HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կին թամադա՞

- Կին թամադա՞: Պատկերացնու՞մ ես կնոջը' սեղանի տակ հարբած-ընկած:

Սեղանի տակ հարբած-ընկած ... Ահա թե ինչպիսին է թամադայի ավանդական կերպարը Հայաստանում:

Եվ այստեղ կար երկու ճանապարհ' կամ նահանջել, կամ էլ խիզախել ու ցույց տալ բոլորին, որ կին սեղանապետն այնքան էլ ուտոպիական համադրություն չէ: Եվգինե Հովսեփյանն ընտրեց երկրորդ ճանապարհը: Եվ արդեն 5 տարի է Հայաստանում միակ պրոֆեսիոնալ կին թամադան է:

Ասում են' ոչինչ կյանքում պատահական չի լինում, եւ իրականում բոլոր, անգամ առաջին հայացքից անկախ թվացող իրադարձությունները փոխկապակցված են:

Հենց նման իրադարձությունների շարանն է Եվգինեին բերել դեպի թամադայություն:

1996 թվականին Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է Մայր տոնածառի Ձյունանուշի մրցույթ: Կազմակերպիչների առջեւ շարվում են աղջիկներ, որոնց մասին ասում են' «ոտքերը պարանոցից են աճում»:

-Լավ,-վրդովվում են կազմակերպիչները,-Ձյունանու՞շն էլ ունենա 180 մետր հասակ: Ի՞նչ է, այս քաղաքում չկա՞ մի կարճահասակ, սպիտակադեմ աղջիկ:

Կազմակերպիչները հավաքվածների մեջ նկատում են Եվգինեին, ով եկել էր աջակցելու մրցույթին մասնակցող ՙմոդելուհի՚ ընկերուհուն եւ ում ընդամենը մի քանի ամիս առաջ պարուսույց Վանուշ Խանամիրյանը հրաժարվել էր ընդունել պարի խմբակ կարճ հասակի պատճառով:

-Բալիկ ջան, բեմ բարձրացիր, տեսնեմ' դեմքդ ի՞նչ գույնի է,-ասում է քաղաքապետը: Այդպես Եվգինեն դառնում է Մայր տոնածառի Ձյունանուշը ( այդ «պաշտոնը» զբաղեցրել է մինչեւ անցյալ տարի):

Ժամանակ առ ժամանակ Ձյունանուշը վարում է տարբեր միջոցառումներ:

Մի անգամ նրան հրավիրում են վարելու Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հորը' Աշոտ Բաղդասարյանին պատկանող «Էլինա» ռեստորանի բացման հանդեսը: Միջոցառման վերջում Արթուր Բաղդասարյանը, որ Եվգինեին հիշում է որպես Մայր տոնածառի Ձյունանուշ, հարցնում է նրան' փորձե՞լ է, արդյոք, երբեւէ վարել հարսանեկան հանդեսներ:

Հետաքրքիր միտք է. Ինչու՞ ոչ:

Եվգինեի ընտանիքում այս գաղափարը դիմավորում են սվիններով: Մայրը, ում երակներում հոսում է ավանդապաշտ մշեցու եւ վանեցու արյունը, սարսափում է այն մտքից, թե ինչ կարող է պատահել նուրբ, փխրուն աղջկա հետ, երբ կենացները քաղցրանան, եւ գինին խփի տղամարդկանց գլխին: Առաջին միջոցառումներին նա նույնիսկ ուղեկցում էր դստերը' համոզվելու, որ նրա անվտանգությունն ապահովված է:

Մոր մտահոգությունն, իհարկե, այնքան էլ անհիմն չէր: Հայաստանում պրոֆեսիոնալ թամադա հասկացությունը բավական նոր է ( նման ծառայություն մատուցող «Վլադկո» ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն է Եվգինեն, բացվել է 2000 թվականին), էլ չենք ասում պրոֆեսիոնալ կին թամադայի մասին:

Նորաթուխ թամադայի հետ հաճախ չէին հաշտվում նույնիսկ իրենք' հրավիրողները: Խնդիրներ առաջանում էին հատկապես իրենց խոր ավանդույթներից ու արմատներից խիստ կառչած գյումրեցիների եւ գավառեցիների հետ:

«Նոր էի սկսել գործունեությունս,-պատմում է Եվգինեն,-երբ մի անգամ պետք է վարեի գյումրեցիների հարսանեկան հանդես: Սիրալիր ժպիտով, տրամադրված բարձրացա բեմ, երբ մի տարեց գյումրեցի մատը թափ տվեց ու բացականչեց' Ծո, դու կնիկ հալովդ մեզ պիտի ղեկավարե՞ս»՚:

Եվգինեն խոստովանում է, որ նման դեպքերում իրեն օգնում է մյուս մասնագիտությունը: Նա պրոֆեսիոնալ պարուհի է: Վեց տարեկանից պարել է Հայաստանում առաջին մանկական ազգագրական երգի եւ պարի «Գորանի» համույթում: Հետո եղել են շատ այլ համույթներ: Այժմ ինքն է դասավանդում ազգային պարեր:

«Պար ուսանելիս ուսումնասիրել եմ նաեւ տվյալ շրջանի, տվյալ քաղաքի մշակույթն ու ավանդույթները: Դա ինձ շատ է օգնում նրանց հետ միանգամից լեզու գտնելու հարցում: Երբ տեսնում են, որ քաջատեղյակ եմ իրենց սովորույթներին, գիտեմ իրենց ազգային պարն ու երգը, անմիջապես մեղմանում են»,-ասում է Եվգինեն:

Եվգինեն միջոցառմանը սովորաբար սկսում է նախապատրաստվել արարողությունից մոտ մեկ ամիս առաջ: Կազմում է ծրագիր, ուր ընդգրկվում են երգիչների կատարումներ, երգիծաբանների ելույթներ, զվարճալի խաղեր, աճուրդներ: Հաժախ համագործակցում է նաեւ տղամարդ սեղանապետերի հետ: Մտապահում է նորապսակների բոլոր կարեւոր բարեկամների, ընկերների անունները, տեղեկանում է նրանց կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձություններին:

Վարձու թամադայի մասնագիտությունը բավական զգուշավորություն է պահաջում: ՙ Պետք է զգույշ լինես խաղեր կազմակերպելիս: Կան որոշ խաղեր, օրինակ' շամպայնով իրար ջրելը կամ երկուսով առանց ձեռքերի օգնության մի խնձորն ուտելը, որոնք դրսում շատ սիրված են ու զվարճալի, սակայն մեր հասարակության համար դեռ համարձակ են, անընդունելի:
Նաեւ մեծ ուշադրություն է պետք դարձնել նորապսակների մտերիմների եւ հարազատների անուններն ու կոչումներն անգիր հիշելուն: Կարիերայիս սկզբում, երբ դեռ անփորձ էի, հաճախ թույլ էի տալիս «ճակատագրական» սխալներ: Ասենք' նորապսակների բարեկամների կենացը խմելիս մոռանում էի նշել Ամերիկայում գտնվող հորաքրոջը, որը, միգուցե, մի շքեղ նվեր էր այնտեղից ուղարկել:

Հետո բարեկամները սարսափում էին, որ Հայաստան գալիս հորաքույրը դիտելու էր տեսաերիզը եւ իր անունն այնտեղ չէր գտնելու: Պետք է ուշադիր լինել կատակներ անելիս: Օրինակ' չպատմել անեկդոտներ «հիմար ոստիկանների» մասին, երբ ղեկավարում ես ոստիկանական վարչություններից մեկի պետի որդու կնունքը»,-մեկնաբանում է թամադա Եվգինեն:

Երաժշտության ընտրությանն էլ պետք է ըմբռնումով մոտենալ: Հայկական հարսանիքներին եւ կնունքներին ամենալսելի երաժշտությունը ռաբիսն է: Պատվիրատուների շարքում էլ է գերակշռում, այսպես կոչված, «ռաբիս զանգվածը»: «Որպես կանոն' այդ զանգվածի վճարողունակությունը շատ ավելի մեծ է, քան ինտելիգենցիայինը»,- ասում է Եվգինեն :

Իսկ կա՞ առավելություն կին եւ տղամարդ սեղանապետերի միջեւ:

«Կինն ավելի դիվանագետ է, քան տղամարդը: Հաճախ պատվիրատուի ու, ասենք, երաժիշտների միջեւ առաջանում են կատարվող գործի կամ վարձատրության վերաբերյալ հակասություններ, գործի են դրվում բռունցքները: Տղամարդիկ ավելի տաքարյուն են, միանգամից բորբոքվում են: Այդ ժամանակ ես փորձում եմ մեղմել իրավիճակը, ամեն ինչ կատակի տալ, համոզել որոշ փոխզիջումների գնալ»:

Եվգինեն ասում է, որ միջոցառումների ամենամեծ «գլխացավանքը», թերեւս, քավորն է, ով անընդհատ ձգտում է հետդ հավասար կամ քեզանից էլ առավել ղեկավարել սեղանը.«Այդ դեպքում էլ է օգնում կանացի դիվանագիտությունը, համագործակցելու ունակությունը: Անբռնազբոս հրավիրում եմ նրան հետս վարել սեղանը, հյուրերի ուշադրությունը կենտրոնացնում եմ նրա վրա»:

Կին թամադայի աշխատանքն ունի նաեւ իր բարդությունները:

«Կնոջը շատ ավելի անլուրջ են ընկալում, քան տղամարդուն: Կարծես առաջանում է ինքնահաստատվելու խնդիր: Հաճախ հղփացած օլիգարխների կանայք քեզ համարում են սպասավոր անձնակազմի անդամ, ամեն կերպ ջանում են ցույց տալ, որ ցածր ես իրենցից: Լինում են դեպքեր, երբ նրանք իրենց ամուսնու' քեզ ուղղված մի ոչինչ չնշանակող ժպիտի պատճառով խանդի տեսարան են սարքում: Անխուսափելի են նաեւ անպարկեշտ առաջարկները հյուրերի կողմից: Ես շատ եմ սիրում Սեւակ եւ հաճախ արտասանում եմ նրա բանաստեղծությունները միջոցառում վարելիս: Արտասանելիս միշտ հուզվում եմ: Մեկ էլ դահլիճից մի հեգնական ակնարկ է հնչում, ինչը բավականին նյարդայնացնում է: Յուրաքանչյուր միջոցառմանը գործ ես ունենում ահռելի քանակությամբ տարբեր մարդկանց հետ: Պետք է կարողանաս բոլորի հետ լեզու գտնել»:

Եվգինեին լեզու գտնելն ակնհայտորեն հաջողվում է: Եթե սկզբում նա միջոցառումներ էր վարում միայն Երեւանում եւ հետո' Հայաստանի մարզերում, ապա այժմ երիտասարդ թամադային արդեն հրավիրում են տոնական հանդեսներ վարել նաեւ Հայաստանից դուրս:

Ի դեպ, հեռու մարզերում կամ Հայաստանից դուրս միջոցառում վարելիս Եվգինեն վարձում է թիկնապահների. ավելորդ զգուշավորությունը երբեք չի խանգարի:

Այժմ Եվգինեն նույնիսկ հանդիսանում է մի քանի գերդաստանների ընտանեկան թամադա:

Խաբարովսկում բնակվող հայ օլիգարխների մի գերդաստան իր հարսանիքի եւ կնունքի միջոցառումները նախընտրում է անցկացնել միմիայն Հայաստանում, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցում' միմիայն Եվգինեի ղեկավարությամբ:

Այնպես որ, Եվգինեն համոզված է. «Կին սեղանապետ երեւույթի հանդեպ թերահավատությունը Հայաստանում ժամանակավոր բնույթ է կրում. այս մասնագիտությունն այստեղ ապագա ունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter