HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարին ցուցում է տվել ապահովել բանակի չեզոքությունը»,- ասում է նրա պաշտպան Հայկ Ալումյանը

Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում երկու ժամ ելույթ է ունեցել ու մանրամասն անդրադարձել իր մեղադրանքի դրվագներին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով` Քոչարյանը ներկայացրել է ընտրություններից հետո` 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ, Հայաստանում ստեղված իրավիճակը:

«Բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին, ԵԿՄ-ում խմորումներ էին, որպեսզի երկրապահ կամավորականները միանան ցուցարարներին: Ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը: Ասել է` գնացե՛ք, ապահովե՛ք, որպեսզի բանակը այդ պրոցեսներին չխառնվի, պաշտպանության նախարարին էլ ասվել է, որ ինքն ապահովի այդ ամենը: Բացի այս, ասվել է նաև, որ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում տեղի ունեցող գործընթացներից, հակառակ դեպքում կարող են դուրս տալ բանակից և գնալ ԵԿՄ-ում շարունակել քննարկումները», - Քոչարյանի խոսքերը փոխանցեց Ալումյանը և, ի պատասխան լրագրողի ճշտող հարցին, ասաց, որ ցուցումը եղել է բանավոր:

Պաշտպանի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը  0038 հրամանում արտառոց ոչինչ չի տեսնում:

«Ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա, դրանում չկա մի բան, որը պետք է լիներ ուրիշ ձևով»,- ասաց Ալումյանն ու նշեց, որ պաշտպանության նախարարի ամեն հրաման չեն ուղարկում նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ հավանություն տա. ըստ պաշտպանի` այդպես եղել է թե՛ Քոչարյանի, թե' Սերժ Սարգսյանի, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին:

Նշենք, որ 2008-ին պաշտպանության նախարարը եղել է Միքայել Հարությունյանը, ով Մարտի 1-ի գործով նույնպես ներգրավված է որպես մեղադրյալ: Լրագրողի հարցին`  ստացվում է, որ մեղքը Միքայել Հարությունյանի վրա՞ է բարդվում, Ալումյանը պատասխանեց, որ, իր համոզմամբ, 0038 հրամանում որևէ կետ չկա, որի համար կարելի էր Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել:

«Այդ հրամանի մեջ վատ բան չկա»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության իրականացրած  քննությանը` պաշտպանը նշեց, որ ինքը տպավորություն չի ստացել, որ ՀՔԾ-ն փորձում է պարզել մարտին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տասը անձանց սպանությունների հանգամանքները:

 «Մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի: Երկու կողմից էլ զինված մարդիկ եղել են, մի կողմից՝ ոստիկանություն, մյուս կողմից՝ ցուցարարներ և խռովարարներ»,- ասաց Ալումյանը: Այունհետև խոսեց մարտի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերից մեկով կայացված դատավճռում առկա այն հանգամանքի մասին, որ, օրինակ, ոստիկանին ծեծել են ու ձեռքից խլել ատրճանակը, հիշեցրեց, որ առկա է տեսանյութ, որում ցուցարարների շարքից մեկը կրակահերթեր է արձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ։ Ըստ Ալումյանի` նախ պետք էր պարզել 10 զոհերի սպանության հանգամանքները, նոր մնացած հետևություններն արվեին:

Ըստ Ալումյանի` Քոչարյան ասել է, որ ինքը երկու գործողություն է կատարել. հրավիրել է փետրվարի 23-ի խորհրդակցությունը և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն: Պաշտպանն ընդգծեց` արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը մինչև օրս Սահմանադրական դատարանում որևէ մեկը չի վիճարկել:

Նշենք, որ այսօր արդեն երրորդ օրն է` Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Դատական նիստին պաշտպանների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց առարկություններն են ներկայացրել մեղադրող դատախազները: Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը՝  Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու սկզբնական շրջանում գտնվում էր ազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը  բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:

Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter