HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը, կառավարության որոշմամբ, ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարի տեղակալի աշխատավարձի ամսական դրույքաչափը կազմում է 562 190 դրամ, իսկ ՊԵԿ նախագահինը՝ 793 680 դրամ:

Ստացվում է, որ Դավիթ Անանյանը, հաշվետու տարվա կտրվածքով, նախարարի տեղակալ է աշխատել մոտ 5 ամիս՝ ընդհանուր մոտ 2 մլն 810 հազար դրամ աշխատավարձով, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ 7 ամիս: ՊԵԿ նախագահի 7 ամսվա աշխատավարձի չափը կազմում է մոտ 5 մլն 555 հազար դրամ: Այսինքն՝ Դավիթ Անանյանի զուտ աշխատավարձը տարվա կտրվածքով կազմել է մոտ 8 մլն 365 հազար դրամ: Այս գումարի մեջ են մտնում նաև հարկերը:

Մինչդեռ Դավիթ Անանյանը հայտարարագրել է ամսական աշխատավարձից մոտ 14 մլն 924 հազար դրամ ավելի, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարներից:

Ananyan.jpg (106 KB)

Մամուլը անդրադարձել է ՊԵԿ նախագահի տարեվերջյան պարգևատրումներին, որը հասնում էր մի քանի միլիոն դրամի: ՊԵԿ նախագահը լրագրողներին այդպես էլ հաստակ չասաց, թե որքան պարգևատրում է ստացել պետական բյուջեից: Համադրելով այս տվյալները՝ ստացվում է, որ տարվա կտրվածքով աշխատավարձից զատ՝ ՊԵԿ նախագահը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևատրում կամ դրան հավասարեցված այլ վճարներ: Ուշագրավն այն է, որ պաշտոնյաները հայտարարագրում են «մաքուր» եկամուտը՝ հարկերը հանած:

Ընդհանուր առմամբ 2018թ. Դավիթ Անանյանը հայտարարագրել է մոտ 43 մլն 161 հազար դրամի եկամուտ, որից 23 մլն 291 հազար դրամը աշխատավարձն է և դրան հավասարեցված այլ վճարումները, 15 մլն դրամը՝ բաժնեմասից ստացած եկամուտը, 4 մլն 975 դրամը՝ բաժնեմասի օտարումը: ՊԵԿ նախագահը եկամուտ է ստացել նաև արտարժույթով, որը կազմում է 12 724 եվրո: Նշված եկամուտը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և այլ եկամուտներից: ՊԵԿ նախագահին նաև գումար են պարտք՝ հանձնել է փոխառություն, որի չափը 2018թ. տարեվերջին կազմել է մոտ 1 մլն 699 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

Լադիմիր Լաադիմիրովիչ
Վայ քոռանան ես։ Էլ բան ու գործ չի մնացել անելոու էս Երկրում ։ Բա անցյալ տարի ու՛ր էիք ։Չիմացանք ով ինչքանա պարգևատրվել ու կաշառք լափել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։