HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Մայրապետյանի համար երաշխավորություն են տվել Տեր Վահրամ քահանան և բժիշկ Ռուբեն Ֆանարջյանը

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով դուրս գալ Հայաստանից: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը:

«Հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ իրեն թույլ ենք տվել մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով»,- ասաց Օհանջանյանը և նշեց, որ երաշխավորություն տված անձանցից յուրաքանչյուրը սահմանված կարգով վճարել է 15 մլն դրամ գումար:

Օհանջանյանի խոսքով՝ երաշխավորներին նաև տեղեկացվել է, որ իրենց պարտականությունների չկատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Մեզ հետ զրույցում Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը նշեց, որ Մայրապետյանի համար երաշխավորություն են տվել առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Բատիկյանը նշեց, որ Մայրապետյանն անհապաղ պետք է մեկնի Գերմանիա, չբացառեց, որ արդեն մեկնած լինի:

Նշենք, որ հունվարի 23–ին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ բժիշկների կոնսիլիում է անցկացվել և փաստվել է, որ Մայրապետյանի բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։

Մինչ այդ՝  2019 թվականի հունվարի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Դիմումատու Մայրապետյանը Եվրոպական դատարանից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ պահանջել էր անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, իսկ մասնագետների ցուցումներից պարզ է դառնում, որ Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել:

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը:

Վերջինս 2018-ի հոկտեմբերին կալանավորվել, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության Հայաստանից դուրս գալ չէր կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter