HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանխատեսում եմ, որ եթե փոփոխությունները շատ երկար սպասեցնեն, ապա սոցիալական բունտը սարերի հետևում չէ»

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ

-Հարկերի համահարթեցման մասին «Ֆեյսբուքում» գրել էիք, որ դա գործնականում ոչինչ չի տալու միջին վիճակագրական աշխատավարձ ստացողին: Աղքատներին և միջին վիճակագրական աշխատավարձ ստացողներին կոչ էիք արել պատրաստվել գրպաններն ավելի թեթևացնելուն՝ ի շահ «հեղափոխական» բյուջեի, իսկ հարուստների վերաբերյալ էլ ասել էիք, որ կարող են տարին մեկ անգամ ավել հանգստանալ աշխարհի որևէ էկզոտիկ վայրում: Որո՞նք եք համարում համահարթեցման բացասական կողմերը, և արդյո՞ք այն ընդհանրապես չունի դրական ազդեցություն:

-Կառավարության ղեկավարը և համատեղությամբ հեղափոխական պրոցեսների անվիճելի առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հեղափոխական պրոցեսներին պետք է հաջորդեն նույնպիսի տնտեսական պրոցեսներ։ Ինչ խոսք, սա վիճարկելը ողջամիտ չէր լինի։ Եվ հարկային այս փոփոխությունները ներկայացվում են որպես նախկին անարդար տնտեսական համակարգը վերափոխելու քայլերից մեկը։ Խոսվում է, որ այն միտված է տնտեսության ստվերը կրճատելուն։ Մինչդեռ փորձագետների կողմից վաղուց ապացուցվել է որ այն ստվերի կրճատման գործին եթե չվնասի, ապա հաստատ չի օգնելու։ Սա զուտ մաթեմատիկական հաշվարկներ են։ Խնդրահարույց է նաև փոփոխությունների փիլիսոփայական կողմը, թե ինչ ուղեձներ է այն տալիս հանրությանը։ Նախ՝ այն խորացնում է եկամուտների վերաբաշխման մեջ անարդարության բաղադրիչը։ Ավելին՝ նախկին հարկային օրենսդրությունը իր պրոգրեսիվ դրույքաչափի շնորհիվ կարելի է ավելի արդար համարել, քան առաջարկվողը։ Տեսեք, մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար ոչինչ չի փոխվում, նրանք շարունակում են վճարել նույն տոկոսադրույքով, 150.000-2.000.000 դրամ ստացողների համար փոփոխության գինը 0-90.000 դրամ է այս սեգմենտի ամենաբարձր՝ 1.999.000 դրամի դեպքում, իսկ ահա 2.000.000-ից ավել ստացողները աշխատավարձից 15 տոկոսի չափով պակաս են վճարելու բյուջե։ Ընդ որում՝ պետք է նշել, որ 2 մլն դրամից ավել ստացող աշխատող մեզ մոտ 1000 հոգուց մի քիչ ավելի է։ Եթե սա դրական է, ապա կարող ենք արձանագրել որպես օրինագծի միակ դրական կողմ։ Սակայն մյուս կողմից՝ սա, ինչպես ասացի, խորացնում է անարդարության զգացումը, որ մինչև «հեղափոխությունն» էլ կար՝ աղքատները շարունակում են աղքատանալ, հարուստները՝ հարստանալ։ Շարունակում է խորանալ եկամուտների բևեռացումը, ամենահարուստների և ամենաաղքատների միջև անդունդը մեծանում է։

Չկա տնտեսության վրա օրինագծի հնարավոր ազդեցության գնահատականը։ Ի՞նչ են նախատեսել ֆինանսների նախարարությունում այս փոփոխությունն առաջարկելիս՝ անհայտ է։ Ենթադրվում է, որ հարկերի նվազեցումը մեծացնելու է հարկվող գումարները, քանի որ պայմաններ են ստեղծվելու նոր աշխատատեղեր ստեղծելու համար և ստվերում գործողներն էլ ի հայտ են գալու։ Սակայն առաջարկվող փոփոխությունները այդպիսի հնարավորություն չեն տալիս։ Եվ հարց է առաջանում՝ եթե սպասվող փոփոխությունները չլինեն, ստվերային աշխատավարձերը ի հայտ չգան, ինչպե՞ս են փոխհատուցելու բյուջետային մուտքերի առաջացած պակասը։ Պատասխանն ակնհայտ է՝ պատրաստվում են մեծացնել անուղղակի հարկերը, մասնավորապես, ակցիզային հարկը վառելիքի, գազավորված ըմպելիքների, սիգարետի, ալկոհոլի և այլնի վրա։ Բայց այս մթերքներից ու ապրանքներից միայն բարձր աշխատավարձ ստացողները չէ, որ օգտվում են։ Այսինքն՝ մինչև 1.000.000 ստացող աշխատողներն այլ պայմանների անփոփոխության դեպքում սկսելու են ավելի շատ ծախսել, քան մինչև օրինագծի ընդունումը կամ սկսելու են քիչ մեքենա վարել, գազավորված ըմպելիքներ, սիգարետ ու ալկոհոլ օգտագործել։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի արձագանքն էլ, թե դրանք վնասակար բաներ են, հիշեցնում է նախկին վարչախմբի պնդումները, թե «միսը թա՞նկ է՝ կարտոֆիլ կերեք»։

Ըստ էության, գործատուների և աշխատողների հիմնական բանակի համար (միջին աշխատավարձը 160.000 դրամ է) եկամուտների առումով դրական փոփոխությունն աննշան է, իսկ բացասականը՝ անհամեմատ շատ։ Օրենքի այս նախագծում հեղափոխական ոչինչ չկա։

-Նաև ասել եք, որ «մեզ մոտ դեռ ոչ ոք դեղին բաճկոն չի հագնելու»: Այսինքն՝ ապագայում հնարավոր եք համարում բողոքի, դժգոհությունների ալիքի բարձացումը, բայց ոչ շուտով, այո՞:

-Ֆրանսիայում առաջացած սոցիալական-քաղաքական շարժումը հենց այսպիսի մի օրինագծի հետևանք էր։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կատարել էր իր նախընտրական խոստումը և իջեցրել ուղղակի հարկերի տոկոսադրույքները, բայց բյուջետային մուտքերի նվազումը փոխհատուցելու համար մեծացրել էր անուղղակի հարկերը։

Այո, այժմ մեզ մոտ այդպիսի շարժման հավանականությունը նվազագույն է, քանի հեղափոխական գործընթացներն առաջնորդած ուժի վարկանիշը չափազանց մեծ է։ Սակայն ժամանակի հետ ծախսերի այդպիսի մեծացումը և խոստացված հեղափոխության անորոշ ժամանակով հետաձգումը որոշակի դժգոհություններ կառաջացնի։ Ես կանխատեսում եմ, որ եթե այդ փոփոխությունները շատ երկար սպասեցնեն, ապա սոցիալական բունտը սարերի հետևում չէ։ Ցավոք, իմ գնահատականով, կառավարության այս կազմը ի վիճակի չէ հեղափոխական փոփոխություններ իրականացնել։ Մինչդեռ մարդկանց սպասելիքները շատ մեծ են, և հիասթափությունը ամենակործան կարող է լինել։

-Ձեր կուսակցությունը՝ «Քաղաքացու որոշումը», ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական օրակարգի մի շարք կետեր էր առանձնացրել՝ նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների, պետական կառավարման համակարգի դեկապիտալիզացիայի մասին օրենքներ: Հիմա երբ արդեն ձևավորվել է ԱԺ-ն, և ՔՈ-ն այնտեղ չէ, հավանական գտնո՞ւմ եք նշված կետերի իրագործումը խորհրդարանական ուժերի կողմից: Կա՞ համագործակցություն նրանց հետ:

-Նախ, ես չեմ կարծում, թե խորհրդարանական ուժերը համագործակցության համար փակ են։ Բայց այն փոփոխությունները, որոնք մենք կցանկանայինք տեսնել այդ օրենքներում, իրականում հեղափոխական են, և ես կարծում եմ, որ այդպիսի փոփոխությունների խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի գնա։ Մենք առաջարկել էինք նաև սահմանադրական փոփոխություններ, բայց այս օրակարգը կառավարող ուժի կողմից հետագայում թողնվեց անորոշ ապագային։ Մնացածի շուրջ համագործակցել, կոմպրոմիսների գալ, իհարկե, կարելի է, սակայն ՔՈ կուսակցության մեծամասնությամբ Ազգային ժողովը լրիվ այլ որակի օրենքներ կընդուներ։

Պետական կառավարման համակարգի դեկապիտալիզացիայի մասին օրենքի շուրջ. որպես «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ՝ իմ ունեցած քննարկումները թույլ են տալիս կարծել, որ այն իրականություն դարձնելու հարցում լիակատար փոխըմբռնում ու քաղաքական կամք կա։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով հետևողական կլինեն այս հարցում։ Վերջերս օրակարգերի հաճախակի փոփոխությունը ինձ արդեն սկսել է ստիպել այնքան էլ վստահ չլինել նույնիսկ կայացած պայմանավորվածությունների դեպքում։

-Այսինքն՝ կառավարող ուժի հետ քննարկումներ եղե՞լ են այս հարցի շուրջ, և ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:

-Քննարկումներ եղել են մինչև հեղափոխական պրոցեսները: Հրապարակվել է մեր քաղաքական օրակարգը, որի հետ պրոցեսները սկսող ուժը համաձայնել ու որդեգրել է: Հետագայում արդեն ԱԺ-ում նույնպես քննարկումներ են եղել «Ելք» խմբակցության հետ: Այդ հարցով համագործակցել ենք նաև արդարադատության նախարարության հետ, որտեղ այդ օրենքը դիտարկվում էր որպես անցումային արդարադատության մի մաս:

-Այդ դեպքում կառավարող ուժի օրակարգային ո՞ր փոփոխություններն են, որ, ըստ Ձեզ, սկսում են ստիպել այնքան էլ վստահ չլինել անգամ պայմանավորվածությունների դեպքում:

-Կարծում եմ՝ քաղաքական ուժի և քաղաքական գործչի բնութագրիչ ամենակարևոր հատկությունը խոսքին յուրաքանչյուր պայմանում տեր կանգնելու հատկությունն է: Ուժին կամ գործչին տրված յուրաքանչյուր ձայնը համարվում է վստահության քվե: Համաձայնեք, որ շատ դժվար է վստահել մարդուն կամ ուժին, որը ամեն երկրորդ կայացրած որոշումը փոխում է: Հետո արդեն էական չեն բացատրությունները: Հակառակը՝ եթե կա փոփոխության ողջամիտ փաստարկ, ապա դա հուշում է, որ կայացրած առաջին որոշումները բավարար մտածված չեն կայացվել: Այդ դեպքում նույնպես խոսքին վստահելու հետ կապված խնդիրներ են առաջանում:

Այդպիսի իրավիճակներ վերջերս եղել է Ընտրական օրենսգրքի հետ կապված, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, իրավապահ մարմինները նախարարություններ դարձնելու հետ կապված, արագաչափերի գոյության հետ կապված, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված: Գուցե փորփրելու դեպքում էլի կլինեն: Սրանք առաջինը միտքս եկած դեպքերն են:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter