HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի քաղաքապետարանում երկու միլիոն դրամի պարգևավճարներ են տրվել

Հունվարի 26-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ քաղաքապետարանը կհրապարակի Ամանորի կապակացությամբ քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների հավելվածները:

Դրանց հրապարակումից հետո «Հետք»-ն ուսումնասիրել է քաղաքապետարանի վարչության պետերի ստացած պարգևավճարները և պարզել, որ քաղաքապետարանի որոշ վարչության պետեր, բացի իրենց ստացած 13-րդ աշխատավարձից, 1-2 միլիոն դրամ պարգևավճար են ստացել:

Վարչության պետերի պարգևատրումները տարբեր են եղել: Նրանցից ոմանք իրենց աշխատավարձի չափ պարգևատրում են ստացել, ոմանց պարգևատրումն էլ մի քանի անգամ գերազանցել է աշխատավարձը:

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը վարչության պետերից ամենաբարձր պարգևավճարն է ստացել: Հարությունյանը բացի իր՝ 346 հազար դրամ կազմող 13-րդ աշխատավարձից,  2,2 միլիոն դրամ պարգևավճար է ստացել: Այսինքն՝ այս վարչության պետը պարգևատրվել է իր աշխատավարձի 635 տոկոսով:

Մյուս վարչության պետը, ով քաղաքապետից շռայլ պարգևատրում է ստացել, անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն է: Ամյանի պարգևատրումը կազմել է 2 միլիոն դրամ՝ դրան գումարած 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ: Այս վարչության պետը պարգևատրվել է իր աշխատավարձի 576 տոկոսի չափով:

Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանի պարգևատրումը ևս ամենաբարձրներից է եղել: Նա պարգևատրվել է 1,9 միլիոն դրամով՝ իր աշխատավարձի 549 տոկոսի չափով, բացի այդ ստացել է 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ:

Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, բացի իր 13-րդ աշխատավարձից, քաղաքապետի կողմից պարգևատրվել է 1,6 միլիոն դրամով: Դա Առաքելյանի աշխատավարձի 462 տոկոսն է:

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ևս քաղաքապետից շռայլ պարգևատրում է ստացել՝ 1 մլն 375 հազար դրամ: Այս պարգևատրումը Բաբինյանի աշխատավարձի 397 տոկոսն է:

Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի պարգևավճարը կազմել է 888 հազար դրամ: Սա Գևորգյանի աշխատավարձի 256 տոկոսն է:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, բացի իր 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձից, որպես պարգևատրում ստացել է 742 հազար դրամ՝ իր աշխատավարձի 214 տոկոսը:

Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն պետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետից 487 հազար դրամ պարգևավճար է ստացել: Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Հարությունյանի պարգևավճարը կազմել է 397 հազար դրամ:

Քաղաքապետարանի վարչության պետերից միայն կոմունալ տնտեսության վարչության ժամանակավոր պետ Արարատ Խաչիկյանն է, որ իր աշխատավարձից՝ 346 հազար դրամից, ցածր պարգևատրում է ստացել՝ 294 հազար դրամ:

Մեր չթվարկած մնացած բոլոր վարչության պետերը քաղաքապետի որոշմամբ ստացել են 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևատրում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրած տեսաուղերձում  հրապարակել էր փոխքաղաքապետերին և վարչական շրջանների ղեկավարներին տրամադրած պարգևավճարների չափը, սակայն չէր հիշատակել  քաղաքապետարանի վերոհիշալ վարչության պետերի ստացած պարգևավճարների չափը, որոնք հիմնականում գերազանցել են փոխքաղաքապետերի պարգևավճարներին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում էր քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների չափը հրապարակելուց: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը  հայտնեց, որ հաշվի առնելով հանրային հետաքրքությունը՝ դրանք կհրապարակեն:

Մեկնաբանություններ (4)

mahmouzian
those guy are still helping themselves in the cash register .nobody can replace them .you dreaming I am sure like in all the world they can be replace kik them out and find a better one nobody is irreplacable kik the m out .did they think for one minute those family whith ch[ldren who are freezing in laouzy domig .kik there ass off. you promises to get money out off the crooks after all your storie how much did you get out of them a big nothingand now tey all need special treatment in germanie and paye with the money they have stollen from the poorpashinian you better be on those bozos if not the crooks will come back and you gone give us haistan haistan again
Քաղաքացի
Էս դեմքերն են՞ Ձեր երիտասարդ նոր սերունդը: Գուցե սրանց պարգևատրումների կեսը քաղաքապետինն՞ է:
Արփի
Խեղճ Խաչիկյան: Էնտեղ քիչ են պարգևատրել, դուք էլ ֆոտոն չեք դրել: Խտրականությու՜ն:
Lusik
ՊԵԿ-ի ղեկավարին շռայլ պարգևավճարներ բաժանելու համար կանչեցին ԱԺ, հերթը, կարծես, ֆինանսների նախարարինն է: Հայկ Մարությանին ե՞րբ են հրավիրելու, թե՞ նա չափազանց "սպիտակ" է: Կտեղեկանանք արդյո՞ք, թե ԱԺ ինչպե՞ս է գնահատել այս պարգչատրումների շքերթը հարկատուների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter