HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կորյուն Սումբուլյան. «Մասնակցում եմ ՏԻՄ ընտրությանը հստակ ծրագրով ու ասելիքով»

2006-2010 թթ. եւ 2014-2016 թթ.-ին Շիրակի մարզի Բավրա համայնքը ղեկավարած Կորյուն Սումբուլյանը երրորդ անգամ է ինքնաառաջադրվում համայնքապետի պաշտոնում՝ այս անգամ Աշոցք խոշորացված համայնքի: Աշոցքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանի 2018 թ-ի նոյեմբերի 1-ի հրաժարականից հետո նշանակվեց արտահերթ ընտրություններ 2019 թ-ի փետրվարի 17-ին: Համառ, սեփական գաղափարները իրականացնել ձգտող, ընդդիմադիրի անուն հանած, անկուսակցական թեկնածուն մտել է ընտրապայքարի մեջ՝ հաղթանակի հույսով:

«Առաջադրված թեկնածուները մի քիչ շատ են էս անգամ, սակայն հույս ունեմ, որ մարդիկ կնախընտրեն ծրագրերը, նախկինում արված գործը եւ ամենակարեւորը՝ չեն լինի խանգարող ուժեր, ինչ-որ կառույցների կողմից միջամտություններ»,- ասում է Կորյուն Սումբուլյանը՝ հավելելով, որ 2016 թ-ի համայնքների խոշորացման ժամանակ չի առաջադրվել հենց այդ տարատեսակ ճնշումների պատճառով:

«Աշոցքի խոշորացման ժամանակ ինձ կանչեց ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ու առաջարկեց մտնել կուսակցության մեջ՝ խոստանալով պաշտպանել իմ թեկնածությունը, ես չհամաձայնվեցի: Այն ժամանակ ընտրություններին 4 թեկնածու մասնակցեց ու հաղթեց Արթուր Ալոյանը, որ նույնպես անկուսակցական էր, սակայն տարօրինակորեն 2018 թ-ին դարձավ հանրապետական: Ենթադրում եմ, որ էն, ինչ իմ տարբերակում չէր հաջողել, նրա հետ, հավանաբար, համաձայնության էին եկել՝ օգնություն՝ կուսակցականացվելու դիմաց: Միշտ էլ ընտրություններից առաջ տարբեր առաջարկներ թեկնածուները ստանում են, էստեղ խնդիրն այն է, թե դու որքանով ես կարողանում տեր կանգնել քո սկզբունքներին»:

Կորյուն Սումբուլյանն առաջին մասնագիտությամբ անասնաբույծ է, երկրորդ մասնագիտությամբ՝ թատերագետ: Ասում է, որքան էլ որ տարօրինակ է, սակայն այդ երկու մասնագիտացումները ոչ միայն օգնում, այլեւ՝ լրացնում են միմյանց: «Անասնաբուծությունն ավելի էմոցիոնալ ու զգայուն ոլորտ է, իսկ թատերագիտությունը՝ շատ ավելի չոր,- ծիծաղելով բացատրում է զրուցակիցս,-ամեն դեպքում առ այսօր չեմ նեղվել իմ մասնագիտություններից»:

Զրուցակիցս նկատում է նաև, որ համայնքը ղեկավարելու համար չէր խանգարի եւս մի քանի մասնագիտացում ունենալ, և կրթված լինելու հանգամանքը կարեւորի նաեւ հանրությունը: «Ցավոք, առ այսօր մարդիկ կարեւորում են «թեկուզ էշ լինի, բայց մերը» լինի դրույթը: Կարծում եմ, որ այս ընտրություններում էլ կլինեն ընտրողներ, որ չեն ուզենա հանդուրժել կողքի գյուղից առաջադրված թեկնածուին, անկախ նրանից, թե ինչ կառաջարկեն իրեն հակառակ ճամբարից»:

Բավրան ղեկավարած տարիներին փորձել է գյուղի համար անել հնարավորինս՝ բյուջեի ընձեռած հնարավորությունների սահմանում: Երբ պաշտոն չի ունեցել, հանդես է եկել զարգացման ծրագրերով: 2011 թ-ին, օրինակ, դրամաշնորհով ստեղծել էր գյուղում փոքրիկ արտադրություն եւ փորձում էր ոչխարի կաշվից մուշտակ ու գլխարկ կարել, աշխատատեղ ստեղծել՝ հաջողության դեպքում ընդլայնվել: Տեղական ոչխարի եւ գառան կաշվից մուշտակ կարելու գաղափարը Կորյուն Սումբուլյանի գլխում պատահաբար չէր ծնվել` դիտարկումների ու վերլուծությունների արդյունք էր:

Այդ տարիներին իր կողմից արված ուսումնասիությունները ցույց էին տվել, որ Հայաստանում տարեկան 320-ից 400 հազար գլուխ ոչխարի մորթ է կատարվում ու դրանից միայն 120 հազարն է արտահանվում հարեւան Թուրքիա ու Իրան՝ վերամշակման նպատակով: Միայն խորհրդային տարիներին Շիրակի մարզում տարեկան 200 հազար գլուխ ոչխար է ենթարկվել մորթի: Հանրապետությունում անկախացումից ի վեր արված պարզ դիտարկումները ցույց էին տվել` ոչ մի դեցի այդ մորթեղենից տեղում արտադրական նպատակներով չի մշակվել:

«Ուղղակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկարողացանք սկսածն ավարտին հասցնել,- ասում է զորւցակիցս,- իսկ ահա հնդկաձավարի գործարանը, կարծում եմ, որ չնայած առկա դժվարություններին, նույն ճակատագրին չի արժանանա, մանավանդ որ կարողացանք տեղական շուկա դուրս գալ ու քիչ-քիչ ճանաչելի դառնալ սպառողի համար: Ամեն դեպքում երկու ծրագիրն էլ սեփական անձիս չի եղել ուղղված, այլ պետք է օգտվեր տարածաշրջանը»:

Կորյուն Սումբուլյանն ասում է, որ ինքը հանրային մտածողություն ունի: «Թե որպես անհատ, թե որպես ղեկավար աշխատած ժամանակ, երբ էլ որ ծրագրով հանդես եմ եկել՝ առանցքում միշտ էլ հանրային շահն է դրվել: 2018 թ.-ի հունվարին մարզպետարան 242 մլն դրամի գրանտային ծրագիր եմ ներկայացրել, որն անցել էր 2-րդ փուլ, սակայն Համայնքների զարգացման հիմնադրամում մնացել առկախված, քանի որ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը հրաժարվեց համաֆինանսավորումից։ Ծրագիրը վերաբերում է ոռոգման ինքնահոս ջրագծերի կառուցմանը, որ սկիզբ պետք է առնի Թավշուտի ջրամբարից ու ծառայի 10 գյուղի հողերի ոռոգմանը: Մեկ նպատակ էլ ունեմ, որ Բավրայում ձմեռային սպորտաձեւերի բազա ստեղծվի: Գյուղում կան ազատ շինություններ, կարելի է դրանցից մեկն ու մեկը վերածել սպորտբազայի: Ամեն դեպքում ես ՏԻՄ ընտրություններին մասնակցում եմ հստակ ծրագրերով ու ասելիքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter