HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտության գլխավոր խնդիրը ֆինանսավորումն ու համակարգված կոռուպցիան են»

Հարցազրույց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված ինստիտուտները դասակարգելու մասին խոսակցություններ կան: Ասում են, որ ըստ այդ դասակարգման էլ սահմանվելու է ֆինանսավորման չափը: Լսե՞լ եք այս մասին:

-Ճիշտն ասած, չեմ լսել, բայց դա տարօրինակ չէ, գուցե նաև տրամաբանություն էլ կա դրանում: Հարցն այն է, թե ինչպես են դասակարգելու այս պայմաններում, ինչ չափանիշներով, օրինակ, Սովետական Միության ժամանակ նման բան կար, ինստիտուտների վճարումները տարբեր էին: Հայաստանում, կարծեմ, առաջին կարգ ուներ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որ համեմատաբար ավելի բարձր ֆինանսավորում էր ստանում, ենթադրենք, մենք 100 ռուբլի էինք ստանում, իրենք՝ կարծեմ, 120: Ինստիտուտն ուրիշ պատկանելիություն ուներ: «Սրեդմաշ»-ի ենթակայության էր՝ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համակարգի կառույցներից մեկն էր, և, դրանով պայմանավորված, բարձր վճարումը տրամաբանական էր: Բայց հիմա ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ չափման միջոցներով են դասակարգելու: Կարծում եմ՝ նրանց մտքին մի բան կա, որ այդ դասակարգմամբ սեղմեն համակարգը:

-Այսինքն՝ օպտիմալացնե՞ն ինստիտուտները:

-Գիտեք, շատ տրամաբանական է, որ այդպես անեն, բայց անելու ձև կա: Այսօր գիտության կոմիտեին և հատկապես նրա վերնախավին (նկատի ունեմ նախագահին ու տեղակալին), ովքեր մեկ անգամ չէ, որ մեղադրվել են կոռուպցիոն գործունեության մեջ, այդպիսի բան վստահել, կարծում եմ, գրեթե հանցագործություն է:

Օրինակ, հնուց եկող «թեմատիկ ֆինանսավորում» գրեթե ոչինչ չասող անվանումը կդարձնեի «գիտական արդյունքով պայմանավորված և հասցեագրված ֆինանսավորում»: Դա ենթադրում է հետևյալը. հայտարարվում է հավասար պայմաններով մրցույթ՝ ներկայացնելով պայմանները, չափորոշիչները: Հայցվորը ներկայացնում է հայտ-հետազոտական նախագիծ, որտեղ նկարագրվում է նախատեսվող անելիքը՝ ինչ են ուզում անել և ինչպես, նշում են նաև նախկին հետազոտությունների մասին, նրանք՝ անկախ փորձագետները, գնահատում են՝ նախ ինչ են ուզում անել և վերջնական սպասվող արդյունքը, այսինքն՝ ի՞նչ եք ուզում ստանալ: Մասնագետները գնահատում են, թե ներկայացված նախագծով ենթադրված վերջնական արդյունքը գիտական արժեք ունի, թե ոչ: Այսինքն՝ փորձաքննությունն է որոշում կայացնում առաջադրված խնդրի, լուծման ճանապարհների, և ի վերջո, ստացած գիտական արդյունքի պիտանիությունը գիտության համար: Եվ գումարը տրվում է հենց հեղինակ թիմին, նա տնօրինում և ընթացիկ հաշվետվություններ է տալիս թե՛ գիտական առաջընթացի, և թե՛ ֆինանսական ծախսերի համար:

-Պարոն Կարապետյան, ակադեմիան փակելու մասին խոսակցություններ կան: Դրան անդրադարձել էր նաև ԳԱԱ նախագահը՝ ասելով, թե ակադեմիան խանութ չէ, որ փակես: Ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում:

-Ինչքան հասկանում եմ, ակադեմիայի նախագահության մասին է խոսքը, դրանք տարբեր բաներ են, որ շահադիտական նպատակով ու միտումնավոր խճճում են ակադեմիայի անդամները: Նախկինում ասել եմ, որ ակադեմիայի նախագահությունը պետք է փակել, այն սովետական մնացուկ է՝ ռուդիմենտ, քանի որ այն այսօր ոչ մի գործառույթ չունի՝ ի տարբերություն ԲՈԿ-ի, որն, ինչպես տեսնում ենք, գիտության որակի բարձրացման ուղությամբ իրական քայլերի փորձ է ձեռնարկել: Իսկ ակադեմիայի նախագահությունն իր մոտ 150 հաստիքով ու պատվովճարներով միայն փողեր է մսխում՝ ոչինչ չանելով: Այն ինչ-որ յուրատեսակ ակումբ է և հանրության ու իշխանությունների շրջանակներում գիտության հեղինակությունը բացահայտ գցող կառույց՝ պետբյուջեի հաշվին: Գոնե նախկինում, օրինակ, ճիշտ է, Համբարձումյանի օրոք էլ ինչ-որ ինտրիգներ եղել են, բայց, համենայն դեպս, այնպիսի բացահայտ խեղկատակություններ չեն եղել, որ մարդիկ, բացարձակապես կապ չունենալով գիտության հետ, ակադեմիայի անդամ դառնան և ցմահ թոշակ ստանան. խոսքը պատվովճարի մասին է: Կարծեմ, մի ուսանողուհի լրագրող հարցազրույց էր արել ակադեմիայի նախագահի հետ: Հարցրել էր, թե ակադեմիայի անդամ ովքեր են դառնում: Ակադեմիայի նախագահն էլ շարադրել էր, թե իր շատ հեղինակավոր կարծիքով ով է ակադեմիայի անդամը, սակայն նրա շարադրության մեջ գիտական գործունեության մասին գոնե մի նշյուլ չկար: Դրան անդրադարձել էի՝ գրելով, որ լավ է՝ չի ասել, թե ով ինչքան փող ունի, դա էլ է կարևոր, չէ՞:

Բազմիցս թերթերում գրել եմ, ասել, որ ստիպեն ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակեն ակադեմիայի անդամների՝ թղթակից անդամների ու ակադեմիկոսների գիտական աշխատանքների ցանկը: Եկեք մտնենք ԳԱԱ-ի կայք և առարկայական ցույց տամ, թե ինչի մասին է խոսքը: Կայքում հրապարակվում են ակադեմիկոսների անուններ՝ կենսագրական տվյալներով՝ որտեղ է ծնվել, ինչ կրթություն է ստացել, սակայն ոչ մի տող չկա, թե ինչու է դարձել ակադեմիկոս կամ թղթակից անդամ, ինչ գիտական ձեռքբերումների համար: Ինձ չի հետաքրքրում այդ մարդու ծննդավայրը, դրեք նրա գիտական աշխատանքների ցանկը, որ ցանկացողները տեսնեն, թե ինչի համար են պետբյուջեից ցմահ փող ստանում: Սպանե՛ք, չեն անի: Այ, որ անեին, մենք էլ կարող է և իմանայինք ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և այլն մշտական հանձնաժողովի նախագահի գիտական ձեռքբերումների մասին՝ անորոշ մի շարք գիտական հոդվածների փոխարեն: Կպատկերացնեինք, թեկուզև աղոտ, մեր իշխանությունների վերաբերմունքը գիտության բնագավառին:

2007 թ. երկու ամսով անվճար օգտվելու հնարավորություն ունեի «Թոմսոն Ռոյթերս» և «Սկոպուս» գիտական տեղեկատվական շտեմարաններից, որոնք աշխարհում գիտական վարկանիշ ասածի պաշտոնական աղբյուրներն են: Իհարկե, կարելի է օգտվել նաև «Գուգլ սքուլարից», բայց դա մասնագիտացված չէ: Ակադեմիայի անդամների, այսինքն՝ պետբյուջեից ցմահ պատվովճար ստացողների գերակշիռ մասի անունները չեմ կարողացել գտնել այդ շտեմարաններում, կային նաև այնպիսիները, որոնց անվան դիմաց զրո էր, դա նշանակում է, որ գիտական համայնքում այդպիսի մարդ չկա: Այդ տվյալները պաշտոնական նամակով ուղարկել եմ այդ ժամանակ ՀՀ նախագահ աշխատող Ռ. Քոչարյանին ու պատասխան ստացել աշխատակազմից՝ Վիգեն Սարգսյանից, որ հետո ինչ, մենք ամեն ինչ էլ գիտենք:

Իսկ ակադեմիկոսները կարծեմ ամսական 150 հազար դրամ ցմահ պատվովճար են ստանում, թղթակից անդամները՝ 100 հազար: Սա բիզնեսի մի մասն է միայն: Մյուսը՝ երբ ամեն ինչ անում են, դառնում ակադեմիայի անդամ, ապա հաջորդ ընտրություններին իրենք են արդեն ընտրում ապագա ակադեմիականներին: Մի անեկդոտ կա, որ ինձ պատմել է մի ակադեմիկոս: Դիմորդը, որ ակադեմիայի անդամ է ուզում դառնալ, ծաղիկ առնելու է գնում: Վաճառողը հարցնում է՝ զո՞ւյգ տա, թե՞ կենտ: Դիմորդը պատասխանում է. «Գնում եմ հաճոյանալու, չգիտեմ՝ արդյունքը զույգ կլինի, թե կենտ»:

-Ինչո՞ւ պիտի փակվի ակադեմիան, այն 75 տարվա պատմություն ունի: Գուցե պետք է ակադեմիայի ներսում փոփոխություններ արվեն, օրինակ՝ կազմը երիտասարդացվի:

-Այն խորհրդային մնացուկ է: Նախկինների ձեռամբ այն դարձել է պետություն պետության մեջ, չեք կարող փոխել այն գործող օրենքով: Այդ մասին ժամանակին շատ է գրվել: Եվ կամայական կլինի, որ ես ասեմ՝ լավն է, մյուսն ասի՝ վատն է, եկեք փոխենք: Դրա համար մեխանիզմ կա, թե ինչպես են ընտրվում, ով է ընտրում: Ինչպես արդեն նշեցի, այսպիսի հանգամանք կա. ով ընտրելու է այսօր, նախորդ ընտրություններին ինքն է եղել այդ վիճակում և հիմա անհամբեր սպասում է նոր ընտրությունների, որ արդեն հանդես գա ընտրողի, այսինքն՝ դատավորի դերում: Սա հարահոս է, իմ կարծիքով՝ կոռուպցիոն:

Եթե լինեի նախարար կամ վարչապետ, ապա ակադեմիայի նախագահությանը կպարտադրեի հրապարակել անդամների գիտական աշխատանքների ցանկը: Թող տան մի փորձագետի կամ ԲՈԿ-ին, ուսումնասիրի ու կարծիք հայտնի՝ հատկապես ցմահ պատվովճարի տեսակետից: Կարծում եմ, անպայման կասի, որ աշխատանքների առնվազն կեսը կապ չունի գիտության հետ ու դրանց ստացած պատվովճարները թող հետ գանձեն՝ փողի կարիք շատ կա: Իսկ ովքեր քիչ թե շատ արժանի են (այդպիսիք կան, իհարկե), թող շարունակեն պատվովճար ստանալ: Գիտության ոլորտը կառողջանա, համոզված եմ:

Ես ասպիրանտ եմ և ապագաս տեսնում եմ գիտության մեջ կամ զինվոր եմ, գեներալ եմ ուզում դառնալ, իսկ ինչպիսի՞ն է այն գեներալը, որին պետք է ձգտեմ, ումից պետք է օրինակ վերցնեմ: Իրավական տեսակետից էլ է աբսուրդ:

-Հիմա գիտության ոլորտի գլխավոր խնդիրը ո՞րն եք համարում:

-Գլխավոր խնդիրները ֆինանսավորումն ու համակարգված կոռուպցիան են: Վարկի անկումը նույնպես կարևոր է, բայց դա ածանցյալ է նախորդներից: Եթե կոռուպցիան նախկինում նույնպես եղել է, ապա այն ստացել է համակարգային բնույթ՝ ի դեմս ԳԿ-ի գործելաոճի: Սրանց մասին շատ ու շատ է խոսվել ու գրվել: Մեր իշխանությունների կողմից (ներառյալ՝ ներկաները, ի դեպ) գիտության ոլորտն արհամարհված է, բանի տեղ չեն դնում, իրենց պետք չէ գիտության ոլորտը: Մի փաստ բերեմ. Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ պետական համակարգի երիտասարդ աշխատողների կուտակային կենսաթոշակների հարցը եղավ, չէ՞: Գիտաշխատողներին էլ շնորհքով ներառեցին կուտակայինի մեջ: Շատ լավ: Մի որոշ ժամանակ հետո պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացրեցին, բայց գիտաշխատողներինը՝ ոչ: Էս դեպքում նրանք պետական չէին ու ավելի նվաստացուցիչ կարկանդակ շպրտեցին, որ ձայները կտրեն. գիտաշխատողների արձակուրդը երկարեցրին մինչև 2 ամիս: Այսինքն՝ ձեզանից օգուտ չկա, շուտ գաք, ի՞նչ անեք, պիտի գաք, հոսանք ծախսեք, ջուր ծախսեք և այլն: Այ էդ վերաբերմունքը պիտի փոխվի, ու ֆինանսավորումը բարձրացվի՝ գոնե կոռուպցիան արմատախիլ անելու հաշվին:

DSC_4439.jpg (245 KB)

Մի օրինակ էլ ներկայից՝ հետհեղափոխական ժամանակաշրջանից: Նախկինների կողմից հիմնավոր բզկտված Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (լուսանկարում) տարածքներից ու շինություններից նախկինները օտարել էին մոտ 2 հա և մեկ մասնաշենք հայտնի «Արմենիկումի» համար, ինչպես նաև երիտասարդներին Սերժ Սարգսյանի հովանու ներքո բնակարաններով ապահովելու նպատակով 2 բազմահարկ շենքերի կառուցման համար: Հիմա էլ ներկաներն են խաղ խաղում՝ նորից գերակա պետական շահից ելնելով, իհարկե: Ներկաները նախ մտադրվել էին օտարել 2 մասնաշենք՝ հանուն հնարավոր ու օդից կախված շվեյցարական ծագում ունեցող ներդրումների: Հետո փոշմանեցին՝ համաձայն պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի գրության: Բայց վարչապետ Փաշինյանի՝ Դավոս այցելությունից հետո շվեյցարացիների ախորժակը նորից բացվեց ու պահանջում են մասնաշենքերը, այն դեպքում, երբ գիտատեխնոլոգիական կենտրոնն ունի պայմանագրեր «Ֆիլիպ Մորիսի» և Սաուդյան Արաբիայի Թագավորական ակադեմիայի հետ:

Թող մեր հեղափոխական իշխանությունները հատ-հատ ստուգեն ինստիտուտները, տեսնեն, թե բազային ֆինանսավորմամբ ովքեր են փող ստանում: Եթե բազային ֆինանսավորման մեջ աշխատավարձի բաղադրիչ կա, ապա դա համակարգված կոռուպցիա է կամ, առնվազն, ավտորիտարիզմի արմատավորում: Օրինակ՝ լուրեր կան, որ ԳԱԱ համակարգի տնօրեններից մեկն ավելի քան 30 հաստիքի աշխատավարձ էր ստացել միայն բազայինից:

-Այսինքն՝ առաջարկում եք բազային ֆինանսավորումը հանել՝ բացարձակապես հիմնվելով թեմատի՞կ ֆինանսավորման վրա: Այդ դեպքում ոչ բոլորը գումար կստանան:

-Չեմ կարծում, բազայինը կրկնում է առանձին լաբորատորիաների թեմաները: Դա ժամանակին խոստովանել է այսօր սրբացված ԳԿ-ի նախագահը: Դա է աշխարհը, բայց այս պահին միանգամից դնել-կտրել բազայինը, ճիշտ չէ, կարծում եմ: Հիմա երկու տեսակի բազային ունեն. մեկը՝ ենթակառուցվածքի պահպանման համար, մյուսը՝ չգիտես ում, այսինքն՝ տնօրենների քմահաճույքի համար: Ինստիտուտ կա, որ մի սարքավորման պահպանման ծախսը հսկա գումար արժե, և դա պիտի հոգա պետությունը: Եթե պետք է, պետք է պահել: Դա Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի գաղափարն էր, որ, հավաքվելով մի տեղում, բազային ֆինանսավորում ստանալով, սպասարկեցին ու սպասարկում են ամբողջ համակարգին: Այսինքն՝ սարքերը տալիս ես, աշխատավարձը տալիս ես, սպասարկում ենք ամբողջ համակարգին, այդ թվում՝ ԵՊՀ-ին, Պոլիտեխնիկին և այլն:

-Պարոն Կարապետյան, ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում:

-Որպես առաջին քայլ պետք է տարանջատել ճշգրիտ, բնական և տեխնիկական բնագավառները հումանիտարից՝ որդեգրելով աշխարհում ընդունված մոտեցումը՝ ի տարբերություն խորհրդայինի: Վարկանիշները որոշելուց հետո հումանիտարները միացնել համալսարանական ամբիոններին: Մնացածը լուծարել, եթե չեն բավարարում պահանջվող որակին:

Երկրորդ՝ վերացնել բազային ֆինանսավորումը, բայց դրա համար որոշակի ժամանակ պետք է տրվի: Բազային ֆինանսավորումն ազդեցության լծակ է: Գիտության կոմիտեն կախման մեջ է պահում տնօրեններին, տնօրեններն էլ՝ աշխատակիցներին (ինստիտուտները և՛ բազային, և՛ թեմատիկ ֆինանսավորում ստանում են գիտության կոմիտեից- հեղ.):

Կարծեմ համալսարանի ռեկտորն էր ասել, որ եթե բազայինը վերացնենք, ապա այսքան մարդ գործազուրկ է դառնալու: Դրա համար եմ ասում, որ 3 ամիս ժամանակ տրվի, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ, հայտ ներկայացնեն ֆինանսավորման համար:

Եթե մեզ հանկարծ հաջողվի վերադառնալ 1996-97 թթ. ֆինանսավորման կարգին, ապա մեծ հաջողություն կունենանք: Այդ ժամանակ ֆինանսական հատկացման առաջին, կենտրոնական դեմքը գիտաշխատողն էր՝ անկախ ուսադիրներից: Այն ժամանակ, ինստիտուտներում վարչասպասարկման անձնակազմ կար, հիմա դարձել է վարչահրամայական անձնակազմ, գումարն ուղիղ տրվում էր թեման իրականացնող թիմին, իսկ այդ գումարի մեջ վարչական մասին հատկացնելու տոկոս կար՝ վարչական և տեխնիկական անձնակազմի աշխատավարձի, հոսանքի, ջրի, նյութերի համար և այլն: Այսինքն՝ պետբյուջեից գիտությանը տրամադրվող միջոցներում առաջնայինը գիտական արդյունք տվողն էր և ոչ թե տնօրինությունը;

Երրորդ՝ կառավարության վերաբերմունքը պետք է փոխվի գիտության նկատմամբ: Հեղափոխական մոտեցում պետք է ցուցաբերել: Կա՛մ գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, կա՛մ այն դարձնել կամավոր հոբբի՝ առանց պետական ֆինասավորման:

Չորրորդն էլ ինքն իրեն է առաջանում: Եթե չեն փակում ակադեմիան, ապա պետք է այնպես թափ տալ այն, գոնե բացատրել, թե այդ մարդկանց հանուն ինչի են գումար տալիս, հանուն ինչի է այդ մարդը ստանում ցմահ 150 հազար դրամ հավելավճար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter