HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն -1974 թ․ Անդրանիկ Մարգարյան

Սկիզբը

Չնայած Անդրանիկ Մարգարյանի 1975 թ դատապարտված լինելու հանգամանքին նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 1974 թ․ ԱՄԿ ծավալած բուռն գործունեության արդյունք էր, այդ պատճառով էլ նրա մասին պատմող հատվածը վերնագրել ենք Ազգային միացյալ կուսակցություն -1974 թ։

Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել է 1951 թ., Երեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Մինչեւ կալանավորվելն ինժեներ է աշխատել: Դեռեւս դպրոցում` 1965-1967 թթ., կազմակերպել է «Պայքար աշակերտական միություն» անվամբ գաղտնի գործող կազմակերպությունը: Կազմակերպությունն զբաղվել է հայրենասիրական բնույթի թռուցիկների պատրաստմամբ ու տարածմամբ: 1967 թվականին, ծանոթանալով Պարույր Հայրիկյանի հետ, անդամագրվում է «Շանթ» կազմակերպությանն, իսկ 1968 թվականից Ազգային միացյալ կուսակցության անդամ է:

1974-ին կալանավորված Պարույր Հայրիկյանը Պետանվտանգության կոմիտեի մեկուսարանից` մեկուսարանի աշխատակիցներից մեկի միջոցով Անդրանիկ Մարգարյանին  է ուղարկում իր մշակած ԱՄԿ նոր ծրագիրը, կանոնադրությունն ու այլ փաստաթղթեր, դրանք բազմացնելու ու տարածելու հանձնարարությամբ: Մարգարյանը վերցնում է փաթեթը եւ վերցնելուց հետո` 1974-ի նոյեմբերին կալանավորվում է: 1975 թ. փետրվարին ՀՍԽՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա ու պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) դատապարտվում է երեք տարի ազատազրկման: Պատիժը կրում է սկզբում Մորդովիայի, ապա` Պերմի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Պերմի կալանավայրում նա ներման խնդրագիր է գրում եւ 1976-ի նոյեմբերին, ընդհանուր առմամբ` անազատության պայմաններում երկու տարի անցկացնելուց հետո, վաղաժամ ազատ է արձակվում:

1987-ին ընտրվում է նոր կազմավորված «Հայ դատ» կազմակերպության նախագահ: Այնուհետեւ` 1992-ին անդամագրվում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: 1995-ին ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

2000-ի մայիսին նշանակվել է ՀՀ վարչապետ եւ մինչեւ իր մահը` 2007 թ. մարտի 25-ը, ղեկավարել է ՀՀ կառավարությունը:


    
                                 Պատմում է Գագիկ Հովսեփյանը

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄԿ անդամ եմ դարձել 1968 թվականին, Անդրանիկ Մարգարյանին ծանոթ չեմ եղել: Այն տարիներին գործող գաղտնապահության կանոններն այլ էին: Մենք գործել ենք նույն կուսակցության շրջանակներում, բայց տարբեր խմբակներում: Միայն 1974 թվականի նոյեմբերին իմացա, որ իմ փոխարեն մեկ ուրիշն է կալանավորվել: Այդ կալանավորվածը Մարգարյան Անդրանիկն էր: Հետագայում, նրա ազատ արձակվելուց հետո մտերմացանք:

Երբ Պարույր Հայրիկյանն իր առաջին պատժաչափն ավարտեց եւ 1973-ին վերադարձավ Հայաստան, ԱՄԿ-ն սկսեց շատ ակտիվ գործունեություն ծավալել: Ամեն օր սպասվում էին նորանոր կալանավորումներ: Պարույրի հետ պայմանավորվել էինք` եթե ձերբակալեն իրեն, փորձելու է կալանավայրից կապ հաստատել ինձ հետ: Մեկը կար, որին ես չէի ճանաչում, բայց իր գոյության մասին գիտեի: Պարույրի հետ նրան տվել էինք «Սմբատ» պայմանական անունը: Ինձ պետք է մեկը մոտենար որպես «Սմբատ» եւ ասեր, որ Պարույրն է ուղարկել իրեն: Ճիշտ է, ես «Սմբատ» կեղծանունը կրող մարդուն չէի ճանաչում, բայց իմ խմբում տղաներ կային, որոնք ճանաչում էին նրան: Երբ երկրորդ անգամ` 1974-ին Պարույրին ձերբակալեցին, որոշ ժամանակ անց մեկը զանգահարեց մեր տուն, ներկայացավ որպես Սմբատ, ասաց, որ Պարույրի կողմից է ուղարկված  եւ պետք է անպայման հանդիպի ինձ, քանի որ բան ունի փոխանցելու: Պայմանավորվեցինք հանդիպել Շրջանայինում: Իմ խմբի այն տղաներին, ովքեր ճանաչում էին Սմբատին, տեղեկացրի մեր հանդիպման մասին եւ ասացի, որ հեռվից հետեւեն մեզ ու տեսնեն` արդյո՞ք այդ մարդն իրական Սմբատն է: Շատ մեծ կասկածներ ունեի: Տրամաբանությունը հուշում էր, որ սա կարող է սադրանք լինել: Պրակտիկորեն անհնար էր, որ Պարույրը կարողանար ՊԱԿ-ի մեկուսարանից մարդ ուղարկել ինձ մոտ:

Եկավ Սմբատ ներկայացողը: Չափազանց շփոթված էր ու լարված: Առաջարկեց մտնել մոտակա շենքի մուտքը: Հենց մտանք, անմիջապես ասացի. «Տե՛ս, չգիտեմ, թե դու ով ես, եթե Սմբատը չես, ճիշտն ասա, որովհետեւ մեզ երկու հոգի, որոնք ճանաչում են Սմբատին, հետեւում են, եւ եթե դու իսկական Սմբատը չես, հենց հիմա կպարզվի»: Նման բան նա հաստատ չէր սպասում: Անհանգստացած սկսեց կմկմալ, թե Պարույրն ինձ համար ՊԱԿ-ի մեկուսարանից բան է փոխանցել, բայց փաթեթն այդ պահին մոտը չի, հետո կզանգահարի ինձ: Ու արագ հեռացավ: Կարելի է ասել` փախավ: Մեր տղաներն անմիջապես տեղեկացրին ինձ, որ այդ մարդը Սմբատը չէ:

Ինձ հետ հանդիպելու փորձ նա այլեւս չարեց: Ավելի ուշ իմացա, որ նույն մարդը Պարույրի անունից փաթեթ է տվել Անդրանիկին: Անդրանիկը վերցրել է, ու հենց դա էլ նրա կալանավորման առիթ է դարձել:

Այդ փաթեթում Պարույրի` մեկուսարանում մշակած ԱՄԿ ծրագրի եւ կանոնադրության տարբերակն էր: Չգիտես ինչու, նա հավատացել էր, որ գտնվելով ՊԱԿ-ի մեկուսարանում` կարողացել է հավաքագրել ՊԱԿ-ի աշխատակցին, եւ որ նա այսուհետ դառնալու է իր կապավորը: Ինչի՞ արդյունք էր սա` ռոմանտիզմի՞, միամտությա՞ն, կինոների ազդեցությա՞ն, ասել չեմ կարող: Փաստը մնում է փաստ, որ ՊԱԿ-ի աշխատակիցը ոչ թե դարձել էր Պարույրի կապավորը, այլ որպես չեկիստ կատարում էր անվտանգության կոմիտեի աշխատակցի իր գործը` բացահայտում էր դրսում մնացած ԱՄԿ-ականներին: Եվ երբ ինձ հետ հանդիպումից հետո պարզեցին, որ կռահել եմ իրենց խաղն ու փաթեթը չեմ վերցնելու, իմ տարբերակից հրաժարվեցին: Հետո տեղեկանում եմ, որ այս նույն տղան փաթեթ է տվել Մարգարյան Անդրանիկին, ու Անդրանիկին կալանավորել են: Թե կալանավորվելուց հետո ինչ է խոսել Անդրանիկը, ինչպես է պահել իրեն, ինչ է արել, ինչ ցուցմունքներ է տվել` ես չգիտեմ:

Սա է ողջ պատմությունը: Անդրանիկի ազատ արձակվելուց հետո մենք մտերմացանք: Նա շատ էր վիրավորված Պարույրից: Համարում էր, որ Պարույրի մեղքով է կալանավորվել:

Հետագայում ես Պարույրից բացատրություն եմ պահանջել: Ցանկանում էի հասկանալ, թե ինչպես է կարողացել, վստահելով չեկիստին, վտանգել դրսում մնացած իր ընկերներին: Պարույրը պատասխանեց, թե հավատացել է նրան:


                                           Երկու նամակի պատմություն

Խորհրդային ամբողջատիրության տարիներին` մինչեւ 1960-ականներ խորհրդային տարբեր հանրապետություններում գործող այլախոհներն իրենց գործունեությունը ծավալում էին իրարից անջատ ու միմյանցից անտեղյակ: Ստալինյան շրջանում գործող այլախոհները տարրալուծվում էին բռնադատվածների` միլիոնների հասնող հոծ բազմության մեջ ու որպես առանձին գործոն երեւալու հնարավորություն չունեին: Ստալինից հետո գործող կիսագաղտնի ու գաղտնի խմբակների անդամներն ու առանձին գործող այլախոհները դեռ չունեին 50-70-ական թվականների այլախոհների հնարավորությունները, որպեսզի կարողանային կապ պահպանել իրար հետ: 20-րդ դարի 60-ականներից տարբեր հանրապետություններում գործող այլախոհներն արդեն առնչվում էին, եւ աստիճանաբար այդ կապերն ավելի էին սերտանում: Առաջին հերթին դրան նպաստում էին կալանավայրերը: Քաղաքական բանտարկյալներին, որոնց խորհրդային երկիրն անվանում էր հատուկ վտանգավոր պետական հանցագործներ, սկսել էին պահել հատուկ առանձնացված ու խիստ մեկուսացված կալանավայրերում` իրենց կամքից անկախ քաղբանտարկյալներին ընձեռելով իրար հետ ծանոթանալու, շփվելու ու մտերմանալու հնարավորություն: Ազատ արձակվելուց հետո ապրելով նույն` խորհրդային երկրում, նրանք շարունակում էին կապ պահպանել իրար հետ:

1968 թվականից Մոսկվայում սկսեց հրապարակվել «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան», որն անդրադառնում էր Խորհրդային Միությունում առկա քաղաքական հետապնդումներին, դատավարություններին, կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալներին եւ այլախոհությանն ու ազատամտությանն ընդհանրապես: «Խրոնիկայի» տեղեկատվությունն այդ տարիներին չափազանց մեծ նշանակություն ուներ յուրաքանչյուր այլախոհի, ազատամիտի, քաղբանտարկյալի ու քաղհալածյալի համար: Դրա միջոցով մարդկանց մասին տեղեկատվություն էր տարածվում երկաթյա վարագույրից այն կողմ: Մարդկային խեղվող ճակատագրերի մասին խոսում էր ազատ աշխարհի մամուլը: 20-րդ դարի երկրորդ կեսի աշխարհն այլեւս նախկինը չէր, եւ ինչքան էլ վարագույրը երկաթյա էր, տեղեկատվությունը թափանցում էր դուրս, եւ խորհրդային իշխանությունները ժամանակ առ ժամանակ ստիպված էին լինում իրենց համար տհաճ հարցերի պատասխանել: 1976 թ. մայիսին հիմնադրվեց Մոսկվայի հելսինկյան խումբը, որից հետո նույնանման Հելսինկյան խմբեր հայտարարվեցին Ուկրաինայում, Լիտվայում, Վրաստանում եւ Հայաստանում:

«Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» հրապարակվեց մինչեւ 1983 թվականը եւ, այլեւս չդիմանալով անընդհատ շարունակվող բռնություններին, հալածանքներին ու կալանավորումներին, փակվեց, իսկ Մոսկվայի հելսինկյան խումբն իր գործունեության դադարեցման մասին հայտարարեց 1982 թվականին: Հայաստանի հելսինկյան խմբի գործով վերջին դատավարությունը տեղի է ունեցել 1983-ի հունիսին: Ե՛վ Հելսինկյան խմբերը, ե՛ւ «Խրոնիկան» խիստ անցանկալի երեւույթներ էին խորհրդային իշխանության համար:

Բայց, չնայած աներեւակայելի հալածանքներին, չէին կարողանում ոչնչացնել անցանկալի այդ կառույցները: Խորհրդային իշխանությունները եւ հատուկ ծառայություններն անընդհատ նորանոր սադրանքներ էին հորինում այս կազմակերպություններին եւ սրանցում ներգրավված անհատներին արատավորելու ու անվանարկելու համար: Բավական է հիշել խորհրդային մամուլում ժամանակ առ ժամանակ տպագրվող այն դատապարտումները, երբ խորհրդային ռեժիմին հլու-հնազանդ մտավորականները դատապարտում էին այս կամ այն այլախոհին:

Այդ տարիներին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը Խորհրդային Միության մասին աշխարհին եւ խորհրդային ունկնդիրներին ճշմարիտ տեղեկատվություն տրամադրող ռադիոկայաններից մեկն էր եւ առանձնահատուկ ատելի էր խորհրդային իշխանության համար: Այս ռադիոկայանի տրամադրած տեղեկատվության մեջ մեծ բաժին էր կազմում հայերին վերաբերող մասը: Եւ ահա գոնե հայերի եւ Հայաստանի մասով «Ամերիկայի ձայն»-ին եւ հայտնի իրավապաշտպաններին վնասազերծելու նպատակով` ԽՍՀՄ հատուկ ծառայությունները մի ծրագիր են մշակում, որի նպատակը պետք է լիներ հայ իրավապաշտպաններին եւ ռադիոկայաններին արգելել անդրադառնալ Հայաստանին, հայաստանյան դեպքերին, հայ այլախոհներին եւ հայ քաղբանտարկյալներին: Ըստ այդ ծրագրի` նման պահանջով պետք է հանդես գային հայ քաղբանտարկյալները: Դրա համար որոշ հայ նախկին քաղբանտարկյալների` ոմանց մտացածին ու կասկածելի փաստարկներով մոլորեցնելով, ոմանց վստահությունը չարաշահելով, իսկ ոմանց միամտությունը պարզապես օգտագործելով, 1977 թվականին փորձում են դրդել, որ Անդրեյ Սախարովի եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի դեմ երկու սադրիչ նամակ ստորագրեն ու հրապարակեն: Ստորագրություններ հավաքելու գործը հանձն առնողներից մեկը ներման խնդրագրով կալանավայրից վաղաժամ ազատ արձակված Անդրանիկ Մարգարյանն էր: Ահա այն երկու նամակները, որ պետք է ստորագրեին հայ այլախոհները.

Քաղաքացի Սախարովին

Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանում ազգային հողի վրա դատապարտվածների առկայության փաստը քաղաքական զանազան նպատակներով օգտագործելը համարում ենք անհարկի եւ պահանջում ենք այսուհետ դադարեցնել վերոհիշյալը օգտագործելուց:

Հայտարարությունը հաստատում ենք…

 

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին

Խնդրում ենք Ձեզ` Ձեր ռադիոկայանով հաղորդել ի լուր շահագրգիռ շրջանների, որ մենք պահանջում ենք` Հայաստանում ազգային հողի վրա դատապարտվածների առկայության փաստը չօգտագործվի զանազան քաղաքական նպատակներով: Այդ իրավունքը մենք վերապահում ենք միայն հայ ժողովրդին:

Հայտարարությունը հաստատում ենք…

Պահանջվող ստորագրությունները հավաքելու նպատակով Անդրանիկ Մարգարյանը նամակներ է գրում կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալներին: Նրա երկու նամակները, որոնցից մեկը վերաբերում է հենց այս թեմային, ամբողջությամբ հրապարակվել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 2007 թ. հրատարակված «Նվիրյալը» գրքում: Ներկայացնենք հատված` Ռազմիկ Մարկոսյանին գրած նրա նամակից. «Այժմ խոսեմ վերը նշված հանգամանքների մասին: Վերջերս արտասահմանյան ռադիոն շատ է խոսում այն մարդկանց մասին, ովքեր նստած են եղել ճամբարներում կամ այժմ նստած են, խոսքս հայերին է վերաբերում: Նրանք հաղորդում են ոչ ճիշտ ինֆորմացիա մեր մասին, իրենց քիթը մտցնում են մեր ներքին գործերի մեջ, որը նրանք երբեք չեն պաշտպանել եւ մինչեւ այժմ, բացի վնասից, օգուտ չեն տվել: Եթե հիշում ես` N19 ճամբարում մեր խոսակցություններից մեկում ավելի մանրամասն ենք այդ հարցը քննարկել եւ եկել էինք եզրակացության, որ ոչ մի օտար ուժ, շարժում մեզ` հայերիս, պետք չէ, որ նրանք միշտ ցանկացել են մեզ օգտագործել իրենց նպատակների համար` սկսած քրիստոնեությունից, եղեռնից մինչեւ հիմա: Աշխարհը ստեղծվելուց ի վեր` մենք եղել ենք բարու կողմը, եւ կարիք չկա, որ չարը խառնվի մեր գործերին, թեկուզ մեր մասին խոսի…

Մենք չենք ուզում խաղալիք դառնալ քաղաքական խաղերում: Կյանքը ցույց է տվել, որ այդ խաղերում միշտ էլ խաղալիքները ջարդվել են, կորել կամ էլ, խաղին մասնակցելուց հետո, իրենց դերը կատարելուց հետո, դեն են շպրտվել:

Այս միտքը միշտ էլ եղել է հայի մտքում, ինչպես եւ քեզ մոտ: Հետեւաբար, օրինական են եւ օրինաչափ այն քայլերը, որոնց մենք կդիմենք չարի դեմ գործելու համար… Նախկին ճամբարականների մեծ մասը այս կարծիքին է, եւ որոշել ենք պատասխանել նրանց: Գրելու ենք հայտարարություններ, եւ ուղարկվելու են Սախարովին եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին: Այս հայտարարությունները ստորագրելու են (արդեն համաձայն են եւ սպասում են ձեր պատասխանին) մոտ 30 հոգի` Ստեփանը, Հովիկը, Բաբայանը, Աշոտը, ես, Հակոբջանը եւ ուրիշներ: Գրում եմ այդ հայտարարությունների տեքստերը»:

Ամենայն հավանականությամբ, ե՛ւ նրան, ե՛ւ մյուս ստորագրություն հավաքողներին այդպես էլ չի հաջողվել բավարար թվով մարդկանցից համաձայնություն ստանալ, որոնց ստորագրությունները լուրջ կշիռ կհաղորդեին այս նամակներին: Ռազմիկ Մարկոսյանին ուղղված նամակում նշված «մոտ 30 հոգի» արտահայտությունն էլ երեւի գրվել է Մարկոսյանի վրա համապատասխան տպավորություն կամ ազդեցություն թողնելու նպատակով: Հաջողության չհասնելով` գործը նախաձեռնողները ստիպված են լինում հրաժարվել այս նամակների հրապարակման մտադրությունից: Մինչ այդ, Անդրանիկ Մարգարյանը կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանին գրած իր մեկ այլ նամակում հորդորում է նրան ներման խնդրագիր գրել ու վաղաժամ ազատ արձակվել: Հատված այդ նամակից. «Գիտես երեւի, որ Աշոտը դեկտեմբերի 30-ից տանն է, արդեն աշխատում է, հանդիպում է ձերոնց: Դե, Ազատն էլ ապրիլի 5-ից կլինի տանը: Եղբայրս, ցանկությունս է, ոչ միայն իմը, այլ բոլորի, որ դու էլ շուտ գաս տուն, այնպես, ինչպես մենք: Ձերոնց քո մոտ գալու հիմնական նպատակներից մեկն է, որ ասեն քեզ, թե ինչպես ենք մենք ազատվել, չնայած չէինք հավատում, որ կազատվենք: Նրանց գալը կախված է նաեւ քեզանից»:

Կալանավայրերում գտնվող ԱՄԿ-ականները, չնայած չեկիստների բոլոր ջանքերին, կտրականապես մերժում էին ներման խնդրագրեր գրելու եւ ժամկետից շուտ ազատ արձակվելու առաջարկները: Նման կերպ ազատ արձակվելու համաձայնություն ընդամենը հինգ քաղբանտարկյալ է տվել, որոնցից մեկն ինքը՝ Անդրանիկ Մարգարյանն էր, իսկ մեկ այլ խնդրագրով ազատ արձակվածի՝ Ռուբեն Խաչատրյանի համար ներման խնդրագիրը գրել էր ոչ թե ինքը, այլ ՊԱԿ աշխատակիցների թելադրանքով նրա կինը։ Այս փուլում Խաչատրյանն արդեն լուրջ հիվանդ էր եւ չեկիստները հասկանում էին, որ նա կալանավայրում մնալ չի կարող։ Չնայած մերժումներին, ՊԱԿ-ն այս հարցում շոշափելի արդյունքի հասնելու հույսը չէր կորցնում: Ամեն կերպ ջանում էր ստանալ որքան հնարավոր է շատ ներման խնդրագրեր: Նպատակը պարզ էր` ջարդել ԱՄԿ-ականների ոգին, ցույց տալ դրսում մնացածներին, որ անկախության համար պայքարն անհեռանկար գործ է, եւ առաջամարտիկները հրաժարվում են այդ պայքարից: Ինչպես այլախոհների դեմ պայքարի այլ ճակատներում՝ այս ճակատում նույնպես պետանվտանգության կոմիտեն հաջողություն գրանցել չկարողացավ։ ԱՄԿ-ականները շարունակեցին հպարտորեն կրել իրենց ազատազրկումը կալանավայրերում, իսկ Հայաստանում՝ ընդհատակի ամենածանր պայմաններում Ազգային միացյալ կուսակցությունը շարունակեց գործել մինչեւ ԽՍՀՄ տապալումը։

Այս տողերը գրելով` մենք Անդրանիկ Մարգարյանին մեղադրանքներ ներկայացնելու նպատակ չենք հետապնդում: Թե ով էր նա, եւ ընդհանրապես ով՝ ով էր, ինչու էր հանձն առել այս դերը` կպարզվի շատ ավելի ուշ, երբ կբացվեն ՊԱԿ-ի արխիվը, եւ լյուստրացիա տեղի կունենա: Ամենեւին չի բացառվում, որ, իրոք, Անդրանիկ Մարգարյանը հետևություն էր արել, թե անկախության համար պայքարն անհեռանկար գործ է, եւ անհրաժեշտ է` այդ իրողությունը չգիտակցող եւ իրենց կյանքը կալանավայրերում անիմաստ անցկացնել պատրաստվող ընկերներին համոզել դրանում: Մեր նպատակն այստեղ մարդկանց դատապարտելը կամ գնահատականներ տալը չէ: Մեր խնդիրը 1970-ականների կեսերի իրադարձությունների ճշգրիտ լուսապատճենումն է:

Այս նամակները, չնայած այն հանգամանքին, որ միայն չնչին ազդեցություն կարող էին ունենալ ժամանակի այլախոհական մտքի վրա, այնուամենայնիվ այդ շրջանի հայաստանյան այլախոհության պատմության մաս են կազմում: Մենք պարտավոր ենք շեշտել, որ եղել է նաեւ նման մտայնություն: Սրանից բացի, մեր այս անդրադարձի համար շատ ավելի կարեւոր պատճառ է հանդիսացել այս նամակների հրապարակված լինելու հանգամանքը: Այս նամակները հրապարակվել են, դրանք արդեն շրջանառության մեջ են դրված, այլեւս հասարակության սեփականությունն են դարձել, եւ մենք դրանց չանդրադառնալ չէինք կարող: Թե ինչու եւ ինչ նպատակով են Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող «Նվիրյալը» գրքի հեղինակները նրա գրած բազմաթիվ նամակներից հենց սրանք ընտրել եւ հրապարակել` պարզ չէ: Ինքը` Անդրանիկ Մարգարյանը, երեւի չէր ցանկանա դրանք հրապարակված տեսնել:

 

      Անդրանիկ Մարգարյանի գործով մեղադրական եզրակացությունը

(Անդրանիկ Մարգարյանի հարազատները միակն էին, որ այդպես էլ, չնայած մեր բազմաթիվ փորձերին, չցանկացան տալ իրենց համաձայնությունը, որպեսզի ԱԱԾ արխիվից կարողանանք ստանալ նրա նկատմամբ կայացված դատավճիռը: Դա է պատճառը, որ հրապարակում ենք նրա մեղադրական եզրակացությունը` արտատպելով հետմահու Անդրանիկ Մարգարյանին նվիրված 2007թ. հրատարակված «Նվիրյալը» գրքից):

 

«ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՍՍՀ ԴԱՏԱԽԱԶ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ

ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Ս. ՕՍԻՊՅԱՆ

«30» հունվարի 1975թ.

                                   ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Նահապետի Մարգարյանի նկատմամբ նո. 34 քրեական գործով, որը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդ. նախատեսված հանցագործություններում:

Սույն քրեական գործը հարուցվել է 1974թ. նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի կողմից, Անդրանիկ Նահապետի Մարգարյանի ձերբակալման ու նրա մոտից հակասովետական ազգայնական բովանդակության նյութեր հայտնաբերելու կապակցությամբ:

1974թ. նոյեմբերի 14-ին Մարգարյանը կալանավորվել է: (հ.1 գթ. 2-68) Գործով կատարված քննությամբ հաստատվել է, որ մեղադրյալ Մարգարյանը, տրամադրված լինելով հակասովետականորեն, ազգայնականորեն իր համախոհներ` հետագայում ՀՍՍՀ քր. օր.-ի 65 եւ 67 հոդվածներով դատապարտված Պարույր Արշավիրի Հայրիկյանի, Ազատ Լեւիկի Արշակյանի եւ ուրիշների հետ միասին հանդիսացել է իրենց կողմից «Ազգային միացյալ կուսակցություն» կոչվող գաղտնի հակասովետական կազմակերպության  անդամ եւ սովետական իշխանությունը քայքայելու նպատակով տարել է հակասովետական ագիտացիա ու պրոպագանդա` ուղղված Հայաստանը ՍՍՀՄ-ից անջատելուն եւ այսպես կոչվող «անկախ հայկական պետություն» ստեղծելուն, պատրաստել եւ տարածել է ՍՄԿԿ եւ Սովետական պետության ազգային քաղաքականությունը, սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ պարունակող նյութեր:

Դեռեւս 1965-1967թթ. Մարգարյանը Երեւան քաղաքի նո. 123 եւ 3 դպրոցի աշակերտների թվից, որտեղ ինքն է սովորել, կազմակաերպել է «Պայքար աշակերտական միություն» կոչվող գաղտնի խմբակը եւ զբաղվել դրդիչ բնույթի թռուցիկներ պատրաստելով եւ տարածելով:

1967թ. աշնանը, Մարգարյանը ազգայնական հայացքների ընդհանրության հողի վրա, կապ է հաստատել վերը նշված Հայրիկյանի հետ, որի կողմից ընդգրկվել է «Շանթ» կոչվող անլեգալ խմբի մեջ, մասնակցել է այդ խմբի «ծրագիր եւ կանոնադրություն» կազմելուն, մուծել է անդամավճար, իսկ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լսարաններում կայացած հավաքներում, որտեղ ինքն է սովորել, Հայրիկյան Պարույրի, Արշակյան Ազատի, Աշիկյան Հակոբի, Ջղալյան Կարապետի, Բոյաջյան Արամի եւ խմբի մյուս մասնակիցների հետ քննարկել է հակասովետական ազգայնական բովանդակության նյութեր, մասնավորապես անլեգալ հրապարակված «Փարոս-1» թերթը:

Այս թերթը Մարգարյանն այդ նույն ժամանակ տարածել է «Պայքար աշակերտական միության» խմբակի անդամների միջեւ:

Ձերբակալման ժամանակ Մարգարյանի մոտից առգրավված «Ազգային միացյալ կուսակցության» ծրագիրը, կանոնադրությունը եւ երդումը եւ մյուս փաստաթղթերը, ինչպես եւ «Փարոս-1» թերթը եւ «Շանթ» անլեգալ խմբի «ծրագիրը եւ կանոնադրությունը» պարունակում են հակասովետական ազգայնական գաղափարներ եւ թշնամական հարձակումներ մարքս-լենինյան ուսմունքի դեմ, որն իբր հետապնդում է փոքր ազգերի շահագործմանը, պայքարի կոչ` Հայաստանի` ՍՍՀ Միության կազմից դուրս գալու եւ այսպես կոչված «անկախ հայկական պետություն» ստեղծելու համար: (հ.1 գթ. 9-45, 114-138, 203-210, 216-287, հ.2 գթ. 63-94, 96-101, 227-231, հ. 3 գթ. 1-23, 68-177, հ.4 գթ. 38-49, 54-58, 62-67, 70-79)

1967թ. դեկտեմբերին, «Շանթ» եւ «Պայքար աշակերտական միության» խմբերի բացահայտման կապակցությամբ, Մարգարյանը ՀՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի կողմից ենթարկվել է պրոֆիլակտիկայի: Չնայած դրան, մնալով ազգայնական դիրքերի վրա, նա շարունակել է հանցավոր կապ պահպանել Հայրիկյան Պարույրի եւ մյուս համախոհների հետ:

1968թ. Մարգարյանը մտել է «Ազգային միացյալ կուսակցություն» կոչվող անլեգալ հակասովետական կազմակերպության մեջ եւ նրա մասնակիցներ Հայրիկյան Պարույրի եւ մյուսների հետ միասին գաղտնի հավաքներում քննարկել է ավելի կոնսպիրատիվ հիմքերի վրա հետագա թշնամական գործունեություն տանելու հարցերը:

Շարադրված փաստերը մեղադրյալ Մարգարյանը ընդունել է: Դրանք հաստատվում են նաեւ հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա եւ հակասովետական կազմակերպական գրոծունեություն տանելու համար դատապարտվածներ Հայրիկյան Պարույրի, Արշակյան Ազատի, Նավասարդյան Աշոտի, Աշիկյան Հակոբի, Բարսեղով Ռաֆայելի, Խաչատրյան Աշոտի, վկաներ` Մելոյան Թելմանի, Մկրտչյան Վարդանի եւ մյուսների ցուցմունքներով, զննման արձանագրություններով, պրոֆիլակտիկայի նյութերով եւ իրեղեն ապացույցներով, Մարգարյանի մոտից վերցված փաստաթղթերով, «Շանթ» խմբի «ծրագրով, կանոնադրությամբ եւ թռուցիկով», «Փարոս-1» թերթով: (հ.1 գթ. 10-46, 68-87, 112-300, հ.2 գթ. 1-101, 113-140, հ.3 գթ. 24-140, 178-206, հ.4 գթ. 121-146, հ.5 գթ. 1-41)

1968թ. վերջերին Մարգարյանը Հայրիկյան Պարույրի, Ջղալյան Կարապետի, եւ Աշիկյան Հակոբի հետ միասին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լսարաններից մեկում պատրաստել է «Անկախությունը որպես կենսական պահանջ» եւ «Փորձառություն առանց փորձի» վերնագրերով հոդվածները եւ այնուհետեւ 1969թ. հունվարին նրանց մասնակցությամբ, Երեւանում, Սարի-Թաղի Մ. Գորկու փողոցի, 104 հասցեով գտնվող կոնսպիրատիվ բնակարանում, ցինկե կլիշեի վրա, օգտագործելով տպագրական ներկ, բազմացրել է մեծ քանակությամբ «Երկունք» վերնագրով թռուցիկներ` վերոհիշյալ հոդվածները եւ տարածել է Երեւան քաղաքում:

«Երկունք» թռուցիկները պարունակում են զրպարտչական հերյուրանքներ ազգային-ազատագրական շարժումների առկայության մասին Սովետական Միությունում, անվանելով այն «ռուսական կայսրություն», որն իբր մարքսիզմի քողի տակ իրագործում է շովինիստական նպատակներ, այն մասին, որ Հայաստանում սովետական իշխանության հաստատումը հանդիսացել է «Արյունալի մայրամուտ» եւ այլ թշնամական պնդումներ: Թռուցիկներում տրվում են «ընդհատակյա կազմակերպություններին հանձնարարություններ» կոնսպիրացիա պահպանելու եղանակների մասին, կազմակերպության անդամների վարքագծի մասին` նրանց հնարավոր բանտարկության դեպքում: 1969թ. հուլիսին, Հայրիկյանի բանտարկության կապակցությամբ, նրանց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, Մարգարյանը, պայմանավորվելով անլեգալ կազմակերպության անդամներ, հետագայում դատապարտվածներ Աշիկյան Հակոբի, Նավասարդյան Աշոտի հետ, վերջիններից ստացել է պահելու նպատակով հակասովետական ազգայնական բովանդակությամբ նյութեր:

1969թ. հակասովետական կազմակերպության մասնակիցներ Հայրիկյանի, Նավասարդյանի գործով քննության ընթացքում, ՀՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի կողմից Մարգարյանը կրկին նախազգուշացվել է ՍՍՀՄ պետական անվտանգությանը վնաս հասցնող իր գործունեության առիթով:

Շարադրվածը հաստատվում է մեղադրյալ Անդրանիկ Մարգարյանի, դատապարտվածներ` Հայրիկյան Պարույրի, Նավասարդյան Աշոտի, վկաներ` Աշիկյան Հակոբի, Ջղալյան Կարապետի, Բարսեղով Ռաֆայելի, Խաչատրյան Աշոտի, Մելոյան Թելմանի, Մկրտչյան Վարդանի, Ենգիբարյան Սուսաննայի, Բոյաջյան Արամի, եւ մյուսների ցուցմունքներով, զննման արձանագրությունով եւ իրեղեն ապացույցով, «Երկունք» թռուցիկով: (հ.1 գթ. 68-70, 88-138, 187-193, 197-207, 211-257, 279-284, հ.2 գթ. 1-140, 222-231, հ. 3 1-67, 140-206, հ. 4 123-130, հ. 5 1-20)

Նախազգուշացումից ճիշտ եզրակացություններ չանելով` Մարգարյանը 1970- 1974թթ. ընթացքում շարունակել է տանել ակտիվ կազմակերպական աշխատանք` անլեգալ խմբերի ստեղծման եւ զրպարտչական ազգայնական բովանդակության գրականություն հետագայում տարածելու ուղղությամբ:

Նա նամակագրական կապ է պահպանել կալանավայրում գտնվող Հայրիկյանի հետ, որը 1971թ. նրան է ուղարկել իր գործով դատավճռի պատճենը` արտասահման ուղարկելու եւ թշնամական նպատակներով օգտագործելու համար:

1971-1973թթ. Երեւանում Մարգարյանը, կապ հաստատելով վկաներ Քեշքերյան Արտեմիսի, Մուղդուսյան Զոհրաբի, Ղազանչյան Ելիզավետայի, Պողոսյան Օֆելյայի հետ, անլեգալ աշխատանքում ներգրավելու նպատակով, նրանց մշակել է ազգայնական ոգով, նրանց հետ քննարկել է «հայրենասիրական» բնույթի հարցեր, համոզել է «անկախ հայկական պետության» ստեղծման համար պայքարի անհրաժեշտության մեջ, հավաքել է նրանցից դրամ դատապարտված «հայրենասերների» ընտանիքներին օգնություն ցույց տալու նպատակով:

Բերված հանգամանքները հաստատվում են մեղադրյալ Մարգարյան Անդրանիկի, դատապարտված Հայրիկյան Պարույրի, վկաներ Բարսեղով Ռաֆայելի, Քեշքերյան Արտեմիսի, Մուղդուսյան Զոհրաբի, Ղազանչյան Ելիզավետայի, Պողոսյան Օֆելյայի ցուցմունքներով: (հ.1 գթ. 114-119, 143-144, 193-210-283-286, հ. 4 գթ. 26-33, 50-54, 59-62, 5հ. 20-31)

1973թ փետրվարի 25-ին մեղադրյալ Մարգարյանը Երեւան քաղաքում մասնակցել է հակասովետական գործունեության համար ներկայումս դատապարտված Խաչատրյան Ռուբենի բնակարանում կազմակերպված «Վարդանաց օրվան» նվիրված հավաքին, որի ժամանակ հնչել են ազգայնական, քաղաքականապես վնասակար, դրդիչ բովանդակության ելույթներ:

Այդ կապակցությամբ 1973թ դեկտեմբերի 17-ին ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության 1972թ. դեկտեմբերի 25-ի «Պետանվտանգության օրգանների կողմից որպես պրոֆիլակտիկ ներգործության միջոցառում նախազգուշացում կիրառելու մասին» հրամանագրի համապատասխան, ՀՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր պետանվտանգության կոմիտեի կողմից Մարգարյանին տրվել է պաշտոնական նախազգուշացում: Սակայն դրանից հետո էլ նա չի դադարեցրել իր հանցավոր գործունեությունը: (հ.1 68-70, 85-86, 167-170, 197-211, հ.3 165-205)

Մարգարյանը շարունակել է կապ պահպանել կալանավայրից վերադարձած Հայրիկյանի եւ կատարված հանցագործությունների մյուս մասնակիցների հետ:

1973թ. ամռանը Մարգարյանը արտագրել է Հայրիկյանից եւ պահել ազգայնական զրպարտչական բովանդակության ձեռագիր բանաստեղծություններ եւ երգեր:

Այդ նյութերում, մասնավորապես խուզարկության ժամանակ Մարգարյանի մոտից վերցված «Հայ ենք մենք», «Կրկին ոտքի» երգերում հայ ժողովուրդը նկարագրվում է որպես «իրավազուրկ», իր նախկին փառքը կորցրած, պարունակում են կոչ «վրիժառության», «միասնության» եւ «պայքարի», ազատ, միասնական Հայաստանի համար գովաբանվում են բուրժուա-նացիոնալիստական «դաշնակցություն» կուսակցության գործիչները:

1973թ. հոկտեմբերի վերջին Մարգարյանը, Երեւան քաղաքում Հայրիկյան Պարույրից ստացել է ցինկե կլիշե` «Փարոս-2» լրացուցիչ» վերնագրով թռուցիկի տեսքով, «Ազգային միացյալ կուսակցության գերագույն խորհուրդ» ստորագրությամբ, եւ բազմացրել է դրանք մեծ քանակությամբ: Դրանցից 110 օրինակ այդ նույն ժամանակ, նա տվել է տարածելու համար Արշակյան Ազատին, որը դրանց ավելի քան 100 օրինակ, 1973թ. նոյեմբերի 2-ի երեկոյան, 1974թ. դատապարտված Առաքելյան Գագիկի եւ վկա Մուրադյան Սամվելի միջոցով տարածել է Երեւանի Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, իսկ այդ թռուցիկների մնացած մասը (ավելի քան 70 օրինակ) տարածել է Երեւան քաղաքում ինքը` Մարգարյանը: Նշված թռուցիկներից երեք օրինակ տարածվել են նաեւ 1974թ. հակասովետական գործունեության համար դատապարտված Նավասարդյան Աշոտի եւ Սահակյան Քաջիկի կողմից:

 Այդ թռուցիկները պարունակում են ազգային թշնամանքի եւ այդպես կոչվող «Ազատ Հայաստանի» ստեղծման կոչ, դիմում` ուղղված «հայրենասերներին», «Ազգային միացյալ կուսակցության» «երդումը», որի տեքստը բերվում է նրանց մեջ, ընդունելու կազմակերպչորեն եւ գաղափարապես միավորվելու եւ այդ կուսակցության անունից պրակտիկ թշնամական գործողություններ կատարելու մասին, թռուցիկները պարունակում են նաեւ այլ հերյուրանքներ սովետական իրականության վերաբերյալ:

Այդ փաստաթղթերը հաստատվում են մեղադրյալ Մարգարյանի, դատապարտվածներ Արշակյան Ազատի, Առաքելյան Գագիկի, Նավասարդյան Աշոտի, Սահակյան Քաջիկի, Խաչատրյան Ռուբենի, վկաներ Մուրադյան Սամվելի, Շահինյան Հայկազի, Վարդանյան Ռաֆիկի, Զաքարյան Վարդանի, Նահապետյան Սուրիկի եւ մյուսների ցուցմունքներով, ձեռագրային փորձաքննության եզրակացությամբ, զննման արձանագրությամբ, իրեղեն ապացույցներով, «Փարոս-2» լրացուցիչ թռուցիկներով: (հ.1 գթ. 143-151, 159-163, 165-171, 197-210, հ.2 33-46, 150-197, հ.3 85-140, 207-247, հ.4 13-25, 106-120, 123-130, 148-165, 205-234)

1973թ. վերջին, թշնամական գործունեության հետագա ընդլայնման նպատակով, Մարգարյանը դիմել է Հայրիկյան Պարույրին` խնդրելով տալ իրեն «Ազգային միացյալ կուսակցության» ծրագիրը, կանոնադրությունը եւ երդումը»: Հայրիկյանը խոստացել է այդ անել, սակայն շուտով բանտարկվել է:

Հայրիկյանը կալանավայրից, վկա Զաքարյան Սամվելի միջոցով, Մարգարյանին է ուղարկել իր ձեռքով գրված «ծրագրի, կանոնադրության ու երդման» տեքստը եւ հակասովետական ազգայնական բովանդակությամբ այլ փաստաթղթեր` խնդրանքով բազմացնել ու տարածել դրանք «լայն ճակատով»:

1974թ. նոյեմբերի 10-ին Մարգարյանը ՀՍՍՀ Մինիստրների Սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի կողմից ձերբակալվել է եւ նշված փաստաթղթերը նրա մոտից վերացվել են:

Շարադրվածը հաստատվում է մեղադրյալ Մարգարյան Անդրանիկի, դատապարտված Հայրիկյան Պարույրի, վկա Զաքարյան Սամվելի ցուցմունքներով, ձեռագրային փորձաքննության եզրակացությամբ, անձնական խուզարկության եւ զննման արձանագրություններով, իրեղեն ապացույցներով, Մարգարյանի մոտից վերցված վերոհիշյալ փաստաթղթերով: (հ.1 գթ. 2-46, 130-138, 143-146, 171-177, 197-220, 286-300, հ.4 գթ. 1-9, 80-90, 94-105, 121-130)

Մարգարյանի կողմից կատարված վերեւում ցույց տրված արարքը, այն է` սովետական իշխանության քայքայման նպատակով, սովետական պետական եւ հասարակական  կարգերը, ՍՄԿԿ ու սովետական պետության ազգային քաղաքականությունը արատավորող զրպարտչական հերյուրանքներ պարունակող գրականություն պատրաստելը, պահելը եւ տարածելը, կազմում են հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի հանցակազմ, այսինքն` հանցագործություն, նախատեսված ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդ. 1-ին մասով:

Մարգարյանի մասնակցությունը անլեգալ հակասովետական կազմակերպությանը եւ հանցավոր նպատակների համար նրա կողմից տարած կազմակերպչական գործողությունները համընկնում են ՀՍՍՀ քր. օր-ի 67 հոդ. հատկանիշներին:

Մարգարյանը, նախաքննության ընթացքում հաստատելով սույն մեղադրական եզրակացության մեջ բերված փաստերն ու հանգամանքները, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: Նա բավարար չափով մերկացվում է նաեւ գործում եղած ապացույցներով:

Շարադրվածի հիման վրա մեղադրվում է`

Մարգարյան Անդրանիկ Նահապետի – 1951թ. ծնված, ծնվել է Երեւան քաղաքում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, «ՎՆԻԻԷ ԳԱԶՊՐՈՄ»-ի Երեւան կոմպլեքս բաժնի ավագ ինժեներ, Երեւան քաղաքի բնակիչ Վարդաշեն 1-փողոց, տուն 2 ա:

Նրանում, որ տրամադրված լինելով հակասովետականորեն, 1967-1974թթ., սովետական իշխանության քայքայման նպատակով, իր համախոհներ` ներկայումս դատապարտված  Հայրիկյանի, Արշակյանի եւ ուրիշների հետ միասին, տարել է հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա, սովետական պետական եւ հասարակական կարգերը, ՍՄԿԿ ու սովետական պետության ազգային քաղաքականությունը արատավորող զրպարտչական հերյուրանքներ պարունակող հոդվածների, բանաստեղծությունների, թռուցիկների եւ ծրագրային փաստաթղթերի ձեւով գրականություն պատրաստելու, պահելու եւ տարածելու ճանապարհով, այսինքն` հանցագործությունում, նախատեսված ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդ. 1-ին մասով:

Հանդիսանալով անլեգալ հակասովետական կազմակերպության անդամ` կատարել է կազմակերպչական գործունեություն հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա տանելու ուղղությամբ, այսինքն` հանցագործությունում նախատեսված ՀՍՍՀ քր. օր-ի 67 հոդ.:

Այսպիսով, Անդրանիկ Նահապետի Մարգարյանը մեղադրվում է հանցագործություններում, որոնք նախատեսված են ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդ.:

Համաձայն ՀՍՍՀ քր. դատ. օր-ի 201 հոդ.` գործը ենթակա է ուղարկման ՀՍՍՀ դատախազին:

Մեղադրական եզրակացությունը կազմվել է 1975թ. հունվարի 30-ին Երեւան քաղաքում:

ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՔՆՆԻՉ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ` ԿԱՐՈՒՄՅԱՆ:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter