HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խորեոգրաֆիայի թատրոնը հսկում են շները

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը շարունակում է «մասնավորեցված» մնալ։ Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դեռ բնակվում է թատրոնի տարածքում։ Ավելին, տարածքին մոտեցողներին ագրեսիվ վարքով դիմավորում է Կարապետյանի ցեղական շունը։ Նախկին տնօրենը մինչ օրս նոր տնօրենին չի հանձնել թատրոնի կնիքը, ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի կոդը:

Հիշեցնենք, որ Գայանե Կարապետյանը չի լքում թատրոնը եւ պնդում է, որ տարիներ շարունակ ներդրումներ է արել շենքում, եւ տարածքը պետք է գոնե մի 10 տարի էլ մնա իր տիրապետության տակ։ Մշակույթի նախարարությունն արդեն նշանակել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Լիլիթ Փալանջյանին, որը փաստացի զրկված է աշխատելու հնարավորությունից։ Նախարարությունը Կարապետյանին տարածքից հանելու ապարդյուն փորձեր է անում արդեն քանի շաբաթ։

Երեկ գերատեսչությունը հայտարարություն է արել` նշելով, որ իր իրավասությունների շրջանակներում հետամուտ է լինելու խնդրի կարգավորմանը: Բայց ինչպե՞ս։

Նախարարությունը պարզաբանում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Կարապետյանի պայմանագիրը լուծվել է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ: Նույն օրը «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով Գայանե Կարապետյանին այդ մասին տեղեկացվել է: Ամանորի տոներից հետո արդեն նախկին տնօրենը հեռախոսազրույց է ունեցել նախարարության գլխավոր քարտուղարի հետ։ Առաջին անգամ հայտարարել է, որ դերասանների հետ մեկնել է մարզային հյուրախաղերի Տավուշի մարզ, այնուհետեւ՝ որ դերասանների հետ գտնվում է Ջավախքում եւ նախարարություն կարող է գալ միայն հունվարի 10-ին՝ հանրապետություն վերադառնալուց հետո: Նախարարության պատասխանատուները պարզել են, որ Կարապետյանն այդ ամբողջ ժամանակ գտնվել է ԱՄՆ-ում, իսկ հյուրախաղերի վերաբերյալ պնդումները սուտ են։

Հունվարի 9-ին մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը եւ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը մեկ ժամ ձյան տակ սպասել են, սակայն այդպես էլ ոչ ոք չի ներկայացել հանդիպմանը: Նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ խորհրդակցելով՝ Նազենի Ղարիբյանը որոշում է կայացրել դիմել ոստիկանական ծառայությանը։ Թատրոնի դռները հնարավոր է եղել բացել միայն ոստիկանության ներկայացուցիչների եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով:

Հունվարի 16-ին Գայանե Կարապետյանը ներկայացել է նախարարություն եւ պահանջել իր պայմանագրի պատճենը եւ ազատման հրամանը, սակայն հետո հրաժարվել է վերցնել ազատման հրամանը: Նախարարի հրամանով ստեղծվել է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գույքի եւ փաստաթղթերի հանձման եւ ընդունման հարցերով հանձնաժողով, որում ընդգրկվել են նախարարության տարբեր բաժինների մասնագետներ, ինչպես նաեւ թատրոնի նախկին տնօրենը, ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը եւ թատրոնի հաշվապահը:

Հանձնաժողովը հունվարի 18-ին նիստ է հրավիրել՝ հանձնման-ընդունման գործընթացն անցկացնելու համար, սակայն թատրոնի նախկին տնօրենն ու հաշվապահը չեն ներկայացել նիստին եւ հրաժարվել են համագործակցել, ինչով խափանել են հանձնաժողովի գործառույթների իրագործումը:

Գայանե Կարապետյանի հետ հեռախոսակապ հաստատել չհաջողվեց։ Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տվեց «Հետք»-ին։

-Տիկին Ղարիբյան, չնայած նախարարության պնդումներին, որ տարածքը պետությանն է, եւ Գայանե Կարապետյանը պետք է այն լքի շուտափույթ, վճռական քայլեր չեն ձեռնարկվում։ Արդյո՞ք որեւէ կասկած ունեք տարածքի պատկանելության վերաբերյալ։

-Չունենք կասկած կամ վճռականության խնդիր։ Մենք նախորդ շաբաթներին որոշ քայլեր ձեռնարկել ենք։ Բայց ոստիկանությունը մեզ հայտնեց, որ թատրոնի կնիքը Գայանե Կարապետյանից վերցնելու լիազորություն չունի, դրա համար պետք է լինի դատարանի որոշում։

Ինչը կապված է տարածքի հետ, մենք պետք է գույքի հանձնում-ընդունում անենք։ Մենք այդ առումով մի քիչ մեղմ ենք, որովհետեւ մենք մարդուն ձմեռվա օրով փողոց նետել չենք ցանկանում։ Եթե գիտեք, նա այդտեղ բնակվում է։

-Գայանե Կարապետյանը Հայաստանում բնակարան չունի՞։

-Չգիտեմ։ Նրա երեխաները ԱՄՆ-ում են բնակվում։ Ես անընդհատ Կարապետյանին ցույց եմ տալիս, որ նա չի կարող այդ տարածքը զբաղեցնել, քանի որ կապված չէ որեւէ պետական կառույցի հետ։ Այս պահին թատրոնում նա ոչ մի պաշտոն չունի, եւ որպես մասնավոր անձ՝ զբաղեցնում է Պարարվեստի քոլեջի տարածքը։ Ես քոլեջի տնօրենին ասել եմ, որ Կարապետյանը տարածքում ապօրինի բնակվում է եւ պետք է զանգել ոստիկանություն։ Տնօրենը չի զանգել ոստիկանություն, բայց տարածքի հոսանքն է անջատել, որովհետեւ ինքն է վճարում։ Պատկերացնում եք, տարիներ շարունակ Պարարվեստի քոլեջի տնօրենը վճարել է Գայանե Կարապետյանի ծախսած հոսանքի, ջրի համար։   

Գայանե Կարապետյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի թատրոնում։ Խոսքը մի քանի միլիոն դրամի մասին է։

-Այսքանից հետո ի՞նչ տրամադրվածություն ունեք թատրոնի ապագայի վերաբերյալ։

-Ես չեմ սիրում որեւէ բան փակել կամ քանդել։ Ես շատ կցանկանայի, որպեսզի թատրոնը մնա։ Էդ թատրոնում մարդիկ ջանք են դրել, աշխատանք են արել։ Ես փակելուն դեմ եմ։

-Դուք համարու՞մ եք, որ Կարապետյանը բանավոր պայմանավորվածություններ է ունեցել նախկին իշխանությունների հետ, ինչի հետեւանքով առաջացել է այս խնդիրը։

-Ես ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ասում է, որ 150 հազար դոլարի ներդրում է արել, ես ուզում եմ տեսնել այդ փաստաթղթերը։ Առաջին օրվանից ասում է, բայց մեզ ոչինչ չի ներկայացրել։ Նա մի անգամ ինձ ասաց՝ էս տարածքը ոչ մեկինն է, ոչ Սայաթ-Նովայի անվան դպրոցինն է, ոչ էլ` քոլեջինը։ Հետո ես պարզեցի, որ վիճելին մեկ այլ տարածք է։ Իսկ նախկին կաթսայատունը, որտեղ բնակվում է Գայանե Կարապետյանը, պատկանում է Պարարվեստի քոլեջին։

-Դուք գիտե՞ք, որ Կարապետյանը տարածքում շուն է պահում։

-Այո։ Նա այնտեղ երկու շուն ունի։ Շների հետ այնտեղ բնակվում է արդեն ութ տարի։ Հարեւաններն այդ մասին մեզ պատմել են։

-Որքա՞ն կարող է ձգվել այս պատմությունը։

-Եթե կա ինչ-որ կարգ, մենք պետք է ենթարկվենք այդ կարգին։ Բայց չեմ կարծում, որ սա կարող է շատ ձգձգվել։ Հակառակ դեպքում թատրոնը կարող է փակվել, ինչի համար իրենք բոլորը պատասխան կտան։ Սա աննկարագրելի երեւույթ է։ Գայանե Կարապետյանը կռիվ է տալիս պետության հետ։ Նա պետական կնիքը չի հանձնում, պետական ներքին համակարգի կոդերը չի տալիս։ Ես չգիտեմ՝ նա պատկերացնու՞մ է հարցի լրջությունը։ Նա ինքն իրեն անդունդ է տանում՝ գլորելու։ Կարապետյանը ցուկցվանգի մեջ է։ Ես արդեն որոշել եմ, որ իրեն ոչ մի ազդակ չեմ ուղարկելու։ Որովհետեւ ամեն անգամ, երբ փորձում եմ իրեն հանել այդ վիճակից, նա այնպիսի պատասխան է տալիս, որ ավելի է խճճում իր վիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter