HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԻՆ-ն ու կառուցապատողը ոչ միայն մրցակիցներ են դատարանում, այլեւ հայտնվել են նույն քրգործում

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ քրգործ է հարուցվել ԱԻՆ-ի եւ «Ն…» ընկերության միջեւ կայացած գործարքից հետո արձանագրված խախտումների փաստի առթիվ:

ԱԻՆ-ն ու «Նյուտեք Շինը»՝ նույն նավակում

Խոսքն այստեղ «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի մասին է, որի հետ ԱԻՆ-ը Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման վերաբերյալ պայմանագիր էր կնքել՝ հիմնվելով 2014 թ. մարտին կառավարության կայացրած որոշման վրա:

Դատախազությունը հաղորդում է, որ չնայած նախատեսված աշխատանքները, պայմանագրի համաձայն, «Նյուտեք Շինը» պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱԻՆ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ՍՊԸ-ին տրամադրել են 255.628.840 դրամ ընդհանուր արժեք ունեցող մետաղյա սալիկներ եւ այլ գույք: Դրանից 107.872.072 դրամի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Բացի դրանից՝ ԱԻՆ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է, որ ՍՊԸ-ի կողմից ԱԻՆ-ին վերադարձված եւ վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 147.756.768 դրամի սալիկներից բացակայում է 7.537.708 դրամի 478 հատ մետաղյա սալիկ:

foto024.jpg (177 KB) IMG_7815.jpg (58 KB)

ԳԴ-ում հարուցվել է քրեական գործ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջինը դրույթը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Երկրորդ դրույթը հետեւյալն է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման անհաջող ընթացքի մասին «Հետքը» գրել է: Միայն հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին կառավարությունը ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանձնեց ԱԻՆ-ին, չնայած մինչ այդ այն ներառված էր պետգույքի մասնավորեցման ծրագրում: Նախարարությունը եւ, մասնավորապես, նախարար Արմեն Երիցյանը ցանկություն ունեին անպայման վերագործարկել օդանավակայանը, ինչի շնորհիվ, ըստ նրանց, կբարձրանար արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում եւ արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: Նպատակ կար դրա միջոցով խթանել նաեւ փոքր ավիացիայի զարգացումը, այստեղ տեղակայվելու էին ուղղաթիռներ եւ փոքր ինքնաթիռներ, ինչպես նաեւ հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան:    

Ինչպես վերը տեսանք, ԱԻՆ-ը կառուցապատողին մեծ քանակությամբ գույք է տվել, ինչն, ըստ պայմանագրի ու դատախազության, չպիտի աներ: Բայց հետաքրքիր է, որ իր հերթին նախարարությունն էլ այդ գույքը ստացել էր ՊՆ-ից: Այսպես՝ Տիգրան Սարգսյանի կառավարության՝ 2014-ի մարտյան որոշումից առաջ, որով հիմք դրվեց ԱԻՆ-«Նյուտեք Շին» անհաջող համագործակցությանը, գործադիրը փետրվարին որոշել էր ՊՆ-ից վերցնել 567 հազար դոլարի (272 մլն դրամի) գույք եւ ամրացնել ԱԻՆ-ին: Խոսքը հենց մետաղյա թիթեղների մասին է: Բացի դրանից՝ ՊՆ-ն ԱԻՆ-ին պետք է հանձներ նաեւ ջրալվացման եւ ձնամաքրման համար նախատեսված «ԶԻԼ-130» մակնիշի «ԿՕ-002» տեսակի մեքենա (1986 թ. արտադրության, 950.000 դրամ արժեքով):

IMG_2595.jpg (429 KB)

Օդանավակայանի տարածքը

Որոշման նախագծում նշվել է, որ տրանսպորտային միջոցը եւ մետաղյա թիթեղներն անհրաժեշտ են Ստեփանավանի օդանավակայանում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման եւ իրականացման, մասնավորապես՝ տարածքը եւ թռիչքուղին բարեկարգ, մաքուր վիճակում պահելու, օդանավակայանի անխափան շահագործումն ապահովելու, օդանավակայանի տարածքը ցանկապատելու համար: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ սկսվել է կառավարության փետրվարյան որոշումից:

ԱԻՆ-ն ու «Նյուտեք Շինը»՝ իրար դեմ

2017-ի գարնանը եղել էինք Ստեփանավանի օդանավակայանում ու արձանագրել, որ կառուցապատման աշխատանքներ չեն կատարվել, միայն տարածքն է ցանկապատվել:

IMG_2602.jpg (399 KB)

Օդանավակայանի դարպասները

«Հետքի» նամակին ի պատասխան՝ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանն այն ժամանակ հայտնել էր. «Ընկերությունը («Նյուտեք Շին» ՍՊԸ-ն- հեղ.) իր նախաձեռնությամբ քանդել է օդանավակայանի վարչական շենքը՝ ավելի թեթեւ կոնստրուկցիաներով եւ ավելի ցածր արժեքով վերակառուցելու նպատակով: Սակայն մինչ օրս նշված շինության մասով աշխատանքներ չեն իրականացվել, իսկ օդանավակայանի պարիսպի եւ այլ վերանորոգման աշխատանքները կատարվել են թերություններով եւ դեռեւս ավարտված չեն, հետեւաբար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից աշխատանքների կատարման որեւէ ավարտական ակտ չի ստորագրվել եւ նախարարություն չի ներակայացվել: Հարկ ենք համարում նշել, որ ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի տարածքում 2016 թ. երկրորդ կիսամյակից սկսած որեւէ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»:

l-ZR6AmUlwuh.jpg (111 KB)

Նախկինում այստեղ օդանավակայանի շենքն էր

ԱԻՆ-ի ու կառուցապատողի հակասությունները սրանով չէին ավարտվել: 2015-ի սեպտեմբերին «Նյուտեք Շին» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ էր ճանաչվել ու չէր բողոքարկել վճիռը: Սակայն սնանկ ճանաչվելուց հետո ընկերությունը 2017-ի փետրվարին դատի էր տվել ՀՀ պետգույքի կառավարման վարչությանն (ներկայում՝ պետգույքի կառավարման կոմիտե) ու ԱԻՆ-ին՝ պահանջելով իրեն հանձնել Երեւանի Միկոյան եւ Հալաբյան փողոցներում գտնվող 2 միավոր անշարժ գույք (ընդհանուր շուրջ 65 մլն դրամ արժեքով)՝ իբրեւ կատարված աշխատանքների դիմաց վճար:

Բանն այն է, որ 2014-ի մարտին Տ. Սարգսյանի կառավարության կայացրած որոշմամբ՝ պետությունը կառուցապատող ընկերությանը պետք է վճարեր ոչ թե գումարով, այլ գույքով: Դրա համար գործադիրն ԱԻՆ-ից վերցրեց Երեւանում գտնվող 3 միավոր անշարժ գույք (ավելի քան 331 մլն դրամ ընդհանուր արժեքով, երկուսը՝ Միկոյան փողոցում, մեկը՝ Հալաբյանի վրա) ու կցեց պետգույքի կառավարման վարչությանը: Մյուս կողմից՝ կառավարությունը «Նյուտեք Շին» ՍՊԸ-ին ներգրավեց (հասկանալի չէ, թե ինչու էր հենց այս ընկերությունը ընտրվել) ԱԻՆ-ի կարիքների համար շինարարական ու կապիտալ վերանորոգման աշխատանքներում միանգամից 3 հասցեներում՝ Երեւանի Միկոյան փողոցում ու Շիրակի 3-րդ նրբանցքում, ինչպես նաեւ Ստեփանավանի օդանավակայանում: Աշխատանքների արժեքը հավասար էր լինելու ԱԻՆ-ից վերցված գույքի արժեքին: Մինչեւ դրանց ավարտը ՍՊԸ-ին տրվելիք գույքը մնալու էր որպես գրավ, ու ԱԻՆ-ի ստորաբաժանումները շարունակելու էին զբաղեցնել դրանք: Կոնկրետ օդանավակայանում կատարվելիք շինարարությունը գնահատվել էր ավելի քան 213 մլն դրամ: Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ստացվում է, որ ԱԻՆ-ի կողմից շինարարության համար ՍՊԸ-ին հանձնված գույքն ավելի թանկ է եղել (մոտ 256 մլն դրամ), քան կառավարությունը գնահատել է ամբողջ օդանավակայանի վերակառուցումը:

Վերադառնալով ընկերության եւ պետական մարմինների դատական վեճին՝ նշենք, որ այն մինչ օրս չի ավարտվել: ՍՊԸ-ի հայցն արդեն 2 տարի քննում է դատավոր Արայիկ Մելքումյանը: Բնականաբար, նախարարությունն ու պետգույքի կառավարման կոմիտեն դեմ են չկատարած գործի դիմաց գույքով վճարելուն: Նախարարությունից մեզ 2017-ին հայտնել էին, որ ընկերությունը բազմիցս խախտել է պայմանագրի պահանջները, սակայն ԱԻՆ-ի կողմից ՍՊԸ-ին տրվել են բազմաթիվ հնարավորություններ՝ չկատարած եւ թերի աշխատանքներն ավարտին հասցնելու եւ պայմանագրով հասանելիք վճար հանդիսացող գույքը գրավից հանելու համար:

Ավելին՝ երբ 2015-ին ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, պետգույքի կառավարման վարչությունը 2016-ին դիմել է սնանկության գործով դատավոր Ալեքսեյ Սուքոյանին՝ խնդրելով պարտատերերի ցանկում գրանցել նաեւ իրեն եւ իր ապահովված պահանջը (պահանջը ապահովված էր, քանի որ 3 միավոր անշարժ գույքի վրա կար գրավ): Այսինքն՝ պետական մարմինը ցանկացել է հետ վերցնել վճարի միջոց հանդիսացող գրավադրված գույքը, քանի որ սնանկացած կառուցապատողն իր պարտականությունները չի կատարել: Սակայն մինչեւ Սուքոյանը որոշում կկայացներ, ՍՊԸ-ն, ինչպես ասվեց, առանձին հայցով դատի է տվել վարչությանն ու ԱԻՆ-ին՝ պահանջելով որպես վճար իրեն հանձնել գրավադրված գույքից 2 հատը: Ու քանի որ նրա այս հայցն ընդունվել էր Ա. Մելքումյանի վարույթ, ընկերությունը դատավոր Սուքոյանին խնդրել էր կասեցնել պետգույքի կառավարման վարչության պահանջի քննությունը, ինչը բավարարվել էր: Սակայն վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս ատյանը դա արել է առանց հիմնավորման, բեկանել վերջինիս որոշումն ու գործը կրկին ուղարկել Ա. Սուքոյանին՝ նոր քննության:

2017-ի հունիսի 8-ին դատարանի որոշմամբ «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ է սկսվել, ինչը նշանակում է, որ ընկերության ունեցվածքի օտարմամբ պետք է փակվեն պարտատերերի հանդեպ պարտքերը, ինչից հետո ՍՊԸ-ն կլուծարվի: Այս ֆոնին տարօրինակ է Ա. Մելքումյանի վարույթում գտնվող ընկերության հայցի քննության ձգձգումը:  

Առաջին լուսանկարում՝ Ստեփանավանի օդանավակայանի ցանկապատը՝ պանելներից եւ մետաղյա թիթեղներից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter