում առաջին խմբի առաջնության միջինը շուրջ 1.300 եվրո էր)
28.10.2015 - «Ուլիս»-«Բանանց»՝ 0-3 (20.885 եվրո, սա շատ ավելի մեծ թիվ է, քան միջինը (3.728 եվրո) դրվել է 2015/16 մրցաշրջանում Հայաստանի գավաթի խաղարկության մրցավեճերի վրա)
01.11.2015 - «Միկա»-«Ուլիս»՝ 1-0 (11.141 եվրո, նորից մեծ գումար, որը գերազանցում է 2015/16 մրցաշրջանում բարձրագույն խմբի միջին ցուցանիշն այդ օրվա դրությամբ՝ 880 եվրո)
28.11.2015 - «Արարատ»-«Ուլիս»՝ 3-1 (ընդամենը 110 եվրո, այնինչ 2015/16 մրցաշրջանում բարձրագույն խմբի միջին ցուցանիշն այդ ժամանակ 1.150 եվրո էր. հիշեցնենք, որ «Ուլիսի» աշխատողներն Է. Պետրոսյանին շուրջ 2000 դոլարի խաղադրույք էին պատվիրել betfair.com-ի միջոցով, սակայն նա փաստացի գումար չէր դրել, փոխարենը շահումը վճարել էր սեփական միջոցներից)

Հետ գնանք 2015-ի աշուն, երբ ՀՖՖ-ն եւ ՈւԵՖԱ-ն փոխանակվում էին կասկածելի կամ կեղծված խաղերի մասին ինֆորմացիայով, իսկ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ դեռ չէր դիմել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ներկայացնենք որոշ մանրամասներ ՀՖՖ այն ժամանակվա առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի եւ ՈւԵՖԱ-ի աշխատակիցների նամակագրությունից: Նոյեմբերի 3-ին ՈւԵՖԱ-ի աշխատակիցը Մինասյանին հայտնել է, որ նոր հաշվետվություններ ունեն հայաստանյան մի շարք խաղերի վերաբերյալ: Ա. Մինասյանն էլ ամսի 4-ին պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ՀՖՖ-ն ու այդուհետ նաեւ ԱԱԾ-ն զբաղվում են 5 հաշվետվություններով, որոնք տակավին վերջերս ուղարկել էր ՈւԵՖԱ-ն: Միաժամանակ Մինասյանը նշել է, որ կան որոշ խոչընդոտներ, մասնավորապես՝ իրավապահները պահանջում են մանրամասն ինֆորմացիա խաղադրույքների չափի, դրանք կատարած անձանց, վայրերի, վճարման ձեւի եւ այլ բաների մասին, բայց մյուս կողմից՝ դրանք, ըստ ՈւԵՖԱ-ի հաշվետվությունների, կատարվել են Հայաստանից դուրս, այնպես որ ՀՖՖ-ին ու հայ իրավապահներին այդ տեղեկությունները, թերեւս, հասանելի չեն լինի: Սրանից ելնելով՝ Մինասյանը խնդրել է ՈւԵՖԱ-ի աջակցությունը: Ի պատասխան՝ նոյեմբերի 16-ին ՈւԵՖԱ-ի աշխատողը ՀՖՖ գործադիր տնօրենին տեղեկացրել է, որ հայաստանյան կասկածելի խաղերի վերաբերյալ ինքը կապ է հաստատել բուքմեյքերական օպերատորների հետ, որոնց հետ ՈւԵՖԱ-ն համագործակցության հուշագիր ունի. «Ցավոք, ինչպես եւ սպասվում էր, ո՛չ «Betfair»-ում, ո՛չ էլ «Global Lotteries»-ում անսովոր խաղադրույքներ չեն դիտարկվել: Այս մրցավեճերի վրա հիմնականում խաղադրույքներ են կատարվել ասիական բուքմեյքերների մոտ, բայց մենք հնարավորություն չունենք այդ ընկերություններից ինֆորմացիա ստանալ»:         

Որպես վերջաբան

Ամփոփելով 2015-ի տարեվերջին հանրությանը հասանելի դարձած ֆուտբոլային աննախադեպ սկանդալի պատմությունը՝ կարող ենք ասել, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը ընդամենը այսբերգի գագաթն է, այն էլ՝ շատ փոքր գագաթը: Դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ փաստերի հիման վրա են մեղադրյալ դարձել գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն ու բուքմեյքեր Էդգար Պետրոսյանը, փոխարենը «Ուլիսի» որոշ ֆուտբոլիստներ, որոնց վերաբերյալ ոչ միայն իրենց իսկ թիմի հանդիպման վրա խաղադրույք կատարելու ցուցմունքներ կան, այլեւ գաղտնալսումներ, մնացել են իբրեւ վկա: Ըստ էության, մինչ օրս չի հարցաքննվել Վալերի Օգանեսյանը, որը, ըստ գաղտնալսումների, նույնպես խաղադրույք է կատարել:

Բայց ամենամեծ հարցն այն է, որ քրեական գործի առանցքում ընդամենը մի քանի հազար դոլար է, այնինչ թե՛ ՀՖՖ-ն, թե՛ ԱԱԾ-ն չեն ցանկանում մեկնաբանել ընդհանուր մի քանի միլիոն դոլարի չափով խաղադրույքների մասին տեղեկությունները՝ հերքել կամ հաստատել դրանք: Եղե՞լ է իսկապես նման բան. թվում է, թե սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ ՈւԵՖԱ-ի հաշվետվություններում իբրեւ կեղծված կամ կասկածելի խաղերի մասնակիցներ նշված է եղել ոչ միայն Երեւանի «Ուլիսի» անունը, այլ նաեւ ուրիշ ակումբների, որոնք, փաստորեն, ջրից չոր են դուրս եկել: Պնդել, թե այդ ակումբների անդամները ներգրավված չեն եղել իրենց իսկ մասնակցությամբ խաղերի հաշիվները կեղծելու մեջ (քրգործեր չեն հարուցվել), կամ թե այսօր հայկական ակումբային ֆուտբոլում խաղադրույքներ չեն կատարվում պրոֆեսիոնալ համարվող որոշ ֆուտբոլիստների կողմից, եւ մեր ֆուտբոլը զերծ է այդ չարիքից (ՀՖՖ նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի բնորոշումն է), նշանակում է շատ միամիտ ու իրականությունից կտրված լինել:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter