Դատարանը մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանին գրավի դիմաց ազատ արձակելուց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Եղիազարյանի պաշտպան Վահե Արմենակյանը:
Պաշտպանի խոսքով՝ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին տվել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի, առաջարկվել էր նաև գրավ` հինգ միլիոն դրամի չափով, սակայն այս ամենով հանդերձ` դատարանը մերժել էր իրենց կողմից ներկայացված միջնորդությունը: Առաջին ատյանի դատարանի որոշումը պատշտանների կողմից արդեն իսկ բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, և պետք է քննվեր հունվարի 29-ին:
Նշենք, որ Մհեր Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի պատասխանատուն, մեղադրվում էր կաշառքի միջնրդություն կատարելու մեջ, և կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին: Դրանից երկու օր անց՝ դեմտեմբերի 5-ին, հացադուլ էր հայտարարել և 44 օր շարունակ հրաժարվել սնունդ ընդունել, պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում միայն ջուր է խմել: Քրեակատարողական հիմնարկն առաջարկել է նաև, որ Եղիազարյանը կաթիլային ներարկման միջոցով գլյուկոզա ստանալ, սակայն վերջինս հրաժարվել է նաև դրանից:
Թե ըստ մեղադրանքի կոնկրետ ինչ պաշտոնյայի կաշառք ստանալու միջնորդություն է կատարել Եղիազարյանը, պաշտպանը չի ցանկանում մանրամասնել, սակայն Եղիազարյանի վերաբերյալ գործը համարում է «շարքային գործ» ու վստահեցնում, որ նմանատիպ գործերով անցնող շատ մեղադրյալներ գտնվում են ազատության մեջ:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է այն մասին, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Վահե Արմենակյանի խոսքով՝ իր պաշտպանյալի հացադուլ հայտարարելու պատճառն իր գործով անարդար քննություն իրականացնելն է, իրեն կալանքի տակ պահելու դատարանների որոշումները, և իրենք`պաշտպանները թե՛ նախաքննական մարմնի, թե՛ դատարանների ուշադրությունը հրավիրել են Եղիազարյանի առողջական խնդիրների վրա:
Եղիազարյանը, պաշտպանի խոսքով, առողջական վատ վիճակում մեկ շաբաթ առաջ մասնակցել է իր նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության քննությանը:
«Ակնհայտ էր, որ առողջական ծանր վիճակում էր գտնվում, բայց գրավը մերժեցին»,- ասաց Արմենակյանը:
Պաշտպանի խոսքով` քրեակատարողական հիմնարկում Եղիազարյանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և խնամք է եղել, երկու անգամ` մեկը նախորդ տարեվերջին և մյուսը հավանավար, հունվարի 10-ին, նրա համար շտապօգնություն է հրավիրվել և տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ ասել են, որ առողջական վիճակը նորմալ է, և ստացիոնար բուժման կարիք չունի:
«Հնարավոր չէ, որ մարդը շուրջ 30 օր հացադուլի մեջ լինի, ու նրա առողջական վիճակը նորմալ լինի կամ չունենա բժիշկների ստացիոնար հսկողության կարիք»,- կարծում է պաշտպանը:
Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, Մհեր Եղիազարյանն իրենց մոտ է տեղափոխվել հունվարի 9-ին, կոնկրետ գանգատով, վիրաբույժի ուղեկցությամբ տարվել է ռենտգեն հետազոտության, արվել է սոնոգրաֆիա, և բժիշկն ասել է, որ անպայման պետք է նրան թերապևտը զննի ու անալիզներ արվեն՝ հասկանալու համար, թե ինչպես՝ հացադուլն անդրադարձել Եղիազարյանի առողջական վիճակի վրա: Ըստ Մանուկյանի՝ սոնոգրաֆիան կատարելուց հետո ուղեկցողներն ինքնակամ նրան տարել են հիվանդանոցից:
«Հիվանդության պատմության մեջ գրված է, որ նա ինքնակամ լքել է հիվանդանոցն՝ առանց բժշկի խորհուրդը լսելու»,- ասաց Միքայել Մանուկյանը՝ շեշտելով, որ իրենց նման պայմաններում չէին կարող եզրակացություն տալ, որ Եղիազարյանի վիճակը նորմալ է կամ ստացիոնար բուժման կարիք չունի:
Ըստ Արմենակյանի` իրենք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն, ըստ էության իրենց՝ պաշտպանների կողմից իրականացված բոլոր քայլերն ապարդյուն են անցել:
Մենք կապվեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել գրասենյակի աշխատակիցների կողմից՝ կապված Եղիազարյանի պաշտպանների կողմից իրենց ներկայացված դիմումի հետ: ՄԻՊ քարտուղար Նունե Հովսեփյանը խոստացավ ավելի ուշ մանրամասներ հայտնել:
Լուսանկարում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը և կալանավոր Մհեր Եղիազարյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել