HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան հարցը և «համաշխարհային դեմոկրատիայի» կեղծիքը

Ինչպես և շատ անգամ կանխատեսվել է դեռ անցյալ տարի, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, որը ապահովվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով, հաջորդելու են արտաքին խնդիրները, որոնց մեջ է Ղարաբաղյան հարցի օրակարգային դառնալը: Տեսնում ենք, որ այդպես էլ եղավ՝ ներքաղաքական նոր ստատուս-քվոյին հետևում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացումը: Դա տեղի է ունենում ոչ թե ներքին՝ հայաստանյան հանրության ներսում ձևավորված պահանջարկով, այլ արտաքին՝ մեծ տերությունների, «միջազգային հանրության» դրդմամբ, այսինքն՝ դրսից թելադրված օրակարգ է: Որքան էլ վարչապետ Փաշինյանն ասի, թե իր և Ալիևի հանդիպումները տեղի են ունենում պատահական, չծրագրավորված, կամ որ իրենք առայժմ քննարկում են ավելի շատ բանակցությունների պատմությունը, քան կարգավորման նյութական հարցերը, պարզ է, որ կա մեծ տերությունների կողմից կազմակերպված և կառավարվող գործընթաց: Սրանով բնավ չենք կասկածում Նիկոլի անկեղծությանը. մեկը մյուսին, սակայն չի խանգարում՝ ակնհայտ է, որ տեղի է ունենում ոչ սովորական ակտիվացում Ղարաբաղյան հարցի շուրջ, և տեղի ունեցածը, նույնիսկ, եթե հանդիպումները, ըստ ձևի, պատահական են, կառավարելի և կազմակերպված գործընթացի մաս է:

Կարևոր է այս առումով, որ «կարգավորման» շուրջ ակտիվությունը չպետք է դառնա մի կողմից խուճապային տրամադրությունների առիթ, որոնք միայն անլրջացնում են խնդրի ընկալումը, ոչ էլ մյուս կողմից անտեսվի իրավիճակի իրական լրջությունը. գործընթացն իրոք սովորական և հերթական չէ, և կարելի է կանխատեսել, որ մոտ շրջանում այն ավելի է խորանալու և ի վերջո նաև դառնալու է 2019 թվականի առաջին կեսի հիմնական օրակարգային թեման՝ գուցե նույնիսկ պայմանավորելով և սահմանելով իրենով մյուս բոլոր թեմաները, այդ թվում գուցե ինչ-որ պահից ետին պլան մղելով ժամանակավորապես ներքին հարցերը:

Հանրության խնդիրն է ներքաղաքական խաղից (ընդդիմադիր վախճանաբանական քարոզչությունից՝ «Ղարաբաղը ծախում են» և իշխանական «հանգստացումներից»՝ «ոչ մի անսովոր բան տեղի չի ունենում») դուրս և դրանից հնարավորինս չազդվելով՝ փորձել հասկանալ իրականությունը՝ առանց չափազանցված հուզականության, բայց և առանց իրավիճակին անհամարժեք անհոգության: Պետք է փորձել քարոզչականից դուրս, հասկանալ տեղի ունեցողի բուն տրամաբանությունը, որպեսզի դրանից միայն սառը դատողությամբ դուրս բերվի նաև հնարավոր զարգացումների կանխատեսումն, ու հասկացվեն հնարավոր անելիքները: Որպես սկզբունք պետք է ընդունել այն, որ սա ոչ թե իշխող ուժին կամ Նիկոլին, այլ երկրին, պետությանն ու ազգին վերաբերող խնդիր է, և եթե առաջիկայում անհրաժեշտ լինի դիմադրել արտաքին մարտահրավերներին, ապա դա պետք է ունենա համազգային բնույթ: Մյուս կողմից էլ, եթե առաջարկվի կարգավորման լիարժեք և հանրության համար հնարավորինս թափանցիկ փիլիսոփայություն և փաստաթուղթ, ապա դա պետք է քննարկվի հնարավոր լրջությամբ և սթափությամբ՝ նպատակ դարձնելով ոչ թե ներքաղաքական դիրքավորումը, այլ պետական բարձրագույն շահը (անշուշտ, այս երկրորդ տարբերակի հնարավորությունը, այլևայլ պատճառներով, խիստ անհավանական ենք համարում, սակայն, արձանագրում ենք հանուն սկզբունքի):

Կարելի է առանձնացնել մի քանի տրամաբանություն, որոնց շրջանակում պետք է փորձել հասկանալ «կարգավորման» ակտիվացման ներկա փուլը:

Առաջինը, այսպես կոչված «միջազգային հանրության» (իմա՝ մեծ տերությունների) այն տրամաբանությունն է, համաձայն որի՝ ժողովրդի մեծամասնության քվեն ստացած Հայաստանի առաջնորդը պետք է «քաջություն» ցուցաբերի և իր ստացած վստահության աննախադեպ մանդատն օգտագործի Ղարաբաղի հարցը «լուծելու» համար:

«Միջազգային հանրության» այս հղացքը մի բազմաշերտանոց կեղծիք է, և միաժամանակ սխալ պատկերացումների և սխալ հաշվարկների արդյունք: Փորձենք համառոտ կերպով բացել այս կեղծիքի մեխանիզմի գոնե մի մասը:

Նախ՝ սա չի վերաբերում միայն Ղարաբաղյան հարցին, այլ ավելի լայն գաղափարախոսության մաս է: Ըստ այդմ՝ որևէ առաջնորդ, ստանալով մեծամասնության քվեն, պետք է ձեռնամուխ լինի «ոչ պոպուլյար» «ռեֆորմների», «ծրագրերի» իրականացմանը: Ընդ որում, որքան ավելի մեծ է վստահության քվեն, այդքան ավելի լայն ծրագիր պետք է փորձի իրացնել վստահության քվեն ստացածը: Ըստ այս տրամաբանության, քանի որ «ոչ պոպուլյար» քաղաքականությունը ենթակա է ընդդիմության քննադատությանը, ապա որքան ավելի ուժեղ է ընդդիմությունն, այնքան ավելի բարդ է կառավարությանն իրացնել «ռեֆորմները», հետևաբար, եթե կառավարությունն ունի առավելագույն, իսկ ընդդիմությունը նվազագույն վստահություն, ապա ճիշտ ժամանակն է անցնել ա՛յն քայլերի իրացմանը, որոնք ժողովրդականություն չեն վայելում: Սա այնքան տարածված պատկերացում է, որ, համարյա թե, անցնում է արդի ժողովրդավարական քաղաքականության էտալոնի փոխարեն, գրեթե նույնանում է ժողովրդավարության հետ:

Նման մտածողությունն այնքան սովորական է դարձել, որ մարդիկ՝ թե Հայաստանում, թե՛ դրսում, ամենայն անկեղծությանմբ չեն նկատում դրա ողջ զարհուրելի զավեշտը, տրամաբանական անհեթեթության գերագույն աստիճանը: Ի միջի այլոց, նշենք, որ ընկալման այս կաղապարն ամենևին էլ զարմանալի չէ՝ որևէ պատմական ժամանակաշրջանում որևէ քաղաքական համակարգ կամ քաղաքական դավանանք գերիշխող է լինում կամ դառնում ոչ թե որովհետև տրամաբանորեն ավելի համոզիչ է, այլ բացառապես ուժի և հավատքի իրավունքով: Ոչ միայն անցյալում, այլև այսօր մարդիկ առանց որևէ լուրջ խնդրի հավատում են ամենաանհեթեթ, ամենաանտրամաբանական դոգմաներին, եթե դրանք ընդունված են և այսպես ասած՝ վավերացված են գերիշխող խմբերի՝ պետությունների, մտավոր վերնախավերի, հեղինակավոր հաստատությունների կողմից: Մեր էպոխան ոչնչով չի տարբերվում մյուսներից այս առումով:

Վերադառնանք կեղծիքի խնդրին: Թեև մեր բերած օրինակում այն ակնհայտ է, բայց քանի որ դոգմաներն, ինչպես ասացինք, ընդունվում են որպես ինքնին պարզ ճշմարտություններ՝ անկախ դրանց տրամաբանական հիմնավորվածությունից, մի փոքր մանրամասնենք: Ժողովրդի մեծամասնության ստացած քվեն լավագույն առիթ է համարվում ոչ պոպուլյար, այսինքն՝ ժողովրդականություն չվայելող, այսինքն՝ նույն այդ ժողովրդի կամքին, ցանկություններին, ձգտումներին դեմ քաղաքականության իրացման համար: Մի անգամ էլ՝ ժողովրդականությունը՝ ժողովրդի մեծամասնության վստահությունն, առիթ է ժողովրդականություն չվայելող քաղաքականության: Հասկանալի է չէ՞ զռացող, ահազանգող, անսքող, զավեշտի հասնող տրամաբանական հակասությունը, որից չկա ոչ մի ելք, որը չունի և չի կարող ունենալ ոչ մի հերքում, հակափաստարկ: Եվ այս մոտեցումը ոչ թե որպես ինչ-որ բացառություն, ծայրահեղ դեպքում միայն կիրառելի, լուսանցքային, այլ գրեթե որպես նորմա, ստանդարտ, էտալոն է հասկացվում, և ի վերջո հենց «ժողովրդավարական» քաղաքականության փաստացի հոմանիշ: «Ժողովրդավարական» քաղաքականությունն, ուրեմն, ժողովրդի ստացած քվեով ժողովրդի պատկերացումներին, ցանկություններին, ձգտումներին դեմ քայլերն են, չվարանենք վերջապես ասել՝ հակաժողովրդական քաղաքականությունն է: Ավելի պարզ ասած՝ պարզ խաբեությունը՝ որպես քաղաքական արվեստի բարձրագույն դրսևորում: Իրոք, ի՞նչ է, եթե ոչ պարզունակ խաբեության բանաձև այն պնդումը, թե հատկապես ժողովրդական բարձր վստահություն, ընտրություններում մեծ տոկոս ստացած առաջնորդը նախևառաջ պետք է ձեռնամուխ լինի «ոչ պոպուլյար», հայերեն բառացի թարգմանությամբ՝ ոչ ժողովրդական, ժողովրդականություն չվայելող քաղաքական քայլերի իրացմանը:

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter