HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը մեղադրվում է ֆինանսական չարաշահումների մեջ

«Երկխոսություն» մեդիա կենտրոնում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայիս տնօրեն Մհեր Խաչատրյանի հրավիրած ասուլիսի նպատակն էր ամփոփել 2018թ-ի հուլիսից մինչեւ 2019թ.-ի հունվարն իրականացրած աշխատանքի արդյունքները, խոսել վերջին շրջանում իր կողմից հրապարակած մի շարք չարաշահումների մասին:

«Հետք»-ը 2018թ-ի դեկտեմբերի 10-ին հրապարակած հոդվածում անդրադարձել էր հիմնադրամի գործունեությանն ու տնօրենի արած բացահայտումներին: Մհեր խաչատրյանը խոսել էր տարատեսակ չարաշահումների, կեղծ գործարքների, երկրաշարժից հետո մեկ փլված հասցեի դիմաց մի քանի բնակարանների հատկացման դեպքերի մասին:

Արդեն տարեսկզբին, հիմնադրամի տնօրենը, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակում էր այն բնակարանների հասցեները եւ բնակարանատերերի անունները, որոնք երկրաշարժից հետո, որպես փոխհատուցում ստացել են մի քանի բնակարան: Նշված փլված հասցեների դիմաց Մհեր Խաչատրյանն, ըստ փաստաթղթերի, հայտնաբերել էր մինչեւ 6 բնակարանի հատկացման փաստ:

«Այդ հրապարակումներին ի վերջո արձագանքեց Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ինձ խնդրեցին գնալ դատախազություն՝ թեման քննարկելու նպատակով, զրույցից հետո պայմանավորվեցինք, որ ամբողջը փաստաթղթերով պետք է ներկայացնեմ դատախազություն, հունվարի 17-ին ես դիմում եմ գրել դատախազություն, բոլոր փաստաթղթերը տրամադրել եմ, իմ դիմումին ընթացք է տրվել՝ գործն ուղարկվել է ոստիկանության Մուշի բաժին, այնտեղ էլ եմ բացատրություն տվել, եւ կարող եմ ասել, որ հստակ գործընթաց է սկսվել»,- հայտարարեց Մհեր Խաչատրյանը (լուսանկարում՝ աջից):

Բանախոսն անդրադարձավ նաեւ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումներին: Մհեր Խաչատրյանը նշեց, որ զերծ կմնա պիտակավորելուց, շատ չակերտներ չի բացի, սակայն ամենայն պատասխանատվությամբ պատրաստ է հայտարարելու, որ հոգաբարձուների խորհրդին ներկայացվել է կեղծ հաշվետվություն, որտեղ իր կողմից բացահայտվել է ֆինանսական չարաշահումներ ծախսերի հետ կապված:

«Օրինակ՝ աշխատող չունենալու ժամանակահատվածում աշխատավարձի ձեւակերպում՝ այդ բոլոր փաստերն իմ ձեռքի տակ կա: Հետազոտությունները մինչեւ վերջ ավարտված են, առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, նիստի ժամանակ այդ հարցը կբարձրաձայնվի, կներկայացվի ու ըստ կանոնադրության 17-րդ կետի՝ ներքին վերահսկողական հանձնախումբ կստեղծվի: Բոլոր ուսումնասիրությունները հոգաբարձուները կկատարեն հիմնադրամի ներսում: Անհրաժեշտության դեպքում կդիմեմ նաեւ իրավապահ մարմիններին»:

Ասուլիսը դեռ չավարտված՝ սրահ մտավ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը՝ հոգաբարձուների խորհրդի անդամ Աստղիկ Հովսեփյանի ուղեկցությամբ: Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանը զբաղվում է ինքնագործունեությամբ եւ այն, ինչ տեղի է ունենում այս պահին, հիմնադրամի կանոնադրության խախտում է:

«Այս ասուլիսն ունի քաղաքական ենթատեքստ,- կարծիք հայտնեց Ղարիբ Հարությունյանը,- եւ մեզ հայտնի է այդ ենթատեքստը, եւ մեզ հայտնի են այս երիտասարդին ուղղորդողները: Որեւէ հանձնում-ընդունում իմ՝ որպես նախկին տնօրենի, եւ ներկայիս տնօրենի միջեւ տեղի չի ունեցել: Եվ ներկայիս տնօրենը չի տիրապետում որեւէ պաշտոնական տեղեկատվության: Ստեղծվել է հանձնախումբ, որի նիստն այսօր՝ ժամը 17-ին է: Հիմա պատկերացրեք, որ տեղի է ունենում ասուլիս, եւ երիտասարդը հայտարարում է ինչ-որ չարաշահումների մասին, երբ որ հանձնում-ընդունում դեռ տեղի չի ունեցել: Բոլոր գիտակից մարդիկ էլ հասկանում են, որ նման պարագայում ցանկացած հրապարակված տեղեկատվությունը ապօրինի է»:

Ղարիբ Հարությունյանը կոչ արեց իրավապահներին զբաղվել արդեն իսկ Մհեր Խաչատրյանի կողմից արված հրապարակումով: Նա ոստիկանությանը դիմեց երկրորդ կոչով, որ ընդունեն հաղորդում զրպարտության մասին, քանի որ արդեն իսկ հիմնադրամի տնօրենի կողմից հրապարակային հաղոդում է հնչել կատարված հանցագործության մասին: Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանը պարզապես զրպարտում է իրեն:

Մհեր Խաչատրյանն էլ իր հերթին հայտարարեց, որ երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ քաղաքական պատվեր էլ չի կատարում, ի տարբերություն ոմանց: Նա խոստացավ ասուլիսի ժամանակ հնչեցրած չարաշահումների վերաբերյալ ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Մեկնաբանություններ (1)

Trezzo
Ղարիբ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ ռազբոռկա է արել Մհերի հետ ու ցանկացել եմ էդ տղու բերանը փակել,բայց ինչքան տեսանք չի ստացվել մետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter