HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը «Գործ N Մարտի 1» ֆիլմի համար հրաժարվել են հարցազրույց տալուց, Քոչարյանը մանրամասներ է փոխանցել

Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ չի նկարվել, նա ֆիլմի ստեղծման պատմության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին այսօր Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընդմիջման ժամանակ ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

«Սրանից որոշ ժամանակ առաջ մոսկվաբնակ մի հայ պարոն Քոչարյանին զանգահարել և ասել է, որ հայտնի կինոռեժիսոր Ռոման Բաբայանը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված, խնդրել է որպեսզի պարոն Քոչարյանը համաձայնի հարցազրույց տալ, Քոչարյանը հարցրել է, թե իրենից բացի էլ ովքեր են խոսելու, ինչին մոսկվաբնակ հայը պատասխանել է, որ ենթադրվում է, որ խոսելու են պարոն Փաշինյանը, պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը և այլ անձինք, ովքեր այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում Քոչարյանը համաձայնել է հարցրազրույց տալ»,- ասաց Հայկ Ալումյանը

Քոչարյանը պաշտպանին փոխանցել է, որ վերը նշված խոսակցությունից մի քանի օր անց օպերատորներն ու ռեժիսորն արդեն եղել են Հայաստանում, Քոչարյանից հարցազրույց են վերցրել, և այդ ժամանակ էլ վերջինս իմացել է, որ Նիկոլ Փաշինյանը և Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ՝ թեև նրանց առաջարկվել է: 

«Դրանից հետո ֆիլմը ինչպես է ստեղծվել, ինչպես է մոնտաժվել, ինչպես է դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանը պնդեց, որ Ռոման Բաբայանին Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից որևէ ֆինանսավորում չի տրվել, նրանց կողմից որևէ նախաձեռնություն չի եղել՝ կապված ֆիլմի ստեղծման հետ, ավելին՝ Բաբայանը միջնորդի միջոցով է կարողացել Քոչարյանի հետ կապ հաստատել և խնդրել, որ նա մասնակցի ֆիլմին: 

«Ռոման Բաբայանը բացարձակապես պարոն Քոչարյանի հետ կապ չի ունեցել, իրենք ուղղակի ծանոթացել են ինչ-որ միջոցառման ժամանակ, ընդամենը այդքանը»,- ասաց Ալումյանը:

Թե ով է մոսկվաբնակ անձն, ում միջոցով Ռոման Բաբայանը կապ է հաստատել Քոչարյանի հետ, Ալումյանը չասաց՝ նշելով, որ Քոչարյանից հարցրել է՝ արդյոք պետք է հրապարակել նրա անունը, ինչին նա բացասական պատասխան է տվել: 

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մարտի 1-ի մասին վերը նշված ֆիլմի հեղինակը՝ Ռոման Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար:

Խոսելով Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքի մասին՝ պաշտպանը նշեց, որ իրենք դեռևս ներկայացնում են նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ բողոքը, որ Քոչարյանն առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն եթե բողոքն այսօր հասցնեն ավարտել, ապա, հնարավոր է, Քոչարյանը հայտարարությամբ հանդես գա:

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ այսօր նիստին Քոչարյանը որոշեց ներկա լինել և ինչու առաջին ատյանում գործի քննությանը չէր մասնակցում, Ալումյանը պատասխանեց, որ իրենք կանխատեսել էին, որ առաջին ատյանի դատավորը բոլոր պարագաներում՝ անկախ բոլոր փասարկներից, նյութերից, ապացույցներից, օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող, այսինքն՝ դատավարությունն, ըստ էության, ձևական բնույթ է կրելու:

«Ուստի պարոն Քոչարյանին այդ մասին տեղեկացրինք նախապես, և նա որոշեց առաջին ատյանի դատարանի դատավարությանը չգալ»,- նշեց Ալումյանը:

Հարցին, այսինքն հիմա ձեւական չէ՞ դատավարությունը, Ալումյանը պատասխանեց, որ հիմա իրենք հույս ունեն, որ գործն օբյեկտիվ կքննվի, և կկայացվի օբյեկտիվ որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter