HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զգացեք Ձեզ ինչպես տանը

Հունվարն է: Առավոտյան ժամը չորսը: Թռիչքը երկար էր ու հոգնեցուցիչ: Միայն մեկ ցանկություն կա' շուտ հասնել տուն, տաքանալ, քնել:

Օդակայանը սաստիկ անհրապույր է: Մռայլ է, սառնամանիք, լույսեր չկան:

Շուրջը օտար մարդիկ են' նույնպես հոգնած, մռայլ: Մարդիկ դանդաղ առաջ են շարժվում դեպի անձնագրային անցակետի պատուհանը' վերջին անգամ ապացուցելու Հայաստանում գտնվելու իրենց իրավունքը:

Վերջապես թղթատարությունն ավարտված է, եւ դուրս են գալիս օդակայանից: Ընկճված:

Ու հանկարծ կարծես հրավառություն պայթեց գիշերային մութ լռության մեջ: Մարդկանց մի խումբ շարժվում է դեպի իրենց' աղմկոտ արտահայտելով իր ուրախությունը, գրկելով նրանց, սեղմելով ձեռքերը, բոլորը միաժամանակ խոսելով անհասկանալի լեզվով:

Նրանք ոչ մի բառ չեն հասկանում իրենց ողջունող հայ ընկերների այդ տարօրինակ լեզվից, սակայն անհրապույր օդակայանը միանգամից ջերմանում է:

Մշակութային շոկը հակասական Հայաստանի հանդեպ սկսում է հենց օդակայանից:

Մի քանի ամիս առաջ Դանիայի եկեղեցուն կից Հայ-դանիական առաքելությունը աստվածաբաններ Աննա եւ Պիեռ Փեդերսեններին առաջարկում է աշխատանք Հայաստանում' որպես եկեղեցական հարցերում օգնող եւ խորհրդատու:

Այս' Դանիայում թերեւս ամենափոքր կազմակերպության առաքելությունն է Դանիական Լյութերական եւ Հայոց Առաքելական եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի պահպանումը:

Պետք էր շտապ որոշում ընդունել:

Հայրենիքում Փեդերսոններն ունեին հիանալի աշխատանք, մեծ առանձնատուն, ուր ապրում էին իրենց չորս զավակների հետ: Հայաստանում ապագան այնքան էլ հստակ չէր: Այն կցկտուր տվյալները, որ ստանում էին առաքելությունում աշխատող հայերից, բավարար չէին ամբողջական պատկեր կազմելու համար մի երկրի մասին, ուր գնալու էին նվազագույնը հինգ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու:

Ի՞նչը ստիպեց նրանց դիմել ռիսկի եւ համաձայնել:

Դանիայում կյանքն ապահով էր, ապագան' հստակ: Միգուցե այդ պատճառով կյանքը փոքր-ինչ սովորական էր դարձել: Իսկ ճամփորդությունը Հայաստան արկածներ էր խոստանում:

Երեխաների համար, իհարկե, դժվար կլինի կտրվել իրենց առօրյայից, դպրոցից, ընկերներից: Աննան եւ Պիեռը որոշում են վաճառել իրենց առանձնատունը Դանիայում եւ հայտնում են երեխաներին, որ այսուհետ իրենց տունը Հայաստանն է:

Աննան ասում է, որ իրենք իրենց տարբեր են զգում Հայաստանում ապրող այլ օտարերկրացիներից: «Երեխաներն այստեղ գնում են միջազգային դպրոց, եւ նրանց համադասարանցիների ծնողներն ինձ անընդհատ հարցնում են' արդյոք հաջորդ տարի՞ էլ կլինենք այստեղ: Նրանք կարծես մշտական ճամպրուկային վիճակում են. ինչ-որ ժամանակով եկել են այստեղ եւ հետո վերադառնալու են իրենց երկիրը: Մենք չենք մտածում այդ ժամանակի մասին: Հիմա մենք այստեղ ենք ապրում, եւ սա է մեր տունը»:

Աննան եւ Պիեռը Հայաստանին ամենեւին էլ չեն նայում վարդագույն ակնոցով' լցված այստեղ ապրող ապահով արտերկրացիների մեծամասնությանը բնորոշ անհիմն լավատեսական հիացմունքով Հայաստանի հանդեպ:

«Ես գիտեմ' որքան դժվար է կյանքն այստեղ: Ես հասկանում եմ եւ երբեք չեմ դատապարտում այն հայերին, որոնք թողնում, հեռանում են' չկարողանալով անգամ գոյատեւել իրենց երկրում: Մենք այստեղ ենք արդեն երկու տարի, սակայն, եթե չունենայինք այս տունը (Փեդերսեններն ապրում են Հայ-դանիական առաքելության հատկացրած եռահարկ առանձնատանը) , անշուշտ, մինչեւ հիմա այստեղ չէինք լինի:

Ընդարձակ տուն. դա, թերեւս, իմ միակ պայմանն էր Հայաստան գալիս»,- ասում է Պիեռը:

Հայաստանի հանդեպ մշակութային շոկն առաջին ամիսներին շարունակում էր հարատեւել առօրյա եւ գործնական կյանքում:

Տարօրինակ էր տեղացիների անբռնազբոս վերաբերմունքը երեխաների հանդեպ:

«Դանիայում,-ասում է Աննան,-ոչ ոք անծանոթ երեխայի գլուխը չի շոյի փողոցում, կամ գրկի նրան առանց նախապես ծնողի թույլտվությունը հարցնելու: Հայաստանում երեխաները հանրային սեփականություն են: «Սիրելու» ցանկություն առաջացնում են հատկապես կապուտաչյա շիկահերները»:

Սակայն պատանի Փեդերսենները վաղուց արդեն ընտելացել են իրենց անձի հանդեպ չափազանց ուշադրությանը: Նրանք շփվում են հայերի հետ, ունեն հայ ընկերներ, իսկ 3.5-ամյա Մայքեն հաճախում է հայկական մանկապարտեզ:

Փոքրիկ Մայքեն, կռահելով, որ մեծերի ուշադրությունն իր վրա է եւ խոսում են իր մասին, երջանիկ դեմքով ասում է, որ այսօր առաջին անգամ սահել է սառցադաշտում:

Երբ ներս մտա, նրան անգլերեն հարցրեցի.

-Ողջույն, անունդ ի՞նչ է:

Նա շրջվեց դեպի Աննան ու հայերեն ասաց.

-Ի՞նչ է ասում, չեմ հասկանում:

Մանկապարտեզից ամեն օր տուն վերադառնալիս Մայքեն ասում է.

- Մամայի սիրուն աղջիկը եկել ա:

Երբ մեծ երեխաները խաղում են միմյանց հետ, նրանք անգլերեն են խոսում, երբ իրենց հայ ընկերների հետ են, խոսում են հայերեն: Ծնողներն էլ նրանց հետ շփվում են մայրենի լեզվով, որ չմոռանան:

Ինչի հետ Փեդերսենները չեն կարող լիովին հաշտվել առայսօր, դա հայերի անճշտապահությունն է եւ խոստման բացարձակ անարժեքությունը:

«Դանիայում, եթե 5 րոպե անգամ ուշանում ես հանդիպումից կամ խոստացածդ ժամանակին չես կատարում, դա սարսափելի վիրավորանք է. նշանակում է' դիմացինդ կարեւոր չէ քեզ համար,-ասում է Պիեռը:-Այստեղ հաճախ էինք ունենում տարակուսելու առիթ այդ առումով. մարդիկ այնքան ջերմ են, այնքան սիրալիր քո հանդեպ ու հանկարծ նման բան են անում: Հետո հասկացանք, որ այստեղ դա այդպես չէ, պարզապես տարբեր մենթալիտետների հարց է»:

Պիեռը պատմում է, որ մի անգամ հրավիրված է եղել Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցի' հանդիսավոր պատարագի, որին ներկա էին գտնվելու կարեւոր պաշտոնյաներ:

«Ես ուշացել էի հինգ րոպե: Հասա Էջմիածին, ներխուժեցի ընկերոջս տուն, որտեղ պետք է հագուստս փոխեի եւ առանց բարեւելու նույնիսկ ճչացի' արագացրու, օգնիր ինձ, ես ուշանում եմ: Նա ֆլեգմատիկ հայացք գցեց վրաս ու հանգիստ ասաց. «Սպասիր, հանգստացիր, արի սուրճ խմենք»: Երբ հասա եկեղեցի, ուշացել էի 15 րոպե: Բնականաբար, սպասում էի կշտամբող հայացքներ, սակայն բոլորն ինձ սկսեցին ողջունել, հարցնել որպիսությունս, կարծես ոչինչ էլ չի եղել»:

«Հայաստանում ես սովորել եմ եկեղեցի գնալու նոր ձեւ,-ասում է Պիեռը:-Այստեղ կան եկեղեցի գնալու բազում առիթներ' մոմ վառել, աղոթել, պատարագ լսել: Դուք կարող եք մտնել եկեղեցի եւ տասը րոպեից դուրս գալ: Դանիայում, երբ գնում ես եկեղեցի, ամբողջ փաթեթն ընդգրկված է: Կարծես ավտոբուս լինի, որից չես կարող իջնել, մինչեւ չկանգնի:

Դանիայում եկեղեցիները մեծամասամբ փակ են աշխատանքային օրերին»:

Կրոնի հարցում եւս զավեշտալի թյուրիմացությունների պակաս չկա: Պիեռին որպես օտարերկրացու հաճախ են հարցնում' ի՞նչ կրոն է դավանում: Երբ իրեն այդ հարցը տալիս էին Դանիայում, նա պատասխանում էր' քրիստոնյա եմ, եւ իր հերթին նույն հարցն ուղղում էր զրուցակցին: «Ես էլ եմ քրիստոնյա»,-օրինակ պատասխանում է զրուցակիցը: Երբ այդ պատասխան հարցը Պիեռը տալիս է այստեղ, զրուցակիցը վրդովված պատասխանում է. «Ես հայ եմ»:

Այո, մեզ մոտ կրոնական ինքնությունը նույնացվում է ազգային ինքնության հետ:

Փեդերսենների համար հայերի անհոգության գագաթնակետը հյուսն Գեւորգի հետ կապված միջադեպն է: Մեկ տարի առաջ Պիեռը սեղան պատրաստելու համար փայտ էր պատվիրել իր հարեւանությամբ արհեստանոց ունեցող հյուսն Գեւորգին:

«Խնդիր չկա,-ասել էր հյուսնը,-մեկ շաբաթից պատրաստ կլինի»:

Մեկ շաբաթից Պիեռն այցելել էր նրան եւ դարձյալ մեկ շաբաթից պատրաստ լինելու խոստում ստացել: Այդպես շաբաթները վերածվեցին ամիսների, մինչ մի օր Պիեռը հայտնաբերեց, որ արհեստանոցը տեղափոխվել է: Երկար փնտրտուքից հետո նա գտավ նոր արհեստանոցը: Հյուսնը, տեսնելով նրան, սկսեց դժգոհել այն մարդկանցից, ովքեր բան են պատվիրում ու չեն գալիս ետեւից' երդումներ շռայլելով, որ հազար անգամ զանգահարել է Պիեռին, սակայն ոչ ոք չի պատասխանել:

«Ես իրոք չէի հասկանում, թե ինչումն է բանը»,-ասում է Պիեռը:

«Դու նրան նախօրո՞ք էիր վճարել»,-կռահում եմ ես:

Ահա: Դա էլ հենց պատասխանն է:

Ինչեւէ, Գեւորգը կրկին խոստացավ փայտը տրամադրել մեկ շաբաթից: Հունվարի 14-ին Պիեռը գնաց նրա արհեստանոց: Գեւորգը բաց արեց դուռը' ուռած դեմքով, շաղված աչքերով: Խումարի մեջ էր, Նոր տարին նրա համար դեռ չէր ավարտվել: «Ինձ ոչինչ չէր մնում, քան այս անգամ էլ ձեռնունայն հեռանալ»:

Վերջապես, մեկ շաբաթ առաջ սեղանի փայտը ժամանեց: Առանց ոտքերի համար տախտակների:

-Որքան էլ ձգտում ենք Եվրոպային, միեւնույն է' շատ հեռու ենք, չէ՞,-ժպտում եմ ես:

-Ես կասեի, որ Հայաստանը Եվրոպայի եւ Արեւելքի սինթեզ է,-ասում է Պիեռը:-Դուք ձգտում եք դեպի Եվրոպա, այստեղ եթե գնում ես պատուհան գնելու, որպես լավագույն պատուհան մատնանշում են եվրոպատուհանը: «Եվրո» բառը բարձր որակի ցուցանիշ է համարվում: Եվ դուք հետզհետե մոտենում եք այդ որակին: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը Եվրոպա դառնա: Ասենք' ավելի կազմակերպված լինելու առումով:

Այստեղ, օրինակ, յուրաքանչյուր կազմակերպությունում' թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ այլ, կա մի ամենատարեց մարդ, որ որոշում է ամեն ինչ:

Աշխատանքի ընդունվելիս կարեւոր չէ, թե դու ինչ գիտես, ինչքան ես սովորել: Դանիայում, երբ գնում ես աշխատանքի ընդունվելու, ցույց ես տալիս դիպլոմդ, նախորդ գործատուի հավաստագրերը, ու նշանակություն չունի, թե դու ում եղբայրն ես կամ քրոջորդին:

Եվրոպայում, եթե քաղաքական գործիչն ունի կեղտոտ ձեռքեր, նա դուրս է թռչում այդ ասպարեզից: Եվրոպայում, երբ մտնում ես պետական գրասենյակ, ժպտում են, հարցնում' ինչո՞վ կարող ենք օգնել, Հայաստանում հաճախ հանդիպում ես մի պաշտոնյայի, որը նստած սուրճ է խմում աշխատանքային ժամին' աչքը հառած հեռուստացույցով ընթացող գովազդային հոլովակին, եւ պետք է համբերատար սպասես, մինչեւ նա բարեհաճի ժամանակ տրամադրել քեզ:

«Բայց Եվրոպան էլ շատ բան ունի սովորելու Հայաստանից,-ասում է Աննան:-Օրինակ' ընտանեկան հարաբերություններում: Դուք շատ համախմբված եք: Դուք ապրում եք ձեր ծերերի հետ: Դանիայում, երբ մարդիկ ծերանում են եւ չեն կարող հոգ տանել իրենց մասին, գնում են ծերանոց: Ոչ միայն նրա համար, որ կարիք ունեն խնամքի, այլեւ որ կարիք ունեն շփման, կարիք ունեն մի մարդու, ում հետ հեռուստացույց կարող են նայել:

Այդ մենակությունն է պատճառը, որ Եվրոպայում շատ տարածված է այցելել հոգեբույժի:

Եվրոպայում ասում են' մի մտածիր, մի անդրադարձիր անցյալիդ, որովհետեւ դա տխրեցնում է: Դուք այդպիսին չեք: Դուք խոսում եք ձեր տխրությունների մասին, խոսում եք ձեր մտերիմների հետ եւ դրանում ուժ գտնում շարունակելու: Ես հաճախ եմ ինձ հարցնում' ինչպե՞ս է ձեր ազգին հաջողվում գոյատեւել այսքան դժվարին պայմաններում:

Միգուցե, որովհետեւ գիտեք ձեր անցյալը, տեղյակ եք օրինակներին անցյալից, երբ տառապել եք, բայց կարողացել եք դիմակայել, շարունակել ապրել:

Եվրոպայում վաղուց արդեն կխելագարվեին նման պայմաններում: Եվրոպացիները չգիտեն իրենց արմատները, չգիտեն իրենց անցյալ դժվարությունները եւ սխրանքները, ուստի չէին գտնի հույսի աղբյուր: Երբ կարդում եմ ձեր պատմությունը, հոգիս շարժվում է, ես չեմ ասում' ես կարող եմ զգալ այն, ինչ դուք եք զգում, բայց ես հասկանում եմ ձեր հոգին, երեւի հենց դրա համար եմ ինձ այստեղ տանը զգում»:

Հոգնելով մեծերի խոսակցությունից' Մայքեն սկսում է խզբզել տետրիս մեջ' քթի տակ մրմնջալով երգի բառեր: Ապշահար հայտնաբերում եմ, որ աղջնակը երգում է մեր հիմնը.

«Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել ես դարերդար...»:

«Դա նրա ամենասիրելի երգն է, հատկապես լողանալիս միշտ երգում է»,-ասում է Աննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter