HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը գործին կեղծ փաստաթուղթ է կցել

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր քննում էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Նշենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու մեջ: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դատախազությունը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, նույն օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է: Այժմ Հարությունյանը մեղադրվում է  ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեղադրանքը լրացնելուց հետո ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել:

Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատարանի կազմից իր հետ չեն փորձել կապ հաստատել, ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի վերաբերյալ:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ «հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»: Պողոսյանի պնդմամբ՝ իր բացակայության պայմաններում դատական նիստ անցկացնելը պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա նիստի ընթացքում գրեթե ավարտել է վերաքննիչ բողոքի ներկայացումն ու դրանում անդրադարձել է նաև իրենց պաշտպանական իրավունքի իրացման խախտումներին:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատարանի կողմից նախկինում կատարված ապօրինությունները քողարկելու համար նոր կեղծիք է կատարվել:

«Վերաքննիչ դատարանում ծանոթացա, որ, իբր, գործում առկա է հեռախոսագիր այն մասին, որ ինձ հետ փորձել են կապվել և ես չեմ պատասխանել հեռախոսազանգին»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ անգամ եթե իր հետ փորձեին կապվել և ինքը հեռախոսազանգերին  չպատասխաներ, իրավական առումով դա որևէ նշանակություն չէր ունենա, անգամ այդ դեպքում չէր կարելի համարել, որ ինքը պատշաճ ծանուցվել է նիստի մասին:

«Դատարանը կեղծիքի է գնացել, ու իմ վստահորդի հետ քննարկելուց հետո մենք  գործողություններ ենք իրականացնելու՝ ընդհուպ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի առկայության հիմքով հաղորդում ներկայացնելը Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզվի, թե այդ իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթն ով է դրել շրջանառության մեջ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումից հետո ինքը գնացել և դատարանում ծանոթացել է գործի նյութերին, արձանագրել, որ գործում չկա այն հեռախոսագիրը, որը հայտնվել է Վերաքննիչ դատարանում առկա գործի նյութերում:

«Ես ամբողջությամբ ծանոթացել եմ, գրառում եմ կատարել, որ ինձ ծանուցելու վերաբերյալ որևէ փաատաթուղթ, փաստական տվյալ գործում առկա չէ»,- ասաց Պողոսյանը:

Վերջինս բողոքարկել է նաև իր պաշտպանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումը: Այս գործի քննությունը ևս մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Պողոսյանի խոսքով՝ այդ գործով դեկտեմբեր ամսից առ այսօր նիստ չի եղել:

«Կամ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները չեն ներկայանում, և դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգում է նիստը կամ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է, որ դատական նիստը տեղի չի ունենալու: Այսօր եմ փորձել ճշտել նիստի օրը, բացարձակ անտեղյակություն է տիրում»,- ասաց Պողոսյանը:

Պաշտպանը հետախուզման դեմ բողոքի քննության հետաձգման հարցում միտում է տեսնում:

«Բողոքարկվող որոշումն էական նշանակություն ունի Վահագն Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առումով: Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում է հայտարարել, և այդ որոշման վերացումը ամեն գնով փորձում են հետաձգել»,- ասաց Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter