HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսի համայնքապետը վարչական պատասխանատվության է ենթարկում իր հրաժարականը պահանջող գյուղացիներին

Արդեն տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից բողոքի ակցիա էր իրականացվում Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Ողջ օրվա ընթացքում ցուցարարները պահանջում էին համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Դեռևս դեկտեմբերի վերջին 700-ից ավել ստորագորությունով նամակ է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի պատասխանը դեռ չեն ստացել:

«Ողջ գյուղը բաժանել ա երկու մասի՝ իրա կողմնակիցների և հակառակորդների: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ամենավատ վիճակում ապրում է գյուղացին: Բոլորն էլ վարկ են վերցնում, որ ցելաֆոնից ջերմոց սարքեն, իրենց ընտանիքի հացը կարողանան ապահովեն ու հետն էլ վարկի փողերը տան: Տեսնում ա` ով ա իր դեմ ստորագրել, ու եթե ջերմոց ա սարքում 200 հազար դրամից սկսած տույժ ա գրում, թե իբր ապօրինի շինություն ա կառուցել: Ցելոֆանից ջերմոցն ի՞նչ շինություն»,-ասում է Վիրաբ Շահբազյանը` հավելելով, որ իր կողմնակիցների նկատմամբ տուգանքներ չեն նշանակվում:

Նշենք, որ առավոտյան քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարար արշալույսցիների միջև: Գյուղացիները պատմեցին, որ ոստիկանները պատռել են նաև քաղաքացիների հագուստները, ուժ են կիրառել այն դեպքում, երբ համայնքապետարանի շենքում մարդ չկար և որևէ մեկի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկար:

«Ինքը սովոր ա, որ այս գյուղում լինի «Մսրա Մելիքը»: Մոռացել ա, որ Մսրա Մելիքի ժամանակներն անցել ա, իրանք 1995-96թթ. էին Մսրա Մելիք:  Այդքան հարստություն ունի, որևէ մեկը հարցրե՞լ ա, թե գյուղապետը որտեղից ա այդքան հարստություն կուտակել, բայց ինքը աչքը դրել ա գյուղացու ջերմոցի վրա: Գյուղացիները սոված են, հաց ու թթու են ուտում, իրա նման շուն չեն պահում ու ամեն օր թարմ միս կերցնում»,-նշում է Վիրաբ Շահբազյանը:

Արմեն Շահբազյանը ջերմոցի կառուցման համար տույժի ենթարկվածներից է: Նա պատմեց, որ նախկինում էլ են ջերմոցներ կառուցել, բայց տուգանքներ չեն եղել: Այժմ իրենք ենթարկվում են ճնշման, համայնքապետը փորձում է վարչական ակտերով խեղճացնել: Ճնշումները սկսվել են նախորդ տարվա գարնանից Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Թավշյա հեղափոխության» օրերից: Ըստ Արմենի՝ համայնքապետ Գրիգորյանը թույլ չէր տալիս, որ մարդիկ գնային հանրահավաքի, նույնիսկ երեխաներին, ջահել տղաներին էր քաշքշում:

Արշալույսցի Սայադն էլ ասաց, որ Զարզանդ Գրիգորյանը տեղեկանք չի տալիս, և մեկ ամսից ավել է` իր երեխաները նպաստից կտրվել են, չեն կարողանում վերականգնել: Սայադի խոսքերով՝ ինքն ապօրինի պահանջ չի ներկայացնում, ընդամենը ընտանիքի կազմի և սոցիալական վիճակի վերաբերյալ տղեկանք է պահանջում: «Երեք երեխա ունեմ, ո՞նց ապրեմ, նպաստի հույսով էի»,-նշում է Սայադը:

Հրաչիկ Հովսեփյանն էլ ասաց, որ համայնքապետն իր գործունեությունը չհամակրողների նկատմամբ այնքան է լցվել ատելությամբ, որ նույնիսկ երեխաների նկատմամբ է այն գործադրում: Պատմեց, որ համայնքապետարանն առաջին դասարան հաճախողներին սեպտեմբերի 1-ին պայուսակներ է նվիրում: Նշում է, որ հարցը պայուսակը չէ, ընդամենը 4-5 հազար դրամ արժե, սակայն իր թոռանը պայուսակ չի տվել, քանի որ ընտանիքի անդամները դեմ են համայնքապետին: Թոռն էլ վիրավորված տուն է գնացել և ասել, որ իրեն պայուսակ չեն տվել:

Գյուղացիները պատմեցին, որ համայնքապետը նույնիսկ չի հաշվարկել ընդդիմախոս գյուղացիների այգիներին կարկուտի հասցրած վնասները, և որևէ օգնություն վերջիններս չեն ստացել:

Լարված իրավիճակը հաղթահարելու համար գյուղացիների հետ զրուցելու էր եկել ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Նա հեռախոսազրույց էր ունեցել համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հետ: Թագուհի Ղազարյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ համայնքապետին առաջարկել է հանդիպել և ցուցարարների ներկայացուցիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

«Պետք է գյուղի բնականոն կյանքը վերականգնել: Ինքներդ էլ տեսաք, որ գյուղապետարանը չի աշխատում, գյուղի կյանքը կանգ է առել: Պետք է գոնե ժամանակավոր լուծում գտնել մինչև վերջնական լուծումը: Բայց համայնքապետը հրաժարվեց, ասաց, որ չեմ գա, գյուղի բնակիչները հայհոյում են իրեն: Առաջարկեց, որ գյուղից դուրս ինչ-որ տեղ հանդիպենք: Կարծում եմ` դա այդքան էլ նպատակահարմար չէ»,-ասում է Թագուհի Ղազարյանը:

Արշալույսցիները նշեցին, որ պայքարը շարունակելու են նաև հաջորդ օրերին: Այսօր պատրաստված էին եկել, ավտոմեքենայում տղամարդիկ սուրճ էին եփում և հյուրասիրում մարդկանց:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանից: Սակայն, նա այդպես էլ համայնքապետարան չեկավ, իսկ հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter