HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի պաշտպան. «Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից»

«2008 թվականի Մարտի 1-ի ցերեկը Հայաստանի բանակը, տանկերը պարզապես կանգնած են եղել, որևէ գործողություն չեն արել»: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Հարցին ինչո՞ւ էր բանակը կանգնած, Սահակյանը պատասխանեց՝ պատրաստվում էին: Իսկ թե ինչին էին պատրաստվում, Սահակյանն ասաց. «Կարող էին իրադարձությունները այնպես զարգանալ, տեսնում եք, չէ՞... կոչեր են եղել, թե ինչ անենք-ինչ չանենք, հետո երբ, ըստ էության, խուզարկություն կատարվեց հրապարակում, դուք տեսաք, որ մարդիկ զինված էին փայտերով, ձողերով, մահակներով»:

Դիտարկմանը, որ մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած խուզարկության որոշումը ՀՔԾ-ն վճարկում է, և առանձին քրեական գործ է հարուցվել՝ կապված դրա օրինականության ստուգման հետ, Սահակյանը պատասխանեց, թե դա իրեն չի հետաքրքրում:

«Ես Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող անձ եմ, ես գտնում եմ, որ այն մեղադրանքը, որ նրան առաջադրվել է, չէր կարող առաջադրվել. դա իրավական տգիտություն է: Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, ովքեր հակառակն են ասում, տգետ են կամ իրենց առջև նպատակ են դրել անել այն, ինչ մինչ օրս արել են: Այսինքն՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել, մեղադրել հանրապետության 2-րդ նախագահին: Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր- Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից, բայց քանի որ փոփոխություն մտավ Քրեական օրենսգրքում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Պաշտպանը նշեց, որ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը սահմանում է իշխանությունը զավթելու, ինչպես նաև իշխանությունը պահելու հանցակազմը, և հարցրեց, թե ինչու են, օրինակ, Քոչարյանին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրել, այլ ոչ 300-ով:

«Թող այդ հոդվածով մեղադրանք առաջադրեն, ինչո՞ւ չեն մեղադրում այդ հոդվածով. չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա սահմանադրական կարգն է տապալել՝ յուրացնելով իշխանությունը: Մի՞թե մեր իրավագետները, քննիչները, դատախազները կարդալ չգիտեն: Գիտեն կարդալ. եթե գրված է, որ նա մեղադրվում է իշխանությունը յուրացնելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու համար, ապա ճիշտ 300-րդ հոդվածն է, ինչո՞ւ չեն դնում այդ հոդվածը»,- նորից հարցրեց Սահակյանը:

Հարցին, թե ըստ Սահակյանի՝ ինչո՞ւ իրավապահները նման կերպ չեն վարվում, Սահակյանը պատասխանեց՝ իրենց հարցրեք: Իսկ թե այն հանգամանքը, որ տանկերը քաղաքում են եղել մարտի 1-ի առավոտվանից, չի՞ նշանակում, որ բանակը արդեն իսկ ներգրաված է եղել քաղաքական իրադարձություններին, Սահակյանը պատասխանեց, որ չի նշանակում՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ բանակը ոչինչ չի արել:

«Տեղակայված էին, որովհետև երկու գեներալ, ինչպես նաև հատուկ գնդի 80 տոկոսը փորձել են կատարել գործողություններ, որոնց իրավունքն իրենք չեն ունեցել՝ լինելով զինվորականներ: Բանակն ապաքաղաքականացված է, և բանակի ներգրավումը կարող էր կատարվել միայն և միայն հանրապետության նախագահի որոշմամբ, այն էլ ոչ թե որպեսզի ճնշվեր ժողովրդի մի մասի ընդվզումը, այլ որպեսզի սահմանադրական կարգը պահպանվեր»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ այս պահին Քոչարյանի խափանման միջոցի գործով քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter