HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչու՞ հրաժարական տվեց և ինչու՞ է կրկին առաջադրվում Աշոցքի նախկին համայնքապետը

13 տարի՝ 2005թ-ից, Աշոցք գյուղը, այնուհետեւ նույնանուն խոշորացված համայնքը ղեկավարած Արթուր Ալոյանը, անցած տարվա նոյեմբերի 1-ին հրաժարականի դիմում գրեց: Երկարամյա համայնքապետի նման որոշումն անակնկալ էր շատերի համար, մանավանդ որպես պատճառ նշվել էր հարկերի հավաքման ցածր ցուցանիշը: Ուսումնասիրելով Շիրակի մարզի համայնքներում հարկերի հավաքման տարբեր տարիների ցուցանիշները՝ կարելի է պարզել, որ Աշոցքը երբեք էլ չի եղել սեփական եկամուտները 100 տոկոսով կատարած «գերազանցիկների» շարքում, եւ այդ տարիների ոչ մի «ծույլիկ» համայնքապետի մտքի ծայրով անգամ չի անցել հրաժարական տալ վատ աշխատանքի պատճառով: Իսկ ահա իշխանափոխությունից մի քանի ամիս անց հրաժարական է տալիս հոկտեմբեր ամսվա կրտվածքով բյուջեն 60 տոկոսով կատարած Աշոցքի համայնքապետը:

«Այնպես չէ, որ մենք մշտապես ցածր ցուցանիշներ ենք ունեցել, վերջին տարիներին անգամ հասցնում էինք մինչեւ 90-95 տոկոսի՝ նորմալ հավաքագրում էինք ապահովում: Անցած տարի էլ բյուջեն, որպես խոշորացված համայնք, նորմալ կատարել էինք: Ես հասկանում եմ, որ այսքանից հետո պիտի տրաբանական լիներ հարցը, թե ինչու եմ հրաժարական տվել 60 տոկոս հավաքագրման համար, էն էլ էն դեպքում, որ տարին էլ դեռ չէր ավարտվել, սակայն կարող եմ հստակ ասել՝ ինձ չի եղել առաջարկ, թե աշխատանքդ թող, չեն եղել ճնշումներ, ես ինքս եմ երկար-բարակ մտածելուց հետո որոշում կայացրել»,-ասում է Արթուր Ալոյանը:

7600 բնակիչ (11 բնակավայր) ունեցող Աշոցք խոշորացված համայնքի բյուջեն 187 մլն դրամ է, որից 130 մլն դրամը կազմում է պետական դոտացիան: Խոշորացումից հետո անցած տարի նախանշվել ու գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվել են ծրագրեր: Արթուր Ալոյանի փոխանցմամբ, համայնքում կուտակվել էր նաեւ 63 մլն դրամի ապառք՝ հին եւ նոր պարտքերի տեսքով, որի հավաքագրումը խնդիր էր դարձել:

«Ես երբեք չեմ դիմել դատարաններին, որ մարդկանցից գումար հավաքեմ: Եթե հիշում եք, հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բաց հայտարարություն արեց, որ նախկին կառավարության ժամանակ ընտրված համայնքապետերը մեծամասնությամբ արդար ընտրությամբ չեն ընտրվել, եւ եթե իրենք լեգիտիմ են, ապա թող հրաժարվեն պաշտոնից, հետո նորից կարող եք մասնակցել ընտրություններին: Այդ ժամանակ էլ ամեն մարզխորհրդի նիստի խոսվում էր հարկերի հավաքումից, ասվում էր, որ եթե չենք կարողանում հավաքել, ուրեմն վատ ենք աշխատում, չենք ուզում աշխատել եւ այլն: Նաեւ առաջակում էին գործել ԴԱՀԿ-ի միջոցով, որը ես երբեք չէի անի, դրա համար էլ երկար մտածելուց հետո, որոշեցի հրաժարական տալ»:

Արթուր Ալոյանն ասում է, որ սա իր հրաժարականի տեխնիկական պատճառն է: Նոյեմբերի 1-ին, երբ ինքը դիմում էր գրում, հավաքագրումը սեփական եկամուտների կատարվել էր 60 տոկոսով: Աշոցքի ցուցանիշը դեկտեմբերի վերջին 84,9 տոկոս էր սեփական եկամուտների գծով, սա այն դեպքում, երբ Անի խոշորացված համայնքը տարին փակեց 67,7  տոկոսով, նրան հետեւում էին Մարմաշեն եւ Ախուրյան խոշորացված համայնքները, Աշոցքն իր արդյունքներով ընդամենը 4-րդ տեղում էր: Անդրադառնալով հարկահավաքության ընդունված մեխանիզմին, նախկին համայնքապետը բացատրում է, որ սովորաբար հարկերը սկսում են հավաքել երկրորդ եռամսյակում՝ տարվա սկզբին գյուղացուն չեն անհանգստացնում: Հարկահավաքչությունն ակտիվանում է մեկ էլ տարեվերջին: 2017թ.-ին Աշոցք խոշորացված համայնքը 100 տոկոս ցուցանիշ էր ապահովել, եւ նույն ակնկալիքն ունեին 2018թ.-ից:

«Դե ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հեղափոխություն էր լինելու, էնպես որ սկզբի երեք ամիսը մենք էինք բաց թողել, հետո դրան ավելացավ էդ անորոշության երեք ամիսները, հետո հեռուստատեսությամբ հայտարարություն եղավ, թե հարկերը զիջելու են, իհարկե դա հետո հերքվեց, բայց դե գյուղացու մոտ ամուր նստել էր առաջին ինֆորմացիան: Ահա էս ամբողջը խանգարեց համայնքների ղեկավարներին ժամանակին հավաքագրումը կատարել: Մյուս կողմից էլ կար քաղաքական գործոն, որն ինձ դրդեց այդ դիմումը գրելու»,-նկատում է զրուցակիցս:

Արթուր Ալոյանը, մինչեւ 2018թ.-ի մարտ ամիսը եղել է անկուսակցական: Իր նախորդ 4 ընտրությունների ժամանակ էլ մշտապես հաղթել է մրցակիցներին՝ չլինելով որեւէ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու:

«Խոշորացման ժամանակ, 2016թ.-ի հոկտեմբերի 2-ի ընտրություններին, առաջադրվել է համայնքապետի 4 թեկնածու՝ ես, Մեծ Սեպասարի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Սողոյանը, Թավշուտի նախկին գյուղապետ, դաշնակցական Սուրեն Սարգսյանը եւ ՀԱԿ-ից Արարատ Զորօղլյանը: Ես ստացել եմ 1500 ձայն՝ այնքան, որքան երեք թեկնածուներն իրար հետ միասին, եւ ինձ չի պաշտպանել ոչ մի կուսակցություն: Այո՛, ստացվեց այնպես, որ 2018թ-ի մարտին ես անցա ՀՀԿ-ի շարքերը, սակայն չակերտները չեմ բացի, թե ինչու նման որոշում ընդունեցի: Հիմա, այս ընտրություններին ես մասնակցում եմ որպես կուսակցական, սակայն ինքնաառաջադրվել եմ համայնքի բնակիչների պահանջով»:

Արթուր Ալոյանն ասում է, որ դիմում գրելու պատճառներից մեկն էլ եղել է սպասվող ընտրությունների ժամանակ պարտադրված ձայներ բերելու պահանջը: «Դե քանի որ արդեն կուսակցական էի, այդ պահանջը լինելու էր, ու ես որոշեցի հրաժարական տալ, որպեսզի էդ պարտադրանքների մեջ չլինեմ, ժողովրդին նեղություն չտամ: Ընտրություններին ես մեկ ձայն ունեի, էն էլ տվել եմ ՀՀԿ-ից Արշակյան Հարությունին, որն իմ ընտրատեղամասում հավաքել էր ընդամենը երեք ձայն: Սա նշանակում է, որ Աշոցքում եղել է արդար, ազատ ընտրություններ, ու մարդիկ ում ուզել են, իրենց ձայնը տվել են»,- նկատում է զրուցակիցս:

Աշոցքը 13 տարի ղեկավարած եւ փետրվարի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը 5-րդ անգամ առաջադրված նախկին համայնքապետը ընտրողների հետ հանդիպելու է, սակայն նախընտրական որեւէ ծրագիր չի ներկայացնելու: «Ես ոչ մի անգամ էլ ծրագիր չեմ ներկայացրել,- ասում է Արթուր Ալոանը,- խոշորացման ժամանակ էլ գյուղերում, որ հանդիպումներ էի ունենում, ասում էի նայեք իմ նախորդ տարիների աշխատանքը, եթե կվստահեք՝ ընտրեք, պատրաստ եմ ձեզ ծառայել: Հիմա էլ այս ընտրություններին էլ նույն կերպ եմ վարվելու: Մարդիկ տեսել են աշխատանքս, կարծում եմ կկարողանան կողմնորոշվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter