HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ մշակույթի ակումբ»-ից` Հելսինկյան խումբ․ Ռոբերտ Նազարյան

սկիզբը

1975 թվականի փետրվարին Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո, մինչեւ 1978-ը, Հայաստանում քաղաքական դատավարություն չի եղել: 2-2,5 տարի ընդմիջումից հետո ձերբակալումները սկսվել են 1977 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ դատավարություններն ընթացել են 1978-ին: Սակայն սա չի նշանակում, թե այս ընթացքում այլախոհական դրսեւորումներ չեն եղել: Հակառակը` տեղի են ունեցել առավել լուրջ գործընթացներ: Ընդհատակում շարունակել է գործել ու ամրապնդվել Ազգային միացյալ կուսակցությունը: Ինքնահրատ գրականության թարգմանությամբ, հրապարակմամբ ու տարածմամբ են զբաղվել կալանավայրից վերադարձած  «Հանուն Հայրենիքի» ամսագիրը հրատարակող խմբի անդամները: 1976-1977 թթ․ գրվել եւ ինքնահրատ եղանակով հրատարակվել է Ալեքսանդր Մանուչարյանի «Ազգապատում» վերնագրով գործը, որի եզրափակիչ հատվածը՝ առանձին գրքույկով՝ «Ազգային իրավունք» վերնագրով, կրկին ինքնահրատ եղանակով վերահրատարակվել է արդեն ավելի ուշ՝ 1979-ին։ 1976-ին ԱՄԿ հիմնադիրներից Շահեն Հարությունյանը զբաղվել է Հայաստանի հելսինկյան խմբի ձեւավորման աշխատանքներով, որն իր գոյության մասին պաշտոնապես հայտարարել է 1977 թ. ապրիլին: Նույն 1976-ին իր ակտիվ հրապարակային-իրավապաշտպանական գործունեությունն են սկսել Ռոբերտ Նազարյանը, Էդվարդ Հարությունյանը եւ մյուս իրավապաշտպանները։ Ե´վ Նազարյանը, և´ Հարությունյանը մինչ այդ էլ հայտնի էին իրենց հստակ արտահայտված այլախոհական դիրքորոշմամբ: Ձեւավորվել ու իրարից անկախ գործել են ուսանողական խմբեր ու խմբակներ, որոնք, հայտնվելով ՊԱԿ-ի տեսադաշտում, որոշ դեպքերում ցրվել են, իսկ որոշ դեպքերում` ավելի ամրապնդվել ու շարունակել գործել:

Այնպես որ, այս ընթացքում` մինչեւ 1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյի պայթյունը, որին հետեւեցին նոր կալանավորումներ ու հետապնդումներ, Հայաստանում ակտիվ այլախոհական զարգացումներ են ընթացել, բայց մի դեպքում Պետանվտանգության կոմիտեի վատ աշխատանքի պատճառով, մեկ այլ դեպքում` այլախոհների ու այլախոհական կազմակերպությունների աշխատանքի ճիշտ կազմակերպման, գաղտնապահության բնագավառում կուտակած փորձը ճիշտ օգտագործելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել շուտ բացահայտվելուց ու կալանավորվելուց:

Մետրոյի պայթյունից հետո շինծու մեղադրանքներով կալանավորվեցին ու 1978-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դատապարտվեցին Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը եւ Շահեն Հարությունյանը։ Նրանց դատավարությունները համընկան դեպքերից մեկ տար առաջ՝ 1977-ի դեկտեմբերին կալանավորված Ռոբերտ Նազարյանի դատավարությանը, որը տեղի ունեցավ 1978-ի դեկտեմբերի 1-ին։

Ռոբերտ Խաչիկի Նազարյանը ծնվել է 1948 թվականին, Երեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը: Աշխատել է որպես ինժեներ-ծրագրավորող: Կալանավորվել է 1977 թ. դեկտեմբերի 22-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա):

Հասարակական-քաղաքական գործունեությամբ Նազարյանը սկսել է զբաղվել համալսարանում ուսանելու տարիներին: Մասնակցել է այդ տարիներին իշխանական վերահսկողությունից դուրս` Երեւանի պետական համալսարանում գործող «Հայ մշակույթի ակումբի» աշխատանքներին:

Ակումբին անդամակցում էին ե՛ւ ուսանողներ, ե՛ւ դասախոսներ, ե՛ւ մի շարք հայտնի մտավորականներ: Նազարյանն իր հայացքներով ու ազատամտությամբ չէր տեղավորվում անգամ «Հայ մշակույթի ակումբի» շրջանակներում: Ծավալած ակտիվ գործունեության համար 1969-ին նրան հեռացնում են կոմերիտմիությունից, իսկ 1970-ի հունիսին կայացած ռեկտորատի նիստի որոշմամբ` «համալսարանի կարգապահությունը կոպիտ կերպով խախտելու, դեկանի որոշումները չկատարելու համար» հեռացնում են համալսարանից, ինչն ուսանողների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացնում: Նրանք գրավոր ու բանավոր բողոքներ են հղում ե՛ւ համալսարանի ղեկավարությանը, ե՛ւ վերին ատյաններ: Արդյունքում, ավելի լուրջ զարգացումներից խուսափելու նպատակով իշխանությունները հրահանգ են իջեցվում, եւ 1970-ի հոկտեմբերին կայացած ռեկտորատի նիստում որոշում է կայացվում նախազգուշացում եւ նկատողություն հայտարարելով` Նազարյանին վերականգնել համալսարանում:

1976-ի վերջերից ԱՄԿ անդամ Շահեն Հարությունյանը նախաձեռնում է Հայաստանի հելսինկյան խումբ ստեղծելու գործը եւ դիմում այդ շրջանում հայտնի մտավորական-այլախոհներին` խմբի մեջ ներգրավվելու առաջարկով: Այդ այլախոհներից մեկից` հայտնի լեզվաբան Էդմոնդ Ավետյանից Նազարյանը տեղեկանում է Շահեն Հարությունյանի նախաձեռնության մասին, անմիջապես այցելում է նրան ու առաջարկում կազմավորվող խմբում ներգրավել նաեւ իրեն: 1977թ. ապրիլին՝ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հենց Նազարյանն էլ կարդում է Հայաստանի հելսինկյան խմբի հռչակագիրը: Խմբի մեջ սկզբում ներգրավված էին Ռոբերտ Նազարյանը եւ Էդուարդ Հարությունյանը: Հետագայում ակտիվ անդամների կալանավորման ու նորերի ներգրավման հետ կապված` Հայաստանի հելսինկյան խմբի անդամների կազմը փոփոխվել է: Ավելի ուշ միանում է Համբարձում Խլղաթյանը, ապա` Սիրվարդ Ավագյանը եւ Ռաֆայել Օհանյանը: Հենց այս` 1976-77 թթ. ծավալած գործունեությունն է Ռոբերտ Նազարյանի դատապարտման հիմք ծառայում: Մինչեւ 1977-ի դեկտեմբեր նա հասցնում է հսկայական աշխատանք կատարել: Հրապարակում է Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների փաստերը, դրամահավաք է կազմակերպում քաղբանտարկյալների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով, զբաղվում է հայ քաղբանտարկյալների պաշտպանությամբ, Մոսկվայից հսկայական քանակությամբ ինքնահրատ գրականություն է հասցնում Հայաստան: 1978 թ. դեկտեմբերի 1-ին, կալանավորումից մեկ տարի անց տեղի է ունենում Նազարյանի դատավարությունը: Նրա դատավարությունը ժամանակին հանգամանորեն լուսաբանվել է «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկայում» եւ արեւմտյան լրատվամիջոցներով: Նազարյանին դատապարտում են հինգ տարի ազատազրկման եւ երկու տարի աքսորի:

Պատիժը կրելու համար ուղարկում են Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսվող խիստ ռեժիմի կալանավայր: Կալանավայրում դրսեւորած ըմբոստ վարքի պատճառով 1981-ի հոկտեմբերին նրա պահման ռեժիմն ավելի են խստացնում եւ տեղափոխում Չիստոպոլի բանտ, որտեղ էլ ավարտում է ազատազրկման իր պատժաչափը: Այնուհետեւ աքսորվում է Կրասնոյարսկի երկրամասի Աբան ավան, որտեղից երկու տարի անց, ողջ պատիժը կրելուց հետո, ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան: Այժմ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում:

Ռոբերտ Նազարյանի գործով կայացված դատավճիռը

Ռ. Նազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը վերցրել ենք Նազարյանի անձնական արխիվից: Դա է պատճառը, որ տպագրվում է ամբողջական, առանց ԱԱԾ-ի կատարած միջամտությունների ու ջնջումների:

Գործ նո. 136

1978 թ.

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ    

ԿՈԼԵԳԻԱՆ 1978 թվականի դեկտեմբերի 1-ին Երեւան քաղաքում

Նախագահությամբ`    Հ. Նադարյանի

Ատենակալներ`              Ռ. Մարդանյանի

                                       Հ. Առաքելյանի

Քարտուղարությամբ`  Գ. Շիրինյանի

Մասնակցությամբ պետական մեղադրող

դատախազ`    Պ. Խուդոյանի

պաշտպան`    Յու. Մկրտչյանի

Քննության առնելով դատական դռնաբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

Ռոբերտ Խաչիկի Նազարյանի, ծնվել է 1948 թվականին Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, ավարտել  է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, ամուսնացած, խնամքին` երեք անձ, նախկինում չդատված, ֆիզիկապես առողջ, աշխատել է «Հայգյուղտնտտեխնիկայի» հանրապետական միավորման հաշվողական կենտրոնում որպես ինժեներ ծրագրավորող, բնակվել է Երեւանի Արաբկիրի 17 փողոցի նո. 9 տանը, մեղադրվում է ՀՍՍՀ քր.օր-ի 65 հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չճանաչեց: Նախնական կալանքի տակ է 1977 թվականի դեկտեմբերի 22-ից:

Դատաքննությամբ եւ գործի փաստական տվյալներով դատական կոլեգիան հաստատված համարեց հետեւյալը`

Ամբաստանյալ Նազարյանը 1976-77թթ. ընթացքում Սովետական իշխանությունը քայքայելու եւ թուլացնելու նպատակով տարել է հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա: Այդ ժամանակաշրջանում նա սիստեմատիկաբար պատրաստել, ինչպես նաեւ ձեռք է բերել, պահել եւ ձեռագիր ու մեքենագիր ձեւով բազմացրել տարածելու համար եւ տարածել է սովետական պետական ու հասարակական կարգը, ՍՄԿԿ եւ Սովետական պետության քաղաքականությունն արատավորող ակնհայտ զրպարտչական բնույթի գրականություն:

1976թ. սկզբին ամբաստանյալ Նազարյանը, նամակագրական կապեր հաստատելով առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածներ Պարույր Հայրիկյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Բագրատ Շահվերդյանի եւ մյուսների  հետ, հանդես է եկել նրանց պաշտպանությամբ: Այդ կապակցությամբ նույն ժամանակաշրջանում նա գրել է «Հանգանակություն ի նպաստ հայ քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին» տեքստը, կազմակերպել եւ կատարել է դրամական հանգանակություն, բազմացրել է այդ դատապարտյալների լուսանկարները, նրանց ներկայացրել որպես ազգայնական եւ քաղաքական համոզմունքների համար դատապարտվածների (հ.1, գթ..76-79):

1976 թ. փետրվարի 19-ին ամբաստանյալ Նազարյանը գրել եւ ՀՍՍՀ ՊԱԿ-ին է ներկայացրել «Իմ համոզմունքը» վերնագրով տեքստը, որտեղ նա ըմբոստ տոնով դարձյալ հանդես է եկել վերը նշված դատապարտյալների պաշտպանությամբ՝ համարելով այդ իր մտքի եւ խղճի թելադրանքը, անկախ այն բանից` դրանք համընկնում են իշխող մտայնությանը եւ գաղափարախոսությանը, թե ոչ: Նա, նույն տեքստում կանխազգալով իր գաղափարների հակասովետակն էությունը, երկընտրելի պահանջ է ներկայացրել` թույլատվություն ստանալու արտասահման մեկնելու կամ ազատազրկման դատապարտվելու (հ. 1 գթ. 74-75):

1976 թվականի մարտի 3-ին ամբաստանյալ Նազարյանը գրել է «Բարի սրտի տեր հայ քաղաքացիներ» տեքստը, որում շարադրել է իր մտորումները, իրեն ներկայացրել է որպես այլախոհ անձնավորություն (հ. 3, գթ. 55-56):

Վերոգրյալ տեքստը ամբաստանյալ Նազարյանը 1976-77թթ. տարբեր ժամանակներում կարդալու համար տվել է գործով վկաներ Էդմոնդ Ավետյանին, Սամվել Օսյանին, Վահան Անանյանին, Սիմոն Շահազիզյանին, Էդուարդ Հարությունյանին:

1977թ. հունվարի 20-ին ամբաստանյալ Նազարյանը գրել է «Բաց նամակ ԱՄՆ-ի նորընտիր պրեզիդենտ Ջեյմս Քարտերին» տեքստը, որում դրսեւորելով ակնհայտ հակասովետական դիրքորոշում՝ չարամտորեն հայտնել է, որ վերջին հաշվով մենք զրկված ենք բուն հայրենիքից եւ պետականությունից: Տեքստում ԱՄՆ պրեզիդենտին անվանելով մնայուն ճշմարտությունների հետեւորդ՝ հորդորել է նրան օգտագործելու իր պաշտոնական դիրքը` օգնելու «ճշմարտության» եւ «բարու» հետեւորդների` «հայ քաղաքական բանտարկյալների» փրկության գործին, որոնք խորհրդային միությունում դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման իրենց ազգային, քաղաքական համոզմունքների համար, այդպիսին անվանելով մարդու անբռնաբարելի իրավունքների աղաղակող ոտնահարում (հ. 1 գթ. 91-92):

Ամբաստանյալ Նազարյանը, անձնական ծանոթություններ ստեղծելով մոսկվայաբնակ այլախոհներ Ելենա Սիրոտենկոյի, Տատյանա Խադարովիչի, հոգեւորական Գլեբ Յակունինի եւ այլոց հետ, 1976 թ. Մոսկվա քաղաքում ձեռք է բերել եւ 1976-77 թթ. սիստեմատիկորեն տարածել հակասովետական 40 անուն գրականություն, այդ թվում Նյու Յորք քաղաքում տպագրական եղանակով հրատարակված երեք ժողովածուներ «ՍՍՀՄ-ում իրավունքների պաշտպանության խրոնիկա» վերնագրով, «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա» մեքենագիր ժողովածուն, «Քաղբանտարկյալների օրը 30 հոկտեմբերի 1975թ», «Մոր նամակները» վերնագրով բրյոշյուրները, «Այժմ երբ գնդակը թռչել էր», «Եվգենի Բարաբանովի հայտարարությունը մամուլին», «Ճամբարների ամոթալի համակարգը», «Գլխավոր քարտուղար», «Քաղբանտարկյալների նամակը Սովետական մշակութային գործիչներին», «Ակադեմիկոս Ա. Դ. Սախարովի քննարկումը», «Բաց նամակ ՌՍՖՍՀ գրողների միության քարտուղարությանը», «Գրողը որպես Ռուսաստանի խիղճը», «19-ը ապրիլի 1974 թ.», «Հիտլերը շահել է պատերազմը», «Տխուր եւ զգացողական պոեմա», «Աշխարհը, առաջադիմություն, մարդու իրավունքները» եւ այլ հոդվածներ ու տեքստեր, որոնք լեցուն են սովետական իրականությունը արատավորող, զրպարտչական հերյուրանքներով ու հարձակումներով ՍՄԿԿ-ի եւ սովետական պետության ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ:

Ամբաստանյալ Նազարյանը 1976 թ. վերջին իր բնակարանում կարդալու համար Էդուարդ Հարությունյանին է տվել «Աշխարհը, առաջադիմությունը, մարդու իրավունքները» հոդվածը, որը 1977 թվականին վերջինս, վկա Կարինե Մկրտչյանի միջոցով, վերադարձրել  է Նազարյանին, եւ 1977 թվականի դեկտեմբերի 22-ին առգրավվել է նրա բնակարանի խուզարկության ժամանակ:

Մոսկվա քաղաքում ձեռք բերված վերը թվարկված գրականությունից ամբաստանյալ Նազարյանը 1977 թ. մայիս ամսին վկա Կարինե Մկրտչյանին է տվել պահելու եւ կարդալու համար 37 անուն գրականություն, որպիսին վերջինս ներկայացրել է ՀՍՍՀ պետական անվտանգության կոմիտեին:

1977 թ. գարնան ամիսներին ամբաստանյալ Նազարյանը Սամվել Օսյանին եւ Էդուարդ Հարությունյանին է տվել կարդալու «Աշխարհի դեմոկրատական հասարակությանը», «ՍՍՀՄ-ում Հելսինկյան պայմանագրի կատարմանն աջակցող հասարակական խումբ կազմելու մասին», «ՍՍՀՄ-ի Հելսինկյան պայմանագրի կատարմանը աջակցող խումբ» վերնագրով, Սովետական իրականությունը արատավորող, զրպարտչական հերյուրանքներ պարունակող հոդվածները: Նույն ժամանակաշրջանում նա այդ հոդվածներից առաջինը եւ երրորդը տվել է ծանոթանալու վկաներ Էդմոնդ Ավետյանին եւ Ռաֆայել Պապայանին:

Իր կողմից գրված, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ձեռք բերված զրպարտչական գրականությունը մեքենագրված եղանակով բազմացնելու նպատակով ամբաստանյալ Նազարյանը 1977 թ. սկզբին Երեւանի կոմունալ-կենցաղային ծառայությունների նո. 12 «ծիածան» սրահից վարձույթով վերցրել է ժամանակավոր օգտագործման համար հայկական տպատառի «Ուկրաինա» մակնիշի, իսկ տարբեր ժամանակներում գործով վկաներ Ռաֆայել Պապայանից եւ Էդուարդ Հարությունյանից` ռուսական տպատառի «Մոսկվա» մակնիշի գրամեքենաներ: Նա օգտագործել է նաեւ մագնիսական ժապավենի վրա վերարտադրելու միջոցով տարածելու մեթոդը:

Ամբաստանյալ Նազարյանը ձեռագիր եւ մեքենագիր ձեւով բազմացրել, պահել եւ տարածել  է հայ ժողովրդին «վրեժի», «միության» եւ «ազատ անկախ Հայաստան ստեղծելու» կոչ անող հակասովետական, ազգայնական հերյուրանքներ պարունակող երգեր, ինչպիսիք են` «Կրկին ոտքի հայորդիներ», «Գերված զինվորի երգը», «Հայ ենք մենք», «Հայաստանի մտորումներ», «Հայորդիների երգը», «Ղարաբաղի ողբը» եւ ուրիշներ, որոնցում հայ ժողովուրդը պատկերված է որպես իրավազուրկ եւ իր անկախությունը կորցրած:

Առանձնապես վտանգավոր պետական հանցագործության համար դատապարտված Պարույր Հայրիկյանին համարելով իր «կուռքը» եւ ներկայացնելով նրան որպես «ազգային  հերոս»՝ ամբաստանյալ Նազարյանը, ի բավարարումն իր ազգայնական նկրտումների, բազմացրել է Հայրիկյանի լուսանկարները, նրա «վերջին խոսքը»՝ արտասանած դատարանում, նրա վերաբերյալ դատական փաստաթղթերը, նամակները, նրա եւ մյուսների համահեղինակությամբ կազմված այսպես կոչված «Ազգային միացյալ կուսակցություն» հակասովետական անլեգալ խմբի «ծրագիրն» ու «կանոնադրությունը», որոնցում ցասման կոչ է արվում հայ ժողովրդին, մռայլ գույներով ներկայացվում Սովետական իշխանությունը, զրպարտչորեն պնդում, որ ռուս ժողովուրդը փոքր ժողովուրդներին իբր ձգտում է զրկելու անկախությունից:

Ազգայնական մոլեռանդությունը ամբաստանյալ Նազարյանի մոտ հասել է այն խորության, որ նա իր քրոջ որդի` անչափահաս Արթուրիկ Հեքիմյանին նվիրելով «Նոր կտակարան» գիրքը, նրա վրա կատարած 26-մարտ 1976թ. ընծայագրում նշել է` «Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ մեր ազգը կթոթափի իր վրայից ստրկության լուծը եւ կապրի ազատ իր անկախ ու միացյալ հայրենիքում: Թող օրհնյալ լինեն այդ նպատակի համար զոհողության գնացող հայերը: Հուսով եմ, որ դու կլինես այդպիսին (հ.3 գթ. 338):

1977 թ. մարտի վերջին ամբաստանյալ Նազարյանը վկաներ Սամվել Օսյանի եւ Էդուարդ Հարությունյանի աջակցությամբ պատրաստել եւ գրամեքենայով բազմացրել է «Հայտարարություն»՝ («Դեկլարացիա») վերնագրով, հակասովետական, ազգայնական բովանդակությամբ, զրպարտչական փաստաթուղթ, որում ի թիվս բազմաթիվ հակասովետական մտքերի, խոսվում է Սովետական Հայաստանում միայն հայոց լեզվով գործավարություն տանելու, այսպես կոչված՝ «քաղբանտարկյալներին» ազատելու, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը ՀՍՍՀ-ին վերամիավորելու մասին:

Նշված «Հայտարարությունը» Երեւանում տարածելուց բացի՝ ամբաստանյալ Նազարյանը 1977 թ. ապրիլի 2-ին այդ փաստաթղթի մի քանի օրինակ անձամբ տեղափոխել է Մոսկվա եւ ապրիլի 4-ին այդպիսիք տվել բուրժուական թերթերի եւ ռադիոյի Մոսկվայում հավատարմագրված թղթակիցներին, հաղորդելով նրանց սովետական իրականությունը սեւ հայելիների մեջ պատկերող հերյուրանքներ Հայաստանում «մարդու իրավունքների խախտման» եւ այլ հարցերով, որպիսի նյութերը արեւմուտքում մասսայական ինֆորմացիայի բուրժուական մարմինները լայնորեն օգտագործել են հակասովետական պրոպագանդայի համար:

Ամբաստանյալ Նազարյանը 1977 թվականի ապրիլին գրամեքենայի վրա բազմացրել  եւ տարածել է «Ինչու ես այրեցի նրան» հակասովետական հոդվածը, որում զրպարտչական նյութեր են պարունակում իբր Մոսկվայի կողմից իրականացվող «հակահայկական» քաղաքականությունը, հայ «հայրենասերների» եւ այլախոհերի նկատմամբ «ճնշում» գործադրելու դեմ: Իսկ 1977թ. մարտ-ապրիլ ամիսներին գրամեքենայի վրա բազմացրել, ինչպես նաեւ լուսանկարման միջոցով ու տարածել է բացարձակ զրպարտչական հերյուրանքներ պարունակող այսպես կոչվող «Բողոք-դիմումներ» որոնց հեղինակները նշված են Էդուարդ Բեգլարյանը, Թաթոս Արթին Կասպարը, Համբարձում Իրադյանը, Ալեքսանդր Մալխասյանը, Շահեն Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը եւ ուրիշներ:

1977 թվականի մայիս-հունիս ամիսներին ամբաստանյալ Նազարյանը կազմել է «Հաղորդագրություն Բելգրադի կոնֆերանսի մասնակիցներին» վերնագրով ամփոփագիր 10 մեքենագիր էջից բաղկացած ակնհայտ հակասովետական, զրպարտչական փաստաթուղթը, որում թշնամական տեսանկյունից է ներկայացվում Սովետական իշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ՍՄԿԿ ու Սովետական կառավարության գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականությունը, անիրական ազգային խտրականություն վերագրում մեր հասարակությանը, սուտ պնդում կատարում ՍՍՀՄ-ում «ՍՄԿԿ դիկտատուրայի» առկայության մասին, որն իբր «քայքայել» է երկրի տնտեսությունը եւ ազգային մշակույթը, թշնամական կոչ արվում օտարերկրյա պետություններին` քաղաքական «ճնշում» գործադրելու ՍՍՀՄ-ի վրա:

Տարածման նպատակով ամբաստանյալ Նազարյանը 1977 թվականի ամառը նշված «հաղորդագրության» տեքստը բազմացրել է գրամեքենայի վրա եւ ֆոտոժապավենի ձեւով, նրան կցելով «Հայտարարությունը» եւ բազմաթիվ այլ զրպարտչական տեքստեր՝ փաթեթավորել է յուրաքանչյուրը մոտ 100 էջի շրջանակներում եւ գործով վկաներ Բենիամին Հովակիմյանի, Սարիբեկ Գյոդակյանի ու այլոց միջոցով ուղարկել Մոսկվա՝ իր ծանոթ այլախոհերին հանձնելու եւ վերջիններիս միջոցով այդպիսիք այնուհետեւ արտասահման ուղարկելու նպատակով:

Մոսկվա հղված հիշյալ փաստաթղթերի մի մասը, իրավասու օպերատիվ մարմինների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել են Գյոդակյանից, Հովակիմյանից: Երեք մասի բաժանված եւ առանձին թերթերի մեջ դրված համանման նյութեր հայտնաբերվել ու առգրավվել են Մոսկվա-պասաժիրսկայա երկաթուղային կայարանի պահեստասենյակում 1977 թվականի հունիսի 27-ին:

Ամբաստանյալ Նազարյանը, 1977 թվականին Երեւանում ծանոթանալով ֆրանսիայի քաղաքացուհի Ֆրանսուազա Օպետիի հետ, նրան է հաղորդել զրպարտչական ինֆորմացիա ՍՍՀՄ-ի մասին՝ տալով «Հայտարարություն» տեքստը: Վերջինս, 1978թ. հունվարի 9-ին Լոնդոնում մասնակցելով արեւմտյան լրագորողների պրես-կոնֆերանսին, հարցազրույց է ունեցել Նազարյանի «գործունեության» մասին՝ վատաբանելով Սովետական իրականությունը: Միաժամանակ ամբաստանյալ Նազարյանը Երեւանում Օպետիին խնդրել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում լինելու դեպքում նա արտասահմանում հանդես գա իր պաշտպանությամբ:

Բացի վերը շարադրվածը, ամբաստանյալ Նազարյանը 1977 թ. իր բնակարանում պահել է տարածելու համար, «Բելգրադի կոնֆերանսի մասնակից երկրների ներկայացուցիչներին - հայրենակից հայերին», «Ի լրացումն Բելգրադի կոնֆերանսի մասնակից երկրների ներկայացուցիչներին - հայրենակից հայերին», «Դիմում ամնիստիա միջազգային միության մեջ մտնելու մասին» տեքստերը, որոնք պարունակում են սովետական իրականությունը արատավորող զրպարտչական հերյուրանքներ:

1977 թվականի ընթացքում ամբաստանյալ Նազարյանը ձեռք է բերել եւ տարածելու համար պահել «Իրավական պայքարը պետ. աթեիզմի դիկտատուրայի դեմ», «ՍՍՀՄ օրենքները» անոնիմ գրքերը, «ՍՍՀՄ սահմանադրության շուրջը», «Դա իմ սահմանադրությունը չէ», «ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյին», «Մի քանի դիտողություններ 1977թ. ՍՍՀՄ ասհմանադրության նախագծի վերաբերյալ», «Դիմում համաշխարհային հասարակայնությանը» «Անկետային տվյալներ», «Իզվեստիա թերթի գլխավոր խմբագրին», «Բաց դիմում Սովետական Միության տիրակալներին», «Խնդրագիր» մեքենագիր հոդվածները եւ «Հարգելի Սիլվա Կապուտիկյան» ձեռագիր տեքստը, որոնցում վատաբանվում է սովետական իրականությունը, հարձակումներ թույլ տրվում ՍՄԿԿ եւ Սովետական պետության քաղաքականության հասցեին:

Վերոգրյալ հանցավոր արարքի համար մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալ Նազարյանի նկատմամբ ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտարարելով, որ ինքը սովետական իշխանությունը քայքայելու եւ թուլացնելու նպատակով հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա չի տարել, որ իր կողմից կազմված, ձեռք բերված, եւ տարածած գրականությունը իր էությամբ հակասովետական չէ՝ պատճառաբանելով, որ գործով ապացույցներ ձեռք չեն բերվել այդպիսիք հակասովետական համարելու: Նազարյանը միաժամանակ ընդունեց իր կողմից տեքստեր կազմելու, ձեռք բերելու, բազմացնելու, տարածելու վերաբերյալ իրեն վերագրված փաստերը մասնակիորեն:

Նա հայտնեց, որ ղեկավարվելով իր մտքի եւ խղճի պահանջով՝ ի նպաստ «հայ խղճի» կալանավորներին եւ նրանց ընտանիքներին, 1976թ. կազմակերպել է հանգանակություն 185 ռուբլու չափով, իր հեղինակությամբ գրել է «Իմ համոզմունքը», «Բարի սրտի տեր հայ քաղաքացիներ» տեքստերը, որոնցում շարադրել է իր մտորումները, «Բաց նամակ ԱՄՆ-ի պրեզիդենտ Քարտերին» տեքստը, մասնակցել է «Հայտարարություն», «Հաղորդագրություն» տեքստերի կազմմանը, վերջինիս կից նյութերի հայթայթմանը, տարածմանը, որ Մոսկվայում այլախոհ Գրիգորենկոյի տանը մասնակցել է օտարերկրյա թղթակիցների համար հրավիրված պրես-կոնֆերանսին, վերջիններին տվել «Հայտարարություն» տեքստից 3-4 օրինակ, որ Մոսկվայից ձեռք է բերել 40 անուն գրականություն, այդ թվում նաեւ՝ Նյու Յորք քաղաքում հրատարակվածներից, որ զբաղվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով՝ իր գործողությունները կատարելով ՍՍՀՄ-ի գործող օրենսդրության շրջանակներում:

Ամբաստանյալ Նազարյանի կողմից բերված պատճառաբանություններն անհիմն են,  նպատակ են հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից, եւ նրան մեղսագրված հանցավոր արարքը դատական կոլեգիան հաստատված է համարում գործով ձեռք բերված հետեւյալ ապացույցներով.

Գործով հարցաքննված վկաներ Էդմոնդ Ավետյանը, Սամվել Օսյանը, Սիմոն Շահազիզյանը, Վահան Անանյանը, Ռաֆայել Պապայանը, Լիաննա Սարգսյանը, Կարինե Մկրտչյանը իրենց ցուցմունքներով հաստատել են, որ 1977թ. ընթացքում տարբեր ժամանակներում ամբաստանյալ Նազարյանը իրենց տվել է կարդալու, ծանոթանալու համար վերոհիշյալ գրականությունից առանձին տեքստեր: Այդ վկաներից Կարինե Մկրտչյանը հաստատեց, որ Նազարյանն իրեն պահելու համար տվել է մեկ ամբողջ փաթեթ, մոտ 35 անուն գրականություն, որ ինքը, նրա ասելով, ծանոթացել է այդ գրականության հետ, համոզվել այդպիսինի հակասովետական էության մեջ (հ. 2, գթ. 47- 164, 214-234, հ. 5, գթ.92-94, 148-154, 235-238 եւ դատական նիստի արձանագրությունը):

Վկա Գյոդակյանի ցուցմունքներով հաստատված է, որ ամբաստանյալ Նազարյանը, իմանալով իր Մոսկվա գնալու մասին, 1977 թ. օգոստոսի սկզբին իրեն է տվել ծրար Մոսկվա տեղափոխելու եւ իր կողմից նշված հասցեատերերից որեւէ մեկին հանձնելու համար, սակայն դեռեւս Մոսկվա չմեկնած՝ Լենինական քաղաքում բերման է ենթարկվել ՆԳ բաժին, որտեղ պարզվել է, որ ծրարում եղել են մեծ քանակությամբ ֆոտոժապավեններ (հ.3 գթ, 1-2, հ. 5, գթ. 155-157):

Համանման ցուցմունք է տվել նաեւ վկա Բենիամին Հովակիմյանը, հայտնելով, որ 1977թ. հունիսի 11-ին իր անձնական գործերով Մոսկվա մեկնելու ժամանակ ամբաստանյալ  Նազարյանը Մոսկվա տեղափոխելու եւ իր տված հասցեատերերից մեկին հանձնելու համար իրեն է տվել մեկ փաթեթ, եւ ինքը, երբ ցանկացել է գնալ Գլեբ Յակունինի տուն փաթեթը հանձնելու, նրանց տան մոտ բերման է ենթարկվել ՆԳ աշխատակիցների կողմից, բացվել է փաթեթը, որտեղ եղել է «Հաղորդագրություն» տեքստը, «Դեկլարացիայի» եւ կից այլ նյութերի հետ՝ միաժամանակ հայտնելով, որ մինչ այդ Նազարյանը իրեն ընթերցելու համար տվել է «Դեկլարացիան» եւ Պարույր Հայրիկյանի «վերջին խոսքը»: Վկան հայտնել է նաեւ, որ իր հետ Մոսկվա ուղարկված նյութերը կլինեին մոտավորապես 100 էջի չափով (հ.5. գթ. 17-21):

Գործին կցված հակասովետական բովանդակություն ունեցող նյութերով, որոնք առգրավվել են Նազարյանի բնակարանի խուզարկությամբ, Կարինե Մկրտչյանի ներկայացմամբ, ինչպես նաեւ այլ աղբյուրներից, հաստատված է, որ ամբաստանյալ Նազարյանը իրոք զբաղվել է այդ գրականության բազմացմամբ եւ տարածմամբ: Վկաներ Կարինե Նավասարդյանի, Սվետլանա Հովհաննիսյանի ցուցմունքներով եւ ամբաստանյալ Նազարյանի հանձնառումով հաստատված է, որ վերջինս հանգանակությունների միջոցով օգնություն է ցույց տվել իրենց:

Հակասովետական բովանդակությամբ գրականության բազմացման փաստն է հաստատում այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նազարյանը «Ծիածան» սրահից վարձույթով վերցրել է «Ուկրաինա» մակնիշի գրամեքենաներ, իսկ վկաներ Պապայանից ու Էդուարդ  Հարությունյանից` «Մոսկվա» մակնիշի գրամեքենաներ, այդ մասին եղած փաստաթղթերով եւ նշված վկաների ցուցմունքներով, իրոք, Նազարյանը ժամանակավոր օգտագործման համար իրենցից վերցրել է գրամեքենաներ:

«Նոր կտակարան» գրքի վրա ամբաստանյալ Նազարյանի կատարած ընծայագրի տեքստով (հ. 6, գթ. 333) հաստատված է այդպիսի գրության հակասովետական էությունը:

Ամբաստանյալ Նազարյանի կողմից կատարված հանցավոր արարքը հաստատված է նաեւ իրեղեն ապացույցների զննման արձանագրություններով, որոնցից երեւում է, որ նշված տեքստերի բովանդակությունը Սովետական պետական եւ հասարակական կարգն արատավորող, զրպարտչական հերյուրանքներ է պարունակում (հ. 6, գթ. 1- 164, 238-248, 261-264):

Ձեռագրային փորձաքննության եզրակացությամբ հաստատված է, որ «Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը» եւ «Բաց նամակ ԱՄՆ-ի պրեզիդենտ Քարտերին», «Հայտարարություն», «Հայ ենք մենք» գրվել են ամբաստանյալ Նազարյանի ձեռքով (հ. 5. Գթ. 258-279):

Դատա-տեխնիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատված է, որ «Գերված զինվորի երգը» «Կրկին ոտքի հայորդիներ» «Բաց նամակ ԱՄՆ-ի պրեզիդենտ Քարտերին», «Դիմում-բողոք» տեքստերը մեքենագրվել են «Ուկրաինա» մակնիշի նո. 515998 հայկական տառի գրամեքենայով (հ. 5. Գթ. 280-326):

azatakan.jpg (1.66 MB)

Ամբաստանյալ Նազարյանի կողմից գործում եղած տեքստերի տարածելը հաստատված է նաեւ Մոսկվա-պասաժիրսկայա երկաթուղային կայարանի ադմինիստրացիայի կողմից 1977 թ. հունիսի 22-ին կազմված արձանագրությամբ այն մասին, որ կայարանի պահեստասրահում հայտնաբերվել են «Հաղորդագրություն Բելգիայի կոնֆերանսի մասնակիցներին», «Ինչպես ես այրեցի նրան», Պարույր Հայրիկյանի «Վերջին խոսքը», «Դիմում-բողոքներ» վերնագրով տեքստերը, յուրաքանչյուրից երեքական օրինակ՝ բաժանված երեք մասի, դրված երեք առանձին թղթերի մեջ, որոնց վրա ձեռագիր գրությունների հեղինակը, ըստ ձեռագրային փորձաքննության եզրակացության, ամբաստանյալ Նազարյանն է (հ. 3 գթ. 107-308, հ. 5 գթ. 258-279):

Արարքը հաստատված է նաեւ ամբաստանյալ Նազարյանի բնակարանի խուզարկությամբ առգրավված մագնիտոֆոնով եւ կոմպակտ-կասետայով` մագնիտաֆոնի ժապավենի հետ միասին, որի վրա ձայնագրված է 1977թ. ապրիլի սկզբին Մոսկվա քաղաքում Նազարյանի կողմից օտարերկրյա թղթակիցներին հաղորդած զրպարտչական ինֆորմացիան (հ. 8. Գթ. 78-182, հ.7, գթ. 1-11, 313-315):

Բեյրութ քաղաքում հրատարակվող դաշնակցական «Ազդակ» թերթի 1977 թվականի հունվարի 23-ի համարով, որում զետեղված է «Հայտարարություն» հակասովետական տեքստը, հաստատված է, որ իրոք ամբաստանյալ Նազարյանը այդ փաստաթուղթը տվել է օտարերկրյա քաղաքացիներին (հ.7, գթ. 1-իի, հ.8, գթ. 217):

Այդ հանգամանքն են հաստատում նաեւ «Ամերիկայի ձայն», «Բի-բի սի», «Գերմանական ալիք», «Ազատություն» օտարերկրյա ռադիոկայանների հաղորդումներից քաղվածքներ, որոնք կցված են գործին, ամբաստանյալ Նազարյանի մոտ հայտնաբերված եւ առգրավված օտարերկրյա թղթակիցներ Թոմաս Քենտի, Պեպի Պոլի, Էբբա Սեվբորդի այցետոմսերը եւ հասցեները (հ. 8. Գթ. 21-70, հ. 10, գթ. 145-180, հ. 1, գթ. 21-71):

Ամբաստանյալ Նազարյանի կողմից պատրաստված եւ տարածված նյութերի զրպարտչական բնույթը հաստատված է վկա Կամո Պետրոսյանի եւ մյուսների ցուցմունքներով, որ առանց իրենց գիտության իրենց մասին հաղորդվել է ակնհայտ սուտ հերյուրանքներ (հ. 5, գթ. 23-34, 206-215):

Գործում եղած պաշտոնական տեղեկանքներով հաստատված է, որ Պ. Հայրիկյանը, Ռ. Զոհրաբյանը եւ մյուսները դատապարտվել են առանձնապես ծանր պետական հանցագործություններ կատարելու համար, որով հերքվել է ամբաստանյալ Նազարյանի պնդումը` իշխանությունների կողմից նրանց նկատմամբ անձի ազատությունների խախտում թույլ տալու մասին (հ. 1, գթ. 76-78, 93, 98, հ. 7. Գթ. 38-41, 56-61, 373-393, հ. 8, գթ. 110-162, հ.1 գթ. 108-127):

Ամբաստանյալ Նազարյանի այն պատճառաբանությունը, որ իր կողմից պատրաստված, ձեռք բերված եւ տարածված տեքստերի, գրվածքների բովանդակությունը հակասովետական համարելու վերաբերյալ գործում տվյալներ չկան, ուստի այդ ուղղությամբ մեղադրանքն անհիմն է, չի կարող նրան ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ գործի նախաքննությամբ կատարված իրեղեն ապացույց համարվող գրականության զննության արձանագրություններով, այդ նյութերում պարունակող ակնհայտ զրպարտչական հերյուրանքների առկայությունը, ինչպես նաեւ նրանցում ՍՄԿԿ եւ Սովետական պետության քաղաքականության նկատմամբ թշնամական հարձակումները հիմք են տալիս դատական կոլեգիային այդ տեքստերը համարելու հակասովետական բնույթ կրող՝ հաստատված համարելով, որ սուբյեկտիվ տեսակետից ամբաստանյալ Նազարյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի 1-ին մասով, որով նա պետք է պատասխանատվության ենթարկվի:

Գործով իրեղեն ապացույցներից «Ծիածան» սալոնին պատկանյալ «Ուկրաինա» մակնիշի հայկական տպատառի եւ վկա Էդուարդ Հարությունյանին պատկանյալ «Մոսկվա» մակնիշի ռուսական տպատառի գրամեքենաները ենթակա են վերադարձման՝ ըստ պատկանելույն, ամբաստանյալ Նազարյանին պատկանյալ «Սոննա» մակնիշի մեկ մագնիտոֆոնը՝ չորս կոմպակտ կասետներով ՀՍՍՀ քր դատ. օր-ի 72 հոդվածի 1-ին կետի կարգով ենթակա է բռնագրավման, որպես հանցագործության գործիքներ, «ՍՍՀՄ օրենքները» եւ «Իրավական պայքար պետ. աթեիզմի դեմ» գրքերը անհրաժեշտ է պահել սույն քրեական գործի հետ, «Նոր կտակարան» գիրքը վերադարձնել ամբաստանյալ Նազարյանի մայր Սրբուհի Նազարյանին, իսկ ֆոտոնեգատիվները եւ ֆոտոպատճենները ոչնչացնել:

Դատական կոլեգիան, նկատի առնելով կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, գտնում է, որ ամբաստանյալ Նազարյանի նկատմամբ պատիժ պետք է սահմանել ելնելով ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ինչպես ազատազրկման, այնպես էլ աքսորի ձեւով, միաժամանակ հաշվի առնելով նրա անձնավորությունը:

Վերոգրյալից ելնելով եւ ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օր-ի 293-294 հոդվածներով՝ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

bantayin_regime.jpg (1.16 MB)

 

Վ Ճ Ռ Ե Ց

Ռոբերտ Խաչիկի Նազարյանին ճանաչել մեղավոր ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման հինգ (5) տարի ժամանակով ու աքսորի երկու (2) տարի ժամանակով՝ ազատազրկումը թողնելով կրելու խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, կալանքի սկիզբը հաշվելով 1977 թվականի դեկտեմբերի 22-ից:

Իրեղեն ապացույցներից «Ուկրաինա» մակնիշի նո. 515998 հայերեն տպատառի գրամեքենան հանձնել Երեւան քաղաքի կոմունալ-կենցաղային սպասարկման կոմբինատի նո. 12 սրահին, իսկ «Մոսկվա» մակնիշի նո. 1803060 ռուսական տպատառի գրամեքենան` Էդուարդ Բագրատի Հարությունյանին՝ ի տնօրինություն, «Սաննա» մակնիշի մագնիտոֆոնը՝ չորս կոմպակտ կասետներով, բռնագրավել:

«Նոր կտակարան» գիրքը հանձնել Սրբուհի Նազարյանին, «ՍՍՀՄ օրենքները» եւ «Իրավական պայքար պետ. աթեիզմի դեմ» անոնիմ գրքերը պահել գործի հետ, իսկ ֆոտոնեգատիվները եւ ֆոտոպատճենները ոչնչացնել:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ու բողոքարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀ`    Հ. ՆԱԴԱՐՅԱՆ

ԺՈՂԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`    ստորագրություններ

Իսկականի հետ ճիշտ է

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ` (ստորագրություն) Հ. ՆԱԴԱՐՅԱՆ

ԿՆԻՔԻ ՏԵՂԸ

5/12-78թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter